Լեռնային Ղարաբաղից դուրս եկող ռուս խաղաղապահների մեքենաների շարասիւնը, քիչ առաջ հատելով Լաչինի միջանցքը, շարժուել է դէպի Գորիս։
Ռուսական «Ուրալ»-ներին ու «ԿամԱԶ»-ներին ուղեկցել է Հայաստանի ռազմական ոստիկանութեան մեքենան։
Թէ Գորիսից ուր են գնալու ռուս խաղաղապահները, յստակ չէ։ Նախորդող օրերին ադրբեջանական մամուլում տեսանիւթեր էին յայտնուել, որտեղ ռուսական կոնտինգենտը Լեռնային Ղարաբաղի տարածքից դուրս էր գալիս Ադրբեջանով։
Ապրիլի 17-ին Ադրբեջանի նախագահի օգնականը յայտնել է, որ Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարութիւնը Ղարաբաղից ռուսական խաղաղապահ զօրախմբի վաղաժամկէտ դուրսբերման որոշում է ընդունել։
Խաղաղապահ զօրախումբը տեղակայուել էր 5 տարի ժամկէտով՝ 44-օրեայ պատերազմից յետոյ՝ Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարների կողմից 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութեան համաձայն։
Խաղաղապահների թիւը 1960 էր, իսկ մանդատի վերաբերեալ փաստաթուղթ կողմերի միջեւ այդպէս էլ չէր ստորագրուել, նոյեմբերի 9-ի փաստաթղթով նրանք պէտք է կանգնէին Ղարաբաղի ու Ադրբեջանի շփման գծին, ինչպէս նաեւ հսկեին Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանցքը։