Վերջին երկու ամիսների ընթացքում ՀՅԴ Հայ դատի աշխարհասփիւռ համակարգի աշխատանքները պայմանաւորուած են եղել Արցախի նկատմամբ ադրբեջանական վերջին ագրեսիայի, իրագործուած ցեղասպան գործողութիւնների ու հայրենազրկման արդիւնքում ստեղծուած ծանր իրավիճակով։ Հայկական շահերի պաշտպանութեան ուղղութեամբ աշխատանքներ են կատարուել ինչպէս Հայ դատի յանձնախմբերի ու գրասենեակների ճանապարհով, այնպէս էլ օգտագործելով ՀՅԴ Բիւրոյի արտաքին յարաբերութիւնների շրջանակը՝ հիմնականում սոցիալիստական կուսակցութիւնների միջազգային կազմակերպութիւններում եւ տարբեր երկրների սոցիալիստական կուսակցութիւններում։ Վերջին շրջանում Հայ դատի աշխատանքների մէջ մեծացել է Վաշինգտօնում գործող «Հայ իրաւական կենտրոնի» աշխատանքների մակարդակը։ Նախորդ երկու ամիսների աշխատանքի հիմնական արդիւնքները ամփոփ կերպով ներկայացնում ենք ստորեւ։
ՀՅԴ Բիւրոյի Հայ դատի կենտրոնական գրասենեակ
Արցախի եւ Հայաստանի Հանրապետութեան շուրջ ստեղծուած իրավիճակում Հայ դատի յանձնախմբերի մարտավարական առաջնահերթութիւնների վերանայման եւ ընթացիկ աշխատանքների քննարկման նպատակով հոկտեմբերի 14-15-ը Վաշինգտօնում անցկացուել է Հայ դատի Ամերիկայի Միացեալ Նահանգների, Կանադայի, Հարաւային Ամերիկայի եւ Աւստրալիայի յանձնախմբերի խորհրդաժողով։ Խորհրդաժողովը հիւրընկալել էր Հայ դատի Ամերիկայի յանձնախումբը։
Խորհրդաժողովի ընթացքում քննարկուել է Հայ դատի քաղաքական առաջնահերթութիւնների մարտավարական վերանայմանը եւ գործունէութեան հիմնական ուղղութիւնների վերայստակեցմանն ուղղուած օրակարգային հարցերի լայն շրջանակ։
Խորհրդաժողովը մեծ կարեւորութեամբ շեշտել է Արցախի ժողովրդի բռնի տեղահանման հետեւանքով ստեղծուած ազգային ճգնաժամին դիմակայելու հրամայականը։ Քննարկուել են Արցախից բռնի տեղահանուած մեր հայրենակիցների համար արժանապատիւ կեցութեան եւ կենցաղի պայմանների ստեղծմանը միջազգայնօրէն օժանդակելու հակաճգնաժամային խնդիրները։ Ապա քննարկուել են նաեւ Արցախի Հանրապետութեան պետականութեան հիմնական սիւների պահպանութեան եւ յետագայ աշխատանքների վերաբերեալ հարցերը։
Նոյեմբերի 10-11-ը, Իսպանիայի սոցիալիստ աշխատաւորների կուսակցութեան հիւրընկալմամբ, Մալագայում գումարուել է Եւրոպայի սոցիալիստների կուսակցութեան (Party of European Socialists-PES) կոնգրէսը։ Կոնգրեսը այդ խոշոր միջկուսակցական կազմակերպութեան գլխաւոր ժողովն է, որը ճշտում է կազմակերպութեան քաղաքական առաջնահերթութիւնները, գործունէութեան ուղենիշները, ընտրում նոր ղեկավարութիւն։
Հանդիպումների ընթացքում ՀՅ Դաշնակցութեան ներկայացուցիչները, հաշուի առնելով Արցախեան հիմնախնդրի ներկայ հանգրուանում ստեղծուած իրավիճակը, կարեւորել են արցախահայութեան իրաւունքների լիակատար պաշտպանութեան, միջազգային գործուն մեխանիզմների կիրառմամբ նրանց վերադարձի իրաւունքի ապահովման, Արցախի մշակութային ժառանգութեան պաշտպանութեան, հակամարտութեան համապարփակ եւ արդար կարգաւորման անհրաժեշտութեան, Հայաստանի ինքնիշխան տարածքից ադրբեջանական ուժերի դուրսբերման ու ադրբեջանական յետագայ ռազմական սադրանքների կանխման, ինչպէս նաեւ իրագործուած ցեղասպան գործողութիւնների, մարդկութեան հանդէպ յանցագործութիւնների ու էթնիկ զտման համար Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարութեան նկատմամբ թիրախային պատժամիջոցների կիրառման ու նրանց միջազգային քրէական պատասխանատուութեան ենթարկելու քաղաքական առաջնահերթութիւնները։
Հայ դատի Ամերիկայի գրասենեակ
Արցախի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայից անմիջապէս յետոյ, Հայ դատի Ամերիկայի յանձնախումբը, համայնքային ներգրաւմամբ եւ բաւական կոշտ հռետորաբանութեամբ, ամերիկեան կողմից պահանջեց գործնական միջոցառումներ ձեռնարկել Արցախում ադրբեջանական ցեղասպան քաղաքականութեանը վերջ տալու, Արցախի հայութեան իրաւունքների պաշտպանութեան, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարութեանը պատասխանատուութեան ենթարկելու, այդ պետութեան նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու եւ այլ ուղղութիւններով։ ԱՄՆ Կոնգրեսի զոյգ պալատների ներկայացուցիչների համար պարբերաբար կազմակերպուել են տեղեկատուական բնոյթի ձեռնարկներ, Արցախում եւ Հայաստանում ստեղծուած իրավիճակի ներկայացումներ եւ այլն։ Ձեռրնարկուած աշխատանքներում ներգրաւուել են նաեւ Ամերիկայում բնակուող այլ ժողովուրդների համայնքային կազմակերպութիւններ, որոնց մասնակցութեամբ ԱՄՆ Կոնգրեսի առջեւ երկու անգամ կազմակերպուել են ցոյցեր, որոնց նաեւ մասնակցել են բազմաթիւ կոնգրէսականներ։
Անցնող շրջանում Հայ դատի Ամերիկայի յանձնախմբի հիմնական քաղաքական առաջնահերթութիւնը 1992թ․ ընդունուած եւ 2002թ․, ամէն տարի կասեցուող՝ «Ազատութեան աջակցութեան ակտի» 907-րդ յօդուածի պահանջների վերականգնումն էր, որի պարագայում Ադրբեջանը չէր կարող ամերիկեան ռազմական օժանդակութիւն ստանալ։ 907-րդ բանաձեւի վերականգնման ուղղութեամբ Կոնգրեսի քննարկմանը բանաձեւեր եւ օրինագծեր են ներկայացրել Ներկայացուցիչների պալատի անդամներ Ան Էշուն, Նենսի Փելոսին, Ադամ Շիֆը, Սենատում՝ արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը եւ Գարի Փիթերսը։ Վերջինիս ներկայացրած օրինագիծը, որը կրում էր «Հայկական պաշտպանութեան ակտ», անուանումը Սենատի կողմից ընդունուել է նոյեմբերի 17-ին։ Այդ իրադարձութեանը մէկ օր առաջ նախորդել էր, ԱՄՆ պետդէպարտամենտի ներկայացուցչի յայտարարութիւնն առ այն, որ ամերիկեան կողմը չի պատրաստւում ներկայ ժամանակահատուածում չեղարկել 907-րդ բանաձեւի պահանջների կատարումը։
907-րդ բանաձեւի պահանջների վերականգնումը Հայ դատի Ամերիկայի յանձնախմբի հիմնական քաղաքական առաջնահերթութիւններից մէկն է, ինչի շուրջ իրականացուել է տասնամեակների աշխատանք, որոնցում նաեւ ներգրաւուել են ԱՄՆ-ում ապրող այլ ժողովուրդների համայնքային կազմակերպութիւնների տարբեր կոալիցիաների։ 907-րդ բանաձեւը, ներկայ փուլում չչեղարկելու վերաբերեալ պետդէպարտամենտի, պաշտօնական այս փոխանցումը մեկնաբանելով՝ Հայ դատի Ամերիկայի յանձնախմբի Վաշինգտօնի կենտրոնական գրասենեակի գործադիր տնօրէն Արամ Համբարեանը մասնաւորապէս նկատել է․ «Զինելով, քաջալերելով եւ ակտիւօրէն աջակցելով Ադրբեջանի կողմից Արցախի ցեղասպանութեանն ու տեղի բնիկ հայութեան էթնիկ զտումներին՝ նախագահ Բայդէնը պէտք է անի շատ աւելին, քան ԱՄՆ գործող օրէնսդրութեան կիրառման վերաբերեալ ազդարարումն է։ Եթէ նախագահ Բայդէնն իրականում լուրջ է տրամադրուած, ապա նա կարող է առաջնորդել ՄԱԿ Անվտանգութեան խորհրդի բանաձեւ, որը կսահմանի միջազգային մանդատ՝ ապահովելով դէպի Արցախ հայերի անվտանգ եւ կայուն վերադարձը»:
Հայ դատի Ամերիկայի յանձնախումբը շարունակելու է աշխատանքների Արցախի ժողովրդի համալիր իրաւունքների պաշտպանութեան ուղղութեամբ՝ այդ թւում ի թիւս այլնի շեշտադրելով անվտանգ ու ապահով վերադարձի եւ սեփական հողում արժանապատիւ կեանքի իրաւունքն ու Արցախի գերեւարուած առաջնորդների անյապաղ ազատ արձակումը։
Հայկական իրաւական կենտրոն
Հայ դատի համակարգում գործող՝ «Արդարութեան եւ մարդու իրաւունքների հայկական իրաւական կենտրոնը» (Armenian Legal Center-ALC) տեւական ժամանակահատուած ակտիւօրէն ներգրաւուած է ՄԱԿ-ի կողմից Ադրբեջանի «Համընդհանուր պարբերական դիտարկման» (UPR) գործընթացում: Համապատասխան UPR-ի ընթացակարգերին՝ ALC-ն մանրակրկիտ պատրաստել է «այլ շահագրգիռ կողմերի զեկոյց»՝ ներկայացնելով Ադրբեջանի կողմից հայերի, Արցախի եւ Հայաստանի նկատմամբ իրականացուած մարդու իրաւունքների խախտումների համապարփակ ամփոփումը՝ կոնկրէտ առաջարկութիւններով: Այս զեկոյցը ներկայացուել է UPR-ի քարտուղարութիւն՝ նպաստելով Ադրբեջանում մարդու իրաւունքների ընդհանուր վիճակի պատշաճ գնահատմանը:
Վերջին 18 ամիսների ընթացքում ALC-ն համապատասխան զեկոյցներ եւ իրաւական վերլուծութիւններ է ներկայացրել ՄԱԿ-ի տարբեր մարմիններին, այդ թւում՝ Մարդու իրաւունքների տարբեր դաշնագրերի մարմիններին, անկախ փորձագէտներին, յատուկ զեկուցողներին եւ աշխատանքային խմբերին: ALC-ն նաեւ համագործակցել է միջազգային հասարակական կազմակերպութիւնների հետ, որոնք կենտրոնացած են մարդու իրաւունքների վրայ՝ նրանց տրամադրելով զեկոյցներ եւ տուեալներ՝ ընդգծելու խախտումների լրջութիւնը եւ Ադրբեջանին, իր գործողութիւնների համար, պատասխանատուութեան ենթարկելու անհրաժեշտութիւնը: ALC-ի կողմից պատրաստուած նիւթերի ազդեցութիւնն ակնյայտ է ՄԱԿ-ի «Շահագրգիռ կողմերի տեղեկատուական զեկոյցում», որտեղ տեղ են գտել ALC-ի պատկերացումները:
ՄԱԿ-ի Մարդու իրաւունքների խորհուրդը 2023 թուականի նոյեմբերի 14-ին Ժնեւում հիւրընկալել էր «Արցախը՝ դէպի վերականգնում. Ադրբեջանին ենթարկել պատասխանատուութեան» խորագրով տեղեկատուական միջոցառումը (side event), որը կազմակերպուել էր Հայ օգնութեան միութեան (ՀՕՄ) կողմից՝ Ադրբեջանի «Համընդհանուր պարբերական դիտարկման» (UPR) գործընթացին զուգահեռ:
Միջոցառումը համախմբել էր տարբեր լսարանների, այդ թւում փորձագէտների, պետական պատուիրակութիւնների, փաստաբանների եւ այլ շահագրգիռ կողմերի՝ անդրադառնալու մարդու իրաւունքների այն խախտումներին եւ ցեղասպան գործողութիւններին, որոնք վերջին ամիսների ընթացքում իրականացուել են Ադրբեջանի կողմից՝ Արցախի, Հայաստանի եւ առհասարակ հայութեան դէմ՝ յանգեցրելով Արցախի աւելի քան 100․000 բնիկ հայ բնակչութեան տեղահանման, հումանիտար ճգնաժամի եւ Արցախի Հանրապետութեան ղեկավարութեան կալանաւորման։ Քննարկման նպատակն էր բացայայտել Ադրբեջանի կողմից ձեռնարկուած գործողութիւնների համար պատասխանատուութեան ենթարկման հնարաւոր ուղիները:
Միջոցառման ընթացքում, ոլորտային բազմափորձ բանախօսները մանրամասն ներկայացրել են Ադրբեջանի կողմից մարդու իրաւունքների զանգուածային խախտումները՝ տրամադրելով անհրաժեշտ փաստական տեղեկատուութիւն։
Եւրոպայ
«Եւրոպացիները հանուն Արցախի» նախաձեռնութեան շրջանակներում Բելգիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Շուեդիայի, Բուլղարիայի, Հունաստանի, Կիպրոսի եւ Մեծ Բրիտանիայի հայ համայնքների ղեկավարները սեպտեմբերի 15-ին առցանց հանդիպում են անցկացրել՝ քննարկելու նախաձեռնութեան առաջիկայ անելիքները։
Մասնակիցները վերահաստատել են արցախահայութեանն ու վերջինիս ինքնորոշման հիմնարար իրաւունքին իրենց հաստատուն աջակցութիւնը, որպէս գոյաբանական անհրաժեշտութիւն՝ Ադրբեջանի էթնիկ զտումների շարունակական քաղաքականութեան պայմաններում։ Շեշտուել է` ինքնորոշման իրաւունքն արցախահայութեան պարագայում հաւասարազօր է սեփական հայրենիքում կեանքի, անվտանգութեան եւ արժանապատուութեան անքակտելի իրաւունքին:
Հանդիպման ընթացքում քննարկուել են մի քանի հիմնական ծրագրեր։ Գլխաւոր թեման հոկտեմբերի 1-ին Բրիւսելում կայանալիք համաեւրոպական բողոքի ցոյցն է, որի նպատակն է Եւրոպայում բարձրացնել Ադրբեջանի կողմից արցախահայութեան նկատմամբ կիրառուող ապօրինի ամբողջական շրջափակման վերաբերեալ իրազեկութիւնը եւ Եւրոպական միութեան, ինչպէս նաեւ անդամ պետութիւնների գործադիր մարմիններից պահանջել արդիւնաւետ քայլեր ձեռնարկել այդ աղէտին վերջ տալու համար:
Արցախի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի առաջին օրը՝ սեպտեմբերի 19-ին, ՀՅԴ Հայ դատի Եւրոպայի գրասենեակի նախագահ Գասպար Կարապետեանը ծաւալուն բաց նամակ է յղել Եւրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին՝ մասնաւորապէս նշելով «․․․Միջազգային իրաւունքի սկզբունքները չէն ստեղծուել, որպէսզի օգտագործուէն որպէս գործիք՝ նպաստելու էթնիկ զտումներին կամ բնակչութեան դէմ վայրագութիւններ իրականացնելուն: Այնուամենանիւ, Ադրբեջանը չարաշահում է տարածքային ամբողջականութեան սկզբունքը՝ որպէս պատրուակ, էթնիկ զտումներ իրականացնելու եւ բնիկ հայ բնակչութեանը սեփական հայրենիքից վերացնելու համար։ Մարդու իրաւունքների եւ կեանքի գնով Ադրբեջանի տարածքային ամբողջականութեանն աջակցելու ԵՄ դիրքորոշումը միայն խրախուսում է Ադրբեջանի բռնատիրական վարչակարգին եւ հայերի նկատմամբ դաժան ճնշման քաղաքականութեանը․․․»։
Եւրոպական խորհրդարանը հոկտեմբերի 5-ին ընդունուած բանաձեւով դատապարտել է Ադրբեջանի կողմից Արցախում էթնիկ զտումները եւ Ադրբեջանի կառավարութեան դէմ պատժամիջոցների կիրառման կոչ արել։ Բանաձեւում ընդգծուել է նաեւ միջազգային երաշխիքների պահանջը հայերի` Արցախ վերադառնալու իրաւունքի իրացման յամր։ Աւելին, Եւրախորհրդարանը կոչ է արել կասեցնել «Եւրամիութեան եւ Ադրբեջանի միջեւ էներգետիկայի ոլորտում ռազմավարական գործընկերութեան մասին փոխըմբռնման յուշագիրը»։
Եւրախորհրդարանի բանաձեւը, որն ընդունուել է 491 կողմ, 9 դէմ եւ 36 ձեռնպահ ձայների յարաբերակցութեամբ, նեկայացուել է 2023 թուականի սեպտեմբերին Արցախի վրայ Ադրբեջանի վերսկսած յարձակումներից եւ բռնի ուժով Արցախի բնակչութեանն իր հայրենիքից տեղահանելու արդիւնքում:
Եւրախորհրդարանի լիագումար նիստը նաեւ դատապարտել է Ադրբեջանի ռազմական եւ մարդկութեան դէմ յանցագործութիւնները, կոչ արել միջազգային հանրութեանը միջոցներ ձեռնարկել՝ Ադրբեջանին, իր գործողութիւնների համար, պատասխանատուութեան ենթարկելու ուղղութեամբ։ Բանաձեւը կոչ է անում անյապաղ դուրս բերել ադրբեջանական ուժերն Արցախից եւ միջազգային խաղաղապահ ուժեր տեղակայել տարածաշրջանում, ինչպէս նաեւ պահանջում է պաշտպանել հայ ժողովրդի ունեցուածքը, ովքեր բռնի ուժով տեղահանուել են: Պահանջւում է Ադրբեջանից ազատ արձակել եւ լայն համաներում յայտարարել Արցախի բոլոր բնակիչների համար, ովքեր ձերբակալուել են 2023 թուականի սեպտեմբերի 19-ից ի վեր՝ ներառեալ Արցախի նախկին պաշտօնեաները, եւ առհասարակ բոլոր նրանց հանդէպ ովքեր ձերբակալուել են մինչեւ այդ թուականը:
Եւրոպական խորհրդարանի կիպրացի պատգամաւոր Կոստաս Մաւրիդեսի հրաւէրով, ՀՅԴ Հայ դատի Եւրոպայի գրասենեակի ու «Եւրոպացիները հանուն Արցախի» նախաձեռնութեան համագործակցութեան արդիւնքում նոյեմբերի 7-ին Եւրոպական խորհրդարանում անցկացուել է «Արցախահայութեան իրաւունքները եւ Եւրոպական միութիւնը» խորագրով խորհրդաժողով։
Իբրեւ բանախօսներ, խորհրդաժողովին հրաւիրուած են եղել միջազգային ճանաչում վայելող նշանաւոր անձինք։
Մասնաւորապէս՝ Միջազգային քրէական դատարանի նախկին գլխաւոր դատախազ Լուիս Մորենոյ Օկամպոն, Ցեղասպանութեան կանխարգելման Լեմկինի ինստիտուտի համահիմնադիր եւ իրաւական հարցերով տնօրէն Վիկտորիայ Մասիմինոն եւ միջազգային իրաւունքի հայազգի մասնագէտ Գառնիկ Քերքոնեանը։ Խորհրդաժողովի ընթացքում նրանք անդրադարձել են Արցախում տեղի ունեցած վերջին զարգացումներին եւ Արցախի բնիկ հայ բնակչութեան իրաւունքներին: Խորհրդաժողովի նպատակն էր քննարկել ստեղծուած իրավիճակի յաղթայարման ուղիները, 2020թ․ պատերազմից յետոյ Արցախում տեղի ունեցած իրադարձութիւնները միջազգային իրաւունքի, առհասարակ մարդու իրաւունքների տեսանկիւնից, ինչպէս նաեւ անդրադառնալ միջազգային հանրութեան, յատկապէս հակամարտութեան բանակցային գործընթացում ներգրաւուած ուժերի քաղաքական վարքին՝ յատուկ ուշադրութիւն դարձնելով ԵՄ քաղաքական դերին։
Խորհրդաժողովի անցկացումից ժամէր առաջ, Բրուսելի մամուլի ակումբում տեղի է ունեցել ասուլիս՝ խորհրդաժողովի բանախօսների եւ ՀՅԴ Հայ դատի Եւրոպայի գրասենեակի նախագահ Գասպար Կարապետեանի մասնակցութեամբ: Մամուլի ասուլիսին հրաւիրուած են եւրոպական երկրներում գործող լրատուական միջոցների թղթակիցներ ու անհատ լրագրողներ, ինչպէս նաեւ եւրոպական ուղեղային կենտրոնների (think-thank) ներկայացուցիչներ:
Աւստրալիայ
Հայ դատի Աւստրալիայի յանձնախմբի աշխատանքների արդիւնքում Հայաստանի ու Արցախի հանրապետութիւնների շուրջ ստեղծուած արտաքին-քաղաքական, անվտանգային եւ հումանիտար խնիրներին տեղում ծանօթանալու, ինչպէս նաեւ Հայաստանի Հանրապետութեան եւ Աւստրալիական Միութեան միջեւ յարաբերութիւնների զարգացման հնարաւոր ուղիներ նախանշելու նպատակով՝ սեպտեմբերի 25-28-ը Հայաստան է այցելել աւստրալացի խորհրդարանականների պատուիրակութիւն՝ մասաւորապէս Նոր Հարաւային Ուելս նահանգի խորհրդարանի պատգամաւորներ Հուգ ՄըքԴերմոթը, Թիմ Ջեյմսը, Մարկ Քուրը, Մաթ Քրոսը, Սիւզան Չարթերը, Վիկտորիայ նահանգի խորհրդարանի պատգամաւոր Քիմ Վելսը եւ Անն-Մարի Հերմանսը։
Պատուիրակութեան կազմում էին նաեւ աւստրալիացի քաղաքական գործիչներ։ Նրանց ուղեկցել են Հայ դատի Աւստրալիայի յանձնախմբի պատասխանատուները եւ ՀՅԴ Բիւրոյի Հայ դատի կենտրոնական գրասենեակի յատուկ ծրագրերի պատասխանատու Գեւորգ Ղուկասեանը։
Այցի ընթացքում պատուիրակութեան անդամները հանդիպումներ են ունեցել Ամենայն հաեօց կաթողիկոսի, Հայաստանի Հանրապետութեան արտաքին գործերի նախարարի տեղակալի, Հայաստանի Հանրապետութեան տարածքային կառավարման եւ ենթակառուցուածքների նախարարի տեղակալի, Արցախի Հանրապետութեան արտաքին գործերի նախարարի, Հայաստան-Աւստրալիայ խորհրդարանական բարեկամութեան խմբի ղեկավարի հետ։ Սեպտեմբերի 26-27-ին պատուիրակութիւնն այցելել է Սիւնիք, մասնաւորապէս Գորիսում ծանօթացել Արցախից բռնի տեղափոխուած մեր հայրենակիցների վիճակին։ Պատուիրակութիւնը Հայաստանում Արցախի պատկան մարմիններին է փոխանցել հումանիտար օգնութիւն, որը գոյացել էր Հայ օգնութեան միութեան Աւստրալիայի շրջանային միաւորի եւ Ռեյդ քաղաքի ղեկավարի համայնքային նուիրատուութեան միջոցներով։
Հայաստանից հեռանալուց յետոյ, աւստրալիացի խորհրդարանականների միջոցով էապէս բարձրացուել է Արցախի շուրջ ստեղծուած իրավիճակի քննարկման մակարդակը Աւստրալիայում, եւ, կարճ ժամանակ անց, աւստրալիական կառավարութիւնն առաջին անգամ հանդէս է եկել Հայաստանին տրամադրուող ֆինանսական օժանդակութեամբ։
Անցնող երկու ամիսների ընթացքում շօշափելի աշխատանքներ են կատարել նաեւ Հայ դատի այլ յանձնախմբերը եւս։
Մասնաւորապէս, Արցախի շահերի պաշտպանութեամբ են հանդէս եկել կանադական եւ անգլիական քաղաքական շրջանակները։
Հայ դատի Կանադայի յանձնախումբը՝ իր Հայաստան կատարած այցի ընթացքում ուղեկցել է Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլիին, իսկ Հայ դատի Մեծ Բրիտանիայի յանձնախմբի նախաձեռնութեամբ եւ աշխատանքների արդիւնքում՝ սեպտեմբերի 23-ին Լոնդոնի Իլինգի շրջանում տեղադրուել է Հաեօց ցեղասպանութեան զոհերի յիշատակը յաւէրժացնող խաչքար։ Հայ դատի Կանադայի յանձնախումբը։
Հայ դատի Հարաւային Ամերիկայի աշխատանքների արդիւնքում, մինչեւ Արցախի նկատմամբ ադրբեջանական վերջին ագրեսիան, սեպտեմբերի 16-ին, Արգենտինայում հիմնադրուել է Արցախի հետ բարեկամութեան բաւական ներկայացուցչական խումբ։
Հայ դատի Լիբանանի յանձնախումբը հիմնականում ծանրաբեռնուած է եղել Լիբանանում հաւատարմագրուած տարբեր երկրների դեսպանատներին՝ Արցախում ստեղծուած իրավիճակի վերաբերեալ տեղեկութիւնների տրամադրմամբ եւ նրանց հետ յարաբերական աշխատանքներ կատարելով, իսկ Սիրիայի յանձնախումբը՝ հիմնականում համայնքային եւ միջհամայնքային բնոյթի միջոցառումների անցկացմամբ։
ՀՅԴ Բիւրոյի Հայ դատի կենտրոնական գրասենեակ
17.11.2023թ.