Մայիսի 27-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահութեամբ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի է ունեցել Գերագոյն հոգեւոր խորհրդի ժողով։ Ժողովը հանդէս է եկել յայտարարութեամբ, որը ներկայացնում ենք ստորեւ․
«Երկրում ստեղծուած ճգնաժամի խորացման պատճառով այս օրերին իրենց խաղաղ բողոքն արտայայտող քաղաքացիների նկատմամբ ոստիկանները կիրառում են ակնյայտ անհամաչափ ուժ՝ բռնութիւնների դատապարտելի դրսեւորումներով։ Հասարակական կարգի պահպանութեանը կոչուած ծառայողների նմանօրինակ գործողութիւնները խորացնում են ներհասարակական լարուածութիւնը եւ կարող են յանգեցնել անկանխատեսելի հետեւանքների։
Մեր կոչն է ոստիկաններին՝ իրենց պարտականութիւնների կատարման ընթացքում յարգել հայրենակիցների հիմնարար իրաւունքները, ազատութիւնները, պատիւն ու արժանապատուութիւնը եւ գործել միմիայն մարդասիրութեան եւ օրինականութեան սկզբունքների խստագոյն պահպանութեամբ։
Մեր յորդորն է նաեւ հանրային գործողութիւնների մասնակիցներին իրենց բողոքն արտայայտել բացառապէս օրէնքի շրջանակներում, առաջնորդուել զգօնութեամբ եւ չտրուել հնարաւոր սադրանքների։
Միաժամանակ պատգամում ենք Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու զաւակներին եւ մեր բոլոր հայրենակիցներին՝ այս բարդ իրադրութեան մէջ դրսեւորել պատասխանատուութիւն եւ ամենան ջանք գործադրել՝ ի խնդիր հայրենիքի առջեւ ծառացած գոյաբանական մարտահրաւէրների յաղթայարման, հայոց պետականութեան անխաթար պահպանութեան եւ ամրապնդման։
Թող Ամենազօր Աստուած օրհնի եւ խաղաղութիւն պարգեւի մեր հայրենիքին, համերաշխութիւն եւ յուսառատ կեանք՝ մեր ժողովրդին»։