Սեպտեմբերի 19-ին լրանում է Արցախի հայութեան նկատմամբ Ադրբեջանի գործադրած ցեղասպանութեան տարելիցը։ 2020թ․ սեպտեմբերից մինչեւ 2023թ․ սեպտեմբեր ժամանակահատւածը՝ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակում, այնուհետեւ պաշարում, ապա ահաբեկչական յարձակումներ եւ էթնիկ զտում ամբողջութեամբ ցեղասպանական գործընթաց է։
Ադրբեջանը ինչպէս 1990-ականների սկզբում, այնպէս էլ 2020թ․ սեպտեմբերին եւ դրանից յետոյ Արցախի նկատմամբ իրականացրել է ռազմական գործողութիւններ, որոնք իրենց բնոյթով ագրեսիա են։ Հետեւաբար այդ գործողութիւնները զուրկ են լեգիտիմութիւնից։ Այդ ռազմական գործողութիւնների ընթացքում իրականացւել են մարդկութեան դէմ յանցագործութիւններ, որոնց դէպքում, ինչպէս ցեղասպանութեան, վերահաս պատիժը վաղեմութեան ժամկէտ չի ճանաչում։
Աւելին՝ Հայաստանի Հանրապետութեան դէմ ուժի կամ դրա սպառնալիքի կիրառման պայմաններում ձեռք բերւած ցանկացած փաստաթուղթ առ ոչինչ է եւ չի կարող կասկածի տակ դնել Արցախի հարցի առկայութեան փաստը։ Ղարաբաղեան հիմնախնդրի պատճառը Ադրբեջանի կողմից տասնամեակներ շարունակ կիրառւող հակահայ քաղաքականութիւնն էր. յանուն ինքնորոշման ու ազատութեան պայքարող ժողովրդի հանդէպ ադրբեջանական բռնութեան հակադրումը խորացրել է հակամարտութեան հետեւանքները։ Հայ ժողովրդի վերամիաւորման ձգտումը բնականոն է ու օրինական, միջազգային իրաւունքի նորմերին համապատասխան։ Ցանկացած պետութեան կամ պետութիւնների՝ այդ թւում Հայաստանի Հանրապետութեան, կողմից ստորագրւած որեւէ փաստաթուղթ չի կարող իրաւազրկել այդ պայքարը։
Միջազգային երաշխաւորութեամբ Արցախի հայութեան հաւաքական վերադարձի իրաւունքի իրացման ապահովումը, Արցախին միջանկեալ քաղաքական կարգավիճակի տրամադրումը, Հայաստանի Հանրապետութեան հետ անխափան ցամաքային կապի ապահովումը, Բաքւում պատանդարւած հայ գերիների, ներառեալ՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութեան ազատ արձակումը, Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների կիրառումն ու յանցագործներին պատասխանատւութեան կանչելը, Արցախի մշակութային ժառանգութեան պահպանութիւնը այն նախադրեալներն են, որոնք պէտք է առաջնորդեն հակամարտութեան քաղաքական կարգաւորմանը։
Հայ Դատի կենտրոնական խորհուրդը ղարաբաղեան հակամարտութեան ներկա հանգրւանի համար կարեւորում է հիմնախնդիրը միջազգային քաղաքական օրակարգի վրայ պահելը ե’ւ միջազգային կազմակերպութիւնների, ե’ւ առանձին պետութիւնների դէպքում։
Ներկայ զարգացումները ցոյց են տալիս, որ ղարաբաղեան հակամարտութիւնը ոչ միայն լուծւած չէ, այլ նաեւ որոշակիօրէն գտնւում է միջազգային քաղաքական օրակարգի վրայ։ Համոզւած ենք, որ միջազգային յարաբերութիւնների՝ ժամանակաւոր բնոյթ կրող ներկայ վայրիվերումներից յետոյ, առաւել լայն հնարաւորութիւններ են բացւելու արցախեան հիմնախնդրի կարգաւորման ուղղութեամբ պայքարը շարունակելու եւ աշխատանքներ իրականացնելու համար։
Արցախի հայաթափման առաջին տարելիցի կապակցութեամբ մեր կոչն է համայն հայութեանը՝ չդադարեցնել պայքարը, նոր թափ տալ պայքարին, այս պայքարում լինել հետեւողական, վճռակամ ու վճռական։
ՀՅԴ ԲԻՒՐՈՅԻ ՀԱՅ ԴԱՏԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
19.09.2024թ.