Ռուս խաղաղապահների կողմից ԱԺ մի խումբ պատգամաւորների մուտքն Արցախ արգելելու միջադէպ

Ռուս խաղաղապահների կողմից ԱԺ մի խումբ պատգամաւորների մուտքն Արցախ արգելելու միջադէպ

ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Գեղամ Մանուկեանը «Ազատութիւն» ռադիօկայանի հետ զրոյցում անդրադարձել է այսօր ռուս խաղաղապահների կողմից ԱԺ մի խումբ պատգամաւորների մուտքն Արցախ արգելելու միջադէպին՝ նշելով, որ պատգամաւորներին չէն բացատրել Արցախ մուտքն արգելելու պատճառները։

«Ուղղակի մեր մուտքը ռուս խաղաղապահներն արգելել են, յատուկ ցուցակ էր տրուած նրանց: Բայց մինչեւ հասնելը ռուս խաղաղապահներին, ճանապարհին եւս մէկ արտառոց դէպք արձանագրեցինք, որ Տեղ գիւղում` հայկական անցակէտում սահմանապահ զինուորականներն ուղղակի պատգամաւորների բոլոր անձնական տուեալները` անձնագրային տուեալները, ծննդեան ամսաթիւ, թիւ, տարեթիւ, ամբողջութեամբ ճշգրտում էին` ենթադրաբար արձանագրելով, թէ կոնկրէտ որ պատգամաւորներն են մեկնում Արցախ, եւ դրանից կարճ ժամանակ յետոյ արդէն ռուս խաղաղապահները նոյն անուն-ազգանուններով, նոյնիսկ հայրանունները անգիր յիշելով, ճշտում էին եւ ասացին, որ մեր մուտքն արգելուած է», – մանրամասնել է ընդդիմադիր պատգամաւորը:

«Վերահաստատել ենք մեր վճռականութիւնը Արցախի մեկուսացման, Արցախի հայաթափման դէմ պայքարում, բայց այս բոլոր փաստէրի համադրումը վկայում է մէկ բան, որ սա պատահական չէր արուած. այսօրուայ Հայաստանի իշխանութիւնները եւ Նիկոլ Փաշինեանն ուղղակի հերթական ստուերային համաձայնութիւնն ունեն Ալիեւի հետ, նաեւ տեղաշարժի սահմանափակումներ մտցնելու, որովհետեւ եթէ այսօր պատգամաւորների մուտքն է արգելուած, վաղը չի բացառւում, որ կոնկրէտ մէկ այլ քաղաքական գործչի, անհատի կամ հազարաւոր մեր հայրենակիցների երթեւեկը դէպի Արցախի Հանրապետութիւն արգելուի», – յայտարարեց Գեղամ Մանուկեանը:

Share