Իշխանութիւնների կողմից լայն թափ են ստացել ազատ խօսքի նկատմամբ ոտնձգութիւնները

Իշխանութիւնների կողմից լայն թափ են ստացել ազատ խօսքի նկատմամբ ոտնձգութիւնները

«Հայաստան» եւ «Պատիւ ունեմ» խմբակցութիւնների համատեղ յայտարարութիւնը

Հայաստանի Հանրապետութիւնում ակնյայտ է մարդու իրաւունքների ոտնահարումն ու ժողովրդաւարութեան հետընթացը: Հայաստանի գործող իշխանութիւնը միջազգային հանրութեան առջեւ ձեւացնում է ժողովրդաւարութեան առաջընթաց, մինչդեռ կոպտօրէն խախտում է մարդու իրաւունքները եւ հիմնարար ազատութիւնները։

Հակառակ իշխանութեան փորձերի, միջազգային իրաւապաշտպան կազմակերպութիւններն արձանագրում են Հայաստանում ժողովրդաւարութեան անկումը կառավարութեան կողմից ուժի կոնսօլիդացիայի, ընդդիմադիր համայնքապետէրին պաշտօնանկ անելու արդէն մի քանի տարի շարունակուող միտումների, եւ իշխող կուսակցութեան ֆինանսական միջոցների թափանցիկութեան պակասի պատճառով: Իշխանութիւնների կողմից լայն թափ են ստացել ազատ խօսքի եւ հաւաքների ազատութեան նկատմամբ ոտնձգութիւնները: Թեեւ Հայաստանի օրէնսդրութիւնը կալանքը դիտում է որպէս խափանման ծայրահեղ միջոց եւ նախապատուութիւն է տալիս խափանման այլընտրանքային միջոցներին, կալանքը մնում է ամենատարածուած պրակտիկան եւ կիրառւում է ընդդիմադիր գործիչների նկատմամբ։

Ընդդիմադիր քաղաքական գործիչներին, ընդդիմախօսներին շինծու քրէական գործերի յարուցմամբ հետապնդելը, ընդդիմախօսների նկատմամբ հնարաւոր միջոցներով քաղաքական հաշուեյարդարներ տեսնելը դարձել են այս իշխանութեան գործելաոճն ու այցեքարտը։

Շինծու մեղադրանքներով տեւական ժամանակ անազատութեան մէջ էին ընդդիմադիր պատգամաւորներ, պատգամաւորութեան ընդդիմադիր թեկնածուներ, ընդդիմադիր կուսակցութեան ներկայացուցիչներ, մի շարք համայնքի ղեկավարներ եւ հանրային տասնեակ գործիչներ:

Հարիւրաւոր անձինք ապօրինաբար ձերբակալուել, միայն ոստիկանների ցուցմունքներով տեւական ժամանակ անազատութեան մէջ են պահուել իրենց ընդդիմադիր գործունէութեան համար:
Տասնեակ քրէական գործերով մեղադրանքներ են առաջադրուած կամ հետապնդման են ենթարկւում հանրային, քաղաքական գործիչներ ու նրանց հարազատներ, զոհուած զինծառայողների ծնողներ միայն այն պարզ պատճառով, որ քննադատում են Հայաստանի գործող իշխանութեանը:

Կիրառելով Եւրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի սահմանած չափանիշները յստակ է, որ ինչպէս վերը նշուած բազմաթիւ դէպքերում, այնպէս էլ ներկայումս անազատութեան մէջ գտնուող շատ անձինք քաղաքական բանտարկեալներ են:

Մարդու իրաւունքների, ժողովրդաւարութեան մասին խօսք չի կարող լինել մի երկրում, որտեղ այլակարծութեան դէմ պայքարի միջոց է կիրառւում կալանքը, ինչպէս նաեւ նախաքննութեամբ եւ դատական քննութեամբ դրսեւորած ռեպրեսիւ վերաբերմունքը, որն առանձին դէպքերում ընդհուպ հասցրել են «մեղադրեալ» հանրային գործիչների մահուան:

Հասարակական եւ քաղաքական գործիչների հանդէպ նման վերաբերմունքը հետապնդում է մէկ նպատակ՝ ստեղծել խօսքի ազատութեան խոչընդոտման միջավայր եւ մթնոլորտ։

Ելնելով վերոգրեալից հրաւիրում ենք մարդու իրաւունքներով զբաղուող միջազգային կազմակերպութիւնների ուշադրութիւնը Հայաստանում տեղի ունեցող ժողովրդաւարութեան եւ մարդու իրաւունքների ոտնայարման աղաղակող դէպքերի վրայ: Կոչ ենք անում Եւրոպայի խորհրդին խստօրէն դատապարտելու Հայաստանում ժողովրդաւարութեան շարունակական հետընթացը եւ մարդու իրաւունքների եւ հիմնարար ազատութիւնների կոպիտ խախտումները:

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութիւն
ՀՀ ԱԺ «Պատիւ ունեմ» խմբակցութիւն

16.04.24թ.

Share