Սահմանազատման պետական յանձնաժողովների ութերորդ հանդիպման արդիւնքում կայացելէ համաձայնութիւն

Սահմանազատման պետական յանձնաժողովների ութերորդ հանդիպման արդիւնքում կայացելէ համաձայնութիւն

Հայաստանի Հանրապետութեան եւ Ադրբեջանի Հանրապետութեան սահմանին 2024թ. ապրիլի 19-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետութեան եւ Ադրբեջանի Հանրապետութեան միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգութեան հարցերով յանձնաժողովի եւ Ադրբեջանի Հանրապետութեան եւ Հայաստանի Հանրապետութեան միջեւ պետական սահմանի սահմանազատման պետական յանձնաժողովի ութերորդ հանդիպումը՝ ՀՀ փոխուարչապետ Մհեր Գրիգորեանի եւ ԱՀ փոխուարչապետ Շահին Մուստաֆաեւի նախագահութեամբ:

Ինչպէս յայտնում է ՀՀ ԱԳՆ-ն, հանդիպման արդիւնքում Յանձնաժողովները պայմանաւորուել են ներքոնշեալի շուրջ.

Սահմանազատման գործընթացի սկզբնական փուլում Կողմերը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատուածները, անմիջականօրէն Բաղանիս (ՀՀ) – Բաղանիս Այրում (ԱՀ), Ոսկեպար (ՀՀ) – Աշաղը Ասկիպարայ (ԱՀ), Կիրանց (ՀՀ) – Խեյրումլի (ԱՀ) եւ Բերքաբեր (ՀՀ) – Կըզըլ Հաջիլի (ԱՀ) բնակավայրերի միջեւ՝ Խորհրդային Միութեան փլուզման պահի դրութեամբ գոյութիւն ունեցող իրաւաբանօրէն հիմնաւորուած միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով:

Որոշել են, որ սահմանագծի տուեալ հատուածների նկարագրութիւնը կազմուելու է հաշուի առնելով տեղանքում գեոդէզիական չափումների արդիւնքում կատարուած կոորդինատների յստակեցումը, որը կձեւակերպուի համապատասխան Արձանագրութիւն-նկարագրութեամբ, ինչը պէտք է համաձայնեցուի ու ստորագրուի Կողմերի միջեւ մինչեւ 2024 թ. մայիսի 15-ը:

Համաձայնել են, որ կողմերը կդիմէն իրենց Կառավարութիւններին՝ սահմանագծի համաձայնեցուած հատուածներում իրենց սահմանապահ ծառայութիւնների միաժամանակեայ եւ զուգահեռ տեղակայման համար միջոցներ ձեռնարկելու նպատակով: Համաձայնել են նաեւ, որ մինչեւ սահմանազատման գործընթացի ամբողջական աւարտը, Արձանագրութիւն-նկարագրութիւնում նշուած համաձայնեցուած սահմանագծի հատուածները կը համարուէն սահմանազատուած:

Զուգահեռաբար պայմանաւորուածութիւն են ձեռք բերել աւարտին հասցնել Հայաստանի Հանրապետութեան եւ Ադրբեջանի Հանրապետութեան միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգութեան հարցերով յանձնաժողովի եւ Ադրբեջանի Հանրապետութեան եւ Հայաստանի Հանրապետութեան միջեւ պետական սահմանի սահմանազատման պետական յանձնաժողովի համատեղ գործունէութեան մասին կանոնակարգի նախագծի համաձայնեցման շուրջ աշխատանքները մինչեւ 2024թ. յուլիսի 1-ը եւ մեկնարկել դրա ներպետական համաձայնեցման ու հաստատման գործընթացը՝ Կողմերի՝ պետութիւնների օրէնսդրութեամբ սահմանուած կարգով եւ պահանջների համաձայն:

Կողմերը պայմանաւորուածութիւն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդուէն Ալմայ Աթայի 1991թ. հռչակագրով: Կողմերը պայմանաւորուել են նաեւ տուեալ հիմնարար սկզբունքն ամրագրել Կանոնակարգի նախագծում (եթէ յետագայում ՀՀ եւ ԱՀ միջեւ խաղաղութեան եւ միջպետական յարաբերութիւնների հաստատման մասին Համաձայնագրով կնախատեսուէն այլ կարգաւորումներ, ապա կանոնակարգի համապատասխան դրոյթները կը համապատասխանեցուէն տուեալ Համաձայնագրով սահմանուած սկզբունքներին):

Պայմանաւորուել են, Կողմերի կողմից Կանոնակարգի հաստատումից յետոյ, համաձայնեցնել հերթականութիւնը եւ շարունակել սահմանի բոլոր մնացած հատուածների սահմանազատման գործընթացը՝ ներառեալ անկլաւների եւ էքսկլաւների հետ կապուած հարցերով:

Հանդիպման արդիւնքում ստորագրուել է արձանագրութիւն: Կողմերը պայմանաւորուել են աշխատանքային կարգով համաձայնեցնել յաջորդ հանդիպման անցկացման ամսաթիւն ու վայրը:

alphanews.am

Share