Սան Ֆերնանդո հովտի հայկական կենտրոնը կիրակի, 28.08.2022-ին, առաւօտեան ժամը 11:00-ին դիմաւորեց քաղաքային խորհրդի անդամ Նիտեա Ռամանին Ռեսեդա քաղաքի Շերման Վեյ պողոտայի վրայ գտնուող իր կենտրոնում:
Նիտեա Ռամանը ներկայացնում է Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի 4-րդ շրջանը: Լոս Անջելեսի քաղաքն ունի ընդհանուր առմամբ չորս միլիոն բնակչութիւն եւ ներկայացուած է 15 ընտրատարածքներով:
Շանթ Յակոբեանը Հայ Դատի Յանձնախմբի տեղական մասնաճիւղի անունից բացման խօսքը փոխանցեց՝ ողջունելով քաղաքի խորհրդականին եւ հակիրճ բացատրութիւն տալով Լոս Անջելեսի եւ յատկապէս Հովտում հայ համայնքը ներկայացնող կազմակերպութիւնների խճանկարի մասին: Մանրամասներ ներկայացուեցին տեղի հայկական եկեղեցիների, դպրոցների, ինչպէս նաեւ տարածքում գործող տարբեր կազմակերպութիւնների որոշիչ դերի մասին: Նա յիշեցրեց, որ նշուած բոլոր կազմակերպութիւնները շահոյթ չհետապնդող կազմակերպութիւններ են, որոնք ունեն տարբեր դերեր եւ առաքելութիւններ։
Ներկայ էին ներկայացուցիչներ ՀՅԴ տարբեր Կոմիտէներից, ՀՕՄի Կեդրոնական Վարչութեան անդամներ, ՀՕՄի տեղական մասնաճիւղերի անդամներ, Հ.Մ.Ը.Մ.ի տեղական մասնաճիւղերի պատասխանատուներ, Հայ Դատի տեղական եւ յարակից մասնաճիւղեր, ինչպէս նաեւ Հայ Երիտասարդաց Դաշնակցութեան անդամներ։
Շանթ Յակոբեանը հնարաւորութիւն ընձեռեց ներկաներին ներկայացնելու եւ բացատրելու տարբեր պարտականութիւններն ու պատասխանատուութիւնները, որոնք իրենք ունեն հայ եւ տեղական համայնքում: Ակնյայտ էր, որ մասնակիցներից ոմանք յաճախ ունէին տասնամեակների փորձ եւ երկար տարիներ ծառայել են թէ՛ հայ և թէ՛ տեղական համայնքներին։ Պարզուեց ներկաների խոշոր մասը նախկին ՀԵԴ անդամներ էին, ովքեր աւարտելով երիտասարդական միութեան շարքերը մինչ օրս շարունակում են ծառայել համայնքին տարբեր մակարդակներում:
Նիտեա Ռամանը ընդհանուր ներածականով պատմեց իր անցեալի եւ այն ջանքերի մասին, որ նա գործադրել է որպէս քաղաքային խորհրդի անդամ: Նա ընդգծեց, որ հայ համայնքի հետ պէտք է յետագայ համագործակցութիւն լինի, եւ ինքը միշտ բաց է մեր համայնքի կարիքներին աջակցելու վերաբերեալ առաջարկութիւնների համար:
Խորհրդականի ելոյթից յետոյ տեղի ունեցաւ հարց ու պատասխան։ Մի քանի մասնակիցներ գնահատանքով յիշեցրեցին Նիտիա Ռամանին, թէ ինչպէս է Քաղաքը տարիների ընթացքում նիւթական օգնութիւն է ցուցաբերել հայ համայնքի կարիքներին: Նաեւ քաղաքապետարանը միշտ դրական դիրքորոշում է ցուցաբերել մեր համայնքին վերաբերող քաղաքական հարցերի նկատմամբ:
ՀՕՄի Շրջանային Վարչութեան ներկայացուցիչները խորհրդականին ներկայացրին ՀՕՄի ընկերային Ծառայութիւններից մանրամասներ և սոյն ծառայութիւնների համար քաղաքի տարբեր շրջանների մէջ տրամադրուող նիւթական օժանդակութիւնները։ Նաեւ, ՀՕՄի ընկերային ծառայութեան գործունէութիւնը մանրամասնող թռուցիկ տրամադրուեցաւ խորհրդականին։
Իր հերթին Նիտեա Ռամանը ներկայացրեց իր օգնական Ռայան Ահարիին, ով նախկինում արդէն այցելել էր Կենտրոն։
Նիտեա Ռամանը եւս մէկ անգամ յիշեցրեց, որ իր գրասենեակը միշտ հասանելի է լսելու եւ աջակցելու այն հարցերին եւ մտահոգութիւններին, որոնք կարող են ունենալ մեր համայնքի անդամներն ու կազմակերպութիւնները:
Միջոցառման պաշտօնական աւարտից շատ անց քաղաքային աւագանու անդամն ու իր օգնականը մնացին եւ զրուցեցին ներկաների հետ։