Կանխել Ցեղասպանութիւնը՝ հանրահաւաքի հրաւէր

Կանխել Ցեղասպանութիւնը՝ հանրահաւաքի հրաւէր

Շաբաթ, Սեպտեմբեր 2-ի երեկոյեան ժամը 7-ին համախմբուել Գլենդելի «Արցախ» փողոցում

Հայ ժողովրդի բոլոր խաւերը սկսած Երևանից, Արցախից և Սփիւռքի զանազան անկիւններում նախապատրաստւում են Սեպտեմբեր 2-ին համահայկական բողոքի ցոյցեր անցկացնելու համար: Սա ևս մի քայլ է Հայաստան-Արցախ-Սփիւռք եռամիասնութիւնը վերականգնելու համար:

ԱՄՆ Արևմտեան շրջանի հայութիւնը ևս իր հերթին կոչ է արել բոլոր հայրենակիցներին որ Շաբաթ, Սեպտեմբեր 2-ի երեկոյեան ժամը 7-ին համախմբուեն Գլենդելի «Արցախ» փողոցում յանուն Արցախի ազատ ինքնորոշման իրաւունքի և յանուն Արցախահայութեան ապրելու իրաւունքի:

Նշենք, որ Սեպտեմբեր 2-ը Արցախի անկախութեան հռչակման օրն է:

1991-ի Սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում տեղի ունեցած ԼՂԻՄ մարզային եւ Շահումեանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանում ընդունուեց հռչակագիր ԼՂԻՄ եւ Շահումեանի շրջանի սահմաններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւն հռչակելու մասին` հիմք ընդունելով 1990թ. ապրիլի 3-ի ԽՍՀՄ Գերագոյն խորհրդի «ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետութիւնների դուրս գալու կարգի» մասին օրէնքը: Այդ օրէնքի առանցքը ԽՍՀՄ կազմից դուրս գալու հանրաքուէի գաղափարն էր: Եթէ միութենական որևէ հանրապետութիւն ցանկանում էր դուրս գալ ԽՍՀՄ կազմից, որը թոյլատրում էր սահմանադրութեան 72-րդ յօդուածով, դա պէտք է լինէր հանրաքուէով: Այսպիսով, Արցախն իր անկախութիւնը հռչակեց փաստօրէն գոյութիւն ունեցող Խորհրդային Միութեան օրէնսդրութեան համաձայն:

Թեպէտ Արցախի ու Հայաստանի հերոս ժողովուրդը 27 տարիներ պահպանեց այդ յաղթանակը, և մեր անկախ հայրենիքի երկրորդ բաժինը, սակայն 32 տարի այդ փառապանծ օրերից անց և ի հետևանք հայ ազգի ու Հայաստանի գլխին պատուհաս դարձած «Թաւշեայ» իշխանաւորների ապազգային և թուրքամէտ քաղաքականութեան, այսօր ոչ միայն Հայաստանի իշխանութիւնները Արցախն ճանաչում են Ազրպէյճանի կազմի մէջ, այլ նաև Արցախը իր կորցրած տարածքներով ենթակայ է անմարդկային շրջափակման, որով նոր ցեղասպանութեան լուրջ վտանգ է սպառնում 120 հազար արցախցիներին իրենց հայրենական հողի վրայ:

Share