ՀՅԴ Հայ դատի յանձնախմբերի եւ գրասենեակների գործունէութեան ամփոփագիր

ՀՅԴ Հայ դատի յանձնախմբերի եւ գրասենեակների գործունէութեան ամփոփագիր

( նոյեմբերի 15 – դեկտեմբերի 25, 2024 թ․)

Ամփոփուող ժամանակահատուածում նոյնպէս ՀՅԴ Հայ դատի համաշխարհային ցանցի աշխատանքները շարունակել են կենտրոնացած մնալ արցախահայութեան վերադարձի իրաւունքի իրացման, գերիների ազատ արձակման, Արցախի հոգեւոր-մշակութային ժառանգութեան պաշտպանութեան, Հայաստանում արցախահայութեան սոցիալ-տնտեսական օժանդակութեան, ադրբեջանական էթնիկ զտման քաղաքականութեան որպէս այդպիսին բնորոշման եւ այլ ուղղութիւններով։

Ամերիկայի Միացեալ Նահանգներ

Բաքւում անցկացուող COP 29 կլիմայական կոնֆերանսի ժամանակ Ալիեւի կառավարութեան կողմից ճնշումների եւ ահաբեկումների պայմաններում, ամերիկեան սենատորներ Էդ Մարքին եւ Շելդոն Ուայթհաուսը, ինչպէս նաեւ Կոնգրեսի հայկական յանձնախմբի հիմնադիր համանախագահ Ֆրենք Փալոնը բարձրաձայնել են Արցախի էթնիկ զտումների ենթարկուած հայ բնակչութեան վերադարձի իրաւունքի իրացման եւ հայ գերիներին անյապաղ ազատ արձակելու անհրաժեշտութիւնը։

Նոյեմբերի 16-ին Բաքւում COP 29-ի շրջանակում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, ի պատասխան ադրբեջանցի լրագրողի հարցին՝ թէ ինչու ԱՄՆ-ը պատժամիջոցներ չի կիրառել Հայաստանի նկատմամբ, սենատոր Ուայթհաուսը պատասխանել է. «Մենք շատ ենք ցաւում, որ տեղի է ունեցել այդքան մեծ թուով հայերի տեղահանում։ Ես, մեղմ ասած, հեռու եմ այն համոզումից, որ հայերն են դրա մեղաւորը։ Եւ ես, ինձ հիւրընկալողների տանը չեմ ուզում անդրադառնալ մարդու իրաւունքների հարցերին, բայց եթէ դա անեմ՝ հաճոյախօսութիւն չի լինի։ Մենք կարծում ենք՝ քաղբանտարկեալները պէտք է ազատ արձակուեն։ Կարծում ենք՝ պէտք է լինի հայերի` Լեռնային Ղարաբաղ վերադառնալու իրաւունք։ Եւ մենք կարծում ենք՝ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ պէտք է կնքուի խաղաղութեան պայմանագիր»:

Արդէն Վաշինգտօն վերադառնալուց յետոյ՝ հոկտեմբերի 18-ին, Կապիտոլիումի բարձունքում հրաւիրուած մամուլի ասուլիսին կոնգրէսականները մանրամասներ են ներկայացրել Ադրբեջանի կողմից մարդու իրաւունքների խախտումների լայնածաւալ վատթարացումների եւ COP 29-ի ժամանակ իրենց անձնական անվտանգութեանը վերաբերող սպառնալիքների վերաբերեալ:

Հայ դատի Ամերիկայի յանձնախմբի դաշնային, շրջանային եւ նահանգային ղեկավարները, ինչպէս նաեւ Հայ դատի համակարգին կից գործող մի շարք կազմակերպութիւնների ներկայացուցիչներ նոյեմբերի 23-ին Կալիֆոռնիայում, Ռոնալդ Ռեյգանի նախագահական գրադարան-թանգարանում քննարկել Հայ դատի Ամերիկայի յանձնախմբի քաղաքական առաջնահերթութիւններն ու գործունէութեան հիմնական ուղղութիւնները 2024թ․ընտրութիւններից յետոյ։ Մասնաւորապէս ուշադրութեան կենտրոնում են եղել ինչպէս Սպիտակ տան վարչակազմի, այնպէս էլ կոնգրէսականների հետ աշխատանքի առաջնահերթ ուղղութիւնները, յատկապէս այն կոնգրէսականների հետ, ովքեր ընտրութիւնների ընթացքում վայելել են Հայ դատի Ամերիկայի յանձնախմբի սատարումը։ Այդպիսի թեկնածուների շուրջ 90 % -ը ընտրապայքարն աւարտել է յաջողութեամբ։

Հայ դատի Ամերիկայի յանձնախմբի Վաշինգտօնի կենտրոնական գրասենեակի կողմից ներկայացուել է կազմակերպութեան ռազմավարական առաջնահերթութիւնները գալիք վարչակազմի եւ Կոնգրեսի յաջորդ նստաշրջանի համար: Դրանք ներառում են Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից վերսկսուած հակահայկական ագրեսիայի զսպումը, արցախահայութեան վերադարձի իրաւունքի իրացումը, ապօրինի կալանաւորուած հայ ռազմագերիների եւ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութեան ազատ արձակումը, հայ փախստականներին մարդասիրական օգնութեան տրամադրումը, Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների կիրառումը եւ Արցախում իրականացուած էթնիկ զտման ցեղասպանական գործողութիւնների համար Ալիեւի ռեժիմին պատասխանատուութեան ենթարկումը։

Մասնաւորապէս, կարեւորուել է Ազատութեան աջակցութեան ակտի 907-րդ յօդուածի (907-րդ բանաձեւ) կիրարկման ապահւումը, Ադրբեջանին տրամադրուող ամերիկեան ռազմական օժանդակութեան բացառումը, ադրբեջանցի պատերազմական յանցագործների նկատմամբ «Մագնիցկու գլոբալ պատժամիջոցների» կիրառումը, Ադրբեջանի կողմից իրագործուած պատերազմական յանցագործութիւնների ամերիկեան հետաքննութիւնը, Հայաստանին տրամադրուող մարդասիրական բնոյթի օժանդակութեան աւելացումը, Ադրբեջանում մարդու իրաւունքների սարսափելի պատկերի վերաբերեալ ամերիկեան պատշաճ արձագանքի ապահւումը եւ այլն։

Ամերիկեան սենատորներ Գարի Փեթերսը եւ Բիլ Քեսիդին դեկտեմբերի կէսերին Սենատում երկկուսակցական համապարփակ մի բանաձեւի նախագիծ են ներկայացրել, որը դատապարտում է Ադրբեջանի կողմից Արցախի էթնիկ զտումները, կոչ է անում Ալիեւի ցեղասպան ռեժիմի դէմ նպատակային պատժամիջոցներ սահմանել, պահանջում անյապաղ ազատ արձակել ապօրինի գերութեան մէջ պահուող հայերին, ինչպէս նաեւ ԱՄՆ կառավարութեանը յորդորում է դադարեցնել ռազմական օգնութիւնն Ադրբեջանին եւ օժանդակել միջազգային պատշաճ պաշտպանուածութեամբ՝ արցախահայութեան վերադարձի իրաւունքի իրացմանը։

Ներկայացուած բանաձեւով մասնաւորապէս առաջարկւում է՝

1. Արցախահայութեան շրջափակումն ու յետագայ ռազմական գործողութիւնները որակել որպէս էթնիկ զտում։
2. Նպատակային պատժամիջոցներ սահմանել Արցախում հայ բնակչութեան դէմ յանցագործութիւններում ներգրաւուած ադրբեջանցի պաշտօնեաների դէմ։
3. Արցախահայութեան վերադարձի իրաւունքի իրացման համար միջազգային անվտանգային երաշխիքների տրամադրում, ինչն ի զօրու կը լինի կանխել նրանց նկատմամբ հերթական ագրեսիան։
4. Ամերիկեան օժանդակութեան տրամադրում՝ Հայաստանում արցախահայութեան կարիքները պատշաճ հոգալու համար։ Նոյն նպատակով ամերիկեան կառավարութեան կողմից միջազգային ջանքերի առաջնորդում։
5. Ազատութեան աջակցութեան ակտի 907-րդ յօդուածի (907-րդ բանաձեւ) կիրարկում։
6. Հայաստանի Հանրապետութեան անվտանգութեանն աջակցութիւն՝ ԱՄՆ-Հայաստան գործընկերութեան զարգացում անվտանգութեան ոլորտում։
7. Ամերիկեան դիւանագիտութեան յաւելեալ ակտիւութիւն Հարաւային Կովկասում՝ նպաստելու Ադրբեջանի կողմից անարդարացիօրէն բանտարկուած բոլոր հայերի ազատ արձակմանը,
8. Ամերիկեան դիւանագիտութեան յաւելեալ ակտիւութիւն՝ Լեռնային Ղարաբաղի հայկական մշակութային ժառանգութեան պաշտպանութեան գործում։
Բանաձեւի տեքստում յատուկ անդրադարձ կայ հայ ռազմագերիների խնդրին՝ պահանջելով ամերիկեան միջնորդութիւն վերջիններիս ազատ արձակման միջազգային ջանքերում։

Վերջին շրջանում Հայ դատի Ամերիկայի յանձնախումբը շարունակական աշխատանքներ է սկսել հօգուտ արցախահայութեան վերադարձի իրաւունքի պաշտպանութեան հանդէս եկող միջազգային ու հայկական կազմակերպութիւնների ու հեղինակաւոր անհատ գործիչների աշխատանքներն առանձին հարթակով հանրահռչակելու ուղղութեամբ։

Եւրոպա

Բաքւում ընթացող COP 29-ի առիթով Բելգիայի Դաշնային, Ֆլանդրիայի, Վալոնիայի եւ Բրիւսելի խորհրդարանների 20 անդամներ դիմել են Ադրբեջանի կառավարութեանը եւ COP 29-ին մասնակից Բելգիայի կառավարութեան պատուիրակութեանը` երեք հիմնական պահանջներով. Ազատութիւն Ադրբեջանում գտնուող հայ ռազմագերիներին, Արցախի հայկական մշակութային ժառանգութեան պաշտպանութիւն եւ ադրբեջանական ուժերի դուրսբերում Հայաստանի Հանրապետութիւնեան օկուպացուած տարածքից, ինչպէս նաեւ Հայաստանի Հանրապետութեան դէմ ադրբեջանական ցանկացած ագրեսիայի զսպում։

Յայտարարութիւնը ստորագրուել է Բելգիայի հիմանական քաղաքական կուսակցութիւնների կողմից՝ MR, Les Engagés, DéFI, N-VA, CD&V, Vooruit եւ Groen։ Առաջին երեքի դէպքում յայտարարութիւնը ստորագրել են անձամբ կուսակցութիւնների ղեկավարները։ Բելգիացի քաղաքական գործիչները նախ շեշտում են, որ իբրեւ COP 29-ը ընդունող երկիր՝ Ադրբեջանը պարտաւոր է շօշափելի հաւատարմութիւն ցուցաբերել մարդու իրաւունքների, մարդու արժանապատուութեան եւ արդարութեան հիմնարար սկզբունքներին։ Այնուհետեւ նրանք նշում են իրենց պահանջները՝ յիշեցնելով 2020 թուականի դեկտեմբերի 16-ից յետոյ Բելգիայի Դաշնային, Ֆլանդրիայի եւ Վալոնիայի խորհրդարանների կողմից ընդունուած՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան վերաբերեալ բանաձեւերը։

«Եւրոպացիները հանուն Արցախի» հարթակը նոյեմբերի 21-ին գումարել է առցանց հանդիպում՝ Անգլիայի, Գերմանիայի, Կիպրոսի, Նիդերլանդների, Չեխիայի, Բելգիայի, Շուեյցարիայի, Շուեդիայի, Դանիայի, Բուլղարիայի եւ Ֆրանսիայի հայ համայնքների ներկայաուցչական մարմինների պատասխանատուների եւ ՀՅԴ Հայ դատի Եւրոպայի գրասենեակի անձնակազմի մասնակցութեամբ։ Յարգելի պատճառներով հանդիպմանը չէն մասնակցել Հունաստանի, Ռումինիայի եւ Պորտուգալիայի ներկայացուցիչները։ Քննարկմանը մասնակցել են նաեւ Արցախի Հանրապետութեան Ազգային Ժողովի կողմից ստեղծուած Արցախի ժողովրդի հիմնարար իրաւունքների պաշտպանութեան յանձնախմբի համակարգող, ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանեանը եւ յանձնախմբի անդամ Արմինէ Ալեքսանեանը։

Քննարկման ընթացքում կարեւորուել է նաեւ վերադարձի իրաւունքի իրացման գործում համահայկական ուժերի զօրաշարժի անհրաժեշտութիւնը, անդրադարձ է կատարուել ներկայումս Հայաստանի իշխանութիւնների կողմից այս հարցի հետապնդման բացակայութանը։

Դեկտեմբերի 19-ի լիագումար նիստում, 434 կողմ, 30 դէմ, 89 ձեռնպահ ձայներով Եւրոպական խորհրդարանը ընդունել է Ադրբեջանում քաղաքացիական հասարակութեան եւ անկախ լրատուամիջոցների շարունակական ճնշման վերաբերեալ բանաձեւ։ Այս քուէարկութեանը նախորդել էր դեկտեմբերի 18-ին նոյն թեմայով խորհրդարանական քննարկումը:

Եւրոպական խորհրդարանի անդամները խստօրէն դատապարտել են Ալիեւի վարչակարգի կողմից մամուլի ազատութեան եւ այլախոհութեան ճնշումը՝ կոչ անելով ԵՄ գործադիր իշխանութիւններին նպատակաուղղուած պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի պաշտօնեաների դէմ, ովքեր խախտում են մարդու իրաւունքները։ Խորհրարանն առաջարկում է նաեւ կասեցնել էներգետիկայի ոլորտում ռազմավարական գործընկերութեան մասին 2022թ․ փոխըմբռնման յուշագիրը։ Բանաձեւում խորհրդարանականները պնդում են՝ Ադրբեջանը պէտք է «անուէրապահօրէն ազատ արձակի քաղաքական դրդապատճառներով ձերբակալուած իրաւապաշտպաններին, լրագրողներին, քաղաքացիական եւ քաղաքական գործիչներին, վերացնի նրանց դէմ ուղղուած բոլոր մեղադրանքները»։

Մեկնաբանելով բանաձեւը՝ ՀՅԴ Հայ դատի Եւրոպայի գրասենեակի նախագահ Գասպար Կարապետեանը նշել է. «Այս բանաձեւը ընդգծում է ԵՄ գործադիրի կողմից համապարփակ եւ արդիւնաւետ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտութիւնը՝ Ալիեւի վարչակարգին հետ պահելու իր բռնաճնշումների եւ անարդարութեան քաղաքականութիւնից։ Ընդդիմադիր գործիչների եւ լրագրողների նկատմամբ աճող բռնաճնշումները եւ անմարդկային պայմանները, որոնցում կալանաւորւում են քաղբանտարկեալները, այդ թւում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան նախկին ղեկավարները եւ այլ կեղծ գործերով բանտարկուած հայերը, ներկայացնում են Եւրամիութեան հիմնարար սկզբունքների եւ արժէքների խախտում։ ՀՅԴ Հայ դատի Եւրոպայի յանձնախումբը յանձնառու է ապահովել, որ այս արժէքները պաշտպանուէն, եւ մենք կը շարունակէնք մեր գործողութիւններում ընդգծել մամուլի ազատութեան, արդարադատութեան եւ մարդու իրաւունքների միջազգային սկզբունքները»։

Աւստրալիա

Նոյեմբերի երկրորդ կէսին Հայ դատի Աւստալիայի յանձնախմբի առաջիկայ աշխատանքների ապահովման համար Մելբոռնում եւ Սիդնեյում անցկացուած հանգանակութիւնների արդիւնքում հաւաքուել է շուրջ 155․000 դոլար։ Հանգանակութեան երեկոներին մասնակցել են շուրջ 200 հիւրեր՝ այդ թւում դաշնային ու նահանգային քաղաքական գործիչներ, խորհրդարանականներ, համայնքային ղեկավարներ, Հայ դատի նշանաւոր բարեկամներ։

Դեկտեմբերի կէսերին Աւստրալիայի ֆեդերալ խորհրդարանի պատգամաւորներ Մայքլ Սուքարը եւ Փոլ Ֆլեթչերը դիմել են ադրբեջանական իշխանութիւններին՝ համապատասխանաբար նախագահ Բակոյ Սահակեանի եւ Դաւիթ Իշխանեանի անազատութեան պայմանների, նրանց ընդհանուր վիճակի մասին տեղեկութիւններ խնդրելով, միաժամանակ պահանջելով Ադրբեջանում պահուող բոլոր հայ գերիների անյապաղ ազատ արձակում։

ՀՅԴ Բիւրոյի Հայ դատի կենտրոնական գրասենեակ
27 դեկտեմբեր 2024թ․

Share