Սիմոնեանը հերթական անգամ կեղծ պնդում է անում

Սիմոնեանը հերթական անգամ կեղծ պնդում է անում

Նանէ Մանասեան

ԱԺ նախագահ Ալէն Սիմոնեանը խորհրդարանի հոկտեմբերի 22-ի նիստում պնդել է, թէ  2010 թուականին ընդունուած «Վարչատարածքային բաժանման մասին» օրէնքով նախկին իշխանութիւններն Արցախը ճանաչել են Ադրբեջանի կազմում։

Պատասխանելով «Հայաստան» խմբակցութեան ՀՅԴ-ական պատգամաւոր Գեղամ Մանուկեանի հարցին՝ Սիմոնեանն ասել է․ «Երբ «Վարչատարածքային բաժանման մասին» օրէնք էիք քննարկում եւ ընդունում՝ անձամբ Ձեր կուսակցութիւնը (նկատի ունի՝ ՀՅԴ-ն), եւ նշում էիք, որ դա Ադրբեջան ա, բա ի՞նչ էիք անում»։ 

Սիմոնեանին արձագանքել է նոյն խմբակցութեան մէկ այլ ՀՅԴ-ական պատգամաւոր Արծուիկ Մինասեանը՝ նշելով, որ նա կեղծիք է տարածում՝ պնդելով, թէ նրա կուսակցութիւնը ճանաչել է Արցախը Ադրբեջանի մաս, «այն էլ ոչ աւել, ոչ պակաս «Վարչատարածքային բաժանման մասին» օրէնքին յղում կատարելով»։ 

ԱԺ նախագահն էլ, ի պատասխան, Մինասեանին է մեղադրել ստելու մէջ ու պնդել, որ ՀՅԴ-ն ներկայացնող պատգամաւորները ժամանակին կողմ են քուէարկել այդ օրէնքին, «որում սահմանից էն կողմ գրուած է Ադրբեջան»։ 

«Փաստէրի ստուգման հարթակը» բազմիցս անդրադարձել է Սիմոնեանի ու ՔՊ-ական պաշտօնեաների այդ պնդմանը՝ ցոյց տալով, որ այն կեղծ է ու չի համապատասխանում իրականութեանը։

Կեղծ պնդումն առաջինը շրջանառել է վարչապետը

«Վարչատարածքային բաժանման մասին» օրէնքի վերաբերեալ քննարկումները սկսուել են 2020 թուականի 44-օրեայ պատերազմից յետոյ՝ դեկտեմբերին, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը, հայկական տարբեր բնակավայրերից ու ճանապարհներից որոշակի հատուածներ ադրբեջանական վերահսկողութեանը յանձնելն արդարացնելու նպատակով, օրէնքից արել էր ՀՀ պետական սահմանի որոշ հատուածներ նկարագրող մէջբերումներ։

Ֆեյսբուքեան իր էջում նման առաջին գրառման մէջ Փաշինեանը նշել էր Սիւնիքի մարզի Շուռնուխ եւ Որոտան գիւղերի սահմանագծերի, իսկ աւելի ուշ մէկ այլ գրառման մէջ՝ արդէն Գեղարքունիքի մարզի Սոթք գիւղի սահմանագծերի նկարագրութեան մասին։

Նոյն պնդումը վարչապետն արել էր նաեւ Հանրային հեռուստաընկերութեան եթերում. «Ես վկայակոչել եմ 2010 թ. ընդունուած «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրէնքը, որտեղ Սիւնիքի մարզի Որոտան գիւղը սահմանակցում է Ադրբեջանին։ Տրւում է կոնկրէտ նկարագրութիւն դեռ 2010 թուականին: Եթէ իրենք նկատի են ունեցել, որ ՀՀ տարածքի ներսում գոյութիւն է ունեցել Ադրբեջանի տարածք, այդ ինչպե՞ս են ասում, որ Ադրբեջանի ներկայացուցիչները մտել են ՀՀ տարածք, այսինքն՝ ՀՀ ներսում կայ Ադրբեջա՞ն»:

Յետագայում թէ՛ Փաշինեանը եւ թէ՛ այլ ՔՊ-ական պաշտօնեաներ այդ պնդումը բազմիցս արել են հանրային տիրոյթում։

Երբ է ընդունուել օրէնքը եւ ինչի մասին է այն

«Վարչատարածքային բաժանման մասին» օրէնքը ընդունուել է 1995 թ. նոյեմբերի 7-ին, ուժի մէջ մտել՝ նոյն տարուայ դեկտեմբերի 15-ին․ օրէնքը բազմիցս փոփոխութիւնների է ենթարկուել։

Սակայն Ադրբեջան բառն առաջին անգամ կիրառուել է 2009 թուականի հոկտեմբերին։ Օրենքում այդ թուականի փոփոխութիւններով նկարագրուել էին նաեւ Վաեօց Ձորի համայնքների սահմանները։ Օրինակ՝ Ջերմուկ քաղաքի սահմանները նկարագրելով՝ օրէնքում նշւում էր, որ քաղաքը հիւսիս-արեւելքով սահմանակից է Ադրբեջանի Հանրապետութեանը, մինչդեռ այդ հատուածում Արցախի Քարովաճառի շրջանն էր փաստացի։

Չնայած «Վարչատարածքային բաժանման մասին» օրէնքում կոորդինատներ կան նշուած, օրինակ՝ գրուած է․ «Ջերմուկ քաղաքային, Գնդեւազ գիւղական համայնքների եւ Հայաստանի Հանրապետութեան Սիւնիքի մարզի տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակէտից սահմանագիծը թեքւում է դէպի հարաւ-արեւմուտք, անցնում 983 մ», այսինքն՝ օրէնքը գրուել է ինչ-որ քարտէզի հիման վրայ, արձանագրուել են կոորդինատները, այնուամենայնիւ, նման քարտէզ բաց տուեալների բազայում գոյութիւն չունի։

Սակայն յատկանշական է, որ օրէնքում յստակ կոորդինատներով չի նշւում, թէ որտեղ է տուեալ բնակավայրը աւարտւում եւ սկսւում Ադրբեջանի սահմանը, այլ պարզապէս նշւում է, որ սահմանը համընկնում է Ադրբեջանի հետ ունեցած պետական սահմանի հետ։

Երբ Փաշինեանը եւ նրա թիմակիցները նշում են 2010 թուականի մասին, նրանք փաստացի նկատի ունեն այդ տարի «Վարչատարածքային բաժանման մասին» օրէնքում ընդունուած նոր փոփոխութիւնը, որով սահմանուել էին նաեւ Սիւնիքի մարզի համայնքների սահմանները։ Յենց այդ փոփոխութիւններով, օրինակ, նշւում էին Շուռնուխ գիւղի վարչական սահմանները՝ մասնաւորապէս, որ համայնքը «Ա» եւ «Բ» հատուածով սահմանակից է պետական սահմանին՝ Ադրբեջանի Հանրապետութեանը (փաստացի այդ հատուածում Արցախի Քաշաթաղի շրջանն էր)։ Սակայն այս դէպքում էլ յստակ կոորդինատներով չի նշւում, թէ որտեղ է տուեալ բնակավայրը աւարտւում եւ սկսւում Ադրբեջանի սահմանը։

Ներքին օրէնքով արտաքին սահմաններ չէն որոշւում 

Fip.am-ը նախկինում թեմայի վերաբերեալ խօսել է մասնագէտների հետ՝ պարզելու, թէ արդեօ՞ք օրէնքով հնարաւոր է որոշել արտաքին սահմանները։

Քարտեզագէտ Անուշաւան Բարսեղեանի կարծիքով՝ «Վարչատարածքային բաժանման մասին» օրէնքը գրուել է սովետական գաղտնի քարտէզի հիման վրայ։ Բարսեղեանը նաեւ նշել էր, որ իր տեսած քարտէզներում, օրինակ, Շուռնուխ գիւղն ամբողջութեամբ հայկական էր։

«Իմ տեղեկութիւններով՝ «Վարչատարածքային բաժանման մասին» օրէնքը գրուել է՝ հիմք ընդունելով սովետական քարտէզները, այսինքն՝ հիմք ընդունելով՝  որ բարձրութեամբ, որ բլուրի վրայով, որ կէտով ու ոնց է անցնում սահմանը, բայց օրէնքով համայնքների սահմաններն են նշւում, այս օրէնքը չի սահմանում պետական սահմանը»,- ասել էր Բարսեղեանը։

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական յանձնաժողովի անդամ Լեւոն Գեւորգեանն էլ պնդել էր, որ «Վարչատարածքային բաժանման մասին» օրէնքը պետութեան ներքին բաժանումների վերաբերեալ է, այն տեղական ինքնակառավարման մարմինների խնդիրն է կարգաւորում, այլ ոչ թէ այլ պետութիւնների հետ սահմանները յստակեցնում։

«Սահմանի որոշումն Ազգային ժողովի լիազօրութիւններից դուրս է։ Հայաստանի սահմանը որոշւում է միջպետական համաձայնագրերով, դրա համար յստակ ընթացակարգ կայ։ Միջազգային համաձայնագրերը, որոնք սահման են որոշում, քաղաքական բնոյթի որոշումներ են, բնականաբար, պէտք է  Սահմանադրական դատարան նաեւ մտնէն եւ այլ փուլերով անցնեն»,- Fip.am-ի հետ զրոյցում ասել էր Գեւորգեանը։

Գեւորգեանը նշել էր, որ Հայաստան-Ադրբեջան սահմանը իրականում երբեք որեւիցէ միջազգային պայմանագրով չի յստակեցուել՝ ո՛չ համաձայնագրով, ո՛չ որեւէ միջպետական յանձնաժողովի աշխատանքների արդիւնքներում, ո՛չ էլ միջազգային միջպետական վէճի մակարդակում՝ որեւէ դատական ատեանի կողմից։

Բացի դա, եթէ նոյնիսկ համարէնք, որ հնարաւոր է «Վարչատարածքային բաժանման մասին» օրէնքով միջպետական սահման որոշել, ապա Լեռնային Ղարաբաղը երբեք ընդհանուր սահման չի ունեցել Հայաստանի Հանրապետութեան հետ, իսկ ԼՂ-ին հարակից շրջանների՝ Ադրբեջանին պատկանելու փաստը Հայաստանի իշխանութիւնները, գոնէ միջազգային գործընկերների հետ հանրային յայտարարութիւններում, չէն վիճարկել եւ բանակցել են Ադրբեջանին դրանք վերադարձնելու շուրջ:

Այսպիսով, Սիմոնեանը հերթական անգամ կեղծ պնդում է անում՝ նշելով, թէ «Վարչատարածքային բաժանման մասին» օրէնքով 2010 թուականին ՀՀ-ն Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում։

fip.am «փաստերի ստուգման հարթակ» (fact Investigation Platform)


Հետաքրքրական է իմանալ, որ «փաստերի ստուգման հարթակ»ը պատկանում է իրազեկ քաղաքացիների միաւորման, որի ղեկավարն է Դանիել Իոաննիսեանը: «Օրակարգ»

Share