Սկսել կառավարութեանն անվստահութիւն յայտնելու գործընթաց. ՀայաՔուէ

Սկսել կառավարութեանն անվստահութիւն յայտնելու գործընթաց. ՀայաՔուէ

«ՀայաՔուէ» քաղաքացիական նախաձեռնութեան խորհուրդը յայտարարութիւն է տարածել՝ ընդդիմադիր խմբակցութիւններին կոչ անելով իսպառ հրաժարուել գործող վարչախմբի հետ յետագայ ցանկացած ինստիտուցիոնալ փոխգործակցութիւնից եւ ձեւաւորել միասնական ճակատ։ 

««ՀայաՔուէ» քաղաքացիական նախաձեռնութեան` մէկ շաբաթ առաջ տարածած յայտարարութիւնում ասւում էր, որ ՀՀ տարածքային ամբողջականութեան պահպանման հիմնական նախապայմանն իշխող վարչախմբի նկատմամբ անվստահութեան գործընթաց սկսելն է՝ կանխելու միակողմանի զիջումները եւ հայկական տարածքների յանձնումը թշնամուն, մանաւանդ երբ վերջինս շարունակում է լկտիանալ եւ նորանոր պահանջներ առաջադրել Հայաստանին։

Տաւուշում սկսուած ժողովրդական ընդվզումն անցած օրերին տարածուեց Հայաստանի ողջ տարածքով՝ անմասն չթողնելով որեւէ մարզ կամ համայնք։ Հայաստանի քաղաքացիներն ամէնուրեք իրենց բողոքն են յայտնում երկրի տարածքների յանձման դէմ՝ յստակօրէն գիտակցելով, որ Տաւուշում վարչախմբի կողմից իրականացուող միակողմանի զիջումներին յաջորդելու են նորերը՝ ծնկի բերելով Հայաստանի Հանրապետութիւնը եւ հարցականի տակ դնելով նրա բուն գոյութիւնը։

Զրկուած լինելով հանրային որեւէ աջակցութիւնից՝ վարչախումբը ստիպուած է դիմել սեփական ժողովրդի դէմ համատարած ոստիկանական բռնութեան՝ բիրտ ճնշման միջոցով փորձելով լռեցնել սկսուած ընդվզումը։ Այս պայմաններում վարչախմբի հեռացումը դառնում է միարժէք հրամայական, ինչը հնարաւոր է հանրային ընդվզմանը մասնակցող բոլոր ուժերի համագործակցութեան եւ համակարգուած աշխատանքի շնորհիւ։

 «ՀայաՔուէ» քաղաքացիական նախաձեռնութիւնը, շարունակաբար լինելով Հայաստանի ինքնիշխանութեան համար մղուող պայքարի առաջնագծում, ներկայումս պայքարի դուրս եկած հանրային բոլոր ուժերին եւ անհատներին կոչ է անում ձեւաւորելու պայքարի միասնական ճակատ, Հայաստանի հանրութեանը ներկայանալու այս ճգնաժամից դուրս գալու յստակ տեսլականով եւ միասնական քաղաքական առաջնորդութեամբ, որն իրական վստահութիւն կը ներշնչի մեր երկրի քաղաքացիներին եւ նոր որակ կը հաղորդի Տաւուշում սկսուած հայրենատիրութեան պայքարին։

Ցանկանում ենք առանձնայատուկ ընդգծել ՀԱԵ Տաւուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանեանի բացառիկ դերը՝ որպէս պայքարի հոգեւոր առաջնորդ եւ ոգեշնչող, եւ յոյս յայտնել, որ դա թոյլ կը տայ արագացնել այս գործընթացը։

Ազգային Ժողովի ընդդիմադիր խմբակցութիւններին կոչ ենք անում իսպառ հրաժարուել գործող վարչախմբի հետ յետագայ ցանկացած ինստիտուցիոնալ փոխգործակցութիւնից եւ առաջին իսկ պատեհ պահին նախաձեռնել կառավարութեանն անվստահութիւն յայտնելու գործընթացը։

Միեւնոյն ժամանակ, իշխանական խմբակցութեան բոլոր անհատ պատգամաւորներին, որոնք չէն արատաւորել իրենց անունը Հայաստանի Հանրապետութեան ինքնիշխանութեան եւ սահմանադրական կարգի դէմ խօսքով կամ գործով, կոչ ենք անում դուրս գալու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցութիւնից՝ յետագայում նոր խորհրդարանական մեծամասնութեան ձեւաւորմանը մասնակցելու եւ սահմանադրական ճանապարհով իշխանափոխութիւն իրականացնելու հեռանկարով»,-նշուած է հաղորդագրութիւնում։

Share