Օրեր առաջ տեղի ունեցած մի իրադարձութիւն չարժանացաւ անհրաժեշտ հանրային արձագանքի։ Խոսքը փարիզաբնակ, CCAF կազմակերպութեան ղեկավար, ՀՅԴ Բիւրոյի անդամ Մուրադ Փափազեանին գործող իշխանութիւնների կողմից Հայաստան մուտքը արգելելու մասին է։
Մտահոգող է այն նախադէպի ստեղծումը, որով առանց որեւէ իրաւական հիմնաւորման`արգելւում է սփիւռքահայի մուտքը` հայրենիք։
Կարծէս քիչ են Հայաստանի միջազգային մեկուսացման գործոնները, հիմա էլ գործող իշխանութիւնը որոշել է Հայաստանը քայլ առ քայլ ինքնամեկուսացնել Սփիւռքից։
Չխորանալով այս որոշման պատճառների բոլոր հնարաւոր շերտերի մէջ, նշէնք առաւել մտահոգիչ մի հաւանական հարթութիւն։ Դա ուկրաինական պատերազմի պատճառով ռուս-արեւմտեան, մասնաւորապէս ռուս-ֆրանսիական հակամարտութեան բացասական արտացոլումն է Հայաստան-Սփիւռք յարաբերութնունների վրայ։
Արեւմուտքից ինքնամեկուսացուող Ռուսաստանը փորձում է նոյնը ստիպել անել իր քաղաքական արբանեակ հանդիսացող Հայաստանի ներկայ ռեժիմին։ Ընդ որում` իրավիճակն էլ աւելի է բարդանում, նկատի ունենալով այն հանգամանքը, որ «նախկիններ-նորեր» , «սեւեր-սպիտակներ» կրեմլեան բեմադրուած կեղծ ընտրութիւն — «վարակը» փորձ է արւում տեղափոխել Սփիւռք, այսպիսով է՛լ աւելի խորացնելով արդէն իսկ գոյութիւն ունեցող անառողջ վիճակը։
Այս վիճակի խորացումից խուսափելու ելքը այն բանի ըմբռնումն է, որ նորից խաղարկւում է երեսուն տարի առաջ արդէն իսկ օգտագործուած չեկիստական հնարք’ ԼՏՊ — Դաշնակցութիւն, «սեւեր — սպիտակներ» պարզունակ հակադրութեամբ, որը, ըստ էութեան, միտուած էր շեղելու քաղաքական մէկ այլ ռազմավարական օրակարգից։ Այդ օրակարգը ենթադրում էր հետխորհրդային աւտօրիտար քաղաքական համակարգից` անցումային ժողովրդաւարութեան եւ արդարադատութեան յղացքների հիման վրայ դէպի ժողովրդավարութիւն անցնելու ճանապարհային քարտէզ, ինչպէս դա տեղի ունեցաւ Արեւելեան Եւրոպայի եւ Բալթեան երկրներում։
Կուլ չտայ՛նք այս «նոր — հին» խայծը եւ դատապարտէ՛նք Հայաստանի գործող ռեժիմի այս հերթական յանցաւոր որոշումը։
Ազգային համերաշխութեան վերականգնման միակ հիմքը` անցումային ժողովրդաւարութեան եւ արդարադատութեան գաղափարով ապագաղութացումն է։
Ազգային-ժողովրդավարական բեւեռի խորհուրդ