Ռուբէն Վարդանեանի ուղերձները՝ Բաքուից

Ռուբէն Վարդանեանի ուղերձները՝ Բաքուից

Ես երջանիկ եմ եղել ե՛ւ Հնդկական ովկիանոսի շքեղ կղզում, ե՛ւ այստեղի խցում, որտեղ օրական 3 բաժակ ջրից բացի ուրիշ ոչինչ չկայ, երջանկութիւնը մեր մէջ է:

Գործարար, բարերար, օկուպացւած Արցախի Հանրապետութեան նախկին պետնախարար Ռուբէն Վարդանեանը, որը 2023-ից ապօրինաբար բանտարկւած է Բաքւում, հեռախօսազանգերի, նամակների միջոցով ընտանիքին է փոխանցել 7 կարեւոր աքսիոմներ, որոնցով առաջնորդւում է իր կեանքում: Նա խնդրել է հրապարակային դարձնել դրանք, որպէսզի մարդիկ եւս մտածեն դրանց շուրջ.

«Մի հնդիկ փիլիսոփայ ասել է, որ անգիտութիւնը սկիզբ չունի, բայց ունի աւարտ: Լուսաւորութիւնն ունի սկիզբ, բայց այն երբեք չի աւարտւում։ Այնպէս որ, պէտք է գնալ ոչ թէ բառի, այլ իմաստի յետեւից։ Ոչ թէ ուսուցչի, այլ ուսմունքի յետեւից։

Իմ կեանքի ընթացքում ես 7 աքսիոմ յայտնաբերեցի ու ընդունեցի: Օրէնքներ, որոնք ինձ համար ապացուցման կարիք չունեն։ Որոնք դարձել են այն սիւնը, որի վրայ հիմնւում եմ ես ու կառուցում եմ իմ տունը։ Այդ աքսիոմների շնորհիւ ես այն կառուցում եմ քարի, ոչ թէ՝ աւազի վրայ։ Ինչպէս Յիսուսն էր խրատում Լեռան քարոզում։

Դարեր շարունակ իմաստուններն ու մարգարէները բազմիցս փորձել են մեզ հասցնել այս մտքերը՝ տարբեր լեզուներով, տարբեր բառերով, խորհրդանիշներով, գործողութիւններով ու կանոններով։ Իմ ոչ լիարժէք 57 տարեկանում ես հասկացայ դրանք։ Հասկացայ երկար որոնումներից, խոհերից յետոյ, ինքս իմ հետ, իմ ուսուցիչների եւ մտերիմների հետ վէճերից ու քննարկումներից յետոյ։

Նորից ու նորից սեփական փորձով համոզւեցի, որ հնարաւոր չէ ինչ-որ բան սովորել՝ պարզապէս խելացի գրքեր կարդալով եւ դրանք անգիր անելով։ Նոյն գրքին ես երբեմն վերադառնում էի տասը անգամ՝ ընդամէնը մէկ միտք հասկանալու համար։ Հասկանալ իմաստը, այլ ոչ թէ բառերը, որոնց տողատակերում այն թաքնւած էր։

Միայն այս գրքերն ու մտքերը քո միջով անցկացնելով, քո աշխարհընկալման ու փորձի մէջ ներդնելով, դրանք քո էութիւնը, ամենօրեայ կեանքի բնական վիճակը դարձնելով կարելի է հասնել նրան, որ դրանք դառնան այն հիմքը, որոնց վրայ կառուցւում է ամէն ինչ, որոնք հաշւի ես առնում կեանքում ցանկացած որոշում կայացնելիս։ Աքսիոմները, որոնց հասնում ես այդ ճանապարհով, հնարաւոր չէ փոխել։

Սեփական աքսիոմները կարող է ունենալ իւրաքանչիւրը։ Դրա համար չկան եւ չեն կարող լինել սահմանափակումներ եւ արգելքներ, դրա համար յատուկ թոյլտւութիւններ եւ հաւանութիւններ պէտք չեն։ Նոյնիսկ կարդալ եւ գրել չիմացող մարդը կարող է դա անել, եթէ իսկապէս ցանկանայ։ Եւ կը գտնի իր ճանապարհը։

Նշանակալի ու հանճարեղ բան ստեղծելու համար մեծ ռեսուրսներ պէտք չեն. ամէն ինչ կայ ներսում: Երբ կայ ասելիք, միշտ կը գտնես այն արտայայտելու ձեւն ու միջոցը, ինչպէս օրինակ, Գարրի Բարդինը, որն իր հանճարեղ «Ադաջիօ» անիմացիոն ֆիլմ-առակն ստեղծել է ընդամէնը թղթից։ Նա ուրիշ ոչինչ չի ունեցել, բացի մտքից, որն էլ փոխանցել է այդ պարզ միջոցով։ Ու այդ ֆիլմն արժանացել է Վատիկանի գնահատականին եւ էկումենիկ մրցանակի: Որովհետեւ առաջինը ծնւում է միտքը, յետոյ արդէն գալիս է ճանաչումը: Այսօր յաճախ ամէն ինչ հակառակն է, ու հէնց դրանում է մեր ժամնակների գլխաւոր ճգնաժամը:

Աքսիոմ առաջին

Մարդիկ աշխարհում մաշկի գոյնով, սեռով, ազգային եւ կրօնական պատկանելութեամբ չեն առանձնանում: Նոյնիսկ լաւերի ու վատերի չեն բաժանւում. մեզանից իւրաքանչիւրի մէջ կայ ե՛ւ լաւը, ե՛ւ վատը։ Մարդիկ տարբերւում են հաւատով. նրանք, ովքեր հաւատում են Աստծոյ գոյութեանը եւ նրանք, ովքեր չեն հաւատում։ Ովքեր կասկածում են, տատանւում են, ովքեր իրենց համար այլ կուռքեր են ընտրում։

Առաջինները գիտեն, հաւատում եւ ապրում են այն գիտակցութեամբ, որ ամէն ինչի համար, ինչ մենք անում, ասում, մտածում ենք, պատասխանատւութիւն են կրելու Աստծոյ առջեւ։ Ոչ ոքի վրայ հնարաւոր չի լինի բարդել մեր սխալները, վատ մտքերը, արարքները։ Իսկ երկրորդները երկրպագում են ոսկէ հորթին, իշխանութեանը, ճանաչմանը, հաճոյքին, փորձում են միաժամանակ նստել երկու աթոռի վրայ։ Նրանց մէջ մարել է ներքին Աստւածային կայծը, եւ նրանք դարձել են ամէն ինչի հանդէպ անտարբեր։

Աքսիոմ երկրորդ

Յաւերժութեանն ամենամօտը ակնթարթն է։ Շնորհակալ պէտք է լինել Աստծուն այսօրւայ պահի համար, պատրաստ լինել մահւան ցանկացած պահի, ապրել ներկայ պահով ՝ սա է իրական կեանքը։ Պէտք է յարգել եւ իմանալ անցեալը, լաւատեսօրէն նայել ապագային, բայց ապրել՝ ներկայով։

Աքսիոմ երրորդ

Էներգիան, ուժն այն է, ինչ մենք ստանում ենք շրջակայ աշխարհից, տիեզերքից՝ թթւածնի, ջրի, սննդի, քնի, աշխարհի հետ շփման միջոցով, մեր գործողութիւնների, խօսքերի, մտքերի միջոցով։ Մենք տալիս կամ ծախսում ենք այդ եռանդի մի մասը մեր մարմինն առողջ պահելու համար, որպէսզի մեր մէջ չմարի Աստւածային կայծը։ Բայց մենք այն նաեւ ծախսում ենք սնունդը մարսելու, մեր ցանկութիւնների բաւարարելու կամ պարզապէս դատարկ կեանքի, անիմաստ առօրեայի եւ արտաքին աղմուկի վրայ։

Էներգիա, ուժ ու եռանդ հաւաքելը, այն կուտակելն ու աշխարհին փոխանցելը մեր գոյութեան իմաստն է։ Սա բարդ, քրտնաջան աշխատանք է, որը միշտ պէտք է անել շատ խնամքով, այնպէս, որ չվնասենք ո՛չ մեզ, ո՛չ աշխարհին, որպէսզի մեր մէջ պահպանենք էներգիայի դրական հաւասարակշռութիւնը։

Աքսիոմ չորրորդ

Լոյսը կեանք է։ Աստւած ասաց՝ «Եղիցի լոյս»։ Լուսաւորելով ե՛ւ մեր, ե՛ւ ուրիշների ճանապարհը, մենք նմանւում ենք էլեկտրական թելի՝ բարակ, փխրուն, որը կարող է ակնթարթօրէն այրւել։ Ուստի կարեւոր է այդ հաւասարակշռութիւնը պահել այնպէս, որ լուսաւորենք առաջին հերթին ոչ թէ մեզ, այլ մեր շուրջը։ Չկուտակել ոչ մի աւելորդ բան, չդառնալ մեր ցանկութիւնների ստրուկը, չմնալ մէկ՝ հոգեւորի կամ նիւթականի կողմում։ Միջին ճանապարհ ընտրելով՝ կարելի է ուղին լուսաւոր դարձնել ուրիշների համար՝ առանց խախտելու նուրբ ու դինամիկ հաւասարակշռութիւնը մեր հսկայական աշխարհում, որը մենք միաժամանակ ե՛ւ գիտենք, ե՛ւ չգիտենք։

Աքսիոմ հինգերորդ

Բարին մեզ համար նոյնն է, ինչ օդը, ինչ ջուրը՝ ձկան համար։ Մենք այն չենք նկատում եւ կարծում ենք, որ այդպէս էլ պէտք է լինի, եւ շատ ենք հիասթափւում, երբ ինչ-որ բան այնպէս չի լինում։

Բարին յաւերժ է եւ անմահ։ Այն ուժեղանում է, երբ մենք բարի գործ ենք անում՝ ոչինչ չակնկալելով փոխարէնը, անանուն, երբեմն նոյնիսկ չիմանալով, թէ ում ենք օգնում։ Բարին ներդրում չէ։ Եղիր երախտապարտ, մի վերադարձրու նրան, ով քեզ բարիք է արել` պարտքի զգացողութիւնից ելնելով, այլ որպէս էստաֆետային փայտիկ, այն առաջ փոխանցիր։ Այն կը վերադառնայ ե՛ւ նրանց, ով քեզ բարիք է արել, ե՛ւ քեզ։ Մի՛ մերժիր ոչ մէկի, օգնիր եւ կիսւիր ամէն ինչով, ինչ ունես։ Ամէն ինչ կը վերադառնայ։

Աքսիոմ վեցերորդ

Դրախտն այն է, երբ հրաժարւում ես քո ցանկութիւններից, վախերից, զգացմունքներից, տալիս ես քեզ ամբողջովին եւ քո ողջ էներգիան՝ բարիք անելու եւ ուրիշներին լուսաւորելու համար։ Այն նման է անտեսանելի ճառագայթման մեր շուրջը։ Եթէ այն սպառւի, եթէ մենք չպահպանենք այդ հաւասարակշռութիւնը, աշխարհը կանհետանայ։ Գլխաւոր ռիսկը ոչ թէ օզոնային անցքն է, այլ բարու եւ լոյսի անհետացումը։ Այնպէս որ, դրախտը քո մասին չէ։ Դա այն մասին է, որ քեզ ամբողջովին նւիրաբերես ուրիշներին եւ յետոյ հանգիստ վերադառնաս Յաւերժութիւն։ Երջանկութիւնը հէնց դա է:

Աքսիոմ եօթերորդ

Երջանկութիւնը սկսւում եւ աւարտւում է մեր մէջ։ Արտաքին միջավայրը ոչ մի դեր չի խաղում։ Ես երջանիկ եմ եղել ե՛ւ Հնդկական ովկիանոսի շքեղ կղզում, որտեղ միայն մենք էինք ընտանիքով եւ սպասարկող անձնակազմը, ե՛ւ այստեղի խցում, որտեղ օրական երեք բաժակ ջրից բացի ուրիշ ոչինչ չկայ։ Երջանկութիւնը մեր մէջ է։ Միայն:

***

Երջանկութիւն, յաւերժութիւն, էներգիա, լոյս եւ բարիք՝ ահա իմ յենարանները։ Ես կիսւեցի ձեզ հետ այս մտքերով, որպէսզի դուք մտածէք այդ մասին։ Որպէսզի վիճէք ինձ հետ եւ ինքներդ ձեզ հետ։ Իսկ գլխաւորը՝ որպէսզի խելագար կենցաղի եւ առօրեայի այս աշխարհում ժամանակ յատկացնէք ոչ թէ փողին, ոչ թէ հաճոյքներին, այլ ձեր հոգուն։ Շարունակէք զգալ կեանքը, շարունակէք ժպտալ եւ ապրել լիարժէք կեանքով։

Ռուբէն»:

Share