Սոցինտերնը ընդունեց ՀՅԴ ներկայացրած բանաձեւը, որով դատապարւում է Ադրբեջանի գործողութիւնները ՀՀ-ի դէմ. Գեւորգ Ղուկասեան

Սոցինտերնը ընդունեց ՀՅԴ ներկայացրած բանաձեւը, որով դատապարւում է Ադրբեջանի գործողութիւնները ՀՀ-ի դէմ. Գեւորգ Ղուկասեան

Սիրելի հայրենակիցներ, ինչպէս տեղեակ եք, ՀՅԴ պատուիրակութիւնը վերջին օրերին գտնւում էր Մադրիդում, մասնակցելու սոցիալիստական ինտերնացիոնալի 26-րդ կոնգրէսի աշխատանքներին, եւ ես ցանկանում եմ որոշակի տեղեկութիւններ տրամադրել կոնգրէսի աշխատանքներից. այս մասին ֆեյսբուքեան ուղիղ եթերով նշել է ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական գրասենեակի յատուկ ծրագրերի պատասխանատու Գեւորգ Ղուկասեանը։

«Ինչպէս վերջին օրերին հանրային կապերի գրասենեակը պարբերաբար իրազեկում է` նոյեմբերի 25-27 Մադրիդում անցկացուեց Սոցիալիստական ինտերնացիոնալի նիստը եւ կոնգրէսի 26-րդ նիստը, որին Դաշնակցութիւնը մասնակցում էր առանձին պատուիրակութեամբ։ Պատուիրակութեան անդամներն էին Սոցիալիստական ինտերնացիոնալի փոխնախագահ Մարիոյ Նալբանդեանը, Դաշնակցութեան բիւրոյի անդամ եւ Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի պատգամաւոր Դաւիթ Իշխանեանը, Սոցիալիստական ինտերնացիոնալի երիտասարդական կազմակերպութեան փոխնախագահ Սարինէ Աբրահամեանը եւ ես։

Խորհրդի եւ կոնգրէսի աշխատանքները բաւական յագեցուած էին։ Մեր պատուիրակութիւնը ունէր մասնակցութեան շատ յստակ օրակարգ եւ տեսանք, որ Դաւիթ Իշխանեանը պատմական ելոյթ ունեցաւ Սոցիալիստական ինտերնացիոնալի կոնգրէսի ժամանակ, որի ընթացքում դահլիճում ներկայ էր Իսպանիայի վարչապետը, Ալբանիայի վարչապետը, Պորտուգալիայի վարչապետը, Եւրոպական Միութեան եւ արտաքին քաղաքականութեան անվտանգութեան հարցերով գերագոյն յանձնակատար Ջոզեպ Բորելը, այլ պետութիւնների ղեկավարներ։ Դաւիթ Իշխանեանի ելոյթը շատ կարեւոր ձեռքբերում էր, եւ այն բոլոր մեսիջները, որ մենք ցանակնում էինք փոխանցել միջազգային գործընկերներին, ստացուեց։

Միւս կարեւոր ձեռքբերումը կոնգրէսի կողմից Մարիոյ Նալբանդեանի վերընտրութիւնն էր իբրեւ Սոցիալիստական ինտերնացիոնալի փոխնախագահ։Դաշնակցութիւնը Սոցիալիստական ինտերնացիոնալին անդամակցում է 1907թ․-ից եւ միջազգային սոցիալիստական հանրոյթի շրջանում Դաշնակցութեան վարկանիշը բաւական բարձր է, ինչը արտայայտեց Մարիոյ Նալբանդեանի միաձայն վերընտրութիւնը իբրեւ Սոցիալիստական ինտերնացիոնալի փոխնախագահ, որով Դաշնակցութիւնը աշխարհի խոշորագոյն կազմակերպութեան մէջ, որը կազմուած է կուսակցութիւններից, պահպանեց փոխնախագահի հանգամանքը», — նշեց նա։

Ղուկասեանը յայտնեց, որ Խորհրդաժողովի կոնգրէսի աշխատանքների վերջին օրը ընդունուեց բանաձեւ, որը ներկայացրել էր Դաշնակցութիւնը. «Այդ բանաձեւը ներկայացնելու պատիւը ունեցայ ես։ Բանաձեւով կոնգրէսը դատապարտում է Ադրբեջանական ներխուժումը, ագրեսիան Հայաստանի տարածքում, դատապարտում է քաղաքացիական ենթակառուցուածքների ռմբակոծումը  եւ բանաձեւը շատ յստակ նշում է, որ Ղարաբաղեան հիմանխնդիրը լուծուած չէ, եւ որ այդ խնդրի համապարփակ լուծումը այն գրաւականն է, որը կարող է երաշխաւորել յարատեւ խաղաղութիւն Հարաւային Կովկասում։ Բանաձեւը նաեւ անդրադառնում է ռազմագերիների խնդիրներին, շատ յստակ բառացի ընդգծում է, որ նրանք Ադրբեջանում ենթարկւում են կտտանքների, եւ այս առումով եւս իր դատապարտող խօսքն է ասում։ Կոնգրեսի աշխատանքները աւարտուել են։ Շատ յստակ ուզում եմ նշել, որ Դաշնակցութեան պատուիրակութեան 4 անդամներից որեւէ մէկը Հայաստան չի վերադառնում եւ ոչ էլ վերադառնում են այն  երկներ, որտեղից նրանք ժամանել էին Մադրիդ։ Իշխան Սաղաթելեանի ֆեյսբուքեան վերջին գրառումից տեղեակ ենք, որ Դաշնակցութիւնը վերջին մէկ շաբաթուայ ընթացքում լայնածաւալ արտաքին յարաբերական աշխատանքներ է իրականացնում ամբողջ աշխարհում»։

Share