ՀՅԴ Բիւրոյի քաղաքական ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արմէն Ռուստամեանի ելոյթը ԵԽԽՎ-ում`հոկտեմբերի 12-ին Թուրքիայի ստանձնած պարտաւորութիւնների վերաբերեալ թեմայի քննարկման ժամանակ.
Յարգելի գործընկերներ,
Մենք ակնյայտօրէն ականատեսն ենք գոյութիւն ունեցող աշխարհակարգի փլուզմանը, որը հիմնուած է ընդհանուր սկզբունքների եւ արժէքների նկատմամբ յարգանքի վրայ, յատկապէս, երբ խօսքը վերաբերում է` ուժ կամ ուժի սպառնալիք չկիրառելուն եւ վէճերի ու հակամարտութիւնների խաղաղ կարգաւորման պարտաւորութեանը:
Փոխանակ աշխատենք միասին այս աղէտաբեր գործընթացները կասեցնելու ուղիներ գտնելու շուրջ, որոշ երկրներ փորձում են շահարկել այն, դրանից օգուտ քաղել՝ հրահրելով նոր հակամարտութիւններ՝ իրենց շահերից բխող նպատակներն իրագործելու համար, եւ այդ շահերի մէջ է մտնում նաեւ նաւթի գնաճը:
Թուրքիան, համագործակցելով Ադրբեջանի հետ, որոշել է, որ հիմա ճիշտ ժամանակն է ստիպելու Հայաստանին գնալ զիջումների, որոնք թոյլ կը տան նրանց հասնելու իրենց վաղեմի նպատակին, որը Հայաստանից ազատուելն է:
Այս դաշինքը հիմնուած է էթնիկ-ազգային ինքնութեան վրայ: Նրանք յայտարարել են, որ երկու պետութիւններում ապրող միասնական մէկ ժողովուրդ են, եւ վերջերս Արցախում, վերջին հակամարտութիւններից յետոյ, ադրբեջանական ուժերի կողմից օկուպացուած Շուշի քաղաքում` հակահայկական պայմանագիր է ստորագրուել: Այս հռչակագիրը, որը հարցականի տակ է դնում համընդհանուր միջազգային բոլոր նորմերը, ակնյայտօրէն ցոյց է տալիս այն ագրեսիւ նպատակները, որ ստորագրողները հետապնդում են եւ ի ցոյց է դրւում նրանց ունեցած աշխարհաքաղաքական նպատակները: Հաշուի առնելով այս լայնամաշտաբ նպատակները` Թուրքիան շարունակում է կեղծաւոր կերպով պնդել, որ ուզում է խաղաղ եւ նորմալ յարաբերութիւններ հաստատել Հայաստանի հետ` առանց որեւէ նախապայմանների, բայց մենք յիշում ենք, ինչպէս Թուրքիան, երբ ցանկանում էր անդամակցել Եւրամիութեանը` նշեց , որ, որեւէ կոնֆլիկտ չպէտք է ունենայ իր որեւէ հարեւան պետութեան հետ, բայց մենք գիտենք արդիւնքը: Իրականում Թուրքիան չունի որեւէ հարեւան, որի հետ խնդիր չունի: Հայաստանը փորձում է լաւ յարաբերութիւններ հաստատել Թուրքիայի հետ, բայց որպէսզի սա հնարաւոր լինի, այս յարաբերութիւնները պէտք է առանց նախապայմանների լինէն:
Բայց յիշեցնեմ նաեւ, որ Թուրքիայի Արտաքին գործերի նախարարը բաւականին վերջերս, կոչ էր արել իր հայրենակիցներին` Ստրասբուրգում յարձակում գործել Եւրոպայում ապրող Հայկական համայնքի վրայ: