Ինքնակամ Աուշուից կամ ներքին առողջացում

Ինքնակամ Աուշուից կամ ներքին առողջացում

Վահէ Հովհաննիսեան

Այլընտրանքային նախագծեր խումբ

Հայաստանի հեռանկարը նոր տարածաշրջանում

Ադրբեջան. Ալիեւը վերջերս հրապարակային խօսքով դիմել է իր երկրում հանրային տրամադրութիւններ ձեւաւորող էլիտաներին՝ գիտնականներ, սոցիլիոգներ, գրողներ՝ առաջարկելով մշակել գաղափարներ՝ նոր ազգային իդեաների ձեւաւորման համար։ Ալիեւը համարում է, որ Ադրբեջանի համար սկսւում է սկզբունքային-պատմական նոր փուլ, որը պահանջում է նոր ազգային գաղափարներ, նոր տեսլականներ։

Վրաստան. Վարչապետի նոր թեկնածու Ի. Կոբախիձէի ծրագիրը, որը ներկայացուել է հասարակութեանը, կոչւում է «Եւրոպական պետութեան կառուցման համար»։ Ազգային խնդիրներն էլ ձեւակերպուած են յստակ՝ ԵՄ եւ ՆԱՏՕ անդամակցութիւն, միաժամանակ՝ Ռուսաստանի հետ յարաբերութիւնների կարգաւորում, Աբխազիայի եւ Օսիայի վերադարձ՝ խաղաղ ճանապարհով։

Իրան, Թուրքիայ. Լրիւ այլ, ծանր քաշային կատէգորիայի պետութիւններ են, իրենց` դարերով անփոփոխ ստրատէգիաներով եւ շահերով, ու դարերի ընթացքում միլիմետր չէն շեղւում դրանցից կամ զիջում դրանք։

Այսօրուայ Հայաստան. Պետութիւն՝ ոչ մի բան մասին, պետական օրակարգը՝ մարդ բռնել եւ արտաքին ուժերից խղճահարութիւն մուրալ։ Ոչ մի ազգային տեսլական, ոչ մի ստրատէգիական պատկերացում։ Ոչ թէ «թուրքի» կամ «ռուսի» մեղքով, այլ՝ հէնց սրա պատճառով է, որ մենք այսքան կազմաքանդուած ու անհեռանկար վիճակում ենք այսօր։
Մեծ հաշուով, այսօր կայ երկու «ազգային տեսլական»։ Մեկը դնում է Նիկոլը. այն պայմանականօրէն կարելի է կոչել ինքնակամ Աուշուիցի կոնցպեպտ՝ յանձնուենք, ամէն ինչ զիջենք, գուցէ կապրենք, գուցէ՝ ոչ, աներաշխիք։ Միւսը Միքայել Սրբազանի «հիւանդ ժողովրդի» կոնցեպտն է, որի առանցքում պետութեան էութիւնը չհասկանալու ախտն է։
Նիկոլի տարբերակը բերելու է պետականութեան փլուզմանը, ընդ որում՝ շատ արագ, անսպասելի արագ։ Սրբազանի կոնցեպտը, ամենան հաւանականութեամբ, ճիշտ է, բայց այն չի պարունակում բուժման ոչ պրոցեսը, ոչ տարբերակները։

Հայաստանի այսօրուայ կարեւորագոյն խնդիրը հետպատերազմեան վերականգնումն է, որը թոյլ կը տայ դուրս գալ ազգային եւ պետական խոր ճգնաժամից։ Այստեղ են պէտք նոր գաղափարներ, նոր պատկերացումներ, նոր տեսլականներ։ Այստեղ նուրբ սահման կայ՝ էմոցիաների եւ ռացիոնալ մտածողութեան։ Էմոցիան տեղ չպէտք է ունենայ, նրան պէտք է փոխարինի երազանքը, իսկ մնացածը սառը, ռացիոնալ պետական մտածողութիւնն է։

Յենց սա է, որ մենք չենք առաջարկում մեր ժողովրդին, թեկուզ՝ յոգնած, թեկուզ՝ հիւանդ, թեկուզ՝ անհուսութեան մէջ գտնուող։ Առաջարկէնք, ու դա կը լինի բուժման պրոցեսը։ Ուրիշ ճանապարհ չկայ։

Ո՞վ կամ ովքե՞ր դա պէտք է անէն. ոմանց թւում է, թէ վերջապէս կը գտնուի մէկը, ու կ’ասենք՝ հէնց սրան էինք սպասում, ու կը կարգենք նոր լիդեր։ Չի լինելու նման բան, հնարաւոր չէ նման բան։
Հայաստանի այսօրուայ ազգային իդեան հետպատերազմեան վերականգնում է, որը ենթադրում է իրավիճակի կայունացում, ներքին առողջացում, ժամանակակից պետութեան կառուցման հիմքեր եւ ազգային խնդիրների պաշտպանութիւն։ Հիմա սրա մշակողը չկայ, կրողը չկայ, քարոզողը չկայ, բա ի՞նչ ենք ուզում այս ժողովրդից, բա ո՞նց բուժուի։
Դրա համար էլ այս աննորմալ վիճակում ո´վ ինչպէս կարողանում է՝ իրեն պահում է. մեծ մասը փակուել է տներում եւ անհաղորդ է կատարուողին, մի զգալի մաս Գրին Քարտի վրայ է նստած, մնացածն էլ՝ տարբեր ձեւերով։

Լուծումը միակն է

Ներքին հաշտութեան իդեայով պէտք է գնալ նոր խոշոր առաջնորդութեան ձեւաւորմանը, որի ռեսուրսը կայ՝ անհատներ, եկեղեցի, բանտեր՝ Բաքուի ու Երեւանի։ Ռադ անել էս գլխից պաշտօն ու կարգավիճակ ուզողներին, դատարկ ամբիցիաներով շարժուողներին, պարզ խօսել ու հասկանալ, թէ ո´վ է խանգարում կոնսօլիդացիոն պրոցեսներին։ Տեսանելի ժամանակահատուածում մշակել «Հետպատերազմեան վերականգնման հիմնական դրոյթները», սկսել գրագէտ աշխատել՝ ողջ Հայաստանով, ողջ հայկական աշխարհով, ողջ տարածաշրջանում, դաշնակիցների ու միջնորդների հետ։

Share