Այսու գրով յայտնում ենք մեր սիրելի ժողովրդի զաւակներին, թէ կիրակի՝ դեկտեմբերի 29-ի երեկոյեան ժամը 18:30-ին, Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան արժանընտիր Գահակալ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետը հեռաձայնային կապ է հաստատել Թեհրանի հայոց թեմում ծառայող առաջնորդի օգնական Տ. Առաքել աբղ. Գատեհճեանի հետ:
Նորին Սրբութեան հեռաձայնի նպատակն էր հետաքրքրւել Թեհրանի հայոց թեմի թեմակալ առաջնորդի՝ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի առողջութեամբ, Թեհրանի հայոց թեմը յուզող խնդիրներով եւ Հայր Սուրբի կատարած աշխատանքներով: Հայր Սուրբն իր կարգին Վեհափառ Հօր տեղեկութիւններ է փոխանցել Թեմակալ առաջնորդի առողջութեան բարելաւման եւ վերջին օրերի իր կատարած ծառայութիւնների մասին: Հայր Առաքելը նաեւ ներկայացրել է թեմի դիմագրաւած մատրահրաւէրները, Նորին Ս. Օծութեանը վստահեցնելով, որ թէ՛ Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի, եւ թէ՛ Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ջանքերով ու աշխոյժ գործունէութեամբ, բոլոր մարտահրաւէրները պիտի հարթւեն: Հայոց Հայրապետը, Սրբազան Հօրը շուտափոյթ ապաքինում եւ Հայր Սուրբի գործերին յաջողութիւն է մաղթել:
Կարեւորութեամբ ուզում ենք յայտնել, որ Արամ Ա կաթողիկոսը Թեհրանի հայոց թեմի գործունէութեանը միշտ յատուկ ուշադրութեան է արժանացնում եւ մնայուն կերպով կապի մէջ է Թեմակալ առաջնորդի եւ նրա օգնական Հայր Սուրբի հետ:
ԴԻՒԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ