Համազգային միասնութիւնը, իրօք որ, հայ ժողովրդի համար միակ փրկութիւնը կարող է լինել այս վճռորոշ ժամանակահատուածում: Արցախի քաղաքական ուժերն ու իշխանութիւնները իրենց յայտարարութիւններում ու կոչերում միշտ էլ կարեւորել են եռամիասնութեան գաղափարը եւ այդ ուղղութեամբ ձեռնարկուող գործնական քայլերը: Հայաստան-Արցախ-Սփիւռք եռամիասնութեան իրականացման համար կարեւորագոյն հանգրուաններ են եղել մայր հայրենիքում եւ Արցախում տարբեր ձեւաչափերով կազմակերպուած համաժողովներն ու քննարկումները: Այդ հաւաքներում մեր հայրենակիցների շփումները առիթ են եղել աշխարհին, մեր բարեկամներին ու հակառակորդներին ապացուցելու, որ հանուն անանց արժէքների եւ կենսական կարեւորութիւն ունեցող հարցերի՝ հայ անհատը, աշխարհի որ անկիւնում էլ լինի, պատրաստ է զոհողութեան ու նուիրումի, համախմբման ու բռունցքուելու: Անցած տասնամեակներին Արցախը եղել է այդ համախմբման հիմնական առանցքը, հանդիսացել է հայկական աշխարհի խմորիչը, մարմնաւորել է հայ ժողովրդի ազգային ազատագրական պայքարի տեսլականը: Արցախով է սկսուել եւ Արցախով իմաստաւորուել իւրաքանչիւր համախմբման կոչ, իւրաքանչիւր համահայկական գաղափար:
44-օրեայ աղէտալի պատերազմից յետոյ Արցախի պետականութեան պահպանման, ամրապնդման եւ վէրքերի ապաքինման առումով համոզուած ենք, որ մեծ դեր կարող է ունենալ համազգային արժէքների ու եռամիասնութեան գաղափարի շուրջ համախմբումը: Սոյն թուականի հոկտեմբերի 28-31-ը Երեւանում նախատեսւում է անցկացնել Համաշխարհային հայկական գագաթնաժողով: Այդ ժողովի օրակարգին եւ կազմակերպման ընթացքին իրենց վերապահումներն են արտայայտել Հայ առաքելական եկեղեցու հւուապետները՝ Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ եւ Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա կաթողիկոսութիւնները: Գագաթնաժողովին չէն հրաւիրուել կամ բոյկոտել են Սփիւռքի ազդեցիկ քաղաքական կազմակերպութիւններ ու անհատներ:
Գագաթնաժողովի օրակարգը եւ նախատեսուած միջոցառումները պատշաճ ու համարժէք չէն անդրադառնում Արցախին եւ նրա առջեւ ծառացած մարտահրաւէրներին: Արցախը բացակայում է այս գագաթնաժողովից, այն պարագայում, երբ պէտք է համազգային տագնապի կոչնակ հնչեցնել: ՀՀ իշխանութիւնները ոչ մի ջանք չէն խնայում Արցախն ու Արցախի հարցը դուրս մղելու թէ՛ միջազգային, եւ թէ՛ համահայկական օրակարգից: Այս գագաթնաժողովը նշուած իրականութեան եւս մէկ ապացոյցն է: Արցախն անտեսող եւ կեղծ համահայկականութեամբ քօղարկուած այս ժողովը անընդունելի պէտք է լինի բոլոր նրանց համար, ում համար թանկ են հաեօց պետականութիւնը եւ նրա ամրութիւնն ապահովող հիմնասիւները:
Հիմք ընդունելով վերը նշուած իրողութիւնները՝ կոչ ենք անում մեր հայրենակիցներին, Արցախի պետական այրերին մերժել միասնականութիւնը խաթարող նախաձեռնութիւնները:
Արդարութիւն կուսակցութիւն
Արցախի ժողովրդավարական կուսակցութիւն
ՀՅԴ Արցախի կառոյց
24 հոկտեմբերի, 2022թ.