ՀՅԴ Հայ դատի յանձնախմբերի եւ գրասենեակների աշխատանքների ամփոփագիր (հոկտեմբերի 15-նոյեմբերի 20, 2022թ․)

ՀՅԴ Հայ դատի յանձնախմբերի եւ գրասենեակների աշխատանքների ամփոփագիր (հոկտեմբերի 15-նոյեմբերի 20, 2022թ․)

Ամերիկայի Միացեալ Նահանգներ

Հայ դատի Ամերիկայի յանձնախմբի գլխաւորած համայնքային կոալիցիայի ներկայացուցիչները՝ հայկական, յունական, հրէական եւ քրդական կազմակերպութիւնները, հոկտեմբերի 27-ին բողոքի ակցիայ են անցկացրել Փենսիլուանիայում սենատի անդամի թեկնածու, ազգութեամբ թուրք Մեհմեթ Օզի դէմ՝ պահանջելով դադարեցնել Հայոց ցեղասպանութեան ժխտումը։ Բողոքի ակցիան տեղի է ունեցել Օզի եւ նրա մրցակից, Փենսիլուանիայի փոխնահանգապետ Ջոն Ֆեթերմանի միջեւ հեռուստաբանաւէճի ժամանակ։ Յատկանշական է, որ Ֆեթերմանn իր հերթին աջակցութիւն է յայտնել Հայոց ցեղասպանութիւնը ճանաչելու վերաբերեալ ԱՄՆ Սենատի եւ Ներկայացուցիչների պալատի բանաձեւերին, ինչպէս նաեւ Սպիտակ տան դիրքորոշմանը:

Հայ դատի Ամերիկայի յանձնախմբի գլխաւորած կոալիցիայի ջանքերի արդիւնքում` հնարաւոր եղաւ խափանել Հայոց ցեղասպանութիւնը ժխտող Մեհմեթ Օզի ընտրութիւնը որպէս ԱՄՆ Սենատի անդամ, իսկ Հայ դատի յանձնախմբի համակրանքը վայելող Ջոն Ֆեթերմանը յաղթեց ընտրութիւններում։

Հայ դատի Ամերիկայի յանձնախումբը ԱՄՆ-ում միջանկեալ ընտրութիւններից առաջ հրապարակել է վարկանիշային աղիւսակ, որտեղ իր գնահատականն է տուել Կոնգրեսի անդամների գործուղութիւններին հայ համայնքի նկատմամբ։ Միացեալ Նահանգների ողջ տարածքում յանձնախումբն իր աջակցութիւնն է յայտնել 88 թեկնածուների, ովքեր իրենց գործողութիւններով վաստակել են հայկական համայնքի աջակցութիւնը ՝ ի պաշտպանութիւն Հայ դատի քաղաքական առաջնահերթութիւնների:

Աւելի քան քսան կոնգրէսականներ ներառող երկկուսակցական խումբը, Ներկայացուցիչների պալատի անդամ Քրիս Պապասի գլխաւորութեամբ, օրէնսդրական գործընթաց է սկսել, որով նախատեսւում է 2023թ․ Ազգային պաշտպանական արտօնութիւնների ակտում Սպիտակ տան վարչակազմի վրայ սահմանափակումներ կիրառել՝ Թուրքիային F-16 ինքնաթիռներ եւ արդիականացման սաքաւորումներ վաճառելու գործընթացում։ Այս արդիւնքին հասնելու համար՝ Հայ դատի Ամերիկայի յանձնախումբը առաջնորդել է ամերիկեան համայնքային կազմակերպութիւնների կոալիցիայ՝ քրդական, յունական, հրէական, կիպրական, մերձաւոր-արեւելեան եւ քրիստոնեական կազմակերպութիւնների մասնակցութեամբ։

ԱՄՆ Սենատում նոյեմբերի 15-ին կայացած լսումների եւ հարց ու պատասխանի ընթացքում Սենատի արտաքին յարաբերութիւնների յանձնաժոովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը սուր քննադատութեան է ենթարկել ԱՄՆ պէտքարտուղարութեանը՝ Հայաստանի նկատմամբ ամերիկեան քաղաքականութեան, 907-րդ բանաձեւի չվերականգնման, Հայաստանին ու Արցախին բովանդակային օժանդակութեան չտրամադրման համար։

Եւրոպայ

Ելնելով Հայաստանի նկատմամբ ադրբեջանական ագրեսիային հակազդելու եւ Արցախին պարտադրուող ադրբեջանական մեկուսացումը ճեղքելու հրամայականից, ինչպէս նաեւ Արցախեան հակամարտութեան շարունակական միջազգայնացումն ապահովելու եւ առհասարակ Հայ դատի համակարգի կողմից հայկական շահերի պաշտպանութեան անհրաժեշտութիւնից՝ ՀՅԴ Հայ դատի Եւրոպայի գրասենեակի նախաձեռնութեամբ 2022թ․ հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 4-ը Եւրոպական Խորհրդարանից պատգամաւորների փաստահաւաք առաքելութիւնը ժամանել էր Հայաստան։

Պատուիրակութեան կազմում էին Եւրոպական Խորհրդարանի նիդերլանդացի պատգամաւոր, ԵԺԿ քաղաքական խմբի անդամ, Արցախի հետ ԵԽ բարեկամութեան խմբի համահիմնադիր Պետէր Վան Դալենը, ԵԽ նախկին փոխնախագահ, իտալացի անկախ պատգամաւոր Ֆաբիոյ Մասիմոյ Կաստալդոն եւ գերմանացի պատգամաւոր, ԵՊՌ քաղաքական խմբի անդամ Լարս Պատրիկ Բերգը։ Պատուիրակութեան անդամներին ուղեկցում էին ՀՅԴ Հայ դատի Եւրոպայի գրասենեակի նախագահ Գասպար Կարապետեանը, գրասենեակի տնօրէն Հեղինէ Էվինեանը եւ Հայ դատի Կենտրոնական գրասենեակի յատուկ ծրագրերի պատասխանատու Գեւորգ Ղուկասեանը։

Նոյեմբերի 1-ին պատուիրակութիւնը հանդիպումներ է ունեցել ՀՀ ԱԺ փոխնագահի, ընդիմութեան ներկայացուցիչների, Եւրոպական ինտեգրման հարցերի մշտական յանձնաժողովի անդամների, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ Արցախի Հանրապետութեան ԱԺ նախագահի գլխաւորած պատուիրակութեան հետ։ Պատուիրակութիւնը նաեւ այցելել է Ծիծեռնակաբերդ եւ Հայոց ցեղասպանութեան թանգարան։

Նոյեմբերի 2-ին պատուիրակութիւնն այցելել է Եռաբլուր զնուորական պանթէոն եւ Խոր Վիրապ, այնուհետեւ մեկնել Սիւնիք, հանդիպել Գորիսի համայնքապետի հետ եւ այցելել ադրբեջանական վերջին ագրեսիայից տուժած բնակավայրեր։

Նոյեմբերի 3-ին հանդիպում է տեղի ունեցել ՀՀ ԱԳՆ փոխնախարարի հետ։ Փաստահաւաք առաքելութեան այցն ամփոփուել է մամուլի ասուլիսով։

ՀՅԴ Հայ դատի Եւրոպայի գրասենեակի հիմնադրման 20-ամեակի առթիւ նոյեմբերի 9-ին Բրիւսելում տեղի է ունեցել հանդիսաւոր ընդունելութիւն:

Միջոցառմանը ներկայ են եղել ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ, Հայ դատի Կենտրոնական խորհրդի նախագահ Յակոբ Տեր-Խաչատուրեանը, Բելգիայի Թագաւորութիւնում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան, ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչութեան ղեկավար Աննայ Աղաջանեանը, Հիւսիսատլանտեան պայմանագրի կազմակերպութիւնում ՀՀ առաքելութեան ղեկավար Արման Իսրայելեանը, Եւրոպական Խորհրդարանի բոլոր հիմնական քաղաքական խմբերից մեծ թուով պատգամաւորներ։ Միջոցառմանը ներկայ էին նաեւ Բելգիայի Թագաւորութեան Ֆեդերալ եւ երկրամասային խորհրդարանների պատգամաւորներ, Բելգիայի հայ համայնքի ներկայացուցիչներ, Հայ դատի Եւրոպայի յանձնախմբի գործընկերներ եւ բարեկամներ:

Ֆրանսիայ

Նոյեմբերի 15-ին Ֆրանսիայի Սենատը գրեթէ միաձայն ընդունեց Ադրբեջանի դէմ պատժամիջոցներ պահանջող բանաձեւը։ Հայ դատի Ֆրանսիայի յանձնախումբը բարձր է գնահատել ֆրանսիայի Սենատում միաձայնութեամբ ընդունուած բանաձեւը։

Ըստ յանձնախմբի՝ այս բանաձեւը եւս մէկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի եւ Արցախի ժողովուրդների անվտանգութեան եւ իրաւունքների հարցի շուրջ կայ Ֆրանսիական քաղաքական կոնսենսուս, մասնաւորապէս՝ օրէնսդրական մակարդակում։

Այս բանաձեւը Ֆրանսիայի կառավարութեան վրայ առաւել բարձր ճնշում եւ պարտաւորութիւն կը լինի, որպէսզի իր եւրոպացի գործընկերների հետ ի վերջոյ պատժամիջոցներ ձեռնարկի ադրբեջանական ագրեսորի դէմ։ Այս հարցում Ֆրանսիայի հայ համայնքը, Հայ Դատի յանձնախումբը եւ ֆրանսիացի պատգամաւորները միայնակ կը լինէն, եթէ Հայաստանի իշխանութիւնները ու հայաստանեան դիւանագիտութիւնը չգործեն նոյն ուղղութեամբ։

Կայ երկրորդ շատ կարեւոր կէտ բանաձեւի մէջ։ Այն ժամանակ, երբ տարբեր քաղաքական ուժեր փորձում են խեղդել Արցախի ժողովրդի իրաւունքների շուրջ քննարկումները եւ նիւթը փակ համարել, յատկանշական է, որ Ֆրանսիայի Սենատը վերահաստատում է իր 2020-ի պահանջը Ֆրանսիայի կառավարութեանը՝ եւս մէկ անգամ կոչ անելով ճանաչել Արցախի Հանրապետութիւնը։ Սենատը նաեւ պահանջում է Արցախում ֆրանսիական մարդասիրական կենտրոն հիմնել։

Հայ Դատի յանձնախումբը սատարում է այս առաջարկը եւ վերահաստատում է իր անուէրապահ պատրաստակամութիւնը՝ համագործակցելու Ֆրանսացի քաղաքական դասակարգի հետ ի շահ Հայաստանի եւ Արցախի ժողովրդի անվտանգութեան, անկախութեան եւ ազատագրութեան։

Կանադայ

Մոնրեալի Հայ կենտրոնում հոկտեմբերի 26-ին կայացել է «Հանուն Հայրենիքի եւ Հայ դատի» խորագրով ընթրիք նուիրատուութիւն։ Ընդհանուր առմամբ հանգանակուել է 255 հազար դոլլար։ Օրուայ գլխաւոր բանախօսն էր ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ, Հայ դատի Կենտրոնական խորհրդի նախագահ Յակոբ Տեր-Խաչատուրեանը, ով փոխանցեց օրուայ պատգամն ու Հայ դատի արդի քաղաքական առաջնահերթութիւնները։

Հայ դատի Կանադայի յանձնախումբը հոկտեմբերի 20-ին տեղեկացրել է, որ Բրիտանական Կոլումբիայ նահանգի վարչապետ Ջոն Հորգանը նամակ է ուղղել Կանադայի վարչապետ Ջասթին Թրիւդոյին, որով իշխանութիւնից ուշադրութիւն է պահանջում Հայաստանի հանդէպ ադրբեջանական ռազմական արարքների նկատմամբ եւ բողոքում կենտրոնական իշխանութեան անբաւարար արձագանքի առնչութեամբ։
Նշէնք, որ հոկտեմբեր 3-ին, Կանադայի ՀՅԴ Հայ դատի յանձնախումբը հանդիպում էր ունեցել Ջոն Հորգանի հետ, որտեղ խոստացել էր Արցախի եւ Հայաստանի դէմ շարունակուող ադրբեջանական ագրեսիայի հարցը բարձրացնել Ջասթին Թրիւդոի մօտ։

Մեծ Բրիտանիայ

Հոկտեմբերի 18-ին Միացեալ Թագաւորութեան խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամութեան խումբն անցկացրել է իր ամենամեայ ընդհանուր ժողովը եւ ընտրել խմբի նոր կազմ։ Խմբի աշխատանքները շարունակելու է ղեկավարել Թիմ Լոութօնը, բարոնուհի Քերոլայն Քօքսը շարունակում է անդամակցել խմբին։ Հայ դատի Մեծ Բրիտանիայի յանձնախմբի ատենապետ Անետ Մոսկոֆեանը շարունակում է իրականացնել խմբի քարտուղարի պարտականութիւնները։

Աւստրալիայ

Աւստրալիահայ համայնքի աւելի քան 500 ներկայացուցիչներ բողոքի ակցիայ էին կազմակերպել Սիդնեյի կենտրոնում’ կոչ անելով կառավարութեանը դադարեցնել իր լռութիւնը եւ Ադրբեջանին անուանել ագրեսոր, այն բանից յետոյ երբ կենտրոնական իշխանութիւնը չի հրապարակել պաշտօնական յայտարարութիւն, որով դատապարտում է Ադրբեջանի յարձակումը Հայաստանի ինքնիշխան տարածքի վրայ։

Նոյեմբերի 2-ին Աւստրալիայի արտգործնախարար Փենի Վոնգն առաջին անգամ յայտարարել է, որ Ադրբեջանն է պատասխանատու հայ ռազմագերիների հանդէպ յանցագործութիւնների համար եւ մեղադրել ագրեսիայի մէջ։ Աւստրալիայի Հայ դատի յանձնախումբը նշում է, որ այսպիսի յայտարարութիւնը զգալի տեղաշարժ է երկրի իշխանութիւնների հռետորաբանութեան մէջ, քանի որ նախկինում երկիրը իր յայտարարութիւնները հասցէագրում էր երկու կողմերին։

Աւստրալիայի Հայ դատի յանձնախումբը նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 3-ը կազմակերպել է նաեւ հայկական շահերի պաշտպանութեան շաբաթ, որի գլխաւոր բանախօսը կը լինի Հայաստանի մարդու իրաւունքների նախկին պաշտպան Արման Թաթոյեանը։

Լիբանան

ՀՅԴ Հայ դատի Լիբանանի մարմինը հոկտեմբերի 19-ին Լիբանանում Շուեյցարիայի դեսպանատանը նամակ է յղել, որում խնդրում է հանդիպում` քննարկելու Ժնեւի նահանգային խորհրդի կողմից հոկտեմբերի 14-ին ընդունուած «Հայաստանի գոյատեւման համար» բանաձեւը։ Բանաձեւով կոչ է արւում Դաշնային ժողովին` դատապարտել Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետութեան դէմ իրականացուած ագրեսիան, ձեռնարկել միջոցներ, որպէսզի Ադրբեջանի գործողութիւնները չֆինանսաւորուեն Շուեյցարիայում ադրբեջանական հումքի վաճառքից ստացուող եկամուտներից, ճանաչել Լեռնային Ղարաբաղի/Արցախի հայերի ինքնորոշման իրաւունքը եւ անել հնարաւորը հայ ռազմագերիների հայրենադարձման համար։

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը նոյեմբերի 16-ին նամակ է յղել Լիբանանում Ֆրանսայի դեսպան Անն Կրիոյին՝ ողջունելով մէկ օր առաջ Ֆրանսայի խորհրդարանի վերին պալատի կողմից որդեգրուած բանաձեւը, որ վերաբերում է հայ-ադրբեջանական հակամարտութեանը:

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը ողջունել է բանաձեւի որդեգրումը, որը մանրամասնօրէն ու դիպուկ կերպով անդրադառնում է հայ-ադրբեջանական հակամարտութեանը՝ ընդգծելով, որ կարեւոր էր նիստի ընթացքում Ֆրանսիայում ՀՀ դեսպան Յասմիկ Դոլմաջեանի եւ Արցախի Հանրապետութեան ներկայացուցիչ Հովհաննես Գեւորգեանի մասնակցութիւնը։

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը յոյս է յայտնել, որ ֆրանսիական կառավարութիւնն ականջալուր կը լինի ֆրանսիացի ժողովրդի ներկայացուցիչների քաղաքական յստակ կամքին։

Սիրիայ

Սիրիայի Հայ դատի յանձնախումբը նոյեմբերի 4-ին «Արամ Մանուկեան» ժողովրդային տանը կազմակերպել էր «Թուրքիայի ծաւալապաշտ քաղաքականութեան հետեւանքները տարածաշրջանում» խորագրով խորհրդաժողով։ Խորդաժողովին ներկայ էին Բերիոյ Հայոց թեմի հայրապետական Նուիրակ գերաշնորհ Տեր Մակար եպիսկոպոս Աշգարեանը, քրիստոնեայ եւ իսլամ հոգեւոր պետէր, «Բաաս» կուսակցութեան Հալեպի քարտուղարը, նահանգապետի ներկայացուցիչը, Սիրիայի խորհրդարանի անդամներ, սիրիական կուսակցութիւնների, պաղեստինեան կազմակերպութիւնների, արաբական եւ հալեպահայ միութիւնների ներկայացուցիչներ, ինչպէս նաեւ լրագրողներ եւ մտաւորականներ։

Ուրուգուայ

ՀՅԴ Ուրուգուայի Հայ դատի յանձնախմբի շաբաթներ շարունակ տարած աշխատանքի շնորհիւ Սենատորների պալատը հոկտեմբերի 18-ին յայտարարութեամբ դատապարտել է ՀՀ միջազգայնօրէն ճանաչուած տարածք Ադրբեջանի ներխուժումը։ Յաւելենք, որ տարածուած հաղորդագրութեամբ՝ Ուրուգուայի արտաքին գործերի նախարարութիւնը պատշաճ կերպով չի դատապարտել ադրբեջանական ագրեսիան։ ՀՅԴ Ուրուգուայի Հայ դատի յանձնախումբը շարունակելու է աշխատանքները՝ հասնելու համար նաեւ գործադիր իշխանութեան կողմից ադրբեջանական ագրեսիայի դատապարտմանը։

Հայ Դատի յանձնախմբերն ու գրասենեակները շարունակում են ամբողջ աշխարհում իրականացնել հայութեան շահերի պաշտպանութեան աշխատանքներ՝ օգտագործելով լոբբիստական գործունէութեան համալիր գործիքակազմեր։ Արցախի նկատմամբ ադրբեջանաթուրքական ագրեսիան դատապարտելու, Արցախի տարածքային ամբողջականութեան վերականգնմանը նպաստելու, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահութեան ձեւաչափը վերականգնելու, գերիների վերադարձի, արտասահմանեան լրատուամիջոցներին օբյեկտիւ տեղեկատուութեամբ ապահովելու ուղղութեամբ կատարւում են մեծ ծաւալի աշխատանքներ։ Յատուկ ուշադրութիւն է դարձւում Ղարաբաղեան հմնախնդրի շուրջ տարբեր երկրներում ներքաղաքական քննարկումներ, խորհրդարանական լսումներ իրականացնելու վրայ, որոնք յաճախ վերաճում են կոնկրէտ բանաձեւերի ընդունման։

ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենեակ
20.11.2022 թ.

Share