Վահէ Հովհաննիսեան
Այլընտրանքային նախագծեր խումբ
Փոխվարչապետ Մհեր Գրիգորեանը երէկ յայտարարել է, որ «սահմանազատումը Տաւուշից սկսելու վերաբերեալ որոշում դեռ չկայ»։ Այս յայտարարութիւնն ակնյայտօրէն արուել է « ոտքի վրայ»՝ ներքին պայթիւնաւտանգութեան պոտենցիալը տեսնելուց յետոյ։ Սրանից յետոյ ծագում է մէկ էական հարց. եթէ նման որոշում չկայ, ապա ինչո՞ւ իր ղեկավարը՝ ՀՀ վարչապետը շտապեց ի լուր աշխարհի յայտարարել, որ 4 գիւղերն Ադրբեջանինն են։ Ինչո՞ւ մինչեւ սահմազատման աշխատանքները սկսելը Հայաստանի վարչապետը արեց նման բան՝ քանդելով Հայաստանի բանակցային դիրքերը՝ Ալիեւին տալով յետագայ քայլերի «լեգիտիմ» հիմք։ Ի՞նչ էր սա։ Այս իրավիճակը որեւէ մէկի հրաժարականի առիթ չէ՞։
Ամսի 5-ը գալիս է
Մինչ այդ հայ ժողովուրդը ահռելի անիմաստ սպասումների մէջ է՝ ամսի 5-ի հանդիպումից։ Ճնշող մեծամասնութիւնը տեղեակ էլ չէ՝ ինչ հանդիպում է, ովքեր են մասնակիցները, բայց ինչպէս մեր պատմութեան մէջ յաճախ է պատահում, իռացիոնալ սպասումները յաղթում են բանականութեանը։
Վերջին շաբաթուայ ՌԴ ԱԳՆ-ի եւ ԱՄՆ պետդէպի յայտարարութիւնները փաստում են, որ Հայաստանը պաշտօնապէս յայտնուել է Արեւմուտք-Ռուսաստան բախման կենտրոնում։ Մեր փոքր, սիրուն 29800-ը այս իշխանութիւնը դարձրեց աշխարհի ուժեղների պոլիգոն։ Հայ ժողովուրդը սա չի հասկանում, բայց հետեւանքները, ամենան հաւանականութեամբ կը տեսնի ու կզգայ։
Ամսի 5-ին հայ ժողովրդին կառաջարկուի արեւմտեան կոնֆետ՝ Ռուսաստանի եւ Իրանի հանդէպ «սառնութեան» դիմաց։ Այդ կոնֆետն այդպէս էլ մնալու է օդում՝ փողի եւ այլ բարիքների խոստման տեսքով։ Իսկ կորուստները ցաւօք, կարող են լինել շատ առարկայական։
Բլինքէնը հանդիպումից առաջ զանգում է Ալիեւին, հանգստացնում, որ «քննարկուելու են բացառապէս տնտեսական հարցեր», իսկ սրտատրոփ ամսի 5-ին սպասող հասարակութիւնն արդէն ի վիճակի չէ ընկալելու, որ սննդի ու փողի ակնկալիքի դիմաց կարող է վճարել հայրենիքի հատուածներով ու նորանոր զոհերով։
Կեանքը ամսի 5-ից յետոյ
Իռացիոնալ սպասումներին մշտապէս զոհ գնացող հասարակութիւնից պետական մտածողութեամբ հասարակութիւն մենք կը ստանանք միայն այն ժամանակ, երբ ձեւաւորուի պետական մտածողութեամբ վերնախաւ։ Հետպատերազմեան էլիտաները պէտք է առաջին հերթին ունենան ներքին կարմիր գծեր՝ անյատական եւ թիմային «չիկարելինէրի» համակարգ, լինէն միաւորներ եւ ոչ թէ՝ անհատների շուրջ շքախմբեր։ Ողբերգութիւնը որոշակիօրէն արագացրեց ընթացքը, եւ արդէն ձեւաւորուել է լուրջ-սկզբունքային անհատների մեծ անուանացանկ։ Յաջորդ քայլն արդէն նոր ասելիքով միաւորների ձեւաւորումն է եւ այդ միաւորների՝ իրար հետ աշխատելու նոր մշակոյթը։ Նոր, գրագէտ իշխանութիւնը, որում տեղ կ’ունենան բոլոր ունակ մարդիկ, այնքան արագ կփոխի մթնոլորտը երկրի ներսում, որ արտաքին ռիսկերից շատերը պարզապէս կը դառնան անհնար։