ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի յայտարարութիւնը
Ապազգային, ապապետական եւ հակագիտական մտաւարժանքներից ծնուած վարչախմբի պարագլխի վերջին յայտարարութիւնը ոչ այլ ինչ է, քան մեր համազգային հաւաքական իրաւունքների եւ ինքնութենական հիմքերի կազմաքանդում եւ նսեմացում, տարատեսակ քօղածածկոյթներով թուրք-ադրբեջանական պահանջների բաւարարում։
Հայոց ցեղասպանութեան փաստը կասկածի տակ դնող յայտարարութիւնն ինքնին ուրացման հակաքաղաքակրթական վարք է, որը, թուրքական նախապայմանների բաւարարման հետ մէկտեղ, անարգում է 4 տասնեակն անցնող երկրների կողմից Հայոց ցեղասպանութեան ճանաչման, որոշ երկրների պարագայում՝ այն քրէականացնելու իրողութիւնը, նաեւ՝ Ցեղասպանութիւն յանցագործութեան կանխարգելման դէմ համամարդկային ջանքերն ու միջազգային իրաւունքի նորմերը։
Այս դատապարտելի յայտարարութիւնը նսեմացնում է Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչման ուղղութեամբ հայ ժողովրդի տարբեր սերունդների կողմից գեներացուած քաղաքական, գիտական, հասարակական ժառանգութիւնը, մեր հաւաքական պայքարն ու զոհաբերումը։
Այն անարգանք է Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու կողմից սրբադասուած 1915 թուականի Հայոց ցեղասպանութեան զոհերի, մէկուկէս միլիոն հայ նահատակների յիշատակին։
ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմինը վերահաստատում է՝
• Հայոց ցեղասպանութեան ճանաչումը, մեր ժողովրդի իրաւունքների վերատիրացումն անժամանցելի է, այն հիմնուած է միջազգային իրաւունքի, պատմական արդարութեան վերականգման կենսական պահանջի վրայ, բխում է Հայ ժողովրդի եւ Հայոց պետականութեան ռազմավարական շահերից,
• Ցեղասպանութեան դատապարտումը, հետեւանքների վերացումը լրջագոյն հիմք են՝ բացառելու եւ կանխելու մարդկութեան դէմ նման յանցագործութիւնները,
• Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչման` ՀՀ Անկախութեան հռչակագրով արձանագրուած պահանջից հրաժարումը չի չէզոքացնելու Հայաստանի Հանրապետութեան դէմ թշնամական, ծաւալապաշտպական նկրտումները, անվտանգութեան սպառնալիքները։
Արձանագրում ենք, որ թուրք-ադրբեջանական տանդէմի պահանջների եւ նախապայմանների անշրջահայեաց սպասարկումը թշնամական քաղաքականութիւն է, որն ուղիղ մարտահրաւէր է մեր ազգային անվտանգութեանը, ապառնալիք մեր պետականութեան գոյութեանն ու աշխարհասփիւռ հայութեան կենսական շահերին։
Կրկին դիմում ենք հայութեանը՝ Հայաստանում եւ Սփիւռքում, համախմբուելու մեր պետականութեան կազմաքանդումը կասեցնող ազգային-պետական օրակարգերի շուրջ։
ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմին
26․01․2025 թ., Երեւան