Հայ Ազգային Կոնգրեսի յայտարարութիւնը

Հայ Ազգային Կոնգրեսի յայտարարութիւնը

Հայ Ազգային կոնգրէս կուսակցութիւնը յայտարարութիւն է տարածել, որում մասնաւորապէս ասւում է.

 «Այսօր` յունիսի 13-ին, Նիկոլ Փաշինեանը, ելոյթ ունենալով Ազգային Ժողւում եւ հերթական անգամ փորձելով կոծկել Արցախի կորստի համար իր պատասխանատուութիւնն ու վարած քաղաքականութեան աղէտալի հետեւանքները, հանդէս է եկել արցախեան խնդրի պատմութեան ապշեցուցիչ մի նոր՝ իր իսկ կողմից «կղերաֆեոդալական» կոչուած վարկածով։

Համաձայն Փաշինեանի այդ նոր վարկածի, 1996 թուականին Լիսաբոնի ԵԱՀԿ-ի գագաթնաժողովի արդիւնքներից մէկը եղել է իր իսկ բառերով՝ «Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգաւորման միջազգայնօրէն ընդունուած սահմանադրութիւնը», որի համաձայն` Լեռնային Ղարաբաղը պէտք է մնար Ադրբեջանի կազմում։

Ըստ Փաշինեանի, Լեռնային Ղարաբաղի ինքնակառավարման եւ ինքորոշման հասկացութիւններին վերաբերող այդ որոշումը «սխալ է հասկացուել հայկական իրականութեան մէջ», որովհետեւ «96-ին ինտերնետ չի եղել, … էլ. փոստ չի եղել,  սոցցանցեր չէն եղել», եւ «հայ հանրութիւնը հասանելիութիւն չի ունեցել այդ փաստաթղթին»։ Այնուհետեւ Փաշինեանը «բացատրել» է, որ դեռ 1996-ից ի վեր Հայաստանի «կղերաֆեոդալական էլիտան», որի մէջ նա ակնյայտօրէն տեղաւորել է Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսեանին, «…Լիսաբոնի փաստաթուղթը թաքցնելով եւ նենգափոխելով», «…Հայաստանի ժողովրդին խաբել է, մոլորեցրել է՝ իշխանութիւնը զաւթելու եւ պահելու համար…»։

Զարգացնելով այս «հայեցակարգը»` Փաշինեանը նաեւ պնդել է, որ «Պատէրազմ, թէ խաղաղութիւն» յօդուածը «…ոչ թէ կղերաֆեոդալական խաբեութեանը դիմադրելու չյաջողուած փորձ էր, այլ կղերաֆեոդալական խաբեութեան մի անբաժանելի մաս», ըստ էութեան մեղադրելով Տեր-Պետրոսեանին Լեռնային Ղարաբաղի հարցում ստատուս քուոն պահելու նպատակով Ռոբերտ Քոչարեանի եւ Սերժ Սարգսեանի հետ համագործակցելու մէջ:

Փաշինեանը Տեր-Պետրոսեանին եւ Հայ Ազգային Կոնգրեսին մեղադրել է նաեւ 2020 թուականից ի վեր  «Պատէրազմ, թէ խաղաղութիւն» յօդուածի դրոյթներից հրաժարուելու, ըստ էութեան՝ սեփական սկզբունքներին դաւաճանելու մէջ։

Այս ամէնի կապակցութեամբ յայտարարում ենք․

Լիսաբոնի մասին Նիկոլ Փաշինեանի ստէրին բազմիցս ենք անդրադարձել, սակայն, հաշուի նստելով ընդդիմախօսի յատկապէս յամառ բթամտութեան փաստի հետ, ստիպուած ենք կրկնել հետեւեալը։ 1996-ին ԵԱՀԿ-ն Ղարաբաղի հարցով միջազգային իրաւունքի տեսակէտից պարտադիր կիրառման ուժ ունեցող որեւէ որոշում չի ընդունել, որովհետեւ Հայաստանն, օգտուելով իր կանոնադրական իրաւունքից, առաջարկուած նախագծի վերաբերեալ կիրառել է ւէտոյ։ Ընդհանրապէս, ո՛չ ՄԱԿ-ի Անվտանգութեան Խորհրդի կողմից, եւ ոչ է՛լ Լեռնային Ղարաբաղի հարցում ՄԱԿ-ի ԱԽ-ից մանդատ ստացած ԵԱՀԿ-ն որեւէ որոշում երբեք չէն ընդունել այն մասին, թէ Լեռնային Ղարաբաղի հակամարտութիւնը պէտք է լուծուի Ադրբեջանի տարածքային ամբողջականութեան սահմաններում։ Աւելին, չգիտես ինչու, Փաշինեանը միշտ լռութեան է մատնում այն փաստը, որ ԵԱՀԿ-ի Բուդապեշտեան գագաթնաժողովը 1994 թուականին որոշում է ընդունել, որով Հայաստանի եւ Ադրբեջանի հետ իրաւահաւասար կարգավիճակ է շնորհել Լեռնային Ղարաբաղին՝ նրա ապագայ վերջնական կարգավիճակը որոշելու հարցում, ըստ էութեան ճանաչելով Լեռնային Ղարաբաղը որպէս միջազգային իրաւունքի սուբյեկտ;
Հայաստանի կողմից կիրառուած ւէտոյի գլխաւոր արդիւնքը եղել է այն, որ 1997 թուականին ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահութիւնը ներկայացրել է Փուլային լուծումը, որում որեւէ խօսք չկայ Լեռնային Ղարաբաղի հարցը Ադրբեջանի տարածքային ամբողջականութեան սկզբունքի հիման վրայ լուծելու մասին։ Սրա մասին Փաշինեանը նոյնպէս յամառօրէն լռում է։ Կարեւոր է յատկապէս նշել, որ Փուլային լուծման առաջարկը ԵԱՀԿ ներկայացրած լուծումների տարբերակներից միակն է եղել, որը որպէս բանակցութիւնների հիմք են ընդունել ե՛ւ Հայաստանը, ե՛ւ Ադրբեջանը։ Այն մերժուել ԼՂՀ իշխանութիւնների կողմից;
Փաշինեանը ստում է այն մասին, որ ԵԱՀԿ-ի գործող նախագահողի յայտարարութիւնը իբր թէ հասանելի չի եղել հայկական հանրութեան համար։ Իրականում յայտարարութիւնը, ինչպէս նաեւ Տեր-Պետրոսեանի պատասխանը, որը նոյնպէս դարձել է ԵԱՀԿ պաշտօնական փաստաթղթերի մաս, 1996-ին հրապարակուել եւ լայնօրէն քննարկուել է Հայաստանի լրատուական միջավայրում։ Այն, որ վեց տարի շարունակ պաշտօնապէս պատասխանատուութիւն կրելով Հաեօց պետականութեան համար ճակատագրական նշանակութիւն ունեցող Ղարաբաղեան հարցի կարգաւորման գործում, նիկոլական շրջապատում եւ ՔՊ-ական պատգամաւորների միջավայրում դրան ծանօթ չէն եղել, ինչպէս դա ցուցադրեց Փաշինեանը, ընդամէնը վկայում է Փաշինեանի եւ նրա կուսակիցների տգիտութեան եւ անպատասխանատուութեան մասին;
Նոյնքան ստայօդ են նաեւ «Պատէրազմ, թէ խաղաղութիւն» յօդուածի դրոյթներից հրաժարուելու մասին պնդումները։ Ինչքան էլ Փաշինեանը փորձի պնդել, թէ այդ յօդուածում Տեր-Պետրոսեանն իբր պնդել է, որ Լեռնային Ղարաբաղի անկախութիւնը անհնար է, նման բան այդ յօդուածում ասուած չէ։ Աւելին, 2016 թուականին հրապարակուած «Ղարաբաղի անկախութեան ճանաչման հարցի շուրջ» յօդուածում Տեր-Պետրոսեանը գրել է, որ Մինսկի խմբի վարած բանակցութիւնների մէջ պատշաճօրէն ընդգրկուելու դէպքում, «կասկածից վեր է, որ միջազգային հանրութիւնը վաղ թէ ուշ ճանաչելու է Ղարաբաղի անկախութիւնը»։ Նիկոլ Փաշինեանն է այն մարդը, որը «Արցախը Հայաստայ՛ն է եւ վերջ» կարգախօսի ներքոյ տապալեց Մինսկի խմբի բանակցութիւնները՝ Արցախի եւ Հայաստանի համար բոլոր աղէտալի հետեւանքներով։ Նոյնքան ծիծաղելի են Փաշինեանի պնդումներն այն մասին, թէ իբր «Տեր-Պետրոսեանը եւ ՀԱԿ-ն ասում են, թէ իրենք չէն ասել ու նկատի չէն ունեցել, թէ տարածքները պէտք է վերադարձնել»։ Իրականութիւնն այն է, որ Հայ Ազգային Կոնգրեսը միակն է, որ կողմ է եղել Մինսկի խմբի կողմից ներկայացուած փոխզիջումային առաջարկների իրականացմանը, ներառեալ Լեռնային Ղարաբաղից դուրս գտնուող եւ Հայաստանի հետ կապ չհանդիսացող տարածքների վերադարձին։ Հակառակն ապացուցող որեւէ փաստ չի ներկայացուել եւ չի էլ կարող ներկայացուել։
«Պատէրազմ, թէ խաղաղութիւն» յօդուածի դրոյթներին դաւաճանելու եւ Ղարաբաղի հարցում ստատուս քուոն պահելու գործում Քոչարեանի եւ Սարգսեանի հետ համագործակցելու մասին խօսում է այն Փաշինեանը, որը 2007 թուականին յայտարարել էր, որ թիմակից է Տեր-Պետրոսեանին իր յօդուածի դրոյթները ընդունելու պատճառով, իսկ 2015 թուականին հրապարակայնօրէն մեղադրել Լեւոն Տեր-Պետրոսեանին եւ Սերժ Սարգսեանին հայ ժողովրդի դէմ գաղտնի դաւադրութիւն կազմակերպելու եւ «Լաւրովեան պլանով» Ղարաբաղից դուրս հինգ շրջանների վերադարձի հիման վրայ Ադրբեջանի հետ խաղաղութիւն հաստատելու «յանցաւոր» մտադրութեան մէջ։
Այս արձանագրումները շատ կարեւոր հարցեր են առաջացնում։ Դրանցից ամենակարեւորն այն է, թէ արդեօ՞ք մեր նորանկախ պատմութեան եւ միջազգային բանակցութիւնների մասին ճշմարտութիւնը նենգափոխող եւ աղաւաղող, պաթոլոգիկ ստախօս ղեկավարը իրաւունք ունի շարունակել կառավարել Հայաստանում։  Ինչո՞ւ է Փաշինեանը դիմել հեշտութեամբ հերքուող այս ստէրին եւ մանիպուլեացիաներին։ Փաշինեանի աւելի քան վեց տարուայ կառավարումը Հայաստանի եւ Արցախի անվտանգութեանն աւերից եւ աղէտներից բացի այլ բան չի բերել։ Երկիրը գնալով խորանում է արտաքին եւ ներքին հակամարտութիւնների մէջ։ Փաշինեանին, ամենան հաւանականութեամբ, այլ բան չի մնում, քան փորձել կոծկել այս իրողութիւնները, աղաւաղելով եւ ջնջելով մեր բոլոր պատմական նուաճումների մասին յիշողութիւնը, ինչպէս ռազմական, այնպէս էլ՝ դիւանագիտութեան դաշտում։ Նրա գործողութիւնները, սակայն, միայն աւելի են խորացնում հակամարտութիւնը մեր հասարակութեան ներսում։

Սրա մասին վկայում են նաեւ յունիսի 12-ին նրա կողմից հրահանգուած դատապարտելի, անհամաչափ ոստիկանական գործողութիւնները խաղաղ ցուցարարների նկատմամբ, ինչի վերաբերեալ Հայ Ազգային Կոնգրեսն առաջիկայում հանդէս կը գայ յատուկ յայտարարութեամբ»։

Share