Հ․ Յ․ Դաշնակցութեան Բիւրոյի հրաւէրով, մայիսի 25-28-ը Հայաստանում գումարուեց ՀՅԴ Հայ դատի յանձնախմբերի ու գրասենեակների համահայկական խորհրդաժողով՝ շուրջ քսան երկրներից ժամանած ՀՅԴ Հայ դատի յանձնախմբերի ու գրասենեակների պատասխանատուների մասնակցութեամբ։
Խորհրդաժողովը լսեց ՀՅԴ Հայ դատի համաշխարհային ցանցի աշխատանքների ամփոփումները նախորդ՝ 2021թ․ դեկտեմբերի խորհրդաժողովից առ այսօր, քննարկեց Արցախի հայաթափումից ու դրանով պայմանաւորուած զարգացումների վերաբերեալ տարբեր զեկոյցներ, կատարեց գործունէութեան հիմնական ուղղութիւնների եւ քաղաքական առաջնահերթութիւնների մարտավարական բնոյթի փոփոխութիւններ՝ առաջիկայ գործունէութեան համար։
Խորհրդաժողովն արժեւորեց պատերազմական եւ մարդկութեան դէմ յանցագործութիւնների համար մի շարք երկրներում ՀՅԴ Հայ դատի յանձնախմբերի կողմից սկսուած՝ պատժամիջոցների կիրառմանն ուղղուած աշխատանքները եւ ընդունեց որոշում՝ այն շարունակելու նոր թափով ու աշխարհագրական առաւել լայն ընդգրկմամբ։
Խորհրդաժողովը քննարկեց այն հիմնական ուղղութիւններն ու հնարաւոր քայլերը, որոնք, հաւանաբար, ձեռք կ’առնի Ադրբեջանն՝ իր միջազգային հեղինակութեան բարձրացման եւ պատերազմական յանցագործի պիտակից խուսափելու համար։ Անդրադառնալով այս հարցին՝ խորհրդաժողովն ընդունեց համապատասխան որոշումներ։ Առհասարակ, շարունակուելու են ադրբեջանական յանցագործութիւնների միջազգային հանրահռչակումն ու դրանց վերաբերեալ քաղաքական, հասարակական ու իրաւապաշտպան շրջանակների իրազեկուածութեան բարձրացման աշխատանքները։
ՀՅԴ Հայ դատի յանձնախմբերն ամենօրեայ ռեժիմով հետապնդելու են Բաքւում պահուող հայ գերիների՝ այդ թւում Արցախի Հանրապետութեան ռազմաքաղաքական ղեկավարութեան տոունդարձի խնդիրը։
Խորհրդաժողովի մասնակիցները, հաշուի առնելով նաեւ իրենց աշխատանքի արդիւնքում ստացած տեղեկութիւնները, մէկ անգամ եւս արձանագրեցին՝ լուծուած չէ Ղարաբաղեան հակամարտութիւնը։ Ուստի, Հայ դատի ցանցը շարունակելու է հակամարտութեան եւ դրա առաւել ծանրացած եւ խորացած հանգամանքների միջազգային հանրահռչակումը՝ առաջնահերթութիւն համարելով Արցախի ժողովրդի հաւաքական ու միջազգային ամբողջական երաշխաւորութեամբ վերադարձի իրաւունքի իրացումը։
Խորհրդաժողւում քննարկուեցին նաեւ Արցախի հոգեւոր եւ նիւթական մշակութային ժառանգութեան պահպանման խնդիրները։ Դրան ուղղուած որոշակի գործողութիւնների վերաբերեալ ընդունուել են որոշումներ, որոնք ենթադրում են համագործակցութիւն ինչպէս հայկական, այնպէս էլ միջազգային կազմակերպութիւնների եւ առանձին պետութիւնների հետ։
Յատուկ քննարկման են արժանացել Հայաստանի Հանրապետութեան գործող իշխանութիւնների վարած արտաքին քաղքականութիւնը եւ այդ քաղաքականութեան բացասական հետեւանքնրին դիմագրաւելու հնարաւորութիւնները, ինչպէս նաեւ «Տաւուշը հանուն Հայրենիքի» շարժման արտաքին ճակատում լուսաբանելու քայլերը։
Խորհրդաժողովի ընթացքում քննարկուել են նաեւ տեղէրում Հայ դատի յանձնախմբերի կարողականութիւնների զարգացմանը, համայնքային կապերի ամրապնդմանն ու երիտասարդութեան ներգրաւմանը վերաբերող հարցեր։
Խորհրդաժողովը, մայիսի 28-ի ուշ երեկոյեան իր աշխատանքներն աւարտեց Ամենայն հայոց կաթողիկոս, Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ-ի հետ հանդիպմամբ ու Նորին Սրբութեան օրհնութեամբ։
Մայիսի 29-ին գումարուեց ՀՅԴ Բիւրոյի Հայ դատի կենտրոնական խորհրդի նիստը, որը ճշտեց խորհրդաժողովի որոշումների իրագործմանն ուղղուած աշխատանքային ծրագիրը։
ՀՅԴ Բիւրոյի Հայ դատի կենտրոնական գրասենեակ
30․ 05․ 2024թ․