ՀՅԴ Արցախի Երիտ. Միութեան Ստեփանակերտի կենտրոնը անուանակոչուել է Արտակ Իշխանեանի անունով

ՀՅԴ Արցախի Երիտ. Միութեան Ստեփանակերտի կենտրոնը անուանակոչուել է Արտակ Իշխանեանի անունով

ՀՅԴ Արցախի երիտասարդական միութեան նախաձեռնութեամբ ՀՅԴ Ստեփանակերտի «Նիկոլ Դուման» կենտրոնում գտնուող ՀՅԴ Արցախի երիտասարդական միութեան երիտասարդական կենտրոնն անուանակոչուել է դաշնակցական ընկեր, ՀՅԴ ԱԵՄ-ի , ՀՅԴ Ստեփանակերտի «Արթուր Մկրտչեան» կոմիտեութեան եւ ՀՄԸՄ Արցախի միաւորի վարչութեան անդամ Արտակ Իշխանեանի անունով։

Միջոցառմանը ներկայ էին Արտակ Իշխանեանի ծնողներն ու հարազատները, կուսակցական եւ գաղափարակից ընկերները, ՀՅԴ Բիւրոյի անդամ Դաւիթ Իշխանեանը, ՀՅԴ Արցախի ԿԿ եւ Ստեփանակերտի «Արթուր Մկրտչեան» կոմիտեութեան անդամները, ԱՀ ԱԺ «ՀՅ Դաշնակցութիւն» խմբակցութեան պատգամաւոր Վահրամ Բալայանը, ՀՅԴ ԱԵՄ-ի Կենտրոնական վարչութեան անդամները, ՀՄԸՄ եւ ՀՕՄ Արցախի միաւորների ներկայացուցիչները։

ՀՅԴ ԱԵՄ-ի Կենտրոնական վարչութեան նախկին անդամ Տաթեւիկ Աղաջանեանը, ողջունելով հիւրերին, նշեց, որ ներկաներից շատերն արդէն իսկ ծանօթ են Արտակ Իշխանեանին, սակայն հարկ համարեց բոլորին ծանօթացնելու Արտակ Իշխանեանի կենսագրութեանն ու գործունէութեանը։

«Արտակ Իշխանեանը ծնուել է 1993թ․ յուլիսի 3-ին Մարտունու շրջանի Աշան գիւղում։ Յաճախել է տեղի միջնակարգ դպրոցը, որն աւարտելով՝ ընդունուել է Արցախի Պետական համալսարանի ճարտարապետաշինարարական բաժինը։

Աշխատել է ԱՀ ԿԳՄՍ նախարարութիւնում, այնուհետեւ «Պարկ հոթել Արցախ» հիւրանոցում

Արտակ Իշխանեանը ծառայել է ԱՀ ՊԲ շարքերում, մասնակցել է 2016թ․ քառօրեայ եւ 2020թ․ քառասունչորսօրեայ պատերազմներին։

Առաւել հարուստ է նրա կուսակցական եւ հասարակական գործունէութիւնը․ ՀՅԴ պատանեկան շարքերում էր դեռեւս Աշանում՝ դպրոցական տարիներին, իսկ ուսանողական տարիներին անդամակցել է ՀՅԴ Արցախի երիտասարդական միութեանը, եղել է ՀՅԴ «Արամ Մանուկեան» ուսանողական միութեան ատենապետ, ՀՄԸՄ Արցախի միաւորի Կենտրոնական վարչութեան անդամ»,- նշել է Տ․ Աղաջանեանը։

Նրա խօսքով՝ Արտակը ոչ միայն կառոյցների շարքերում սովորական անդամ էր, այլեւ կառոյցներն առաջ մղող նուիրեալներից մէկը։

Տ․ Աղաջայնանը յիշում է, որ ՀՅԴ ԱԵՄ-ի ներկայացուցչի պաշտօնում միշտ Արտակ Իշխանեանն էր առաջադրւում, սակայն նա կտրականապէս մերժում էր՝ ասելով, որ ինքը կ’անի իրենից կախուած ամէն բան, սակայն ներկայացուցչի պաշտօն զբաղեցնել չի ուզում։

«Պատասխանատուութեամբ էր մօտենում իրեն վստահուած բոլոր գործերին, սակայն չէր սիրում աչքի ընկնել։ Կեանքում երբեւիցէ հարցազրոյց տուած չկայ։ Նկատած կը լինեք, որ աւանդական ջահաերթի եւ միւս միջոցառումների կազմակերպիչը նա էր, սակայն երբեք հարցազրոյց տուած չկայ, միշտ մէզ էր ասում, որ պատասխանենք հարցերին»,- ասել է Տ․ Աղաջանեանը։

ՀՅԴ ԱԵՄ-ի երիտասարդական կենտրոնը վերանորոգելը Արտակ Իշխանեանի ցանկութիւններից մէկն էր։ Այսօր արդէն այն իրականութիւն է, սակայն առանց նրա․

«Մենք միասին եկամտաբեր ծրագրեր էինք իրականացնում, որոնցից որոշակի գումար էր գոյացել, եւ Արտակը միշտ առաջարկում էր այդ գումարով կենտրոնը վերանորոգել, արժէքաւոր գոյք գնել կենտրոնի համար, եւ մենք որոշեցինք նրա այդ գաղափարն իրականութիւն դարձնել։ ՀՅԴ Արցախի ԿԿ աջակցութեամբ վերանորոգեցինք եւ Արտակ Իշխանեանի անունով անուանակոչեցինք այս երիտասարդական կենտրոնը։ Նպատակն այն է, որ եկող սերունդները եւս իմանան ու ճանաչեն Արտակ Իշխանեանին»,- նշել է Տաթեւիկ Աղաջանեանը։

Միջոցառմանը ներկայ էր նաեւ Արտակ Իշխանեանի մանկութեան ընկերը՝ Արթուր Գաբրիելեանը։ Նրա խօսքով՝ Արտակի մասին կարելի է անվերջ խօսել, սակայն նա ցանկացաւ ներկաներին պատմել, թէ ինչպէս է սկսուել իրենց ընկերութիւնը։

«2002 կամ 2003թ․ սեպտեմբերի 30-ն էր։ Մեր դպրոցում մի աւանդոյթ կար․ ծննդեան օրերին ծնողները քաղցրաւենիք էին բերում, ու երեխաները դասարանով նշում էին։ Այդ օրը մեր ընկերոջ՝ Յակոբ Գրիգորեանի ծննդեան օրն էր։ Մենք մի դասարանից չէինք, սակայն երբ որ իմացանք այդ մասին, ես, Արտակն ու Էդոն որոշեցինք գնալ տուն, նուէր վերցնել եւ գնալ Յակոբի տուն, գնանք ու ասենք, որ մենք չորսս ընկերներ ենք։ Այդպէս առանց հրաւէրի գնացինք Յակոբի տուն, ասացինք, որ մենք քո ընկերներն ենք եւ եկել ենք ծնունդ նշելու․ այդտեղից էլ սկսուեց մեր ընկերութիւնը, եւ առ այսօր ու միչեւ իմ կեանքի վերջ կը մնանք ընկերներ»,-ասել է Ա․ Գաբրիելեանը։

Նրա խօսքով՝ Արտակն այնպիսի անձնաւորութիւն էր, ումից պէտք է միշտ օրինակ վերցնել։

«Արտակը միշտ էլ օրինակ էր ընկերների համար, ցանկացած հարցում հասկանում ու ընդառաջում էր։ Միշտ լաւատես էր եւ իրենից կախեալ ամէն բան անում էր թէ՛ հարազատներին, թէ՛ ընկերներին, թէ՛ համագիւղացիներին օգնելու համար»,- նշել է Արթուր Գաբրիելեանը։

Արտակի հետ ունեցած իր յիշողութիւններով կիսուել է նաեւ ԱՀ ԿԳՄՍ փոխնախարար Լեռնիկ Հովհաննիսեանը։ Նա նշեց, որ երբեւէ չէր պատկերացնի, որ Արտակ Իշխանեանին նուիրուած կենտրոն կը բացուի։

«2008թ.-ից Արտակը եղել է մեր կրտսէր ընկերը։ Ինձ բախտ է վիճակուել նաեւ նրա հետ աշխատել ԱՀ Մշակոյթի նախարարութիւնում․ նա եղել է իմ օգնականը։ Բացի իմ ընտանիքի անդամներից աւելի քան 8 ամիս առաջին բարեւ տուողն ու վերջին հրաժեշտ տուողն Արտակն էր։

Յիշում եմ նրա խօսքերը, երբ որ 2018թ․ հոկտեմբերին առաջին անգամ պաշտօնական այցով մեկնեցինք Երեւան եւ հանդիպումներ ունեցանք, դուրս գալուց յետոյ ասաց՝ ընկեր Հովհաննիսեան, այս մանկապարտէզը որտեղի՞ց են հաւաքել։ Երեւի գիտէր, որ այդ մանկապարտէզը վերջում մեր գլխին դաժան խաղ էր խաղալու, նաեւ՝ իր արեան գնով»,-ասել է Լ․ Հովհաննիսեանը։

ԱՀ ԱԺ պատգամաւոր Վահրամ Բալայանն էլ իր խօսքում նշեց, որ հաեօց երկիրը 5000 տարուայ պատմութիւն ունի եւ այն ապրել է անգին նահատակներ ունենալու գնով։

«Ցաւօք սրտի, կեանքի փիլիսոփայութիւնն այդպիսինն է, երեւի աստուած մարդուն այդպէս է ստեղծել, որ հայրենիքը միշտ կանգուն է լինում արժանաւոր զաւակներ ունենալու պարագայում։ Արտակն այդ զաւակներից մէկն էր, որ չուարանեց իր կեանքը զոհաբերելու, որ Արցախն ապրի։

Երբ մենք շրջում ենք Արցախի տարբեր գիւղերում, բնակավայրերում, մասնաւորապէս Շուշիում, տեսնում ենք քարերի վրայ գրուած՝ «Կեանքս տուի հայրենիքի փրկութեան համար»։ Դա պատահական չէ, քանի որ այն գենետիկան, որը փոխանցուել է եւ այսօր էլ շարունակում է մեր երիտասարդութեան մէջ մնալ, հնարաւորութիւն է տալիս, որ Արցախը վերընձիւղուի, նորից ապրի», — նշել է Վ․ Բալայանը։

Նրա խօսքով՝ այսպիսի միջոցառումներով հերոսները շարունակում են ապրել մեր շարքերում եւ օրինակ ծառայում միւսների համար։

«Արտակի գործն իսկապէս անմար է մնալու, որովհետեւ այն արիւնը, որ թափուել է հայրենիքի համար, հէնց այնպէս չի կորչում․ դառնում է որակ, նոր կեանք, որն արտացոլւում է իր որդու աչքերի մէջ, ով, ապրելով Արցախում, շարունակելու է իր հոր գործը, շարունակելու է Իշխանեանների գերդաստանը, որը պտղաբեր է ու հայրենիքի համար նուիրական գործեր է բերում»,-ասել է պատգամաւորը։

ՀՅԴ Բիւրոյի անդամ Դաւիթ Իշխանեանն էլ իր խօսքում նշեց, որ իր մօտ երկւութիւն կայ եւ՛ որպէս հարազատի, եւ՛ որպէս կուսակցական ընկերոջ, պատասխանատու մարդու։

«Արժեքը կորցնելուց յետոյ ենք սկսում գնահատել այն․ ցաւօք սրտի այդպիսինն է մարդը։ Այդ համոզումը ինձ մօտ չի մտել Արտակի կորստից յետոյ, այլ 90-ականներին, երբ մեր շարքերում կորցնում էինք մեր ընկերներին։

1991թ.-ին առաջին զոհերն ունենալով մեր կողքին՝ շատ դժուար էր․ որպէս մարդ արարած փորձում ես գնահատել այն, ինչ որ կայ, հասկանալ որդեգրած ճանապարհը, որով շարժւում ես։ 23-24 տարեկան երիտասարդների համար դժուար է դեռեւս կենսափորձ չունենալով՝ հասկանալ, թէ ինչ ճանապարհ ենք մենք որդեգրել։

Ես զարմանում եւ նաեւ ոգեւորւում էի, երբ տեսնում էի՝ ինչպէս են իմ սերնդակիցների, զոհուած ընկերների երեխաները միմեանց հետ ընկերութիւն անում։ Այդ ընկերութիւնը եւ՛ կուսակցութեան ներսում էր, եւ՛ դրանից դուրս, ու այստեղ պատահականութիւն չկայ։ Ինչպէս քիչ առաջ ասուեց, գեները փոխանցւում են։

Ես յիշում եմ՝ 90-ականներին առաջին անգամ մենք կարդում ու լսում էինք, որ մեր գենոֆոնդը փորձում են ոչնչացնել, մեր գենոֆոնդը քչանում է։ Սրանք պատահական բառեր չէն, սա տեսակի հարց է, տեսակի խնդիր է, գիտակցման խնդիր է։ Մեզանից իւրաքանչիւրը պէտք է հասկանայ, ընդունի եւ խորքային ընկալի, որ մեր տեսակը, լաւագոյն տեսակը, մեր դաշնակցական ընտանիքի գենոֆոնդը պէտք է պահպանուի եւ միմեանց փոխանցուի։

Ես ուրախանում եմ՝ տեսնելով, որ մեր զաւակները մեր գործի շարունակողն են։ Գուցէ մի քիչ զգացմունքային ստացուի, բայց ընդհանրութեան մէջ ճանապարհը, որը մենք որդեգրել ենք, շատ երկար ու դժուարին է լինելու, սա պէտք է գիտակցի իւրաքանչիւրը։

Երբ որ խօսում ենք գենոֆոնդի մասին, տեսնում ենք Արտակի որդի Ռուբենին, մեր միւս նահատակների զաւակներին, որ մեր շարքերում են՝ իրենց արժանի ծնողներին փոխարինելու»,-ասել է Դ․ Իշխանեանը։

Նրա խօսքով՝ այսպիսի միջոցառումները կուսակցութեան մէջ ընդունուած են, որը դաստիարակութեան միջոց է։

«Յուրաքանչիւր ոք՝ ծնող, ընկեր, հարազատ, ՀՅԴ ԱԵՄ մուտք գործած երիտասարդ պէտք է գիտակցի, որ ճանապարհն այսպիսին է։ Այսօրուայ իրավիճակը մէզ թելադրում է, որ պէտք է մենք շարունակէնք այն գործը, որ մեր աւագ ընկերները, մեր սերնդակիցները, մեր նախնիները որդեգրել են։ Այդ գործի շարունակողներից մէկն էլ Արտակն էր։

Իմ խոնարհումը բերելով Արտակի ծնողներին, հարազատներին ու ընկերներին՝ վստահ եմ, որ այդ նպատակը, որի համար մենք տուել ենք թանկ կորուստներ, պիտի փորձենք իրականացնել իւրաքանչիւրս մեր գործով, մեր առաքելութեամբ եւ ամենօրեայ աշխատանքով»,- նշել է Դ․ Իշխանեանը։

Ելոյթներից յետոյ ներկաները դիտել են ՀՅԴ ԱԵՄ-ի նախաձեռնութեամբ նկարահանուած Արտակ Իշխանեանի մասին պատմող ֆիլմը։

Արտակ Իշխանեանը զոհուել է 2020թ. հոկտեմբերի 31-ին Արցախի Մարտունի քաղաքի մօտակայքում։ Հետմահու պարգեւատրուել է Մարտական Խաչ 2-րդ աստիճանի շքանշանի։

Արտակ Իշխանեանի մարմինն ամփոփուած է Եռաբլուր զինուորական պանթէոնում։ Ամուսնացած է, ունի մէկ որդի։

ԱՊԱՌԱԺ

Share