Ռուսաստանի ԱԳՆ. ԵԱՏՄ-ից դուրս գալը «ցաւոտ» կը լինի Հայաստանի բնակչութեան համար

Ռուսաստանի ԱԳՆ. ԵԱՏՄ-ից դուրս գալը «ցաւոտ» կը լինի Հայաստանի բնակչութեան համար

Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի կարծիքով, «եթէ Հայաստանը գնայ եւրոպական ընտրութեան ճանապարհով, դա օբյեկտիւօրէն կեանգեցնի այն հաստատուած տնտեսական յարաբերութիւնների վերանայմանը, որը Երեւանը ներկայում ունի ԵԱՏՄ գծով իր գործընկերների հետ»։

«Դա, հաւանաբար, բաւականին ցաւոտ գործընթաց կը լինի, այդ թւում, ցաւօք, Հայաստանի բնակչութեան համար: Տրամաբանական է ենթադրել, որ երկրի ղեկավարութիւնն իր բնակչութեանը կբացատրի, թէ ինչ նա կարող է կորցնել ԵԱՏՄ-ից դուրս գալով եւ իրականում ինչ կարող է շահել Եւրամիութեանն անդամակցութիւնից»,- ասել է դիւանագէտը «Известия»-ին տուած հարցազրոյցում։

«Մեր հայ գործընկերները, հաւանաբար, ինչ-որ պահի պէտք է որոշեն, թէ որ ուղղութեամբ են գնում՝ դէպի Եւրամիութիւն ինտեգրում, թե՞ ԵԱՏՄ-ի միջոցով եւրասիական ինտեգրմանը մասնակցելու շարունակութիւն։ Այս մասնակցութիւնն ակնյայտ օգուտներ է բերում Հայաստանի բնակչութեանը։ Եւ դա արտայայտւում է առաջին հերթին Հայաստանի ՀՆԱ աճի համար շատ նշանակալի թուերով։ Վերջին տարում այն կազմել է մօտ 6%»,- նշել է Գալուզինը։

Նա ուշադրութիւն է հրաւիրել այն փաստին, որ «նոյնիսկ այսօր ԵՄ երկրներից իւրաքանչիւրի հետ Հայաստանի ապրանքաշրջանառութիւնը մի քանի անգամ ցածր է, քան Ռուսաստանի հետ»։

«Էլ չենք խօսում այն մասին, որ ԵՄ-ն բացայայտ թշնամական քաղաքականութիւն է վարում Ռուսաստանի՝ Հայաստանի առանցքային տնտեսական գործընկերոջ եւ ռազմավարական դաշնակցի նկատմամբ։ Նրանք Ռուսաստանին ռազմավարական պարտութիւն հասցնելու եւ մեր երկիրը թուլացնելու մոլագար հիւանդագին ցանկութիւն ունեն՝ ուկրաինական ճգնաժամի քաղաքական եւ դիւանագիտական կարգաւորմանն ուղղուած, խաղաղութեան հասնելու ցանկացած գործողութիւն արգելափակելու, Ռուսաստանի եւ ԱՊՀ, ԵԱՏՄ եւ ՀԱՊԿ գծով բոլոր գործընկերների միջեւ սեպ խրելու միջոցով: Պաշտօնական Երեւանում, յուսով եմ, տեսնում են այս իրավիճակը եւ դրան համապատասխան գնահատական են տալիս», — նշել է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարի տեղակալը։

Share