ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր ԳԵՂԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ խորհրդարանի ամբիոնից ցուցադրաբար պատռեց մամուլում տարածուած անգլերեն այն տեքստը, որը լրատուամիջոցները ներկայացնում են` որպէս խաղաղութեան պայմանագրի ամերիկեան տարբերակ: Նա ընդգծեց, որ Վաշինգտօնում մշակուած եւ Պրահայում Փաշինեանի ու Ալիեւի կողմից հաւանութիւն ստացած ու մի քանի կէտանոց այդ փաստաթղթի մասին իշխանութիւնները որեւէ բան չէն խօսել, չէն հերքել, մինչդեռ այն արձանագրում է, որ Հայաստանը վերջնականապէս ձեռքերը լուանում է Արցախից` ինքնորոշման իրաւունքի 30-ամեայ պայքարից: Այս մասին «Իրաւունքը» զրուցեց ընդդիմադիր ՀՅԴ-ական պատգամաւորի հետ:
— Պարոն Մանուկեան, ընդամենն օրերի հարց է մնացել` ի վերջոյ, եթէ մերժում եք իշխանութեան, այսպէս կոչուած, «խաղաղութեան պայմանագիր» ստորագրելու ճանապարհը, հետեւապէս ի՞նչ եք առաջարկում:
— Նախ դժուար է ասել, թէ օրերի հարց է, որովհետեւ ամէն ինչ անյստակ է: Այնքան է իշխանութիւնը խճճուել արտաքին յարաբերութիւնների եւ մայրաքաղաքների մէջ, որ ինքն էլ չգիտի` ինչ անի: Բայց ամենավտանգաւորն այն է, որ իշխանութիւնը հանրային, ներքին քարոզչութեան մէջ, անգամ Արցախի իշխանութիւնների հետ յարաբերութիւններում փորձում է ստեղծել մի տպաւորութիւն, թէ ամէն ինչ փլուզուած է, եւ ով էլ գայ Նիկոլի տեղը, չի կարող իրավիճակ փոխել, ամէն ինչ վերջացած է: Մինչդեռ դրանով նրանք ընդամէնը մէկ նպատակ են հետապնդում` երկարաձգել սեփական իշխանութիւնը: Ես կարող եմ գործողութիւնների շարք ներկայացնել, թէ ինչ պէտք է անել: Նախ իշխանութեան փոփոխութիւնը նոր մի իրավիճակ եւ մթնոլորտ կարող է ստեղծել: Սա հնարաւորութիւն կը տայ ի չիք դարձնել բոլոր բանաւոր խոստումներն ու պայմանաւորուածութիւնները, որոնք ունեցել է Փաշինեանը այս երկու տարուայ ընթացքում: Յենց այդ բանաւոր պայմանաւորուածութիւնների հետեւանքով էր, որ Զանգեզուրում մեր զօրքերը 20 կմ հետ քաշուեցին, ասում էր, թէ անխօս հասկացողութիւն կայ, որ պէտք է դուրս ելնէն: Այս տարուայ գարնանն ու ամռանը, երբ Թուրքիան եւ Ադրբեջանը պահանջում էին խոստումները կատարել, նա վախ ունէր, որ չհասցնի, որովհետեւ «Դիմադրութեան» շարժումը հրապարակում էր: Այնպէս որ, իշխանութեան փոփոխութիւնը եւ Հայաստանի կողմից տարբեր մայրաքաղաքների հետ նոր վստահելի երկխօսողը կարող է իրավիճակ փոխել: Ընդ որում` խօսքը ոչ թէ արհեստական ժամանակ շահելու մասին է, այլ ռեսթարթ անելու եւ ամենակարեւորը` հայեացք ուղղելու երկրի զինուած ուժեր, անվտանգութիւն, հասարական համերաշխութիւն, միասնականութիւն: Սա է հարցերի լուծման ճանապարհը: Մինչդեռ այսօր Հայաստանը գտնւում է մի վիճակում, որ բոլոր մայրաքաղաքները ինչ-որ ճնշումներ են գործադրում: Այս իրավիճակում սեփական երկրի ապագայի մասին մտածող մարդը պէտք է գործի դներ բոլոր ռեսուրսները` Հայաստանում եւ Հայաստանից դուրս, ինչպէս եղել է տարիներ շարունակ, այդ թւում` այն հարստութիւնը, որը հայ ժողովուրդն ունեցել է` յանձինս Սփիւռքի: Իսկ ի՞նչ է անում իշխանութիւնը, բաժանումներ է դրել է հայրենիքի ու սփիւռքի միջեւ, ինչ-որ ցնդաբանական տէրմիններ օգտագործելով գագաթնաժողով է անում, որտեղ ընտրողաբար են վերաբերւում այն կառոյցներին, որոնք առաւօտից գիշեր տարիներ շարունակ ի շահ Հայաստանի եւ Արցախի հանրապետութիւնների են աշխատել: Այդ բոլոր կառոյցներին վանում են Հայաստանի Հանրապետութիւնից:
— Սփիւռքի յանձնակատարի գրասենեակը յայտարարութիւն էր տարածել, թէ անյատական եւ անուանական կերպով հրաւէր են ուղարկել բոլոր երկրներում գործող ՀՅԴ մարմիններին, բոլոր քոյր կազմակերպութիւններին, նրան օժանդակող կամ փոխկապակցուած կառոյցների անդամներին, բայց ՀՅԴ բիւրոն շրջաբերական է տարածել, որով հրահանգ է տրուել բոլոր դաշնակցական կառոյցներին չմասնակցել այդ գագաթնաժողովին: Ի՞նչ կասեք այս մասին:
— Սինանեան Զարեհը ստում է, բառախաղ է անում, որովհետեւ ով-ով, գոնէ նա գիտի, որ Դաշնակցութեանը հրաւիրում են` ՀՅԴ բիւրոյին հրաւէր ուղարկելով, ոչ թէ ՀՅԴ-ական Պողոսին, Պետրոսին կամ Մարտիրոսին անհատապէս: Այսօրուայ իշխանութեան 4 տարուայ քաղաքականութիւնը սա է` Սփիւռքի կայացած կառոյցները շրջանցել եւ անհատների հետ գործ բռնել: Եւ ստացան ապտակը` եղաւ երկու կաթողիկոսների, բազմաթիւ կազմակերպութիւնների յայտարարութիւնը, որոնք անընդունելի համարեցին իրենց մասնակցութիւնն այդ գագաթնաժողովին: Բայց մեր կառոյցները, Հայ դատի գրասենեակները` Հայրենիքից` Արցախից ու Հայաստանից նեղացող չէն եւ այսօր էլ պատրաստում են եւրոպացի լրագրողների եւ պատգամաւորների այցը Հայաստան: Դրա համար եմ ասում, որ ներքին կեանքում շատ արագ հնարաւոր է փոփոխութիւն, զինուած ուժերում շատ արագ հնարաւոր է հոգեբանական փոփոխութիւն: Անգամ ղեկավարի եւ հռետորաբանութեան փոփոխութիւնն ամբողջ բարոյահոգեբանական մթնոլորտը կփոխի զինուած ուժերում:
«ՄԱՐԴԿԱՆՑ ՊԱՀՈՒՄ ԵՆ ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ՀՈՏԸ ՔԹՆԵՐԻՆ»
— Կարծում եք` այդքան ժամանակ ունե՞նք, երբ զուտ տեխնիկական հարց է դարձել իշխանութեան համար` ամսուայ վերջ Սոչիում, թէ Բրիւսելում են Փաշինեանն ու Ալիեւը հանդիպելու եւ պայմանագիր ստորագրէն:
— Եթէ այսօր ասենք` դրա ժամանակը չունենք, մենք մի ամիս յետոյ էլ ասելու ենք` կորցրած մի ամիսն ափսոս էր: Երկու տարի այդպէս կորցրել ենք, դրա համար ամէն օրն է թանկ: Տվեալ դէպքում` դժուար է կանխատեսել իրականում հոկտեմբերի 31-ին Սոչիում ինչ է լինելու կամ նոյն օրը Բրիւսելում, որտեղ, կարծես թէ, առաջարկում են սահմանագծման-սահմանազատման աշխատանքների յանձնաժողովի նիստ անցկացնել: Պետք է այս խճճուածութիւնից դուրս գալ եւ շատ արագ մթնոլորտ փոխել:
— Մերժելով վաշինգտոնեան խաղաղութեան պայմանագրի տարբերակը` կո՞ղմ եք մոսկովեան տարբերակին, թե՞ ընդհանրապէս դէմ եք որեւէ տարբերակին:
— Խնդիրն այն է, որ չկայ խաղաղութեան պայմանագիր: Շեշտում եմ` այս իշխանութիւնը չունի խաղաղութեան պայմանագրի նախագիծ: Այս իշխանութիւնը ցանկացած թուղթ ստորագրելով, Արցախից հրաժարուելով, ախորժակները բացելով` պատերազմը շատ աւելի մօտեցնելու է Երեւանին: Պատահական չէր, որ ԱԺ ամբիոնից ասացի, որ իմ Քանաքեռին է մօտենալու: Վստահաբար մետրոեօվ երթեւեկում եք եւ լսել եք, որ պարբերաբար յայտարարում են, թէ մետրոյի վագոնում, եթէ անծանօթ պայուսակ գտնեք, դիմեք մեքենավարին: Այսինքն` մարդկանց միշտ պահում են պատերազմական հօտը քթներին` ներհայաստանեան կեանքում սեփական ժողովրդին տեռորի ենթարկելով, թէ թշնամին գալու է, ու դուք չենք կարողանալու պաշտպանուել, որպէսզի մարդիկ էլ ասէն` լաւ, ինչ թուղթ կայ ստորագրեք, միայն «պրծնենք»:
«ԶԱՏՈՒԼԻՆԸ ՊԻՆԴ ԿԱՆԳՆԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱՐՑԱԽԻ ԿՈՂՔԻՆ»
— Այն, որ ՌԴ ԱՊՀ գործերի, եւրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի յանձնաժողովի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինի մուտքը ՀՀ արգելուել է, ՔՊ—ական պատգամաւորները յայտարարում են, թէ տեղին էր, որովհետեւ չպէտք է այլ երկրի պաշտօնեան խառնուի ՀՀ ներքին գործերին: Ինչպե՞ս եք Դուք վերաբերւում նման որոշմանը:
— Այլ գործչի դէպքում ուրիշ է, բայց Կոնստանտին Զատուլինն այն եզակի նուիրեալներից է մնացել, որ մինչեւ հիմա պինդ կանգնած է Հայաստանի եւ Արցախի կողքին: Լեւոն Տեր-Պետրոսեանին էլ են շատերը տարիներ շարունակ քննադատել, միւս ղեկավարներին էլ, բայց միայն այս իշխանութիւնն է անձնական մօտեցումով առաջնորդւում, եւ նրանց քինախնդրութիւնը սահման չի ճանաչում: Կոնստանտին Զատուլինի մուտքը մերժել էին Հայաստան, ԱԺ-ից էլ նամակ էին ուղարկել, բայց այնքան քինախնդիր են, որ առաջինը շտապել էին Նիկոլ Փաշինեանի ընտանեկան թերթում լուրը հրապարակել: Այսքանից յետոյ` զարմանում եմ, որ դեռ մեր հայրենակիցների մէջ կան մարդիկ, որ ասում են` լաւ, Նիկոլն ի՞նչ անի: Այդպէս են պատերազմը պարտուել, որովհետեւ գործը թողած` Ֆեյսբուքում ստատուս ու բանաստեղծութիւն էին գրում, ստէր տարածում, պարտութիւնը էլ ինչպե՞ս է լինում, հէնց այսպէս` մարդկանց թեւաթափ անելով:
— Ըստ Ձեզ` Կոնստանտին Զատուլինի մուտքը ՀՀ արգելելը ի՞նչ հետեւանքներ կ’ունենայ` առանց այն էլ ճգնաժամի մէջ գտնուող հայ—ռուսական յարաբերութիւնների վրայ:
— Մենք ունցել ենք մի հայազգի վարորդ, որը ծանր վթարի էր ենթարկել ուղեւորատար աւտօբուսի: Նրան շատ անյարգալից էին վերաբերուել եւ խալաթով բերել էին դատարան: Ամբողջ Հայաստանը ոտքի էր կանգնել, իսկ այս դէպքում` ՌԴ Պետդումայի յանձնաժողովի փոխնախագահի մասին է խօսքը, ինչ-որ «гастарбайтер» չէ, պատերազմից փախած ՌԴ քաղաքացի չէ: Մի պահ պատկերացրեք` ի՞նչ կանէինք մենք, եթէ Հայաստանի խորհրդարանի փոխնախագահներից մէկին չթողնէին մտնել Ռուսաստան կամ Վրաստան:
«ԱՌԱՋԻԿԱՅՈՒՄ ԼԻՆԵԼՈՒ Է ՀԱՆՐԱՀԱՎԱՔ»
— Ի դէպ, տեւական դադարից յետոյ` խորհրդարանական ընդդիմութիւնը երէկ կրկին Ազգային ժողւում էր: Սա նշանակո՞ւմ է վերադարձ խորհրդարան:
— Միշտ ասել ենք` երբ ուզէնանք, մեր օրակարգով կուերադառնանք: Ուզում եմ յիշեցնել, որ երկու շաբաթ առաջ հանրահաւաք էր, եւ յաջորդ օրը խմբակցութիւնով որոշեցինք, եւ ես մտայ դահլիճ ԱԺ ամբիոնից ելոյթ ունեցայ` ներկայացնելով հանրահաւաքում հաւաքուած մարդկանց կարծիքները, կոչերը քաղաքական մեծամասնութեանը, որ հիմա Նիկոլին փրկելու ժամանակը չէ, այլ Հայրենիքը փրկելու ժամանակն է: Երեկ էլ ԱԺ յայտարարութիւնների ժամին եկել էինք, որովհետեւ կրիտիական հարցեր կան, որոնք պէտք է հնչեցուեին:
— Իսկ փողոցում պայքարի օրակարգ այլեւս չունե՞ք:
— Բոլոր օրակարգերը մեր զինանոցում կայ, բայց այն պէտք է լինի իմաստալից: Առաջիկայում լինելու է հանրահաւաք, այլ մանրամասներ չեմ ասում:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ