Դիւանագէտների համահայկական խորհրդի յայտարարութիւնը

Դիւանագէտների համահայկական խորհրդի յայտարարութիւնը

Դիւանագէտների համահայկական խորհուրդը ողջունում է Շուեյցարիայի համադաշնութեան խորհրդարանի վերին պալատի՝ Կանտօնների խորհրդի կողմից «Լեռնային Ղարաբաղի համար խաղաղութեան ֆորում. հայերի վերադարձի հնարաւորութեան ապահւում» անուանումը ստացած բանաձեւի ընդունումը՝ որպէս շարունակութիւն եւ ամփոփում 2024թ. դեկտեմբերի 17-ին Համադաշնութեան խորհրդարանի ստորին պալատի՝ Ազգային խորհրդի կողմից ընդունուած նոյն առաջարկի:

Ընդունուած բանաձեւը, որ այդ երկրի օրէնսդրութեան համաձայն պարտադիր կատարման իրաւական ակտի ուժ է ստանում, նախատեսում է Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների միջեւ երկխօսութիւն ծաւալելու նպատակով յատուկ հարթակ ձեւաւորելու Շուեյցարիայի իշխանութիւնների պարտաւորութիւնը: Իսկ հեռահար նպատակը բռնի տեղահանուած հայ բնակչութեան անվտանգ, հաւաքական եւ արժանապատիւ վերադարձն է պատմական հայրենիք:

Վերոնշեալ արձանագրումները յստակ ու անկողմնակալ յիշեցումներ են այն իրողութեան, որ Արցախի էջը չի կարող փակուել ուժի կիրառմամբ, էթնիկ զտումներով եւ ցեղասպանական գործողութիւնների սպառնալիքով: Անգամ հայաթափուած վիճակում Արցախի հիմնախնդիրը չի կարող համարուել լուծուած:

Այս իմաստով Շուեյցարիայի խորհրդարանի բանաձեւը գալիս է լրացնելու 2023թ. նոյեմբերին Արդարադատութեան միջազգային դատարանի ընդունած որոշումը եւ Եւրոպական խորհրդարանի 2024թ. մարտ ու հոկտեմբեր ամիսներին ընդունած բանաձեւերը, որտեղ վերահաստատուած են բռնի տեղահանուած անձանց վերադարձի իրաւունքը: Թուարկուած բոլոր փաստաթղթերը վկայում են, որ կայ միջազգային յստակ եւ աներկբայ ընկալում Արցախի ժողովրդի իրաւունքների վերականգնման հարցով, որ առանց այդ խնդրին անդրադառնալու հնարաւոր չի լինելու տեւական ու կայուն խաղաղութեան հաստատումը տարածաշրջանում:

Մենք կարեւորում ենք նաեւ Արցախի ժողովրդի հիմնարար իրաւունքների պաշտպանութեան հարցերով ստեղծուած Յանձնախմբի բեղմնաւոր գործունէութիւնը, որի ջանքերով անցած մէկ տարուայ ընթացքում բաւարար հիմքեր են ստեղծուել տարբեր երկրներում եւ միջազգային կառոյցներում մեծածաւալ աշխատանք իրականացնելու համար: Միեւնոյն ժամանակ ստիպուած ենք փաստել, որ այս պատասխանատու գործում ՀՀ իշխանութիւնները բռնել են անտարբեր դիտորդի դերը:

Խորհուրդը կոչ է անում բոլոր այն երկրներին ու կազմակերպութիւններին, որոնք անկեղծօրէն ցանկանում են նպաստել Հարաւային Կովկասում կայունութեան եւ խաղաղութեան հաստատմանը, գործնականում սատարել Շուեյցարիայի խորհրդարանի որոշմանը՝ հայերի ու ադրբեջանցիների միջեւ երկխօսութիւն սկսելու եւ իրական հաշտեցման ճիշտ հիմքեր ձեւաւորելու համար:
19 մարտի, 2025թ.

Share