Հայ դատի Ամերիկայի յանձնախումբն սկսել է համագաղութային արշաւ՝ կոչ անելով ԱՄՆ Արտահանման-ներմուծման բանկին (EXIM) մերժել 100 միլիոն դոլարի ֆինանսական երաշխիքը ադրբեջանական Silk Way Airlines-ին՝ Boeing բեռնատար ինքնաթիռներ ձեռք բերելու համար։ Ըստ յանձնախմբի՝ այս ֆինանսաւորումը հնարաւորութիւն կը տայ Ալիեւի ռեժիմին ձեռք բերել երկակի նշանակութեան ինքնաթիռներ՝ հեշտացնելով զէնքի անօրինական մատակարարումը դէպի Ադրբեջան․ մի երկիր, որը լայնօրէն դատապարտուած է Արցախի հայ բնակչութեան դէմ իր ցեղասպան քաղաքականութեան եւ Հայաստանի Հանրապետութեան դէմ շարունակուող ագրեսիայի համար։
2025թ․ յունուարի 10-ին EXIM բանկը յայտարարել է, որ ստացել է Boeing-ի յայտը 100 միլիոն դոլարը գերազանցող վարկի վերջնական պարտաւորութեան համար: Այս առաջարկի վերաբերեալ հանրային մեկնաբանութիւնները կարող են ներկայացուել մինչեւ 2025թ․ փետրուարի 7-ը, ինչից յետոյ EXIM-ի տնօրէնների խորհուրդը կքննարկի յայտը բաւարարելու դիմումը:
Հայ դատի Ամերիկայի յանձնախմբի էլեկտրոնային հարթակը՝ www.anca.org/exim, հնարաւորութիւն է հանդէս գալու այս գործարքի դէմ։
Ըստ Հայ դատի յանձնախմբի՝ նմանատիպ ինքնաթիռների տրամադրումն Ադրբեջանին խախտում է ամերիկեան օրէնսդրութիւնը, այդ թւում երկակի նշանակութեան արտադրանքների արտահանման մասով, խաթարում է տարածաշրջանային խաղաղութեան ջանքերին եւ Ադրբեջանին յաւելեալ ռազմական առաւելութեան հնարաւորութիւն է տալիս։
Silk Way Airlines-ը, որը սերտօրէն կապուած է Ալիեւի վարչակարգի հետ, ներգրաւուած է եղել բազմաթիւ միջազգային հետաքննութիւններում, այդ թւում՝ Կազմակերպուած յանցաւորութեան եւ կոռուպցիայի հաղորդման նախագծի (OCCRP) կողմից՝ ապօրինի զէնքեր տեղափոխելու համար, որոնք օգտագործուել են Արցախի վրայ Ադրբեջանի յարձակումներում: Freedom House-ի եւ այլ վերահսկող կազմակերպութիւնների կողմից վաւերագրուած այս գործողութիւնները ցոյց են տալիս Ադրբեջանի մտադրութիւնը՝ համակարգուած կերպով ջնջել հայկական ժառանգութիւնն ու ներկայութիւնը տարածաշրջանում:
ՀՅԴ Բիւրոյի Հայ դատի կենտրոնական գրասենեակ
14 Յունուար 2025թ