Արցախի շրջափակման հարցում լացուկոծի փոխարէն պէտք է կոնկրէտ գործողութիւնների ծրագիր։ Հայաստանի իշխանութիւնները ոչ մի իրական քայլ չէն անում, նոյնը վերաբերում է Արցախի իշխանութիւններին։
Անծրագիր լացուկոծը զրոյ արդիւնք է տալու։ Մենք այս պահին նաեւ չգիտենք՝ այդ անգործութիւնը անելիքի չիմացութիւնի՞ց է, թե՞ պետական քաղաքականութիւն է։ Սա կարեւոր հարց է, բայց այս պահին աւելի կարեւոր է շրջափակուած արցախահայութեանը օգնելը։
Անգործութեան մեղադրանքներին ի պատասխան՝ հանրութեանը հմտօրէն կերակրում են «Դէ ի՞նչ կարող ենք անել, պատերազմով հոյ չե՞նք բացելու միջանցքը» արդարացմամբ։
Մինչդեռ, եթէ Հայաստանի իշխանութիւններն իրապէս ուզում են գործնական քայլեր անել Արցախի շրջափակումը վերացնելու կամ գոնէ Ադրբեջանի համար դժուար մարսելի դարձնելու համար, ապա կարող են անել առնուազն հետեւեալ 5 քայլը.
1. Նախաձեռնել ՄԱԿ ԱԽ նիստ եւ հասնել Արցախի շրջափակումը դատապարտող բանաձեւի։ Նախորդ տարուայ վերջին ՄԱԿ ԱԽ նիստում Ադրբեջանի փաստարկների հիմքում «էկոյ-ակտիւիստներն» էին եւ այն, թէ իբր շրջափակման հետ Ադրբեջան պետութիւնը կապ չունի։
Այսօր արդէն շրջափակումն իրականացւում պետական մակարդակով, եւ ԱԽ դատապարտող բանաձեւի հասնելն աւելի իրատեսական է։ Պետք է յոյս ունենալ, որ ԱԳՆ-ը դասէր քաղել է անցեալ տարուայ ֆիասկոյից եւ աւելի գրագէտ կ’աշխատի ԱԽ անդամ պետութիւնների հետ։
2. Դիմել ԱՄՆ-ին՝ վերանայելու Freedom Support Act 2023թ. չեղարկումը
Պաշտօնապէս եւ բաց դիմել ԱՄՆ վարչակարգին՝ վերանայելու այս տարուայ Freedom Support Act-ի չեղարկումը։
Freedom Support Act-ը յստակ ձեւակերպմամբ արգելում է որեւէ ռազմական օգնութիւն Ադրբեջանին՝ Լեռնային Ղարաբաղի շրջափակման դէպքում։ Հասկանալի են անդրկուլիսեան հարցերը, սակայն Հայաստանի պաշտօնական բաց դիմումը (կամ այդպիսի դիմումի ակնարկումը) կը ստիպի ԱՄՆ վարչակարգին՝ առնուազն ի գիտութիւն ընդունել խնդրի լրջութիւնը եւ լուծումներ փնտրել։
3. Դիմել ԵՄ-ին՝ Humanitarian & Emergency Response մեխանիզմն Արցախում կիրառելու առաջարկութեամբ։
Եւրամիութեան Humanitarian & Emergency Response մեխանիզմը կոչուած է կոնֆլիկտային եւ հետկոնֆլիկտային գօտիներում բնակչութեան աջակցութեանը։ Այսօր այդ մեխանիզմը, ի թիւս այլ երկրների, կիրառւում է Ուկրաինայում։
Այդ մեխանիզմի կիրառմանը Արցախում բնականաբար կդիմադրի Ադրբեջանը, սակայն մեխանիզմը հումանիտար բնոյթ ունի, եւ հետեւաբար մեր կողմից ներկայացուող հումանիտար բնոյթի փաստարկներն աւելի զօրեղ կը լինէն։
4. Պահանջել ՄԱԿ-ի կողմից հումանիտար թռիչքներ եւ հումանիտար շարասիւների կազմակերպում։
ՄԱԿ Պարենային Ծրագիրն ունի հումանիտար թռիչքների կազմակերպման մանդատ եւ փորձ։
Արցախի բնակչութեանը պարենային ապահւումից բացի՝ ՄԱԿ-ի Պարենային Ծրագիրն այլ անելիք Հայաստանում չի կարող ունենալ։
Անհրաժեշտ է նաեւ Արցախի շրջափակման հարցը բարձրացնել ՄԱԿ-ի Մարդասիրական Ծրագրերի Համակարգման Գրասենեակում (UN Office for Coordination of Humanitarian Affairs — OCHA)։ Այդ գրասենեակն արդէն ներգրաւուած է Ուկրաինայում։
5. Դիմել Գերմանիային՝ դէպի Ստեփանակերտ օդային կամուրջ կազմակերպելու առաջարկութեամբ։
Ժամանակին Արեւմտեան Բեռլինի շրջափակման ժամանակ կազմակերպուել է Բեռլինի օդային կամուրջը (Berlin Airlift կամ Berliner Luftbrücke), ինչի արդիւնքում կազմակերպուեց տեղի բնակչութեան պարենի եւ դեղորայքի անխափան մատակարարումը։ Այս փորձը կիրառելի է Ստեփանակերտի շրջափակման հարցում։ Գերմանիան տարբեր մակարդակներով դատապարտում է Արցախի շրջապատումը, եւ այսպիսի հարցադրումը կարող է արդիւնաւետ լինի։
Ռուսական ուղղութիւն
Արցախի շրջափակումը ռուսական պետական եւ հանրային գիտակցութեան մէջ պէտք է նոյնացուի Լենինգրադի բլոկադայի հետ։ Ռուսական իրականութեան մէջ եւ անձամբ Վլ. Պուտինի համար սա գրեթէ սուրբ թեմայ է։ Հայ-ռուսական յարաբերութիւնների բոլոր խողովակներով պէտք է այս թեման գեներացուի։ Մեծ դեր ունեն ռուսահայ էլիտաները՝ բիզնես, մեդիայ, գիտական, մշակութային եւ այլն։ Ոչինչ չի արւում։
Արցախի կողմից
Արցախում ձեւաւորուել է «Արցախի անվտանգութեան եւ զարգացման ճակատ» հանրային շարժումը, որը բաւականին գրագէտ տեքստէր է հրապարակայնացնում եւ Արցախի ներսում իրականացնում հանդիպումներ։ Սակայն այս շարժումն այս պահին, գոնէ տեսանելիօրէն, չի բացուել աշխարհի համար, չի ստեղծել կապ՝ հայաստանեան ակտիւ հանրային ուժերի եւ աշխարհի տարբեր կենտրոնների հետ։ Մենք Հայաստանի ներսում պէտք է նրանցից ստանանք յստակ ուղերձներ եւ հասկանանք համագործակցելու ճանապարհները, պէտք է ունենանք յետադարձ կապի մեխանիզմ՝ մեր գործողութիւններում ու քայլերում վստահ լինելու համար։ Միայն Արցախի ներսում բնակչութեան հետ հանդիպումներով շրջափակման յաղթայարման ուղղութեամբ դժուար է անել լուրջ քայլեր։
Ընդհանուր առմամբ
Մենք պէտք է լուծենք հետեւեալ խնդիրը.
ա/ Արցախի շրջափակման հարցին տալ միջազգային տագնապի կարգավիճակ
բ/ Թէ´ արեւմուտքում, թէ´ Ռուսաստանում ձեւաւորել «մեղքի զգացման» տրամադրութիւններ։ Սա շատ կարեւոր եւ կոնկրէտ գործիք է։ Ոչ մի քաղաքակիրթ իշխանութիւն չի ցանկանայ մաս կազմել ցեղասպանութեան։ Նրանք երկար ժամանակ կարող են փորձել չտեսնելու տալ, բայց տեսնելուց յետոյ չէն կարող անտարբեր մնալ։ Դա ուղղակի հնարաւոր չէ։ Մեր խնդիրն է՝ ջարդել այդ «չտեսնել տալու» փուլը։
Վստահ ենք, որ կան եւս 5, եթէ ոչ 15 նմանատիպ կամ շատ աւելի արդիւնաւետ միջոցներ՝ Արցախի շրջափակման հարցը դիւանագիտական ճանապարհով լուծելու կամ գոնէ իրական ճնշում գործադրելու համար։
Այսօր գործնականում ոչինչ չի արւում։
Այլընտրանքային նախագծեր խումբ