Իշխան Սաղաթելեանի Ազատութեան ռադիոկայանի Ֆեյսբուքեան ասուլիսը․

Իշխան Սաղաթելեանի Ազատութեան ռադիոկայանի Ֆեյսբուքեան ասուլիսը․

Ընդդիմութեան թեւերի միջեւ լուրջ եւ էական տարաձայնութիւն չկայ, կան տեսակէտներ ու քննարկումներ

ՀՅԴ Գերագոյն մարմնի ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Իշխան Սաղաթելեանը վստահեցնում է` «Դիմադրութիւն» շարժումը շարունակում է իր պայքարը: Յուլիսի 26-ին  «Ազատութեան» «Ֆեյսբուքեան ասուլիսի» շրջանակներում ԱԺ նախկին փոխխօսնակն ասաց, որ սեպտեմբերից աւելի լայն ծաւալով ու նոր շնչով կմտնէն պայքարի մէջ, յաւելեց` ոչ մի բան չէն տապալել:

Ստորեւ ներկայացնում ենք հատուածներ ասուլիսից.

«Առաջիկայ հանրահաւաքին մենք կը խօսենք մեր առաջիկայ անելիքներից»
«Շարժումը շարունակում է իր պայքարը: Ես այս շարժման եւ զինուորն եմ, եւ առջեւից քայլողը, ես եւ իմ ընկերները, սա որեւէ մէկի շարժումը չէ: Շարժումն այս շրջանում նախապատրաստական, կազմակերպչական աշխատանքների փուլում է, առաջիկայ հանրահաւաքին մենք կը խօսենք մեր առաջիկայ անելիքներից եւ կամփոփենք այս անցած ճանապարհը: Շարժումը շարունակուելու է: Մենակ մնացողները մենակ կը մնան, բայց հաստատ մենք դրա մէջ չենք», — ասաց պատգամաւորը` ի պատասխան հարցին, թէ ինքը, ինչպէս երրորդ նախագահ Սերժ Սարգսեանը որակել էր` ընդդիմութեան առաջնորդ, մնա՞ց մենակ:

«Ամէն մէկն ինքն է որոշում իր ծրագրերը, անելիքները»
«Հայրենիք» կուսակցութեան նախագահ Արթուր Վանեցեանի հետ, ով վայր դրեց մանդատը, ըստ Սաղաթելեանի` լաւ յարաբերութիւններ ունեն, սակայն քաղաքական տարբեր մարտավարութիւններ են ընտրել:

«Ես գնահատում եմ մեր անցած ճանապարհը: Ամէն մէկն ինքն է որոշում իր ծրագրերը, անելիքները, այս չարիքի կառավարութեան դէմ պայքարի իր մեթոդները եւ մարտավարութիւնը: Արթուր Վանեցեանը հրապարակային խօսել է այդ մասին, մենք հիմա էլ լաւ յարաբերութիւնների մէջ ենք, շփւում ենք, բայց քաղաքական գործունէութեան եւ այս իշխանութիւնների դէմ պայքարի մարտավարութիւնն ինքն ընտրել է այդպէս եւ դրա բացատրութիւնը տուել», — նշեց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցութեան անդամը:

«Ոչ մի բան չենք տապալել, հսկայական ձեռքբերումներ ունենք»
Օգտատէրերից մէկի հարցին, թէ սեպտեմբերին սկսելու են վարչապետի իմպիչմենթի գործընթաց, որը «տապալելու են, 6 ամսով փակելու են նրան անվստահութիւն յայտնելու գործընթացը, եթէ նախորդ արտահերթ ընտրութիւններին չլինէին ձեր ագրեսիւ պահուածքն ու հռետորաբանութիւնը, միւս տարի կայանալիք ընտրութիւններում Նիկոլ Փաշինեանը պարտուելու էր բոլոր ոլորտներում տոտալ ձախողուելու պատճառով», դիտմա՞մբ են անում, Իշխան Սաղաթելեանն արձագանքեց, թէ սա կեղծ եւ շինծու թեզերից մէկն է, որ օգտագործւում է իրենց դէմ:

«Եթէ մենք չպայքարէնք այս իշխանութեան դէմ, եւ այսօրուայ ընդդիմութիւնը չլինէր, այս իշխանութիւնը լինելու էր աւելի սանձարձակ, եթէ մէկը կայ, որ կարող է աւելի արդիւնաւետ պայքարել այս չարիքի կառավարութան դէմ, հանրապետութեան բոլոր հրապարակներն ու փողոցներն ազատ են, իսկ եթէ մէզանից աւելի արդիւնաւետ պայքարէն, գնալու ենք, միանանք իրենց», — յաւելեց նա:

Ինչ վերաբերում է նրան, որ ինչու են ամռանը պասիւացրել շարժման գործունէութիւնը, մի՞թէ «ամռանը հայրենիք չէն փրկում», նա պատասխանեց, որ «Հայրենիքի փրկութեան շարժման» ժամանակ 4 ամիս փողոցում էին` վրանների տակ, իսկ այս սեպտեմբերից աւելի լայն ծաւալով, նոր շնչով կմտնէն պայքարի մէջ:

«Ոչ մի բան չենք տապալել, հսկայական ձեռքբերումներ ունենք», — նշեց նա` յաւելելով. «Ակնյայտ է, որ շարժումը առնուազն մեր ուղերձը տեղ է հասցրել` որ Նիկոլը չունի մանդատ` երկրի կողմից բանակցութիւններ վարելու, եւ հայ ժողովուրդը պատրաստ չէ որեւէ նոր կապիտուլեացիայի»:

Հարցին, թէ ինչ տարաձայնութիւններ կան ընդդիմութեան թեւերի միջեւ Իշխան Սաղաթելեանն ասաց. «Լուրջ եւ էական տարաձայնութիւն այս պահին չկայ, ամէն դէպքում շարժման մաս կազմող այն ուժերը, որոնք այս պահին կան եւ գոյութիւն ունեն:

Մի տեղ, որ կան բազմաթիւ քաղաքական ուժեր, նպատակին հասնելու շուրջ տարաձայնութիւն չկայ, կայ մարտաւարութեան, այսինքն` ոչ թէ տարաձայնութիւն, այլ տարբեր տեսակէտներ ու քննարկումներ, եթէ լինէր տարաձայնութիւն, կդրսեւորուեր ինչ-որ կերպ: Կան տարբեր կարծիքներ ու քննարկումներ»:

Share