Իշխան Սաղաթելեանի Յունիսի 14-ի ելոյթը Ֆրանսիայի հրապարակում

Իշխան Սաղաթելեանի Յունիսի 14-ի ելոյթը Ֆրանսիայի հրապարակում

Սա նաեւ լոյսերի շարժում է։ Վսհահեցնում եմ՝ լոյսը յաղթելու է չարիքին ու խաւարին։ Ժողովուրդը յաղթելու է, նիկոլիզմը սրբւելու է մեր երկրից։ Մենք վերագտնելու ենք մեր արժանապատւութիւնը։ Հայաստանը, ինչպէս այս հրապարակում է, դառնալու է ձեզ նման եղբայրների ու քոյրերի երկիր։ Հայաստանը դառնալու է ուժեղ, արդար երկիր։

ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելեանի ելոյթը Ֆրանսիայի հրապարակում յունիսի 14-ի «Դիմադրութիւն» շարժման հանրահաւաքին

Ողջոյն, սիրելի՛ հայրենակիցներ

Այսօր այստեղ ենք մի շարք կարեւոր հարցերի պատասխանելու, որոշումներ ընդունելու համար։ Միասին։

Այդ որոշումները պէտք է ապահովեն մեր Շարժման հետագայ ընթացքը, զարգացումը, նպատակների վերջնական իրագործումը։ Նպատակը նոյնն է՝ կանխել Արցախի հայաթափումը եւ Հայաստանի թուրքացումը, չէզոքացնել Հայաստանի ինքնիշխանութեանը սպառնացող վտանգները, իսկ դրան հասնելու համար նախ պէտք է հեռացնել չարիքի իշխանութեանը, ձեւաւորել ազգային իշխանութիւն, որը կը կասեցնի պետականութեան կործանման այս ընթացքը, որը կապահովի երկրի սահմանների անձեռնմխելիութիւնը եւ տարածքային ամբողջականութիւնը, կը հաստատի արժանապատիւ խաղաղութիւն, պետականութիւնը կը վերադարձնի ժողովրդին, Հայաստանը կը դարձնի արժանապատիւ եւ բարեկեցիկ երկիր: Ուստի շարժման նպատակը եւ առաքելութիւնը սրբազան են, ու քանի դեռ վերը նշւած հարցերը չեն լուծւել, շարժումը դադար չունի:

Բայց սկզբի համար պէտք է հասկանանք, թէ ինչ ունենք այս փուլում, որտեղ ենք հասել, ինչ բացթողումներ եւ ձեռքբերումներ կան, որոնք են ստեղծւած իրավիճակի առանձնայատկութիւնները։

Սիրելի՛ հայրենակիցներ, կարեւոր է հասկանալ, թէ այս ընթացքում ինչ է արել այս հրապարակում կանգնած իւրաքանչիւր արժանապատիւ քաղաքացի։ Ես այստեղ ուզում եմ շատ անկեղծ լինել։

2021թ. ընտրութիւններից յետոյ Հայաստանում ստեղծւել էր մի վիճակ, երբ երկրի գլխաւոր պաշտօնը զբաղեցնող անձը երկրի թիւ մէկ քաղաքական ամբիոնից շարունակ նւաստացնում էր Հայաստանն ու Արցախը, նւաստացնում էր հայ մարդուն, բայց դրան չէր հետեւում հանրային արձագանք, աւելին` նա ասում էր, որ դրա համար ժողովրդից մանդատ ունի:

Մենք ունէինք մի վիճակ, երբ միջազգային գործընկերները կարծում էին, թէ Հայաստանում վարւող քաղաքականութեան հանդէպ չկայ դիմադրութիւն։

Մենք ունէինք մի վիճակ, երբ Հայաստանից լսւում էր միայն ամօթի եւ պարտութեան ձայնը։

Եւ ի՞նչ ունեցանք մենք հիմա, մեր այս օրերի արձանագրած արդիւնքները՝

  1. Լաոն /հասարակութիւնը/ արթացաւ։ Միայն պետական կուրութեամբ տառապողը կարող է սա չնկատել։
  2. Վերջնականապէս փակւեց այն հարցը, թէ Արցախի եւ Հայաստանի անվտանգութիւնը հետաքրքրում է հանրութեան փոքր շերտերին: Մենք այդ հարցին յստակ պատասխանեցինք: Տասնեակ հազարաւոր մարդիկ դուրս եկան փողոց: Եթէ մինչ այդ մարդիկ յուսահատւած էին, որ իրենք քիչ են, համախմբւած չեն, ապա շարժումը համախմբեց մեր հանրութեան տարբեր շերտերին, մենք ապահովեցինք համախմբման, միասնութեան ու համերաշխութեան մթնոլորտ, մենք, բոլորս միասին, համոզւեցինք, որ մենք հզօր ուժ ենք եւ կարող ենք իրավիճակ փոխել։
  3. Միջազգային հանրութիւնը հասկացաւ, որ այստեղ կայ արժանապատիւ ժողովուրդ, որին չի կարելի ցանկացած լուծում ու զիջում պարտադրել։
  4. Ձեւաւորւեց ազգային գաղափարի շուրջ լայն համախմբում՝ հանրային տարբեր շերտերի ու շրջանակների աջակցութեամբ։ Այս հրապարակը դարձաւ գործօն։
  5. Թէ՛ երկրի ներսում, թէ՛ արտաքին աշխարհի համար փաստւեց, որ օրւայ իշխանութիւնները չունեն երկիրը նոր զիջումների տանելու` ժողովրդի մանդատը:
  6. Ամբողջութեամբ կազմաքանդւեցին գործող իշխանութեան քաղաքական եւ սոցիալական հիմքերը։ Իշխանութեան միակ յենարանը մնացել է ՔՊ-ական նեղ շրջանակը եւ ոստիկական բիրտ ուժը։
  7. Հանրային խօսոյթում վերջնականապէս ձեւաւորւեցին այն առաջնահերթութիւնները, որոնք պէտք է ընկած լինեն հայկական պետականութիւնների հիմքում։
  8. Որքան էլ վարչախումբը յետպատերազմական ժամանակաշրջանում փորձեց հանրութեանը տրամադրել նոր պարտութեան եւ աշխարհին համոզել, թէ հայերը հաշտւել են տեղի ունեցածի հետ, մենք մեր շարժումով հակառակն ապացուցեցինք: Մենք ցոյց տւեցինք, որ ունենք մեր 5000-ամեայ երթը շարունակելու կամք, վճռականութիւն եւ ներուժ։
  9. Հայ ժողովուրդը սկսեց յաղթահարել պատերազմում ջախջախիչ պարտութեան հոգեբանական հետեւանքները եւ կրկին բարձրաձայնել իր ազգային պահանջները։
  10. Գծւեց յստակ ջրբաժանը, մեր ժողովրդի 90 տոկոսը բացայայտ յայտարարել է՝ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում։
  11. Շարժումն առնւազն այս պահին կանխեց եւ խախտեց նոր կապիտուլեացիա ստորագրելու ժամանակացոյցը, եւ դրանով է պայմանաւորւած Ալիեւի անհանգստութիւնը:
  12. Մեր շարժումը սկսեց ոտքի հանել արցախահայութեանը, սփիւռքը եւս ոտքի կանգնեց: Հայաստան-Արցախ-Սփուռք եռամիասնութիւնը վերականգման փուլում է:
  13. Քաղաքական ճգնաժամը դրսեւորւած է եւ փաստ, որքան էլ փորձեն այն քողարկել: Նիկոլի հեռացման համար կայ ձեւաւորւած յստակ հանրային պահանջ:

Մի կարեւոր ձեռքբերում եւս, որի մասին քիչ ենք խօսում։ Սիրելի՛ հայրենակիցներ, այս բոլոր օրերի ընթացքում, հէնց այս պահին, մեր աչքի առաջ, մեր ակտիւ մասնակցութեամբ, ձեր նւիրւածութեան եւ կամքի շնորհիւ ձեւաւորւում եւ բիւրեղանում է ազգային ու պետական կորիզը։ Այս կորիզը դառնալու է նոր որակի հայկական պետականութեան հիմքը, այս կորիզը դառնալու է մեր պետութեան իմունիտետը, որը պաշտպանելու է մեզ ամէն տեսակ վարակներից ու հիւանդութիւններից։

Սիրելի՛ հայրենակիցներ, սրանք բոլորը ձեր ձեռքբերումներն են։ Ընդամենը երկու ամիս առաջ շատ քչերն էին հաւատում, որ մենք կարող ենք այսքան բան անել միասին։ Ձեզանից իւրաքանչիւրն իր հաւատով, նւիրւածութեամբ, պայքարի ոգով, ինքնազոհաբերութեամբ ու վճռականութեամբ իրավիճակ փոխեց ոչ միայն Հայաստանում, այլեւ տարածաշրջանում, աշխարհասփիւռ հայերի շրջանում։ Սա մեծ աշխատանք է, որ դուք էք արել։

Սակայն մեր գլխաւոր խնդիրը շարունակում է մնալ չլուծւած։ Հայաստանը դեռեւս ղեկավարում է մեր բոլորի համար գոյաբանական վտանգ ներկայացնողը։

Այս օրերի ընթացքում մենք արել ենք ամէն ինչ, որ նա վերջապէս հեռանայ` դրանով հնարաւորութիւն տալով Հայաստանին ու հայ ժողովրդին ապրելու։

Ցանկացած այլ իշխանութեան համար եղածն աւելի քան բաւարար կը լինէր, որ հեռանար։ Սակայն սրանք կրկին փաստեցին, որ իրենց աթոռի համար պատրաստ են նոր արիւն թափել։

Սիրելի՛ հայրենակիցներ, մենք այս ողջ ընթացքում առաջնորդւել ենք բացառապէս խաղաղ ակցիաներ իրականացնելու սկզբունքով։ Մենք յայտարարել ենք, որ չենք գնալու արիւնայեղութեան ճանապարհով։ Մենք յայտարարել ենք, որ մեր հոգին չի փառաւորւում ոստիկանին մահակներով հարւածելուց, արիւնայեղութիւն կազմակերպելուց։

Եթէ որեւէ մէկը մեզ սրա համար պէտք է մեղադրի վճռականութեան բացակայութեան մէջ, ուղիղ յայտարարում եմ` այո, մենք չունենք հայ սպանելու վճռականութիւն։ Մենք հեռացնելու ենք նիկոլին, հեռացնելու ենք հաստատ, բայց դա անելու ենք անարիւն։

Սիրելի՛ հայրենակիցներ, առաջին օրւանից մենք յստակ դրել էինք մեր նպատակը եւ ընտրել մարտավարութիւն, որը մեզ թոյլ էր տալու կոնկրետ ժամանակամիջոցում հասնել այս նպատակին։ Ես պէտք է արձանագրեմ, որ մեր պլանաւորած քայլերը մենք իրականացրել ենք ամբողջովին։

Սակայն այս իշխանութիւնների բացառիկ լպիրշութիւնը, ցինիզմը, աշխարհաքաղաքական իրավիճակը իրենց ազդեցութիւնն են թողնում մեր ծրագրերի վրայ եւս։

Ոստի մենք հիմա կանգնած են մարտավարութեան փոփոխութեան անհրաժեշտութեան առաջ։ Մեզ հարկաւոր է ստեղծւած նոր իրավիճակին համապատասխան մարտավարութիւն, որը թոյլ կը տայ հասնել մեր առջեւ դրւած նպատակին։

Բայց, մինչ այդ, ուզում եմ խօսել նաեւ Շարժման բացթողումների մասին։

Առաջինը. պէտք է արձանագրել, որ Նիկոլին չընդունող եւ մերժող մարդկանց թիւը շատ աւելի մեծ է, քան այս հրապարակում գտնւողներինը։ Մենք դեռ չենք կարողացել այդ բոլոր մարդկանց փողոցային պայքարի դուրս հանել, բերել այս հրապարակ։ Սա շատ կարեւոր խնդիր է, որն անպայման պէտք է լուծել։

Երկրորդը. դեռ կան մարդիկ, որոնք կարծում են, թէ սա պայքար է իշխանութեան համար, պայքար է նախկինի վերադարձի համար։ Սա վկայում է, որ մենք չենք կարողացել երկրին սպառնացող վտանգները յստակ բացատրել մեր քաղաքացիներին։ Իհարկէ, մենք պէտք է նաեւ գիտակցենք, որ գործ ունենք պետական հսկայ ռեսուրսի, օտարերկրեայ ցանցերի քարոզչական համակարգերի հետ, որոնք անընդհատ խաբում եւ մոլորեցնում են մեր քաղաքացիներին։ Բայց, միեւնոյն է, մենք պէտք է կարողանանք յաղթահարել նաեւ այդ արգելքը եւ ժողովրդի այն հատւածին, որը կարծում է, թէ սա իշխանութեան պայքար է, յստակ հասցնենք մեր շարժառիթները, բացատրենք, որ երկիրն իսկապէս կործանման վտանգի առջեւ է։

Ունեցել ենք նաեւ կազմակերպական բնոյթի խնդիրներ։ Ճիշտ է, այստեղ բաւական լուրջ աշխատանք է արւել, բայց ակնյայտ է, որ թերացումներն էլ են շատ եղել։ Դրանք եւս առաջիկայ օրերին պէտք է արագ շտկենք։

Սիրելի՛ հայրենակիցներ, շարժան ներուժը մեծացնելու, աշխարհագրութիւնը ընդլայնելու, գործիքակազմը հարստացնելու, նոր մօտեցումներ որդեգրելու, հարթակը ընդլայնելու, յստակ գործողութիւնների ծրագրով պայքարը շարունակելու նոր հանգրւանի առջեւ ենք։

Նախ անհրաժեշտ է որոշակի վերափոխման ենթարկել «Դիմադրութիւն» շարժման կառուցւածքը եւ մարտավարութիւնը՝ միաժամանակ կապիտալիզացնելով արձանագրած ձեռքբերումները։

Ըստ այդմ`

  1. Անհրաժեշտ է ինստիտուցիոնալ բնոյթ հաղորդել շարժմանը՝ քաղաքական, կազմակերպական, քարոզչական աշխատանքներն աւելի արդիւնաւէտ դարձնելու համար։
  2. Շարժմանը պէտք է ցանցային բնոյթ հաղորդել՝ կեանքի կոչելով տարածքային եւ ճիւղային կառուցւածքային միաւորներ։

Սա իրենից ենթադրում է որ շարժումը ունենալու է ենթակառուցւածքներ, այսինքն` կոմիտէներ, ոլորտային յանձնախմբեր, սրանով մենք լուծելու ենք քաղաքական, կազմակերպական, քարոզչական ուղղութիւններով կադրային ներուժը մեծացնելու, նորանոր խմբերի ու կարող անհատների ընդգրկելով՝ շարժումը աւելի ընդլայնելու եւ նոր ուժ տալու հարցը:

Իսկ հիմա, սիրելի՛ հայրենակիցներ, Շարժման առաջիկայ անելիքների մասին։ Նախ` այս հրապարակում տեղադրւած վրանների մասին։ Գիտեմ, որ այս թեմայով հարցադրումները շատ են, կարծիքներն էլ՝ տարբեր։ Բայց պարզ իրողութիւններ կան, որ պէտք է հաշւի առնենք։ Եւ դրանցից ամենակարեւորն այն է, որ ամէն բան պէտք է շատ յստակ նպատակի ծառայի։

Մենք վրանային աւանը հիմնեցինք՝ մշտական գործող հաւաքատեղ, հասցէ եւ դիմադրութեան առաջին օջախ ունենալու համար։ Մենք այդ խնդիրը լուծել ենք գիշեր-ցերեկ այստեղ հերթապահութիւն իրականացնող մեր գաղափարակից ընկերների, բոլորիս համատեղ ջանքերի շնորհիւ։

Ֆրանսիայի հրապարակն այլեւս դիմադրութեան շարժմանն է պատկանում։ Անկախ նրանից` այստեղ վրաններ կը լինեն թէ ոչ: Եւ ոչ միայն Ֆրանսիայի հրապարակը։ Մեր ժողովուրդն արդէն նւաճել է Հայաստանի բոլոր քաղաքների փողոցներն ու հրապարակները։ Այս ողջ ընթացքում մենք ցոյց տւեցինք, որ մեզ համար փակ փողոցներ գոյութիւն չունեն, այս պահի դրութեամբ կարող ենք վստահ պնդել, որ վրանային այս աւանը լիարժէք կատարել է իր գործը, որի համար շնորհակալ եւ երախտապարտ եմ այստեղ հերթապահած մեր բոլոր արժանապատիւ ընկերներին։ Դուք նւիրեալներ էք եւ անգնահատելի գործ էք արել, բայց հիմա ձեր ներուժը մեզ այլ տեղերում է պէտք:

Մենք առաջարկում ենք, հաշւի առնելով նաեւ մեր առաջիկայ մարտավարութիւնը, վաղւանից հաւաքել այս վրանները, բայց միշտ նկատի ունենալով, որ անհրաժեշտութեան դէպքում վրանային աւանը կրկին կը վերականգնւի։ Մեր պայքարի ընթացքում մեր վրանների աւանը լրջագոյն հարց է լուծել, բայց մեր պայքարի հետագայ արդիւնաւէտութիւնը վրաններով պայմանաւորւած չէ, ովքեր հակառակն են մտածում, առաջիկայ օրերին կը համոզւեն դրանում:

Շարժման անելիքները եւ դրանց ուղղւած գործնական քայլերը պէտք է բխեն առաջադրւած նպատակներից ու խնդիրներից։

Շարժման հետագայ ծաւալման արդիւնքում պէտք է պայմաններ ստեղծել, որպէսզի՝

ա) կանխենք կենսական զիջումներ պարտադրող կապիտուլեացիոն նոր պայմանագրերի ընդունումը՝ բացառելով առանց ժողովրդի անմիջական մասնակցութեան որեւէ համաձայնութեան կայացում,

բ) հասնենք Նիկոլի հեռացմանը՝ հրաժարականի կամ պաշտօնանկութեան միջոցով։

Պայքարը այս երկու ուղղութիւններով պէտք է ընթանայ զուգահեռ եւ լինի փոխլրացնող։

Շարժման որակական եւ քանակական մակարդակն է, որ, ի վերջոյ, կանխորոշելու է մեր պայքարի արդիւնաւէտութիւնը։ Հետեւաբար, թիրախային, յստակ պլանաւորւած քայլերով եւ գործողութիւններով պայքարը պէտք է շարունակւի՝ որոշակի փոփոխութիւններ կատարելով պայքարի ձեւերի ու եղանակների մէջ։

Այս առումով առաջիկա մեր անելիքներն ու գործնական քայլերը միտւած են լինելու հետեւեալին.

1.Ամենշաբաթեայ միջոցառումներ, այդ թւում՝ ցուցական փողոցային ակցիաներ, ոլորտային եւ թեմատիկ խնդիրների մասնագիտական քննարկումներ, ժողովրդային հանդիպումներ, շաբաթական առնւազն 1 մարզային այց, 1 մեծ հանրահաւաք-երթ:

2.Շարժման տարածքային եւ ճիւղային ստորաբաժանումների ձեւաւորում, այդ թւում` Արցախում եւ Սփիւռքում:

3.Հանրութեան լայն շերտերի, այդ թւում` գիտական, կրթական, հոգեւոր-մշակութային, գիւղացիութեան, բիզնես շրջանակների, երիտասարդութեան հետ հետեւողական աշխատանք:

4.Յստակ չափորոշիչների վրայ հիմնւած կադրային բանկի ձեւաւորում, յատկապէս` նոր սերնդից, նաեւ Սփիւռքի մասնագիտական ներուժի ներգրաւմամբ։

5.Մարզերոմ շարժման կորդինացիոն խորհուրդների ձեւաւորում:

6.Հայաստանում հաւատարմագրւած դիւանագիտական ներկայացուցչութիւնների եւ միջազգային կազմակերպութիւնների հետ յարաբերական աշխատանքներ։

7.Ապօրինաբար ձերբակալւած եւ կալանաւորւած` շարժման մասնակիցների իրաւունքների պաշտպանութեան ուղղութեամբ հետեւողական քայլերի ձեռնարկում։

Փողոցային պայքարը շարունակւում է փոքր-ինչ այլ ինտենսիւութեամբ, բայց, դրան զուգահեռ, տեղի են ունենում Շարժման կառուցւածքային վերափոխման եւ ընդլայնման աշխատանքներ, ինչը յանգեցնելու է Շարժման առաւել ընդլայնմանը:

Սակայն պէտք է պատրաստ լինենք, որ առաջիկայում կարող են տեղի ունենալ շատ վճռորոշ զարգացումներ, եւ Շարժումը պէտք է ունակ լինի օպերատիւ ու արդիւնաւէտ արձագանքելու եւ հակազդելու, ունենայ համապատասխան լծակներ ու հնարաւորութիւններ: Ըստ այդ զարգացումների` մենք կարող ենք կրկին վերադառնալ 24 ժամւայ ռեժիմի:

Միաժամանակ, մեր հիմնական օրակարգում պահելով Նիկոլի հրաժարականի հարցը, հարկ է նկատի ունենալ, որ օգոստոսի 2-ին լրանում է նրա պաշտօնավարման մէկ տարին, եւ նրան աթոռից հեռացնելու մեր գործիքակազմին աւելանում է եւս մէկը։ Հետեւաբար, երկու ուղղութիւններով նախապատրաստական աշխատանքներ սկսելու հարց ունենք՝

պաշտօնանկութեան հիմքերի ամբողջացում (իրաւական-քաղաքական), դրա հանրային համաժողովրդական պահանջի դրսեւորում,
ժողովրդի կողմից վարչապետի թեկնածուի առաջադրում՝ ի բաւարարումն օրէնքով սահմանւած` անվստահութիւն յայտնելու նախապայմանի։

Այս մասին, սակայն, աւելի մանրամասն ու հանգամանալից խօսելու առիթ դեռ կունենանք:

Սիրելի՛ հայրենակիցներ, պատասխանատւութեան մասին։ Շատ է խօսւում` ով կամ ովքեր են այս շարժման պատասխանատւութիւնը կրում չյաջողելու դէպքում:

Նախ` չյաջողելու տարբերակ չունենք, եւ բոլոր նրանք, ովքեր արդէն նշանակել են մեղաւոր եւ պատասխանատու, նրանց խոր հիասթափութիւն է սպասւում, պատռէք այդ տեքստերը եւ ուրիշ բան մտածէք:

Առաջին օրւանից ասել ենք, որ մենք այս Շարժման ե՛ւ զինւորն ենք, ե՛ւ առաջամարտիկը, ամբողջական պատասխանատւութիւն ենք կրում այս գործընթացների համար, այդ պատասխանատւութիւնն է մեզ բերել այս հրապարակ։ Այդ պատասխանատւութիւնն ունի հասցէ եւ անուն-ազգանուն, մենք, իսկ տւեալ դէպքում` ես ե՛ւ քաղաքական, ե՛ւ անձնական պատասխանատւութիւն ունեմ այս շարժման ելքի համար:

Ես պատասխանատու եմ ամէն օր այս հրապարակ եկող 80-ամեայ դոկտոր պրոֆեսոր Գուրգէն Մելիքեանի առջեւ։ Ամէն անգամ, երբ նայում եմ նրա աչքերին, տեսնում նրա պայքարը… Իհարկէ, պատասխանատու եմ նրա առջեւ, նրա նման հարիւրաւորների առջեւ։ Դրանից մեծ պատասխանատւութիւն չկայ։

Պատասխանատու եմ մեր նահատակ հերոսների ծնողների առջեւ։ Պատասխանատու եմ երիտասարդների առջեւ, որոնց ընկերներն այսօր բանտերում են, բայց նրանք աննկուն պայքարում են։ Սրանից աւելի մեծ պատասխանատւութիւն չկայ։ Բայց ամենակարեւորը՝ պատասխանատու եմ մեր զաւակների ու սերունդների առջեւ։ Ու թող սրանից յետոյ ոչ ոք պատասխանատւութեան դասեր չտայ։ Պատասխանատուն ես եմ, այս հարթակում կանգնած մարդիկ են։ Մենք այդ պատասխանատւութիւնը ծայրից ծայր հասկանում ենք։ Այդ պատասխանատւութիւնն է մեզ բերել հրապարակ։

Սիրելի՛ ժողովուրդ, մեր գաղափարակից տասնյակ ընկերներ այսօր բանտարկւած են։ Իհարկէ, մեր փաստաբանները, պատգամաւորները մշտական կապի մէջ են նրանց հետ։ Յաճախ դուք ինքներդ էլ էք ստանում բանտախցերից յղւած նրանց կոչերը՝ շարունակել պայքարը, օր առաջ մաքրել երկիրը դաւաճան իշխանութիւններից։ Նրանց ոգին անկոտրում է։ Նրանք մեր պայքարի ուժն ու ոգին են։ Եւ մենք պէտք է ամէն ինչ անենք, որպէսզի օր առաջ բոլոր քաղբանտարկեալներն ազատ արձակւեն, նորից գան այս հրապարակ, միասին տօնենք յաղթանակի բերկրանքը։

Այո, ճիշտ է, նրանք այսօր բանտարկւած են, բայց ձեզ վստահեցնում եմ՝ նրանք շատ աւելի ազատ են, քան ԱԺ-ում նստած` Նիկոլի որոշ ուսապարկերը, կառավարական շէնքերում դրւած նախարարները եւ նոյնիսկ իրենց վրայ ճաղավանդակի դուռ փակող քննիչները, դատաւորներն ու ոստիկանները։

Այս հրապարակից բոլորին կոչ եմ անում, բոլոր նրանց, ովքեր կիսում են մեր օրակարգը, բայց մեզ հետ չեն՝ միացէ՛ք մեր պայքարին։ Կամ ստեղծէք պայքարի ձեր օջախները։ Մենք ձեզ միայն աջակցելու ենք։ Մենք պատրաստ ենք օգնել ցանկացած նախաձեռնութեան, ցանկացած խմբի կամ ուժի, որը կիսում է ժողովրդի օրակարգը՝ հայ մնալու օրակարգը, Արցախը հայկական պահելու օրակարգը, Հայաստանն ինքնիշխան պահելու օրակարգը։ Այո, մենք պատրաստ ենք աջակցել բոլոր նրանց, ովքեր կարող են պայքարել առանց Նիկոլ Հայաստան ունենալու համար, բայց ինչ-որ պատճառով այս հարթակում չեն։

Սիրելի՛ հայրենակիցներ

Սա նաեւ լոյսերի շարժում է։ Վսհահեցնում եմ՝ լոյսը յաղթելու է չարիքին ու խաւարին։ Ժողովուրդը յաղթելու է, նիկոլիզմը սրբւելու է մեր երկրից։ Մենք վերագտնելու ենք մեր արժանապատւութիւնը։ Հայաստանը, ինչպէս այս հրապարակում է, դառնալու է ձեզ նման եղբայրների ու քոյրերի երկիր։ Հայաստանը դառնալու է ուժեղ, արդար երկիր։

Իսկ հիմա սկսում ենք լոյսերի մեր երթը։ Յաջորդ հանրահաւաքը տեղի կունենայ շաբաթ օրը` յունիսի 18-ին, ժամը 19։30-ին Ֆրանսիայի այս հրաշալի հրապարակում։

Իշխան Սաղաթելեան

ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ

ԱԺ փոխնախագահ

Share