Ասել են՝ արել են. ՔՊ նախընտրական նուիրատուութիւնների կասկածելի գործարքներն ու ֆինանսների անյայտ ծագումը

Ասել են՝ արել են. ՔՊ նախընտրական նուիրատուութիւնների կասկածելի գործարքներն ու ֆինանսների անյայտ ծագումը

Ամառային մի շոգ օր՝ 2023-ի յուլիսի 31-ին, Կարինէն (անունը փոխուած է) իր ծանօթներից մէկի՝ Գեւորգի հետ (անունը փոխուած է) զբօսնում էր Երեւանի կենտրոնում։ Երբ հասան «Հայէկոնոմբանկի»՝ Արամի փողոցում գտնուող մասնաճիւղի մօտ, Գեւորգը Կարինէին հարցրեց՝ արդեօ՞ք նոյնականացման քարտ ունի իր մօտ։ Դրական պատասխան ստանալով՝ խնդրեց մտնել բանկ՝ ինչ-որ գործարք անելու, որի համար անձը հաստատող փաստաթուղթ էր անհրաժեշտ։ Կարինէն, վստահելով ծանօթին, համաձայնեց։ 

Երբ հասան «Հայէկոնոմբանկի» մուտքի մօտ, Գեւորգը Կարինէին խնդրեց դրսում սպասել, վերցրեց նրա նոյնականացման քարտն ու մտաւ բանկ։ Կարճ ժամանակ անց դուրս եկաւ ու Կարինէին խնդրեց ներս մտնել՝ ասելով, որ այնտեղ նրան մի տղամարդ է դիմաւորելու, կասի՝ ինչ անել։ 

«Ես մօտեցայ այդ տղամարդուն, սպասարկման բաժնի աշխատակիցը կտրօն տուեց նրան, ինքն էլ տուեց ինձ, որ ստորագրեմ։ Բանկային անդորրագիր էր։ Ստորագրելիս տեսայ, որ ես փոխանցում եմ 2.5 մլն դրամ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութեանը», — պատմում է Կարինէն, որը բանկից դուրս գալուց յետոյ Գեւորգին հարցրել է՝ խնդիրներ չի՞ ունենայ։ Վերջինս պատասխանել է, որ մոռանայ այդ մասին, եթէ զանգէն, ասի, որ ոչնչից տեղեակ չէ։ 

Կարինէն, փաստօրէն, իր կամքից անկախ դարձել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութեան նախընտրական քարոզարշաւը «ֆինանսաւորողներից» մէկը Երեւանի աւագանու 2023 թուականի ընտրութիւններին ընդառաջ։ Ի դէպ, Կարինէն միակը չէ, որ յայտնուել է նման իրավիճակում։ 

«Ինֆօքոմը» այս հետաքննութեան ընթացքում ուսումնասիրել եւ նոյնականացրել է 1 մլն դրամը գերազանցող նուիրատուութիւն կատարած գրեթէ բոլոր անձանց եւ պարզել, որ ՔՊ նախընտրական քարոզարշաւի գործարքները կասկածելի են, իսկ ֆինանսների առնուազն մի մասը՝ անյայտ ծագում ունեն։

Կարինէի անձը հաստատող փաստաթուղթը եւ ստորագրութիւնն օգտագործուել են անյայտ ծագման դրամական միջոցները ՔՊ կուսակցութեան հաշուեհամարին փոխանցելու համար։ Պատահական չէ, որ բանկային այդ գործարքը տեղի է ունեցել 2023 թուականի յուլիսի 31-ին։ Յենց այդ օրն էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութիւնը կազմակերպել նախընտրական քարոզարշաւի համար դրամահաւաք-երեկոն։ 

Ի դէպ, ՔՊ-ն նախապէս հրապարակային յայտարարութիւն չէր տարածել դրամահաւաք-երեկոյի մասին։ Միայն օրեր անց կուսակցութեան նախընտրական շտաբի պետ, այժմ Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմէն Փամբուխչեանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել էր. «թուով 987 նուիրատուների հանգանակութիւնների արդիւնքում հաւաքուել է 506 532 950 ՀՀ դրամ»։

ՔՊ կուսակցութիւնը, սակայն, չէր հանրայնացնում «թուով 987 նուիրատուների» անունները՝ ո՛չ նախընտրական շրջանում, ո՛չ ընտրութիւնների ընթացքում եւ ո՛չ էլ դրանից յետոյ։ «Ինֆօքոմը» եւ մի շարք այլ լրատուամիջոցներ նուիրատուների ցանկը ստանալու համար հարցումներ էին ուղարկել «Քաղաքացիական պայմանագրին», սակայն կուսակցութիւնը մերժել էր տրամադրել ցանկը։ Ընտրութիւններից մօտ 5 ամիս անց՝ դեկտեմբերի 22-ին, կուսակցութիւնն ի վերջոյ տրամադրեց նուիրատուների անուն-ազգանունները։ Նշէնք, որ Ինֆորմացիայի ազատութեան կենտրոնը, հիմնուելով «Ինֆօքոմի» դիմումի վրայ, նոյնաբովանդակ եւս 2 հարցում էր ուղարկել ՔՊ եւ պատասխան չստանալով՝ դեկտեմբերի 4-ին  դատական հայց էր ներկայացրել ՔՊ-ի դէմ՝ ցանկը ստանալու պահանջով։ Յունուարի 8-ին ԻԱԿ-ի ու ՔՊ-ի միջեւ կնքուել էր հաշտութեան համաձայնագիր, որի համաձայն՝ կուսակցութիւնը պարտաւորուել էր տրամադրել հայցադիմումով պահանջուող տեղեկութիւնները։ 

Ի տարբերութիւն Արմէն Փամբուխչեանի յայտնած թուերի՝ «Ինֆօքոմին» ուղարկուած նուիրատուների ցանկը ներառում էր 996 անձանց (նախնական հրապարակուած թուից 9-ով աւելի) կատարած ընդհանուր 509 085 950 ՀՀ դրամի (շուրջ 1 264 242 ԱՄՆ դոլար) նուիրատուութիւնները։


«Այդ պահին, որ գումարի չափը տեսայ, ուզում էի հասկանալ՝ իմ աշխատավարձով ես ո՞նց կարամ այդքան փոխանցեմ։ Երկրորդ հարցն էլ՝ այդ գումարն իրենց բա որտեղի՞ց է գնալու, եթէ ես չեմ հիմա այդ փողը փոխանցում»,- մէզ հետ զրոյցի ընթացքում ինքն իրեն հարցեր էր ուղղում Կարինէն։ Նուիրատուների ցանկում իր անունը տեսնելով՝ Կարինէն մտահոգուել է, ասում է, որ չի ցանկանում որեւէ քաղաքական կուսակցութեան հետ առնչուել։ Անհանգստանում է, որ այս դէպքն իր անուան վրայ «սեւ բիծ» է թողնելու. մտածում է, որ իր հարազատների մօտ միամիտ մարդու տպաւորութիւն կը թողնի, քանի որ իր ծանօթին վստահելով՝ դարձել է կեղծ ֆինանասական գործարքի եւ քաղաքական գործընթացի մասնակից։

Կարինէն հաշուարկել էր նաեւ, որ իր աշխատավարձով 2.5 տարում հազիւ կարողանար 2.5 մլն դրամ հաւաքել։ Հարցին, թէ ինչ է զգում հիմա, երբ գիտի, որ իրեն խաբել են, պատասխանեց. «Ինձ հպարտ քաղաքացի չեմ զգում։ Մի քիչ ճնշող է, որ փորձում են խաբել։ Ինձ համար լացելու են քաղաքական թեմաները, որ անընդհատ խաբում են ու միայն իրենց շահի մասին են մտածում»։

Նա մտաբերեց նաեւ, որ բանկային գործարքից յետոյ Գեւորգը զանգեց ինչ-որ մէկին, ասաց՝ «2 հատ իմ կողմից, ինձ էլ ինչ տաս՝ տաս»։

ՔՊ-ին նուիրատուութիւն կատարածների ցուցակում յայտնուել էր ոչ միայն Կարինէի անունը, այլ նաեւ Գեւորգի ու նրա եղբօր։ Վերջիններիս անուան դիմաց գումարի չափը եւս նշուած է 2.5 մլն դրամ։

Կարինէի դէպքը միակը չէ. մենք հանդիպել ենք նուիրատուների ցանկում յայտնուած այլ անձանց եւս, որոնք տեղեակ չէին իրենց անունով կատարուած գործարքից։ 

Մեկ անձի կողմից արուող նուիրատուութեան օրէնքով թոյլատրելի առաւելագոյն չափը 2.5 մլն դրամն է։ ՔՊ նախընտրական քարոզարշաւի նուիրատուութիւնների գերակշիռ մասը՝ 87 տոկոսը, հաւաքուել է 1 մլն դրամ եւ աւելի փոխանցումների արդիւնքում, որոնցից մօտ 70 տոկոսը՝ 2.5 մլն դրամ նուիրաբերած 140 անձանց անուններով։ 

Մենք ուսումնասիրել եւ նոյնականացրել ենք 1 մլն դրամը գերազանցող նուիրատուութիւն կատարած գրեթէ բոլոր անձանց։

Տվեալների ուսումնասիրութեան արդիւնքում նկատել ենք 3 օրինաչափութիւն

  1. 1-ից 2.5 մլն դրամ նուիրաբերած անձինք ապրում են իրար մօտ հասցէներում։
  2. Մեծ գումարներ են նուիրաբերել բիզնես գործունեութեամբ զբաղուող խոշոր ընկերութիւններին փոխկապակցուած անձինք։
  3. Խոշոր նուիրատուներ են պաշտօնեաները, աւագանու թեկնածուները, ներկայիս անդամները եւ նրանց փոխկապակցուած անձինք։

Ստորեւ առանձին կնկարագրենք իւրաքանչիւր օրինաչափութիւնը։ 

1-ից 2.5 մլն դրամ նուիրաբերած անձինք ապրում են իրար մօտ հասցէներում 

1 մլն դրամ եւ աւելի նուիրատուութիւն կատարած անձանց 87 տոկոսին նոյնականացրել ենք՝ ըստ հասցէների։ Մեր կողմից նոյնականացուած անձանց 76%-ը հաշուառուած է Երեւանում։ Խոշոր նուիրատուութիւններ են արել նաեւ Կոտայքի մարզից (9.2%), Վաեօց Ձորից (4%) եւ Արագածոտնից (4%)։

Տվեալների բաց աղբիւրների միջոցով նոյնականացնելով նուիրատուներին՝ նկատեցինք, որ նրանց մի մասն ապրում է նոյն կամ հարեւան շէնքերում։ Այս միտումը յատկապէս նկատելի է Նոր Նորք վարչական շրջանում։ Օրինակ՝ Վիլնիւսի փողոցի միմեանց հարեւան 3 շէնքից 4 նուիրատու կայ, Գայի եւ Մոլդովական փողոցների իրար յաջորդող 3 շէնքերից 8 նուիրատու կայ, որից 5-ը՝ նոյն շէնքից:  

Նոյն շէնքում բնակուող այդ 5 անձանցից իւրաքանչիւրը 2.5 մլն դրամ է նուիրաբերել. նրանցից Տիգրան Դարբինեանը Երեւանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի նախկին տեղակալն է, ՔՊ աւագանու թեկնածու։

«Ինֆօքոմն» այցելել է ինչպէս Նոր Նորքի, այնպէս էլ Երեւանի այլ վարչական շրջանների եւ մօտակայ մարզերի հասցէներ, հանդիպել նուիրատուութիւն կատարած անձանց։ 

Յատկանշական է, որ մեր այցելած բնակարանների մեծ մասի պայմանները տեսնելով՝ դժուար էր պատկերացնել, որ այնտեղ բնակուող անձինք 2.5 մլն դրամ յաւելեալ գումար կ’ունենային՝ կուսակցութեանը նուիրաբերելու համար։ 

Նուիրատուների առաջին արձագանքն էլ մեր հարցին յաճախ հետեւեալն էր. «Մեզ որտեղի՞ց այդքան գումար»։  Երբ նշում էինք, որ իրենց անունն առկայ է ՔՊ կուսակցութեանը նուիրատուութիւն արած անձանց ցանկում, ինչ-որ դրուագ էին վերյիշում, խնդրում էին սպասել, մինչեւ զանգ կատարեն։ Այդ զանգերից յետոյ նուիրատուների մի մասն արդէն վստահաբար նշում էր, որ իրենք են կատարել դրամական փոխանցումը։

Բնակարաններից մէկում մէզ դիմաւորեցին նուիրատուի ծնողները, զարմացան ու ասացին, որ հնարաւոր չէ, որ իրենց որդին այդքան գումար փոխանցած լինի։ 

Մեր խնդրանքով ծնողները զանգեցին իրենց որդուն, նա եւս պատասխանեց, որ նուիրատուութիւն չի արել։ «Բայց ձեզ մի հարց էլի, որ դուք փող ունենայիք, ՔՊ-ին կը տայի՞ք 2.5 մլն դրամ»,- հարցրեց նա։

Նոյն փողոցի մէկ այլ բնակիչ հեռախօսազրոյցում, լսելով հարցը, ասաց, որ փոխանցել է, բայց չի յիշում՝ որքան։ Հարցին, թէ արդյօք չի յիշում՝ 2.5 մլն դրամ փոխանցե՞լ է, թե՞ ոչ, վերջինս հարցրեց՝ ցուցակում ո՞նց է գրուած։ Գումարի չափը լսելուց յետոյ՝ ասաց. «Տեղս յարմար չի, յետոյ զանգեք, իմ գործարքները շատ են, թուերը չեմ յիշում, մի ժամից զանգեք»։ 

Նոր Նորք վարչական շրջանի հասցէներից մէկի բնակիչը, որի անունը կար նուիրատուների ցանկում, երկրում չէր։ Մայրը վստահեցրեց, որ ՔՊ-ին հաստատ չէր փոխանցի։ Հարցրինք՝ հնարաւո՞ր է՝ փոխանցած լինի, ինքը տեղեակ չլինի, ասաց՝ չէ։ Հայրն էլ նշեց, որ չի փոխանցել, պէտք է ՔՊ-ին հարցնել՝ ինչպէս է որդու անունը յայտնուել ցանկում։

Նոյն վարչական շրջանի հասցէներից մէկում մէզ դիմաւորեցին նուիրատուի մայրն ու կինը։ Հարցը լսելով՝ անհանգստացան, ասացին, որ եթէ նման նուիրատուութիւն արուած լինէր, իրենք կիմանային։ Մեր խնդրանքով զանգեցին նուիրատուին, վերջինս մէզ հետ հեռախօսազրոյցում ասաց, որ Աւագանու ընտրութիւններին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութեան  վստահուած անձ է եղել, բայց գումար չի փոխանցել։ Բայց նաեւ խնդրեց սպասել՝ ճշտում անի եւ հետ զանգի։ Քիչ անց զանգեց, ասաց, որ ինքն է փոխանցել գումարը, ոչինչ չգրենք այդ մասին։ «Եթէ ինչ-որ հարց էլ լինի, էդ հարցերը կը լուծեն»,- նշեց նուիրատուն՝ իհարկէ, չասելով, թէ ով կամ ինչ հարցեր կը լուծի։ 

Նոր Նորք վարչական շրջանի մէկ այլ հասցէում մէզ դիմաւորեց նուիրատուի կինը, ասաց, որ վստահ է, որ իրենք չէն փոխանցել։ «Ինչքան գործարքներ կան, ես իմ անունից եմ անում, ինքը գործարքային իրաւունք չունի ներկայ պահին։ Նրա անունով ոչ մի փոխանցում չի եղել եւ չի էլ կարող լինել», — ասաց նա՝ նշելով, որ ամուսնու հաշիւները կալանքի տակ են, գործարքներ անել չի կարող։

2.5 մլն դրամ փոխանցած նուիրատուներից մէկը զրոյցի սկզբում չյիշեց՝ ինչի մասին է խօսքը։ Գումարի չափը լսելուց յետոյ զարմացաւ, սակայն ասաց, որ դա իր գաղտնիքն է, եւ մէզ ոչինչ չի պատմի։ Նախ ասաց, որ ինքն է փոխանցել, յետոյ ասաց, որ ինչ-որ բան կայ, բայց մէզ պատմել չի կարող։

Նոր Նորքի բնակիչներից մէկը, որ աւագանու ընտրութիւններին նաեւ ՔՊ վստահուած անձ էր, «Ինֆօքոմի» հետ զրոյցում ասաց, որ 1 մլն դրամ է փոխանցել, մինչդեռ մէզ տրամադրած ցուցակում իր անուան դիմաց նշուած էր 2.5 մլն դրամ։ 

2.5 մլն դրամ էր փոխանցել կուսակցութեան մէկ այլ վստահուած անձ նոյն վարչական շրջանից։ Նրա հետ կապ հաստատեցինք հեռախօսով։ Հարցը լսելով՝ խնդրեց մի բան ճշտել, հետ զանգել ու այդպէս էլ չզանգեց։

Ստորեւ ներկայացուած քարտէզի նարնջագոյն կէտէրը 1-2․5 միլիոն դրամ նուիրաբերած այն անձանց հասցէներն են, որոնց մենք նոյնականացրել ենք (բացառութեամբ պաշտօնեաների, ընկերութիւնների հետ փոխկապակցուած անձանց)։ Համապատասխանաբար, վարչական շրջանները գունաւորել ենք՝ ըստ Աւագանու ընտրութիւնների արդիւնքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութեան ստացած ձայների։ Մուգ երանգաւորուած վարչական շրջաններում ՔՊ կուսակցութիւնը ստացել է աւելի շատ ձայներ։

Մեծ գումարներ են նուիրաբերել բիզնես գործունեութեամբ զբաղուող խոշոր ընկերութիւններին փոխկապակցուած անձինք

1 մլն դրամից աւելի գումար նուիրաբերածների ցանկում քիչ չէին նաեւ բիզնես գործունէութիւն ծաւալող յայտնի (կամ ոչ այնքան) ընկերութիւնների ներկայացուցիչներ, աշխատակիցներ, բաժնետէրեր եւ տնօրէններ։ 

2.5 մլն դրամ փոխանցած 140 նուիրատուներից առնուազն 8-ը աշխատում են Հայաստանում ռեստորանային ոլորտի յայտնի ընկերութիւններից մէկում՝ «Երեմեան փրոջեքթսում»:

Մենք տեղեկութիւն ունենք, որ նուիրատուութիւնները ոչ թէ աշխատակիցների անձնական միջոցներից են, այլ նրանց անունով այդ գումարները փոխանցել է ընկերութիւնը։

«Երեմեան փրոջեքթս»-ի՝ մարքեթինգի եւ հաղորդակցութեան տնօրէն Ռուբէն Սուքիասեանը «Ինֆօքոմին» յայտնեց, որ կազմակերպութիւնում որեւէ վերահսկողութիւն չունեն մարդկանց քաղաքական հայեացքների նկատմամբ, եւ իրենք ոչ մէկին չէն ուղղորդել։ «Եթէ հարցը նրանում է՝ արդեօ՞ք կազմակերպութեան կամ կազմակերպութեան ղեկավարի կողմից է գումարը տրուել, ապա միանշանակ, ո՛չ, որեւէ աղերս դա չունի կազմակերպութեան հետ։ Իսկ արդեօ՞ք ինչ-որ այլ մարդիկ են դա տուել որպէսզի այդ մարդիկ [կազմակերպութեան աշխատակիցները — խմբ.] փոխանցէն, գուցէ իրենց անձնական ընկերները, բարեկամները կամ ինչ-որ մէկ այլ մարդ, սա ուղղակի այդ առումով զուգադիպութիւն է։ Այսինքն՝ եթէ ընկերութիւնում աշխատում է 2.500 մարդ, միշտ կարող են նրանցից 8-ը, 10-ը, 5-ը միաւորուել ինչ-որ մի բանի շուրջ եւ ինչ-որ մի բան իրականացնել, որի վրայ մենք ոչ հսկողութիւն ունենք, ոչ էլ ցանկութիւն ունենք մարդկանց կեանքի այդ հատուած մտնելու»,- նշեց Ռուբէն Սուքիասեանը։

«Երեմեան փրոջեքթսի»՝ ՔՊ-ին նուիրատուութիւն անելու շուրջ միաւորուած անձանց մեծ մասը, ի դէպ, զբաղեցնում են ընկերութեան ղեկավար պաշտօններ։ 

Գործարար, «Ջրաշխարհի» սեփականատէր Խաչիկ Խաչատրեանի հետ տարբեր ընկերութիւններում ներգրաւուած Աշխէն եւ Վերգինէ Մաթեւոսեանները 2.5-ական մլն դրամ են փոխանցել ՔՊ-ին։ Վերգինէ Մաթեւոսեանը եւ Խաչիկ Խաչատրեանը «Վիլլաշին» ՍՊԸ բաժնետէրերն են։ Նոյն ընկերութեան տնօրէն Արթուր Սարոյեանը նոյնպէս 2.5 մլն դրամ է փոխանցել ՔՊ-ին։ Նոյնքան գումար է փոխանցել նաեւ «Վիլլաշին» ՍՊԸ-ի հետ փոխկապակցուած «Վիլլայ մարկէտ» ՍՊԸ տնօրէն Ալբերտ Միրզոյեանը։

Թոյլատրելի առաւելագոյն չափով նուիրատուութիւն է կատարել «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ գործադիր տնօրէն Վլադիմիր Պողոսեանը։ 

2.5-ական մլն դրամ նուիրատուութիւններով քարոզարշաւի ֆինանսաւորմանը մասնակցել են նաեւ Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմի գլխաւոր մասնագէտ-տնտեսական զարգացման հարցերով պատասխանատու Ստեփանոս Վարդանեանը, աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշուառման եւ հաւաքագրման բաժնի գլխաւոր մասնագէտ Սմբատ Պապոյեանը, «Ջերմուկ համայնքի մարզամշակութային կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրէն Գոռ Թադեւոսեանը եւ «Ջերմուկի կոմունալ տնտեսութիւն» ՀՈԱԿ-ի տնօրենի ժամանակաւոր պաշտօնակատար, Ջերմուկի աւագանու անդամ Արտուշ Սիմոնեանը։ 

Նշէնք, որ Ջերմուկ համայնքի ղեկավարը «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ի նախկին գործադիր տնօրէն, ՀՀԿ-ական նախկին պատգամաւոր Աշոտ Արսենեանի որդին է՝ Վահագն Արսենեանը։ Վերջինս, համաձայն իրաւաբանական անձանց պետական ռեգիստրի տուեալների, «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ իրական շայառուն է։

Բնակելի, հասարակական եւ արտադրական շէնքերի շինարարութեամբ զբաղուող «Զովեր քնսթրաքշն» ՍՊԸ-ի բաժնետէրեր Վարդան Խաչատրեանը, Արտակ Խաչատրեանը եւ Արայ Աւէտիսեանը ՔՊ դրամահաւաքին նուիրաբերել են 100-հազարական դրամ։ Արտակ եւ Վարդան Խաչատրեանների հետ մէկ այլ՝ «Միլկ պրոդուկտ» ՍՊԸ բաժնետէր Վահան Մկրտչեանը փոխանցել է 50 հազար դրամ։ «Զովեր քնսթրաքշնի» հետ փոխկապակցուած «Զովեր սթաֆֆ» ընկերութեան տնօրէն Յակոբ Յակոբեանը նուիրաբերել է 2.5 մլն դրամ։ Նոյնքան նուիրատուութիւն է կատարել նաեւ «Զովեր քնսթրաքշն» ընկերութեան տնօրէն Արմէն Ղազարեանը։ 

Իրաւաբանական անձանց պետական ռեգիստրի տուեալների համաձայն՝ Արմէն Ղազարեանը նաեւ բնակելի, հասարակական եւ արտադրական շէնքերի շինարարութեամբ զբաղուող մէկ այլ՝  «Մագնոլիայ կոմֆորտ 2» ՓԲԸ տնօրէնն է։ Նոյն ընկերութեան բաժնետէր Վահէ Մելիքսեթեանը նոյնպէս նուիրաբերել է 2.5 մլն դրամ։ Մելիքսեթեանը «Վիզիւիգ» ՍՊԸ-ի նախկին տնօրէնն է, որի նախկին բաժնետէր Հովհաննես Մկրտչեանը եւս նոյնքան նուիրատուութիւն է կատարել։ «Վիզիւիգի» ներկայիս բաժնետէր Լիլիթ Մկրտչեանը նոյն հասցէում է գրանցուած «Զովեր Քնսթրաքշն» ՍՊԸ-ի բաժնետէր Արայ Աւէտիսեանի հետ։ Արմէն Ղազարեանը նաեւ «Էյ-Ջի-Էյջ Ղազարեաններ» ՍՊԸ-ի նախկին տնօրէնն է։ Ընկերութեան ներկայիս տնօրէնը՝ Գեւորգ Ղարիբեանը, ՔՊ դրամահաւաքին փոխանցել է 2.5 մլն դրամ։ ՔՊ-ին թոյլատրելի առաւելագոյն չափով նուիրատուութիւն են կատարել «ՋիԷյԷյջ» ՍՊԸ-ի տնօրէն Գագիկ Ղազարեանը եւ նոյն ընկերութեան նախկին բաժնետէր եւ տնօրէն Սմբաթ Նաւոյեանը։

2.4-ական մլն դրամ նուիրատուութիւն են կատարել «Մալխասեանց փաստաբանական կենտրոնի» բաժնետէր եւ տնօրէն Մինաս Մալխասեանը եւ աշխատակից Գրիգոր Մալխասեանը։ Կենտրոնի մէկ այլ աշխատակից  Կորիւն Մկրտչեանը փոխանցել է 2.3 մլն դրամ, իսկ փոխտնօրէն Նազիկ Մալխասեանը նուիրաբերել է 100 հազար դրամ։ Մինաս Մալխասեանը, Նազիկ Մալխասեանը  եւ Գրիգոր Մալխասեանը դատաւոր Գուրգէն Մալխասեանի զաւակներն են։ Վերջինս Աւագանու ընտրութիւններից մօտ մէկ ամիս անց առաջադրուել է Վճռաբեկ դատարանի դատաւորի թեկնածու, սակայն չի ընտրուել։ 

Անվտանգութեան ապահովման մասնաւոր գործունէութիւն իրականացնող «Արագ արձագանքման գուարդիայ» ՍՊԸ նախկին բաժնետէր Զորիկ Սարգսեանը եւ նոյն ընկերութեան ներկայիս բաժնետէր Աւէտիս Առաքելեանը ՔՊ-ին փոխանցել են 2.5-ական մլն դրամ։ 

Նոյնքան գումար են փոխանցել հաշուապահական հաշուառմամբ զբաղուող «Ջի Էմ Քեյ փարթներս» ՍՊԸ-ի բաժնետէր Կարէն Մովսեսեանը եւ նոյն ընկերութեան տնօրէն Կարէն Գրիգորեանը։ 

Շինարարական գործունէութիւն ծաւալող «Ստրոյ մաստեր Միխայիլ» ՍՊԸ բաժնետէր եւ տնօրէն Իւան Մինասուեւը, նախկին բաժնետէր Միխաիլ Մինասուեւը եւ նրանց եղբայրը՝ Նիկոլայ Մինասուեւը ՔՊ դրամահաւաքին փոխանցել են 2.5-ական մլն դրամ։ Մեր հարցին, թէ արդյօք նուիրատուութիւն կատարել է, Միխաիլ Մինասուեւը նախ ասաց, որ չի յիշում, քանի որ ինքը շատ նուիրատուութիւններ է անում։ Խնդրեց ցոյց տալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութեան ուղարկած ցանկը։ Չհաստատելով կամ չհերքելով նուիրատուութիւն անելու փաստը՝ ասաց. «Ինչ-որ մի բան արել ենք, չեմ յիշում»։

Նուիրատուների հետ փոխկապակցուած որոշ ընկերութիւններ ակտիւ մասնակցել են պետական գնումների։ Այդ ընկերութիւններին «Ինֆօքոմը» կանդրադառնայ այլ հրապարակումներով։

Խոշոր նուիրատուներ են պաշտօնեաները եւ նրանց փոխկապակցուած անձինք 

Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմէն Փամբուխչեանը, որ նախընտրական շրջանում նաեւ կուսակցութեան շտաբի պետն էր, մինչեւ 2023 թուականի յունիսի 30-ը զբաղեցնում էր Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտօնը։ Աւագանու ընտրութիւններին ընդառաջ ՔՊ կուսակցութեանը 2.5-ական մլն դրամ են փոխանցել Արտակարգ իրավիճակների նախարարութեան նախկին աշխատակիցներ Վազգէն Սիմոնեանը, Վահէ Յարութիւնեանը, Արամ Սեմիրջեանը, Հովիկ Խաչոյեանը եւ Գեղամ Բրսոյեանը։ Վերջինս նաեւ ՔՊ աւագանու թեկնածու էր։ 

2.5 մլն դրամի չափով նուիրատուութիւն է կատարել Արմէն Սարգսեանը։ Նա Արմէն Փամբուխչեանի խորհրդականն էր մինչեւ ԱԻ նախարարութեան լուծարումը, իսկ յետոյ նշանակուել է Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի տեղակալ։ Իրաւաբանական անձանց պետական ռեգիստրի տուեալների համաձայն՝ Արմէն Սարգսեանը ուղեւորափոխադրումներ իրականացնող «Ինտեռ տրանս» ընկերութեան բաժնետէրն է։ Նոյն ընկերութեան տնօրէն Կարինէ Յարութիւնեանը եւս 2.5 մլն դրամ է նուիրաբերել։ Թոյլատրելի առաւելագոյն չափով նուիրատուութիւն է կատարել Յարութիւն Բալեանը, որը ընկերական յարաբերութիւններ ունի Արմէն Փամբուխչեանի եւ Արմէն Սարգսեանի հետ։

1 միլիոնից աւելի նուիրատուութիւն կատարածների ցանկում հանդիպում են մի շարք պաշտօնատար անձինք։ «Հայանտառ» ՊՈԱԿ տնօրենի խորհրդական Վիգէն Չիլինգարեանը ՔՊ կուսակցութեանն է նուիրաբերել 2.5  մլն դրամ։ 

1.5 մլն դրամ նուիրատուութիւն է կատարել ՊՆ «Զինառ» ՓԲԸ տնօրենի ժամանակաւոր պաշտօնակատար Արշակ Օրդուխանեանը, որը, փոխուարչապետ եղած ժամանակ, Սուրէն Պապիկեանի խորհրդականն էր։ Արշակ Օրդուխանեանը նաեւ աւագանու թեկնածու էր։ 

Շուկայի վերահսկողութեան տեսչական մարմնի ղեկավար Արմէն Կոտոլեանը, որը նաեւ աւագանու թեկնածու էր, 1 մլն դրամ է փոխանցել ՔՊ-ին։ 

Արտաշատ համայնքի աւագանու անդամ Սիւզաննայ Սայադեանը նուիրաբերել է 2.5 մլն դրամ։ Յետաքրքիր է, որ 2022 թուականի տարեկան յայտարարագրի համաձայն՝ վերջինիս եկամուտը կազմել է 702 հազար 975 դրամ։ Այս եկամուտը նա ստացել է ՔՊ կուսակցութիւնից՝ որպէս աշխատանքի դիմաց վարձատրութիւն։

Ի դէպ, ՔՊ-ի նախընտրական քարոզարշաւին 2 մլն դրամ է նուիրաբերել նաեւ Հայաստանում Իսպանիայի հիւպատոս Արմինէ Ադամեանը։

2.5 մլն դրամի չափով նուիրատուութիւն են կատարել նաեւ Երեւանի քաղաքապետարանի աշխատակիցներ՝ Քաղաքաշինութեան եւ հողի վերահսկողութեան վարչութեան պետ Յակով Ասատրեանը եւ «Բնակչութեան յատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի տնօրէն Հրաչեայ Նազարեանը։ Իսկ քաղաքապետարանի առեւտրի եւ ծառայութիւնների վարչութեան պետ Հովիկ Սաֆարեանը ՔՊ-ին փոխանցել է 100 հազար դրամ։ 

Քաղաքապետ Տիգրան Աւինեանը նուիրատուութիւն չի կատարել, փոխարէնը՝ հայրը՝ Արմէն Աւինեանը, փոխանցել է 2 մլն դրամ։ Երեւանի աւագանու` ՔՊ խմբակցութեան ղեկավար Արմէն Գալջեանի եղբայրը՝ Տիգրան Գալջեանը, նուիրաբերել է 2.3 մլն դրամ։ 

Երեւանի աւագանու անդամ Լուսինէ Գեւորգեանը փոխանցել է 2.5 մլն, իսկ աւագանու մէկ այլ անդամ, Ուռուցքաբանութեան ազգային կենտրոնի տնօրէն Նարեկ Մանուկեանը՝ 1 մլն դրամ։ 

Վարչական շրջանների ղեկավարների փոխանցումները տատանւում էին 200 հազարից 1.7 մլն դրամի սահմաններում։ 200 հազարական դրամներ են փոխանցել Աջափնեակ վարչական շրջանի ղեկավար Կամսար Բաբինեանը, Աւան վարչական շրջանի ղեկավար Վահէ Յակոբեանը, Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատեանը եւ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Սամուել Ղուկասեանը։ Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավար Միքայել Օհանեանը փոխանցել է 400 հազար դրամ, Նուբարաշէն վարչական շրջանի ղեկավար Անդրանիկ Գասպարեանը՝ 550 հազար դրամ, Շենգաւիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչեանը՝ 300 հազար դրամ, իսկ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հովակիմեանը փոխանցել է 1,7 մլն դրամ։ 

Շռայլ փոխանցումներով աչքի է ընկել Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը։ Եկամուտների հաշուառման եւ հաւաքագրման բաժնի պետ Գեւորգ Բաղդասարեանը եւ Քաղաքաշինութեան եւ հողօգտագործման բաժնի պետ Լեւոն Շահնազարեանը փոխանցել են 2.5-ական մլն դրամ։ Գեւորգ Բաղդասարեանից փորձեցինք ճշտել՝ ի՞նքն է փոխանցել գումարը եւ ի՞նչ միջոցներով։ Հարցը լսելուց յետոյ ասաց, որ մի փոքր ուշ հետ կզանգի։ Աւելի ուշ կրկին զանգեցինք, վրդովուած պատասխանեց, որ այլեւս այդ հարցով իրեն չզանգենք։ 

Նոր Նորք վարչական շրջանի առեւտրի, ծառայութիւնների եւ գովազդի բաժնի պետ Սարգիս Նազարեանը ՔՊ կուսակցութեանը նուիրաբերել է 2.4 մլն դրամ։ Վերջինս աւագանու ընտրութիւնների ՔՊ կուսակցութեան վստահուած անձ էր։ Նոյն վարչական շրջանի Քաղաքաշինութեան եւ հողօգտագործման բաժնի նախկին պետ Գագիկ Աբաջեանը փոխանցել է 2.3 մլն դրամ։ 

Դրամահաւաքի նուիրատուների շարքում են նաեւ ՔՊ կուսակցութեան 88 աւագանու թեկնածուներ, որոնց նուիրատուութիւնները տատանւում են 20 հազարից մինչեւ 2.5 մլն դրամի սահմաններում։ 


Փաստէրի համադրութիւնն ու տուեալների ուսումնասիրութիւնը ցոյց են տալիս, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութեան նախընտրական քարոզարշաւի ֆինանսների մի մասի աղբիւրն առնուազն կասկածելի է։ 

Ուսումնասիրութեան արդիւնքում կարող ենք արձանագրել, որ կազմակերպուած մեխանիզմի գործադրմամբ անյայտ ծագման գումարներ են ուղղուել ՔՊ նախընտրական քարոզարշաւի ֆինանսաւորմանը՝ երբեմն գործընթացից ընդհանրապէս անտեղեակ քաղաքացիների անուան տակ։

«Կուսակցութիւնների մասին» օրէնքի համաձայն՝ նախընտրական քարոզարշաւի համար նուիրատուութիւնները պէտք է փոխանցուէն բացառապէս անկանխիկ եղանակով։ Օրենքի այս կէտը նպատակ ունի թափանցիկ եւ յետագծելի դարձնել փոխանցուող նուիրատուութեան ծագումը։ 

«Ինֆօքոմը» ՔՊ կուսակցութեանը գրաւոր հարցել էր, թէ ինչպէս են ապահովել նուիրատուութիւնների անկանխիկ փոխանցումը դրամահաւաք-երեկոյի ընթացքում։ Հարցմանն ի պատասխան՝ նշել են. «Դրամահաւաքին նուիրատուութիւնների հաւաքագրումը կազմակերպելու համար ներգրաւուել են «Հայէկոնոմբանկի» աշխատակիցներ, որոնք էլ ապահովել են նուիրատուութիւնների փոխանցումը կուսակցութեան հաշուեհամարին։ ՔՊ կուսակցութեան հաշիւները սպասարկւում են «Հայէկոնոմբանկի» կողմից»,- նշուած է պատասխանում։

«Հայէկոնոմբանկի» աշխատակիցները, փաստօրէն, կուսակցութեան նուիրատուներին «օգնել են» փոխանցումներ կատարել ոչ միայն դրամահաւաք-երեկոյի ընթացքում, այլ նաեւ դրանից դուրս։ Նշէնք, որ «Հայէկոնոմբանկի» բաժնետէրերից է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցութեան պատգամաւոր Խաչատուր Սուքիասեանը։ Վերջինս եւ իր եղբայրները հանդիսանում են բանկի վերջնական վերահսկող։

Երեկ կապ հաստատեցինք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութեան վարչութեան նախագահի տեղակալ Վահագն Ալեքսանեանի հետ։ Նկարագրեցինք, որ հանդիպել ենք ՔՊ նուիրատուների ցանկում յայտնուած անձանց, որոնք նշել են, որ իրենք նուիրատուութիւն չէն արել։ Վահագն Ալեքսանեանը նախ խնդրեց յայտնել այդ անձանց անունները, որ կարողանայ ճշտել։ Աղբիւրը չբացայայտելու վերաբերեալ մեր արձագանքին Ալեքսանեանը պատասխանեց, որ միգուցէ ճիշտ անձանց չենք նոյնականացրել։

Մեր դիտարկմանը, որ նոյն կամ մօտ շէնքերում բնակուող անձանց անուններից որոշակի օրինաչափութեամբ նուիրատուութիւններ են արուել, Վահագն Ալեքսանեանը պատասխանեց. «Ես չեմ կարող ասել, կարող է ստացուած լինի այնպէս, որ մի քանի հոգու գումար նոյն պահին ուղղակի մէկի անունով են մուտք արել բանկի աշխատակիցները, որ ժամանակ խնայէն, դա էլ չեմ բացառում»։

Ճշտող հարցին, թէ արդեօ՞ք ՔՊ նախընտրական քարոզարշաւի նուիրատուութիւնները հաւաքագրուել են միայն յուլիսի 31-ի դրամահաւաք-երեկոյի ժամանակ, Ալեքսանեանը պատասխանեց. «Ո՛չ, որովհետեւ դէպքեր են եղել, երբ տարածքային գրասենեակի կուսակցականները հաւաքել են, մէկի հետ ուղարկել են։ Այդպէս էլ է եղել»։

Կրկին ճշգրտեցինք, թէ արդեօ՞ք վերջնարդիւնքում դրամահաւաքի նուիրատուութիւնները մուտք են արուել երեկոյի ընթացքում, Ալեքսանեանը պատասխանեց՝ աեօ՛, միայն աւելացրեց, որ որոշակի անճշտութիւններ են եղել, եւ յաջորդ օրը բանկ գնալու առիթ է եղել։ Հարցին, թէ ինչ անճշտութիւններ են դրանք, Ալեքսանեանը խնդրեց գրաւոր դիմել։

Առաւել բովանդակային պատասխան ստանալու ակնկալիքով Վահագն Ալեքսանեանի հետ պայմանաւորուեցինք, որ գրաւոր կ’ուղարկէնք մեր հարցերը եւ կսպասենք դրանց պատասխանին մինչեւ այսօր՝ ժամը 17:00-ն։ Մինչեւ պայմանաւորուած ժամը, սակայն, որեւէ պատասխան չստացանք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութիւնից։

Աւագանու ընտրութիւնների նախընտրական ֆինանսների օրինականութիւնը պետութիւնը կարող է պարզել ընտրութիւններից 8 ամիս անց

«Կուսակցութիւնների մասին» օրէնքի համաձայն՝ կուսակցութիւններն իրենց տարեկան հաշուետուութիւնները ներկայացնում են Կոռուպցիայի կանխարգելման յանձնաժողով (ԿԿՀ) մինչեւ հաշուետու տարուան յաջորդող մայիսի 31-ը։ ԿԿՀ-ն, համադրելով կուսակցութեան հաշուետուութիւնը այլ աղբիւրներից (ներառեալ բանկային տուեալներ) ստացուած տեղեկութիւնների հետ, իրականացնում է կուսակցութեան ֆինանսական գործունէութեան վերահսկողութիւնը եւ տարեկան հաշուետուութեան ստուգումը։ 

«Ինֆօքոմն» աւելի վաղ անդրադարձել էր Կոռուպցիայի կանխարգելման յանձնաժողովի եւ Կենտրոնական ընտրական յանձնաժողովի վերահսկողական գործառոյթին՝ հարցադրմամբ, թէ արդեօ՞ք նախընտրական շրջանում նուիրատուների ցանկը չհրապարակելը չի նուազեցնում ընտրական գործընթացի թափանցիկութիւնը։ 

Այդ ժամանակ Կենտրոնական ընտրական յանձնաժողովի նախագահ, ՔՊ նախկին պատգամաւոր Վահագն Հովակիմեանը, անդրադառնալով այդ մտահոգութեանը, ասել էր. «Ձեր ցանկութիւնն է, որ երբ դուք որեւէ հրապարակում ունենաք, որեւէ բան բացայայտեք որեւէ կուսակցութեան հետ կապուած, դա ազդի այդ կուսակցութեան ընտրութեան արդիւնքների վրայ։ Դուք քաղաքական ուժերին վերաբերւում եք որպէս պոտենցիալ յանցագործների»։ 

Հովակիմեանը մէզ հետ զրոյցում նշել էր նաեւ, որ եթէ լրագրողների նպատակն է թափանցիկ գործընթաց ապահովել, ապա նրանց համար մեծ տարբերութիւն պէտք է չլինի՝ նուիրատուների ցանկը ուսումնասիրել ընտրութիւնների ընթացքու՞մ, թե՞ դրա աւարտից շուրջ 8 ամիս անց։

Աւագանու ընտրութիւնների աւարտից շուրջ 4 ամիս անց պարզ է դառնում, որ ընտրութիւնների ընթացքում ՔՊ նախընտրական քարոզարշաւը ֆինանսաւորուել է անյայտ աղբիւրներից՝ կասկածելի գործարքների միջոցով։  

Հեղինակ՝ Լիւսի Մանուելեան 

Յետաքննութեանն աջակցել են Հայարփի Բաղդասարեանը, Ջուլիետտայ Հովհաննիսեանը եւ Ռոման Աբովեանը

Խմբագիրներ՝ Անի Հովհաննիսեան, Սեւակ Մամեան

Ձայնային հաղորդման և բնագրի համար այցելել՝ https://infocom.am/hy/article/123299

Share