Սերժ Սարգսեան. Նոր բանակցողն եւ միջազգային միջնորդները կարող են փոխել իրավիճակը

Սերժ Սարգսեան. Նոր բանակցողն եւ միջազգային միջնորդները կարող են փոխել իրավիճակը

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսեանը ապրիլի 14-ին ծաւալուն ելոյթ է ունեցել Հայաստանի Հանրապետական կուսակցութեան (ՀՀԿ) հիմնադրման 35-ամեակին նուիրուած յոբելեանական նիստում:

Ներկայացնում ենք հատուածներ ելոյթից:

Սխալները ճակատագրական չէն եղել

«Անշուշտ, բազմաթիւ ձեռքբերումների կողքին անխուսափելիօրէն, օբյեկտիւ եւ սուբյեկտիւ պատճառներով, կուսակցութիւնն ունեցել է նաեւ սխալներ ու թերացումներ, որոնց մենք ինքներս էլ անդրադարձել ենք՝ քննարկել ու քննադատել, բայց դրանք չէն եղել ճակատագրական մեր պետութեան եւ ժողովրդի համար»:

Ոչ հեռու անցեալը մաքրելու մասին

«Այսօր մէզ անխնայ քննադատում, իսկ աւելի շատ՝ զրպարտում եւ մէզնից գործողութիւններ են պահանջում նաեւ նրանք, ովքեր մեծագոյն հաճոյքով մասնակցում էին մեր դէմ «դագաղների» ու «սեւ ժապաւէնների» խրախճանքին, պահանջում մեր հեռացումը, ցուցադրաբար ողջունում, ոմանք էլ թաքուն հրճւում մեր դէմ պետական ռեպրեսիւ մեքենայի կողմից իրականացուող ապօրինութիւններով:

Նորից ու նորից միտումնաւոր հրապարակ են նետում «դուք բերեցիք Նիկոլին» թեզը՝ մաքրելու համար իրենց ոչ հեռու անցեալը: Անցեալ, որը ոմանց համար միգուցէ ազնիւ մոլորութիւն էր՝ իշխանութեան փոփոխութեամբ իրենց կեանքում հրաշքների իրականացման ակնկալիքով, բայց ոմանց համար կանխամտածուած գործողութիւն էր՝ սուտ խոստումներով իշխանութիւնը զաւթելու նպատակի հետապնդմամբ:

«Մեզնից մէզ պաշտպանէիք» թեզը

«Թողեք, թող աշխատեն» թեզը միայն հիմա, չափազանց ուշացումով երկրի համար կործանարար համարողները այժմ էլ որդեգրել են «մէզնից մէզ պաշտպանէիք» թեզը, ասելով՝ մենք պահանջում էինք իշխանութիւնից հեռանալ, դուք էլ չլսէիք մէզ, թեկուզ մէզ հրապարակում կոտորելու գնով մնայիք իշխանութեան: Նրանք՝ նման բան ասողները, առնուազն ազնիւ չէն. եւ՛ ես, եւ՛ նրանք, եւ՛, իհարկէ, դուք՝ այստեղ գտնուողներդ, շատ լաւ գիտեք, թէ այդ օրերին իշխանութեան կողմից անգամ մէկ մարդու կեանքից զրկելն ինչ անհնազանդութեան ալիք ու քաոս կառաջացներ երկրով մէկ, որքան կմեծացներ արտաքին վտանգի ռիսկերը, ինչպիսի դատապարտման տեքստէր կարտասանէին այսօր մէզ մեղադրողները, իսկ գրանտակեր մարդու իրաւունքների բազում պաշտպաններն իրենց տէրերի ցուցումով ինչ ջանասիրութեամբ կլծուեին գործի»:

Ու՞մ ենք պարտուել

«Ոմանք հիմա էլ 2018-ի իշխանազաւթման մասին մի քանի տարի առաջ ասածս են քննարկում, թէ՝ ես չեմ պարտուել սրանց, այլ պարտուել եմ  շատ աւելի մեծ ուժերի։ Ուզում են հասկանալ եւ իբրեւ թէ  ոչ մի կերպ չէն հասկանում՝ այդ ի՞նչ ուժերի եմ պարտուել:

Պարտուեցինք մեր տարածաշրջանում իրենց հաշուարկներն ու ծրագրերն ունեցող եւ ամէն կերպ դրանց իրագործմանը ձգտող ուժերին: Նրանց, ում ձեռնտու չէր այն կարմիր գիծը, որ մենք գծել էինք մեր ազգային շահի տեսանկիւնից, նրանց, ում պատկերացումները Հայաստանի եւ Արցախի մասին չէն համապատասխանում մեր պատկերացումներին։ Նրանք Հայաստանում գտան կարմիր գծեր չունեցող, իշխանութեան ու փողի համար ամէն ինչի պատրաստ ազգուրաց տականքների, ովքեր պոպուլիզմով մթագնեցին շատերի ուղեղները եւ հիմա ոչ մի բանի առաջ կանգ չէն առնում մինչեւ չիրականացնեն իրենց տէրերի բոլոր պահանջները»:

Հիբրիդային պատերազմի շարունակութիւնը

««Խաղաղութեան համաձայնագիր»  բառակապակցութեան երկու մասէրն էլ, մեղմ ասած, վիճելի են, մոլորեցնող  եւ իրականութիւնից հեռու։ Չմոռանանք նաեւ, որ համաձայնագիրը պէտք է ունենայ առնուազն երկու կողմ, իսկ այսօրուայ գործընթացում միայն մէկ կողմ է երեւում՝ Ադրբեջանը, որը գերիշխող դիրքից բացայայտ եւ քայլ առ քայլ  իր պայմաններն է թելադրում: Ակնյայտ է, որ նոյնիսկ այս իրավիճակում առկայ են ծանրակշիռ դիւանագիտական հիմնաւորումներ հայկական կողմի շահերը պաշտպանելու համար։

Հիմնաւորումները կան, պաշտպանողը չկայ։ Ակնյայտ է, որ այս գործընթացը ոչ թէ «խաղաղութեան», այլ Հայաստանի դէմ մղուող հիբրիդային պատերազմի շարունակման մասին է։ Եւ միանշանակ է, որ իշխանափոխութեան արդիւնքում նոր բանակցողով եւ միջազգային հեղինակաւոր միջնորդներով դեռեւս կարելի է փոխել իրավիճակը: Բանակցային գործընթացը պէտք է վերադառնայ պետութեան արտաքին քաղաքական օրակարգ, իսկ գործող վարչախմբի գործողութիւններն արժանան նաեւ համարժէք իրաւական գնահատականի։

Հայաստանի հանրապետական կուսակցութիւնը, ընդամէնը օրեր առաջ արձագանքելով Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան վերաբերեալ ՀՀ ԱԳՆ կոչուող հիմնարկի վերջին մեկնաբանութեանը, վերահաստատեց իր դիրքորոշումը, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտութիւնը լուծուած չէ, որքան էլ կապիտուլեանտ վարչախումբը ձայնակցելով Ադրբեջանին՝ այդպէս ներկայացնի: Դա ոչ այլ ինչ է, քան պետական մակարդակով այլեւս անթաքոյց տարուող արցախուրաց քաղաքականութիւն»:

Անհրաժեշտ են պատուախնդրութիւն եւ հաւատ

«Գիտեմ, որ ժամանակն անցնում է, վտանգները գնալով աւելի առարկայական են դառնում, իսկ մարդիկ յոգնել են խօսքեր ու խոստումներ լսելուց, անարդիւնաւետ պայքարից եւ ուզում են արդիւնք տեսնել: Պրուսիայի համար ծանր օրերին կանցլեր Բիսմարկը գերմանացի ժողովրդին «արիւն եւ երկաթ» էր առաջարկում, Միացեալ Թագաւորութեան համար օրհասական պահին վարչապետ Չերչիլը՝ «քրտինք, արցունք, արիւն եւ ծանր աշխատանք»։

Որպէս ՀՀ երրորդ նախագահ եւ Հանրապետական կուսակցութեան ղեկավար, ես վստահաբար ասում եմ, որ ամէնից առաջ այսօր մէզ օդ ու ջրի պէս անհրաժեշտ են պատուախնդրութիւն եւ հաւատ, առաջին հերթին՝ սեփական ուժերի նկատմամբ։ Մենք իրաւունք չունենք յուսահատուելու, յոգնելու, առաւել եւս՝ ապրելու մեր սովորական, բնականոն կեանքով, քանի դեռ մեր երկրի ու ժողովրդի համար գոյաբանական վտանգը չենք չէզոքացրել հետեւողական, յամառ, ծանր աշխատանքի արդիւնքում: Ոչ մի ժողովուրդ առանց այս ճանապարհն անցնելու յաջողութեան չի հասել»:

Share