Օգօստոսի 15-ից սեպտեմբերի 15-ը ընկած ժամանակահատուածում ՀՅԴ Հայ դատի աշխարհասփիւռ համակարգի աշխատանքները շարունակել են մեծապէս պայմանաւորուած լինել ադրբեջանական ընթացիկ ցեղասպան քաղաքականութեան արդիւնքում Արցախում ստեղծուած հոմանիտար եւ անվտանգային իրավիճակով։ Շարունակուել են աշխատանքներն Արցախի հանդէպ միջազգային զօրակցութեան ապահովման, շրջափակման վերացման, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարութեան նկատմամբ պատժամիջոցների կիրառման, Ադրբեջանին տրամադրուող ամերիկեան ռազմական օժանդակութեան վերացման, հիմնախնդրի միջազգայնացման, ինքնորոշման իրաւունքի իրացման ճանաչման շեշտադրմամբ բանակցային գործընթացի լիարժէք ձեւաչափի վերականգնման եւ այլ ուղղութիւններով։
ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենեակ
Հ․ Յ․ Դաշնակցութեան արտաքին քարտուղարութիւնն օգոստոսի 18-ին ստացել է Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի վերաբերեալ Սոցիալիստական ինտերնացիոնալի յայտարարութիւնը, որի հիմնական մասը ներկայացնում ենք ստորեւ․
«Սոցիալիստական ինտերնացիոնալը խորապէս մտահոգուած է Լեռնային Ղարաբաղում ահագնացող հումանիտար ճգնաժամով։ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շարունակական շրջափակումը պատճառ է հանդիսացել անտանելի իրավիճակի եւ մի քանի ամիս ձգուող շրջափակման։ Հայաստանից սննդի, դեղորայքի, գազի եւ էլեկտրականութեան մատակարարումներից զրկուածութիւնն արագօրէն յանգեցնում է տարածաշրջանում սովի եւ հումանիտար աղէտի իրավիճակի։
Սոցիալիստական ինտերնացիոնալն Ադրբեջանի կառավարութեանը յորդորում է անյապաղ եւ անուէրապահօրէն բացել Լաչինի միջանցքն ու ապահովել մարդկանց ու ապրանքների տարանցումը երկու ուղղութիւններով՝ համաձայն իր միջազգային պարտաւորութիւնների եւ միջազգային դատարանների կողմից պարտադիր իրաւակիրառութիւն ենթադրող որոշումների։ Մենք նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի մեր անդամ կուսակցութիւններին յորդորում ենք միասին աշխատել՝ ապահովելու համար Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կայուն լուծումը։
Մենք միջազգային լայն հանրութեանը կոչ ենք անում արագացնել ջանքերը՝ յորդորելու Ադրբեջանի իշխանութիւններին դադարեցնել Լաչինի միջանցքի շրջափակումը»։
Ամերիկայի Միացեալ Նահանգներ
Նշուած ժամանակահատուածում Հայ դատի Ամերիկայի յանձնախումբը բազմաբնոյթ ծաւալուն աշխատանքներ է իրականացրել՝ հիմնականում ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների շրջանակում։
Հայ դատի Ամերիկայի յանձնախումբը շարունակաբար մեծացնում է ճնշումը նախագահ Բայդենի վարչակազմի եւ Կոնգրեսի վրայ՝ կոչ անելով վերջիններիս ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդում ներկայացնել Արցախի քրիստոնեայ բնակչութեան ցեղասպանական շրջափակումը քննադատող բանաձեւ։ Հայ դատի Ամերիկայի յանձնախմբի էլեկտրոնային յատուկ հարթակների միջոցով աւելի քան 200․000 գրութիւններ են ուղարկուել նախագահ Բայդենին, փոխնախագահ Հարիսին եւ ԱՄՆ Կոնգրեսի զոյգ պալատների անդամներին՝ կոչ անելով «կանխել Լեռնային Ղարաբաղում (Արցախում) վերահաս ցեղասպանութիւնը՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի աւելի քան 250 օր շրջափակման հետեւանքով։ Այն Արցախը Հայաստանին կապող միակ մարդասիրական փրկօղակն է»։
Հասցեատէրերից մասնաւորապէս պահաջնջուել է․
• ՄԱԿ Անվտանգութեան խորհրդում առաջնորդել համապատասխան բանաձեւ՝ դատապարտելու Արցախի ադրբեջանական շրջափակումը եւ Լաչինի միջանցքի անյապաղ բացման կոչ անել՝ Արդարադատութեան միջազգային դատարանի պարտադիր իրաւակիրառութիւն ենթադրող ժամանակաւոր միջոցի կիրառման վերաբերեալ որոշման համաձայն։
• Դադարեցնել Ադրբեջանին տրամադրուող ամերիկեան ռազմական եւ անվտանգային օժանդակութիւնը եւ ամբողջապէս կիրառութեան մէջ դնել Ազատութեան աջակցութեան ակտի 907-րդ յօդուածի պահանջները (907-րդ բանաձեւ)։
• Արցախում ադրբեջանական ագրեսիայի զոհ դարձած հայ բնակչութեան համար ապահովել ամերիկեան մարդասիրական օժանդակութիւն։
• Արցախի ցեղասպանական շրջափակման համար պատասխանատու ադրբեջանցի պաշտօնեաների նկատմամբ կիրառել ամերիկեան օրէնսդրութեամբ սահմանուած պատժամիջոցներ։
Ինչ վերաբերում է ԱՄՆ պետական իշխանութեան գործադիր թեւի վրայ կոնգրէսական ճնշումներին, նկատենք, որ ՄԱԿ ԱԽ-ում Հայաստանի դիմումով գումարուած քննարկման նախօրեին՝ օգոստոսի 15-ին, ԱՄՆ Սենատի արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը եւ սենատոր Ալեքս Պադիլան նամակով դիմել են ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ եւ ԱԽ ընթացիկ նախագահ Լինդայ Թոմաս-Գրինֆիլդին՝ յորդորելով վերջինիս բանաձեւ ներկայացնել՝ Ադրբեջանից պահանջելով անմիջապէս դադարեցնել Արցախի ութամսեայ շրջափակումը։
Օգօստոսի 14-ին նախագահ Բայդենին նամակ է յղել Կոնգրեսի հայկական հարցերով խմբի համանախագահ Ադամ Շիֆը, որը նոյնպէս կոչ է արել ԱՄՆ-ին առաջնորդել ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդին բանաձեւ, որն Ադրբեջանից անյապաղ կը պահանջի կատարել Արդարադատութեան միջազգային դատարանի հրամանները։ Շիֆը մասնաւորապէս նշել է․ «Չնայած ԱՄՆ կառավարութիւնը, Եւրոպական Միութիւնը, ՄԱԿ-ի փորձագէտները եւ Ռուսաստանը դատապարտել են շրջափակումը եւ կոչ արել կանոնաւոր երթեւեկութեան համար բացել միջանցքը, Ադրբեջանը ամիսներ շարունակ անտեսում է նման յայտարարութիւնները։ ԱՄՆ Պետդէպարտամենտը եւ USAID-ը փորձել են դիւանագիտական ճանապարհով վերջ դնել Ալիեւի կողմից Լաչինի միջանցքի շրջափակմանը, սակայն յայտարարութիւնների եւ նման կոչերի ժամանակն ակնյայտօրէն վաղուց անցել է։ Միացեալ Նահանգները պէտք է կոնկրէտ գործողութիւններ ձեռնարկի եւ անյապաղ օգտագործի այլ գործիքներ՝ ճնշում գործադրելու Ադրբեջանի վրայ՝ վերադառնալու միջազգային իրաւունքի եւ կարգի պահանջներին»։
Ադամ Շիֆն օգոստոսի 22-ին տեսաուղերձ է հրապարակել՝ ԱՄՆ կառավարութեանը կրկին կոչ անելով առաջնորդել ՄԱԿ ԱԽ բանաձեւ եւ կիրառել «907-րդ յօդուածի» պահանջները՝ դադարեցնելով ԱՄՆ ռազմական օժանդակութիւնն Ադրբեջանին։
Հայ դատի Ամերիկայի յանձնախմբի նախագահ Րաֆֆի Համբարեանը օգոստոսի 31-ին նամակով դիմել է ԱՄՆ Սենատի բոլոր անդամներին՝ խնդրելով Սենատում արգելափակել ԱՄՆ դիւանագիտական նշանակումները, քանի դեռ ԱՄՆ վարչակազմը չի ձեռնարկել կոնկրէտ գործողութիւններ, մասնաւորապէս՝
• Առաջնորդել ՄԱԿ Անվտանգութեան խորհրդի բանաձեւ, որը կնախատեսի Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման դատապարտում, Ալիեւի ռեժիմի նկատմամբ պատժամիջոցների կիրառում, Լաչինի միջանցքը բացելուն եւ Արցախ մատակարարումներ իրականացնելուն ուղղուած մեխանիզմների ներդրում։
• Ադրբեջանին տրամադրուող ամերիկեան նոր կամ ընթացիկ ռազմական եւ անվտանգային նշանակութեան օժանդակութեան դադարեցում եւ «Ազատութեան աջակցութեան ակտի» 907-րդ յօդուածի ամբողջական կիրարկում։
• Ամերիկեան հրատապ մարդասիրական օգնութեան տրամադրում Արցախում ադրբեջանական ագրեսիայից տուժած ժողովրդին, նաեւ օդային միջանցքի միջոցով։
• Արցախի ցեղասպան շրջափակման համար պատասխանատու ադրբեջանցի պաշտօնեաների նկատմամբ ամերիկեան օրէնսդրութեամբ սահմանուած կարգով՝ պատժամիջոցներ կիրառում։
ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով խմբի համանախագահներ Ֆրենք Փալոնը, Գուս Բիլիրակիսը, Ադամ Շիֆը, Դաւիթ Վալադաոն օգոստոսի վերջին միացել են Ներկայացուցիչների պալատի անդամներ Բրեդ Շերմանի եւ Նիկոլ Մալիոտակիսի նախաձեռնութեանը եւ օրէնսդրական մի շարք փոփոխութիւններ առաջարկել ԱՄՆ 2024թ․ ֆիսկալ տարուայ պաշտպանական յատկացումների օրինագծում։ Ներկայացուած փոփոխութիւնները նպատակ են հետապնդում դադարեցնելու Ադրբեջանին տրամադրուող ամերիկեան ռազմական օժանդակութիւնը։
Ընդհանուր առմամբ ներկայացուած են օրէնսդրական փոփոխութիւնների թուով վեց առաջարկներ, որոնք նախատեսում են Ադրբեջանի ռազմական օժանդակութեան համար ամերիկեան ֆինանսական միջոցների տրամադրման արգելք, տրամադրուած օժանդակութեան՝ Հայաստանի ու Արցախի Հանրապետութիւնների դէմ կիրառման բացառում, ինչպէս նաեւ առանձին գումարային յատկացում պաշտպանութեան դէպարտամենտին՝ Լաչինի միջանցքի բացմանը եւ Արցախի ժողովրդի հումանիտար իրավիճակի բարելաւմանը նպաստելու համար։
Սեպտեմբերի 6-ին ԱՄՆ Կոնգրեսի Թոմ Լանթոսի անուան մարդու իրաւունքների յանձնաժողւում տեղի է ունեցել Արցախում ստեղծուած հումանիտար իրավիճակի վերաբերեալ կոնգրէսական լսումներ, որին մասնակցել է նաեւ Միջազգային քրէական դատարանի նախկին գլխաւոր դատախազ Լուիս Մորենոյ Օկամպոն, որն ԱՄՆ նախագահ Ջոյ Բայդենին մեղադրել է Արցախի 120․000 տեղաբնիկ քրիստոնեայ հայերի ցեղասպանութեան մէջ մեղսակցութեան համար։ Օկամպոն նաեւ նկատել է՝ նախագահ Բայդէնը կամ պէտքարտուղար Բլինքէնը կարող են Ալիեւից պահանջել անմիջապէս եւ անուէրապահօրէն վերացնել Լաչինի միջանցքի շրջափակումը, եթէ ոչ՝ ապա Ալիեւին համարէն ցեղասպանութեան համար պատասխանատու, ինչն, իհարկէ, բազմաթիւ հետեւանքներ կ’ունենայ։
Օկամպոն հանգամանօրէն հակադարձել է այն փաստարկներին, որ Հայաստան-Ադրբեջան բանակցութիւնները կարող են խոչընդոտուել, եթէ Արցախում իրականացուող քաղաքականութիւնը պատճաճ կերպով բնութագրուի որպէս ցեղասպանութիւն՝ հաշուի առնելով Ադրբեջանի կողմից Արցախի 260-օրեայ շրջափակումը: «Բանակցութիւնը ցեղասպանի եւ նրա զոհերի միջեւ է։ Դուք չեք կարող բանակցութիւններ վարել Հիտլերի եւ Օսուենցիմում գտնուող մարդկանց միջեւ: Դա բանակցութիւն չէ։ Դուք պէտք է դադարեցնեք Օսուենցիմը, ապա քննարկեք բանակցութիւնները: Եւ կարծում եմ՝ այստեղ է գաղտնիքը։
Հաշուի առնելով, որ նախագահ Ալիեւը ցեղասպանութիւն է իրականացնում եւ փորձում է ժխտել ցեղասպանութիւնը, ապա ցեղասպանութիւնը ժխտելուն ուղղուած ԱՄՆ-ի քաղաքականութիւնը կարող է մեղսակցութիւն համարուել»,- յայտարարել է Օկամպոն։
Սեպտեմբերի 14-ին ԱՄՆ Սենատի արտաքին յարաբերութիւնների յանձնաժողւում, Ռոբերտ Մենենդեսի նախագահութեամբ եւ Եւրոպայի եւ Եւրասիայի հարցերով ԱՄՆ պէտքարտուղարի օգնականի պաշտօնակատար Յուրի Քիմի ներկայութեամբ անցկացուել է «Գնահատելով ճգնաժամը Լեռնային Ղարաբաղում» խորագրով լսումներ։
Սենատի արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի բուռն հակազդեցութիւնների ներքոյ ԱՄՆ պետդէպարտամենտի ներկայացուցիչը բազմիցս խուսափել է Արցախին պարտադրուած ցեղասպան շրջափակումը վերացնելու վերաբերեալ գործուն քայլերի անհրաժեշտութեանը վերաբերող հարցերին պատասխանելուց։ Յատկապէս բուռն քննարկումներ են տեղի ունեցել ընթացիկ յանցագործութիւնների համար Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարութեան նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու, նրանց պատասխանատուութեան ենթարկելու, Ազատութեան աջակցութեան ակտի 907-րդ բանաձեւի պահանջների վերականգնման եւ առհասարակ ԱՄՆ գործուն միջամտութեան անհրաժեշտութեան վերաբերեալ։
Եւրոպա
Հայաստանի Հանրապետութեան պաշտպանութեան նախարարութիւնն օգոստոսի 15-ին հաստատել էր, որ Վերին Շորժայի ուղղութեամբ ադրբեջանական զինուժը թիրախաւորել է Հայաստանում Եւրոպական միութեան դիտորդական առաքելութեանը: Չնայած վերջինիս նախնական հերքումին՝ հրապարակուեցին տեսաապացոյցներ, որոնք հաստատեցին ինչպէս ԵՄ դիտորդների, այնպէս էլ նրանց մեքենաների ուղղութեամբ կրակոցների փաստը, ինչից յետոյ միայն ԵՄ առաքելութիւնը սոցցանցից հեռացրեց ՀՀ պաշտպանութեան նախարարութեանը վարկաբեկող նախնական յայտարարութիւնը եւ հաստատեց յարձակումը իրենց պարեկութեան տարածքում։ Բարեբախտաբար, այս միջադէպի ընթացքում դիտորդական առաքելութեան անդամները չէին տուժել: Այդ առիթով, օգոստոսի 16-ին յայտարարութեամբ է հանդէս եկել ՀՅԴ Հայ դատի Եւրոպայի գրասենեակն ու դատապարտել ԵՄ առաքելութեան կողմից ցուցաբերուած անմիտ պահուածքը: Ըստ գրասենեակի յայտարարութեան՝ այդ մօտեցումը ոչ միայն վտանգում է առաքելութեան վստահելիութիւնը, այլեւ լուրջ կասկածներ յարուցում դրա ընդհանուր արդիւնաւետութեան վրայ: Նման անխոհեմ պահուածքը զգալի քաղաքական հետեւանքներ է պարունակում եւ, որ աւելի տագնապալի է, վտանգում է ԵՄ առաքելութեան անձնակազմի եւ խոցելի քաղաքացիական սահմանամերձ համայնքների անվտանգութիւնը, որոնք հետեւողականօրէն ենթարկւում են յարձակումների:
ՀՅԴ Հայ Դատի Եւրոպայի գրասենեակը սեպտեմբերի 7-ին տարածած յայտարարութեամբ իր խորն ափսոսանքն է յայտնել Եւրոպայի րաբբիական կենտրոնի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան վերաբերեալ վերջին յայտարարութեան կապակցութեամբ եւ խստօրէն դատապարտել այն։ Այդ յայտարարութեամբ եւրոպացի րաբբիներն իրենց վրդովմունքն են յայտնել Արցախում ստեղծուած իրավիճակի համար «ցեղասպանութիւն» եզրոյթի օգտագործման առնչութեամբ։
Գրասենեակը շեշտադրել է՝ տարբեր միջազգային անկախ եւ մարդու իրաւունքներով զբաղուող կազմակերպութիւններ բազմաթիւ զեկոյցների ու յայտարարութիւնների միջոցով ահազանգում են Արցախում Ադրբեջանի շարունակական քաղաքականութեան մասին, որն իր էութեամբ ցեղասպանական է։ ՀՅԴ Հայ դատի Եւրոպայի գրասենեակը Եւրոպայի րաբբիական կենտրոնի անդամներին կոչ է արել ճանաչել իրավիճակի սրութիւնն Արցախում եւ հաւատարիմ մնալ արդարութեան եւ մարդու իրաւունքների սկզբունքներին, որպէս մի ազգի ներկայացուցիչներ, որը ժամանակին, հանուն արդարութեան, խիստ կարիք ունէր միջազգային հանրութեան աջակցութեան եւ կարեկցանքի։
ՀՅԴ Հայ դատի Եւրոպայի գրասենեակը, սեպտեմբերի 13-ին տարածուած յայտարարութեամբ, խստօրէն քննադատել է Արցախի նախագահի ընտրութեան վերաբերեալ ԵՄ պաշտօնական յայտարարութիւնը։
Գրասենեակը, մասնաւորապէս, նկատել է՝ Արցախում վերջին ընտրութիւնների վերաբերեալ ԵՄ յայտարարութիւնը խրախուսում է Ադրբեջանին իր ապակառուցողական դիրքորոշման մէջ։ Միջազգային հանրութիւնը պատասխանատուութիւն է կրում պաշտպանելու այն բնակչութեանը, որը կանգնած է ցեղասպանութեան սպառնալիքի առջեւ: Այս առումով խորապէս մտահոգիչ է ԵՄ-ի ձախողումը, քանի որ վերջինս ակնկալում է, որ Լեռնային Ղարաբաղի բնիկ հայ բնակչութիւնը պէտք է ինտեգրուի ադրբեջանական հասարակութեանը։ ԵՄ-ն չի անդրադառնում Ադրբեջանի կողմից շարունակուող թշնամութեանը, վայրագութիւններին եւ էթնիկ զտմանը, ԵՄ-ն անուղղակիօրէն խրախուսում է հայութեան հանդէպ դաժան ճնշումը: ՀՅԴ Հայ դատի Եւրոպայի գրասենեակը, որպէս համաեւրոպական համայնքային կազմակերպութիւն, խորապէս գնահատում է նախագահ Շառլ Միշելի միջնորդական ջանքերը այս խիստ բարդ իրավիճակում: Այնուամենանիւ, Արցախում վերջին ընտրութիւնների վերաբերեալ դիրքորոշումը համապատասխանեցնելով Ադրբեջանի դիրքորոշմանը՝ ԵՄ-ն անուղղակիօրէն խրախուսում է Ադրբեջանի ցեղասպանական քաղաքականութիւնը բնիկ հայ բնակչութեան նկատմամբ։
Կանադա
ՀՅԴ Հայ դատի Կանադայի յանձնախումբը օգոստոսի 19-ին Մոնրեալի հայկական կենտրոնում հանդիպում է ունեցել Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլիի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկուել են Արցախում տիրող օրհասական իրավիճակը եւ բնակչութեան ապահւութեանն ու անվտանգութեանը սպառնացող շրջափակման խնդիրը։
Հայ դատի յանձնախմբի կողմից վերստին շեշտուել է Արցախի ժողովրդի ազգային ինքնորոշման իրաւունքի իրացման կարեւորութիւնը, այն ընդգծմամբ, որ դա Արցախի ժողովրդի անվտանգ ու խաղաղ կենսագործունէութեան միակ երաշխիքն եւ, որ Արցախը երբեք չի կարող ենթարկուել Ադրբեջանին ու դառնալ ցեղասպանութեան զոհ։
Հայ դատի յանձնախումբը Կանադայի արտաքին գործերի նախարարին քաղաքական ու դիւանագիտական առաջնահերթութիւնների թղթածրար է փոխանցել, որը Կանադայի կառավարութեան համար կարող է օգտակար լինել Արցախում ստեղծուած ճգնաժամի յաղթայարման գործում։
Իր հերթին նախարար Ջոլին տեղեկացրել է սեպտեմբերին ՀՀ-ում, իր մասնակցութեամբ, Կանադայի դեսպանատան պաշտօնական բացման մասին։
Կանադական խորհրդարանում գործող Կանադայ-Արցախ խորհրդարանական բարեկամութեան խմբի համանախագահներ՝ խորհրդարանական Ռեյչլ Թամրսը եւ սենատոր Լեոյ Յուսաքուսը նամակ են հասցէագրել Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլիին՝ հանգամանօրէն ներկայացնելով Արցախում ստեղծուած ճգնաժամը եւ Արցախի 120․000 բնակչութեան նկատմամբ կիրառուող ադրբեջանական քաղաքականութիւնը։ Հաշուի առնելով Արցախում ադրբեջանական քաղաքականութեան յանցագործ դրսեւորումները՝ նամակի հեղինակները կանադական կառավարութեանը խնդրում են Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառել, ինչպէս նաեւ, նկատում են, որ համաձայն ՄԱԿ շրջանակներում Կանադայի ստանձնած պարտաւորութիւններին, երկիրը պարտաւոր է կանխել ադրբեջանական վայրագութիւններն ու էթնիկ զտումները՝ առաջարկելով կիրառել լայն գործիքակազմ՝ սկսած դիւանագիտական ու տնտեսական պատժամիջոցներից մինչեւ քրէական հետապնդումներ եւ նոյնիիսկ ռազմական գործողութիւններ։
Մեծ Բրիտանիա
Հայ դատի Մեծ Բրիտանիայի յանձնախմբի աշխատանքների արդիւնքում նաեւ հնարաւոր է եղել ապահովել որոշակի քաղաքական եւ տեղեկատուական հակադարձում Արցախի նկատմամբ ադրբեջանական ցեղասպան քաղաքականութեանն ու Լաչինի միջանցքի վերաբերեալ ադրբեջանական կեղծիքներին։ Մասնաւորապէս, էական ակտիւութիւն է դրսեւորել Բրիտանական խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամութեան խումբը։ Բարեկամութեան խմբի անունից՝ խմբի նախագահ Թիմ Լոթնը նամակով դիմել է Մեծ Բրիտանիայի արտաքին քարտուղար Ջեյմս Քլեւերլիին՝ պահանջելով կոշտացնել Ադրբեջանի նկատմամբ բրիտանական կառավարութեան քաղաքականութիւնը եւ ընդհուպ մինչեւ պատժամիջոցներ կիրառել, որպէսզի Բաքուն ստիպուած լինի բացել Լաչինի միջանցքը։ Նամակում հանգամանօրէն ներկայացուել են Արցախում ստեղծուած իրավիճակն ու ճգնաժամի խորացմանը միտուած ադրբեջանական վայրագութիւնները։ Ի պատասխան այս գրութեան՝ Եւրոպայի նախարար Լեոյ Դոչերին վերահաստատել է Լաչինի միիջանցքի վերաբացման անհրաժեշտութեան վերաբերեալ ՄԹ կառավարութեան դիրքորոշումը եւ յիշեցրել, որ Մեծ Բրիտանիան առաջին երկրներից էր, որ 2020թ․ 350000 ֆուն սթերլինգ յատկացրեց Կարմիր խաչի միջազգային կազմակերպութեանը՝ հակամարտութեան հետեւանքով հումանիտար խնդիրները լուծելուն նպաստելու համար։
Տարբեր առիրթներով իրենց հրապարակային դիրքորոշումն են յայտնել, ՄԹ կառավարութիւնից հրատապ քայլեր պահանջել ու ադրբեջանական քաղաքականութիւնը դատապարտել նաեւ Հայաստանի հետ բարեկամութեան խմբի անդամներ Ալեքս Սոբելը, Լորդ Ալթօնը եւ Բարոնուհի Քերոլայն Քօքսը, որն ի դէպ, այս օրերին հերթական անգամ գտնւում է Հայաստանում։
Բրիտանական խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամութեան խումբը, որի քարտուղարը Հայ դատի Մեծ Բրիտանիայի յանձնախմբի նախագահն է, սեպտեմբերի 14-ին «Ցեղասպանութեան եւ մարդկութեան դէմ յանցանքների կանխարգելումը» խորագրով առցանց հանդիպում է անցկացրել, որին ի թիւս այլոց մասնակցել է նաեւ Միջազգային քրէական դատարանի նախկին գլխաւոր դատաախազ Լուիս Մորենոյ Օկամպոն։ Զրուցակիցները քննարկել են Արցախում ստեղծուած իրավիճակն ու ադրբեջանական ցեղասպան քաղաքականութեան կանխարգելման ուղիները։
Բելգիա
Արցախի Հանրապետութեան նորընտիր նախագահի կողմից պաշտօնի ստանձնումից յետոյ վերջինիս շնորհաւորական ուղերձներ են յղել եւ Արցախի ժողովրդի պայքարին իրենց համերաշխութիւնը յայտնել Բելգիայում Արցախի հետ ֆլամանախօս եւ ֆրանսախօս բարեկամական շրջանակների ղեկավարները՝ համապատախսանաբար Ֆլամանական խորհրդարանի պատգամաւոր Կառլ Վանլաուէն եւ Անդրէ դը Բիւսը։
Սեպտեմբերի 13-ին Արցախի Հանրապետութեան Ազգային Ժողովի «ԱՀ-Բելգիայի Թագաւորութեան Ֆլանդրիայի խորհրդարան» բարեկամական խմբի նախաձեռնութեամբ տեսակապով հանդիպում է կազմակերպուել Բելգիայի գործընկերների հետ: Տեսահանդիպմանը, որին մասնակցում էին նաեւ ՀՅԴ Հայ Դատի Եւրոպայի յանձնախմբի նախագահ Գասպար Կարապետեանն ու գրասենեակի գործադիր տնօրէն Հեղինէ Էվինեանը, քննարկուել են Արցախի ներկայ կացութեան հետ կապուած հարցեր: Ֆլանդրիայի խորհրդարանի անդամ, սենատոր Կառլ Վանլաուէն, սենատոր Մարկ Դեմեսմաքերն ու տեսակապի այլ մասնակիցներ իրենց զօրակցութիւնն են յայտնել Արցախի ժողովրդին, շեշտել են, որ Ֆլանդրիայի խորհրդարանը դատապարտել է Ադրբեջանի քաղաքականութիւնը, պատերազմից յետոյ կառավարութիւնը միջոցներ է յատկացրել հումանիտար օգնութեան համար ու այսօր էլ փորձում են քայլեր մշակել Արցախին աջակցելու համար:
Ուրուգուա
Սեպտեմբերի 12-ին, Ուրուգուայ-Արցախ ֆորումը, որին անդամակցում են ուրուգուայցի պետական-քաղաքական գործիչներ, մտաւորականներ եւ լրագրողներ, հանդէս է եկել յայտարարութեամբ՝ ուղղուած երկրի իշխանութիւններին՝ պահանջելով Ցեղասպանութեան յանցագործութիւնը կանխելու եւ դրա համար պատժի մասին կոնուենցիայով ստանձնած պարտաւորութիւնների շրջանակում ՄԱԿ-ում համապատասխան ընթացակարգով գործողութիւն սկսել՝ Արցախում ցեղասպանութիւնը կանխելու համար։ Ծաւալուն եւ ստեղծուած իրավիճակը հանգամանօրէն նկարագրող յայտարարութիւնը եզրափակւում է համերաշխութեան տողերով․ «Վերջապէս, այս ողբերգական հանգամանքներում մենք ցանկանում ենք մեր համերաշխութիւնը յայտնել ցեղասպանական շրջափակման զոհ դարձած Արցախի ժողովրդին, ում հետ կիսում ենք խաղաղութեան եւ ազատութեան նրանց կարօտը։ Այս նոր յարձակմանը նրանց իննամսեայ դիմադրութիւնը եւ իրենց պապենական հայրենիքը պաշտպանելու պայքարը պէտք է արձագանք գտնի մարդկութեան խղճի մէջ՝ պահանջելով վերջնական գործողութիւններ նրա գոյութեան պահպանման համար»։
Աւստրալիա
Հայ դատի Աւստրալիայի յանձնախմբի, ինչպէս նաեւ առհասարակ աւստրալահայ գաղութի աշխատանքների արդնունքում, Լաչինի միջանցքում ստեղծուած իրավիճակի վերաբերեալ որոշակիօրէն փոխուել է աւստրալիական կառավարութեան դիրքորոշումը։ Մասնաւորապէս, օգոստոսի 23-ին ստացուած գրութեամբ, Աւստրալիայի արտաքին գործերի նախարարութիւնը պահանջում է Լաչինի միջանցքի անարգել շահագործում եւ համերաշխութիւն յայտնում այն բացելու վերաբերեալ ՄԱԿ Արդարադատութեան միջազգային դատարանի որոշումներին։
Աւստրալիայի Սիդնեյի շրջանի Ռեյդ քաղաքը օգոստոսի երկրորդ կէսին հանդէս է եկել Արցախ հումանիտար օժանդակութիւն ուղարկելու նախաձեռնութեամբ։ Ներկայումս, համայնքային ակտիւ ներգրաւմամբ, ընթանում են դրամահաւաքի եւ կազմակերպական աշխատանքներ։
Լիբանան
Օգօստոսի 16-ին ՄԱԿ ԱԽ-ում Հայաստանի դիմումով գումարուած քննարկման առթիւ ՀՅԴ Հայ դատի Լիբանանի մարմինը գրութիւն է ուղարկել Լիբանանում հաւատարմագրուած՝ ՄԱԿ ԱԽ անդամ պետութիւնների դեսպանութիւններին եւ ԵՄ ներկայացուցչութեանը՝ մասնաւորապէս ակնարկելով, որ ՄԱԿ ԱԽ-ն կը ստիպի Ադրբեջանին ի կատար ածել Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերեալ ՄԱԿ Արդարադատութեան միջազգային դատարանի որոշումները։
ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենեակ
15. 09․ 2023 թ․