ՆԱՏՕ-ի գլխաւոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Երեւան է ժամանել Բաքու ու Թբիլիսի գնալուց յետոյ։
ՆԱՏՕ-ի գլխաւոր քարտուղարը Փաշինեանի հետ առանձին բանակցութիւններից բացի ունեցել է նաեւ ընդլայնուած կազմով հանդիպում, որից հրապարակուած կարճ տեսանիւթում նա կրկին անդրադարձել է ռուս — ուկրաինական պատերազմին, ողջունել Հայաստանի ջանքերը Ուկրաինային մարդասիրական օգնութիւն ուղարկելու հարցում, ինչպէս նաեւ աջակցութիւն յայտնել Երեւանի վարած արտաքին քաղաքականութեանը։
«Մենք նաեւ աջակցում ենք ձեր ջանքերին՝ միտուած առաւել անկախ արտաքին քաղաքականութեան զարգացմանը, ինչը կարծում ենք, որ կարեւոր է», — ասել է Ստոլտենբերգը:
Օրուայ երկորդ կէսին ՆԱՏՕ-ի գլխաւոր քարտուղարին ընդունել է նաեւ Հայաստանի նախագահը: Յենս Ստոլտենբերգը եւ Վահագն Խաչատուրեանն անդրադարձել են Հայաստան- ՆԱՏՕ երկարամեայ գործընկերութեանը, խօսել հայ զինծառայողների ներկայութիւնից Կոսովոյում։
Կառավարութիւնում վարչապետ Նիկոլ Փաշինեանի հետ բանակցութիւններից յետոյ մի շարք հետաքրքրական յայտարարութիւններ է կատարել ՆԱՏՕ-ի գլխաւոր քարտուղարը՝
-ՀՀ-ն վաղուց է ՆԱՏՕ-ի գործընկերը, եւ ես ողջունում եմ դրական եմ գնահատում ձեր ներդրումը ՆԱՏՕ-ի առաքելութիւններին եւ գործողութիւններին։
-Այսօր Հայաստանն ու Ադրբեջանը հնարաւորութիւն ունեն տեւական խաղաղութեան հասնելու։
ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանութեանը եւ տարածքային ամբողջականութեանը:
-Ես ողջունում եմ ձեր համերաշխութիւնն Ուկրաինայի հետ, եւ բոլոր գործընկերներին կոչ անում անել իրենցից կախուած ամէն ինչ, որպէսզի Պուտինը չյաղթի ագրեսիայի իր պատերազմում։
-Եթէ Պուտինը Ուկրաինայում յաջողութեան հասնի, իրական ռիսկ կայ, որ նրա ագրեսիան այնտեղ կանգ չի առնի։
-Ես ողջունեցի այն փաստը, որ դուք աշխատում եք ձեր ԶՈւ նկատմամբ ժողովրդավարական վերահսկողութիւնն ամրապնդելու ուղղութեամբ, այդ թւում՝ ՆԱՏՕ-ի բարեվարքութեան ծրագրին ձեր մասնակցութեամբ։
-Իրական յանձնառութիւն եք ցուցաբերել նաեւ կոռուպցիայի դէմ պայքարի հարցում, ժողովրդավարական ինստիտուտներն ուժեղացնելու եւ իրաւունքի գերիշխանութիւնը պահպանելու հարցում։