Մենք՝ Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի պատգամաւորներս, խորը մտահոգութեամբ եւ վրդովմունքով անդրադառնում ենք Ադրբեջանի տարածքում ապօրինի կերպով պահուող 16 հայ պատանդների նկատմամբ սպասուող կեղծ «դատաւարութեանը»։ Սա մի գործընթաց է, որը նպատակ ունի փոշիացնելու նրանց հիմնարար իրաւունքներն ու ընդգծելու Ադրբեջանի կողմից օրէցօր ուժգնացող հայատեաց քաղաքականութիւնը:
Այդ «դատավարութիւնը», որն իրականացւում է առեւանգուած եւ ապօրինի կերպով ու անմարդկային պայմաններում պահուող հայերի դէմ՝ ակնյայտ շինծու մեղադրանքներով եւ բազմաթիւ ընթացակարգային իրաւախախտումներով, չի կարող օրինական ու լեգիտիմ համարուել։ Աւելին, նման գործընթացներով ադրբեջանական վարչակազմն ուղղակիօրէն փորձում է լեգիտիմացնել ցեղասպանական քաղաքականութիւնը, որն արդէն երկար տարիներ վարում է բոլոր հայերի եւ յատկապէս Արցախի ժողովրդի նկատմամբ։
Մենք ակնկալում ենք մարդու իրաւունքներով եւ տարածաշրջանային խաղաղութեամբ մտահոգ պետութիւններից, միջազգային կառոյցներից, իրաւապաշտպան կազմակերպութիւններից, որ գործնական քայլեր կը ձեռնարկէն՝ նպաստելու բոլոր պատանդների անյապաղ ազատ արձակմանը։ Կոչ ենք անում միջազգային հանրութեան բոլոր դերակատարներին չէզոք դիրքորոշման փոխարէն որդեգրել յստակ եւ սկզբունքային մօտեցում, որով կդատապարտուի Ադրբեջանի հակամարդկային քաղաքականութիւնը եւ կը կանխուի ապօրինի դատաւարութեան իրականացման ցանկացած փորձ։
Ակնկալում ենք նաեւ ՀՀ իշխանութիւններից, որ հետեւողականօրէն ու վճռականօրէն կբարձրացնեն այս հարցը բոլոր համապատասխան ատեաններում եւ բանակցութիւններում։ Հայազգի բոլոր պատանդների իրաւունքների պաշտպանութիւնն ու հայրենիք վերադարձը մտնում են ՀՀ պետական մարմինների իրաւական ու բարոյական պարտաւորութիւնների մէջ:
Կոչ ենք անում մեր հայրենակիցներին առաւելագոյն զգօնութիւն ցուցաբերել տեղեկատուական-հոգեբանական սադրանքների հանդէպ, որոնք ակնկալում են լրացուցիչ չափով խարխլել ազգային միասնականութիւնը։ Յորդորում ենք չտարածել ադրբեջանական թեզերը հայկական տեղեկատուական դաշտում եւ չթիրախաւորել մեր հայրենակիցներին այն ցուցմունքների կամ յայտարարութիւնների համար, որոնք կարող են արուել անմարդկային բռնաճնշումների ներքոյ։ Յիշեցնում ենք, որ պատանդների ցանկացած յայտարարութիւն կամ ցուցմունք կարող է խեղաթիւրուել Ադրբեջանի քարոզչամեքենայի կողմից, ուստի անհրաժեշտ է բարձր զգօնութիւն ու ազգային պատասխանատուութիւն ցուցաբերել այս իրավիճակում:
Ադրբեջանական բանտերում խոշտանգւում եւ դատարաններում դատապարտւում ենք մենք բոլորս՝ ի դէմս մեր պատանդառուած հայրենակիցների ու ընկերների: Ուստի, նրանց իրաւունքների պաշտպանութիւնն ու անյապաղ ազատ արձակումը մեր բոլորիս արժանապատուութեան ու բարոյական պարտաւորութիւնների հարցն է՝ անկախ որեւէ անձի հանդէպ այս կամ այն վերաբերմունքից:
Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովը վերահաստատում է իր յանձնառութիւնը իր ունեցած հնարաւորութիւնների շրջանակներում պաշտպանելու Արցախի ժողովրդի իրաւունքներն ու հաւաքական շահերը, որի կարեւոր բաղադրիչներից մէկն էլ գերեւարուած հայերի անյապաղ վերադարձն է հայրենիք:
Արցախի Հանրապետութեան Ազգային ժողով
16 յունուարի 2025 թ․