Հայաստանի գործող իշխանութիւնը շարունակում է Բաքուի ու Անկարայի շահերից բխող հակահայաստանեան ու հակաարցախեան քաղաքականութիւնը: Պատահական չէ, որ այս իշխանութիւնների թիրախում են յայտնւում անձինք, ովքեր տարիներ շարունակ քննադատուել են Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից եւ ովքեր իրենց հասարակական, մասնագիտական կամ քաղաքական գործունէութեան առանցքում ունեցել են եւ ունեն Հայաստանի, Արցախի ու հայ ժողովրդի շահերից բխող մօտեցումներ:
Փաշինեանի ու իր թիմի կողմից հայանպաստ գործիչներին թիրախաւորելու հերթական օրինակը Լազարեան ակումբի համակարգող, ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերի, եւրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի յանձնաժողովի նախագահ, ԱՊՀ պետութիւնների ինստիտուտի նախագահ Կոնստանտին Զատուլինի մուտքի արգելքն է Հայաստան:
Ուշագրաւ է, որ պարոն Զատուլինի՝ Հայաստանում անցանկալի անձ լինելու եւ մուտքը արգելելու մասին ներկայացուած պարզաբանումը ուղարկուել է ԱԺ արտաքին կապերի վարչութեան ղեկավարի կողմից։ Իշխանութիւնների այս քայլը ուղղուած է մի կողմից Բաքուի եւ Անկարայի պահանջների բաւարարմանը, միւս կողմից՝ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ բարեկամական, դաշնակցային յարաբերութիւնների խաթարմանը:
«Հայաստան» դաշինքը խստօրէն դատապարտում է Հայաստանի գործող իշխանութիւնների այս հերթական հակահայկական քայլը՝ ամրագրելով, որ վարուող քաղաքականութեան պայմաններում Հայաստանի ու Արցախի անվտանգային մարտահրաւէրները միայն աճում են:
25.10.2022թ.
«Հայաստան» դաշինք