Ռուբէն Վարդանեանի ուղերձը Բաքուի բանտից-Ձայնագրութիւն

Ռուբէն Վարդանեանի ուղերձը Բաքուի բանտից-Ձայնագրութիւն

Ներկայացնում ենք Ռուբէն Վարդանեանի ուղերձը Բաքուի բանտից՝ փոխանցուած ընտանիքի միջոցով:

«Յարգելի հայրենակիցներ,

Այսօր մարտի 5-ն է: Ես ուզում են ձեզ երկու խօսք ասել որպէս Ռուբէն Վարդանեան, այնպիսին, ինչպէս ես կամ՝ ոգով հայ, ռուսերէն մտածող ու խօսող: Աշխարհի մարդ, երջանիկ իմ կնոջ հետ միասին, բոլորին սիրող, ինքնակրթուող եւ հաւատով առ Աստուած:

Առաջին հերթին, ցանկանում եմ բոլորիդ շնորհակալութիւն յայտնել՝ մտքերով, աղօթքներով, նամակներով ինձ աջակցելու, այստեղ կատարուողի նկատմամբ անտարբեր չլինելու համար: Ես դա զգում եմ, ու դա ինձ ուժ է տալիս: Միտքը նիւթական է: Ես լաւ վիճակում եմ, ամուր եմ, առողջութիւնս նորմալ է, ինքս ինձ հետ հաշտ եմ ու ոգով ուժեղ, ինչպէս երբեք: 

Ուզում եմ ներողութիւն խնդրել իմ սիրելի կնոջից, իմ ընտանիքից, բոլոր հարազատներից ու մերձաւորներից, որոնց իմ այս որոշումով ցաւ ու յուզմունք եմ պատճառում: Բայց դուք գիտեք, որ մէզնից իւրաքանչիւրն իր ճանապարհն ունի, եւ ես ինձ համար այս ճանապարհն եմ ընտրել: Մեր ճակատագրերը կանխորոշուած են Աստծոյ կողմից, իսկ ճանապարհները միշտ մենք ենք ընտրում: Եթէ նոյնիսկ հրաժարւում ենք մեր ընտրութիւնից, դա մեր փոխարէն միշտ անում է մէկ ուրիշը: 

Ուզում եմ եւս մէկ անգամ ընդգծել, որ իմ այս որոշումը ոչ մի կերպ պայմանաւորուած չէ ինձնով, իմ վիճակով կամ մեկուսարանում իմ պայմաններով, ինչպէս անցած անգամ, երբ 20 օր շարունակ, մինչեւ ապրիլի 24 -ը, գիշերը 12-ը հացադուլի մէջ էի: Սա… բողոք է ընդդէմ գործընթացի, ընդդէմ նրա, թէ ինչպէս է իրականացւում այս դատական պրոցեսը:

Ես գիտակցել եմ ինչի եմ գնում, պատրաստ եմ եղել եւ պատրաստ եմ աւելի վատ պայմանների: Ես զոհ չեմ, ինձ պէտք չէ խղճալ, քանի որ սա գիտակցուած որոշում է:

Իմ պահանջները նոյնն են: Եթէ դատում եք՝ դատեք պրոֆէսիոնալ կերպով, բաց ու հրապարակային, Ադրբեջանի բոլոր օրէնքների ու ընթացակարգերի համաձայն, միւսների հետ միասին, միջազգային լրատուամիջոցների, դիտորդների ներկայութեամբ, եթէ այդքան վստահ եք ձեր արդարացիութեան մէջ: Իմ գործն արհեստականօրէն մի՛ առանձնացրենք: Ինչու է իմ գործն առանձնացւում, երբ իմ բոլոր մեղադրանքները կառուցուած են նրա վրայ, որ ինչպէս դուք եք կարծում, ես կազմակերպուած յանցաւոր խմբի անդամ եմ, որին անդամագրուել եմ  [19]87 թուականից:

Մի՛ խախտեք ձեր սեփական օրէնքներն ու ընթացակարգերը: Մի՛ կեղծեք փաստաթղթերը, մի՛ նենգափոխեք արձանագրութիւնները: Չէ որ դուք ամէն ինչ ունեք՝ իմ բոլոր գաջեթները, իմ բոլոր փաստաթղթերը: Դատը մի դարձրեք ձեւական դատավարութիւն, իմիտացիայ, շոու: Եթէ դատում եք՝ դատեք ճիշտ:

Իմ բոլոր հայրենակիցներին, սիրելի ու հարազատ մարդկանց  ուզում եմ ասել հետեւեալը՝ դատում են ոչ թէ ինձ ու միւս 15  հոգուն, այլ բոլոր հայերին: Ու եթէ դուք դա չեք հասկանում, ուրեմն դա մեծ ողբերգութիւն է, քանի որ սա ողջ պատմութեան, հակամարտութեան վերջը չէ, այլ ընդամէնը հերթական փուլը՝ ի ափսոսանք բոլոր կողմերի: 

Ինձ մեղադրում են ամէն ինչում, ամէն ինչում, ինչ տեղի է ունեցել [19]87 թուականից ի վեր: Խնդիր չկայ. ես պատրաստ եմ կրել ամենածանր պատիժը դրա համար, միայն թէ դա օգներ խաղաղութեան ու հանգստութեան հաստատմանը: Բայց պատրանք է, թէ ձեզ յետոյ բոլորը հանգիստ են թողնելու եւ դուք հանգիստ կարող եք անել ձեր գործն ու վայելել կեանքը՝ չմտածելով այս խնդիրների մասին, որոնք առջեւում են:

Երբ տեղափոխւում էի Արցախ, ես գիտէի՝ ինչի եմ գնում: Ցանկացած մարդ իր կեանքում ամէն բան անում է միայն իր համար, հանուն իրեն, եւ Աստծոյ առաջ պատասխան է տալիս միայնակ՝ իր բոլոր մտքերի, խօսքերի, գործողութիւնների համար: Ես դրանում խորապէս համոզուած եմ: Եւ եթէ նոյնիսկ ինչ-որ մէկն իրեն զոհում է հանուն Հայրենիքի, ընտանիքի կամ սկզբունքների, դա միմիայն իր անձնական որոշումն է եւ իր պատասխանատուութիւնը: Այնպէս որ, այս իմաստով ես ամէն ինչ գիտակցուած եմ արել:

Չգիտեմ՝ ես կ’ունենամ արդյօք հնարաւորութիւն ձեզ հետ շփուելու, թէ ոչ, ուստի ուզում եմ ներողութիւն խնդրել բոլոր նրանցից, ում երբեւէ նեղացրել եմ խօսքով, գործով կամ անուշադրութեամբ: Ներող եղեք: Ես դա չեմ արել վատ մտքով, նախանձից, գոռոզութիւն կամ վրէժխնդրութիւնից դրդուած: Ես չէի ուզէնայ որեւէ մէկին ցաւ պատճառել:

Յատուկ ուզում եմ խօսել մի մարդու մասին, որին ցաւ պատճառելու միտքն այստեղ ինձ համար ամենածանրն է: Խոսքը Ալուարդի մասին է: Եթէ ես Ձեր ու Ձեր ամուսնու հետ ձեր մեքենայում չգտնուէի, նա հիմա ձեր կողքին կը լինէր: Խնդրում եմ ինձ ներեք: Ինձ համար դա ամենածանր պատիժն է, որ իմ պատճառով  եւս մէկ մարդ այստեղ տառապում է բոլորիս հետ միասին:

Նաեւ ուզում եմ առանձին ներողութիւն խնդրել բոլոր երեխաներից, որոնք զրկուեցին իրենց հայրենիքից, որ չկարողացայ անել ամէն ինչ, ինչ կարող էի եւ պէտք է անէի, որպէսզի դա տեղի չունենար: Ես արեցի այնքան, որքանի համար կարծում էի բարոյական իրաւունք ունեմ, քանի որ ձեզ հետ էի: Ես ուրախ եմ, որ ինձ յաջողուեց կանխել որոշ բաներ, որոնք իմ կարծիքով…իմ կարծիքով մէզ որպէս ազգ վերջնականապէս կկոտրեին: Ինձ յաջողուեց դա կանգնեցնել եւ մի փոքր փոխել պատմութեան ընթացքը:

Ես երջանիկ էի լինել ձեզ հետ, Արցախի ժողովրդի հետ այդ ծանր օրերին, ողջ ընթացքում զգալ ձեր սէրը, վստահութիւնը, ջերմութիւնն ու երախտագիտութեանը: Ես հպարտանում եմ ձեզնով՝ ինձ հարազատ իսկական պարզ մարդկանցով, ու սիրում եմ բոլորին:

Ես շատ երջանիկ  մարդ եմ: Աստուած ինձ հրաշալի ընտանիք, ընկերներ է տուել: Ես հսկայական թուով նախագծեր եմ իրականացրել իմ իւրայատուկ գործընկերների հետ: Ես շատ բան եմ տեսել աշխարհում: Բայց չնայած բոլոր դժուարութիւններին, շրջափակմանը, ապագայի անորոշութեանը, ծանր պայմաններին, դրանք  իմ կեանքի լաւագոյն օրերից էին. մենք միասին վերականգնում էինք Յակոբաւանքը, հաց էինք կիսում եւ պարում մեր պարերը:

Երջանիկ եմ, որ յաջողուեց մեծաթիւ ընկերների ու գործընկերների հետ մի քանի տասնեակ նախագծեր իրականացնել Արցախում: Այդ թւում յատուկ շնորհակալութիւն եմ ուզում յայտնել իմ մահմեդական ընկերոջը (չեմ ուզում անունը նշել՝ խնդիրներ չստեղծելու համար)` Շուշիի մզկիթը միասին վերականգնելու համար:

Յիշեք, որ չարին երբեք չի կարելի չարութեամբ պատասխանել. նա դրանից մեծանում է եւ աւելի ու աւելի ուժեղ դառնում: Սումգայիթից յետոյ տեղի է ունենում Խոջալուն, եւ այդպէս անվերջ: Այդ ճանապարհն ինձ համար միշտ անընդունելի է եղել,  որովհետեւ այն ապագայ չունի, դա միայն փակուղի է, որը, ցաւօք, լաւ ելք չի ունենում:

Ուզում եմ նաեւ շնորհակալութիւն յայտնել մեծ թուով ադրբեջանցիների, որոնց հետ այստեղ առնչուել եմ, մարդկային արժէքներին նրանց հաւատարմութեան համար, անգամ այն դէպքում, երբ նրանք ինձ թշնամի են համարում եւ իրենց մօտ կուտակուած դժգոհութիւն կայ: Նրանք պահպանել են իրենց մարդկային կերպարը: Իսկ բոլոր նրանց, ովքեր իրենց այլ կերպ են պահել,  ես անկեղծ խղճում եմ եւ ներում, ինչպէս նաեւ այն հայերին, որոնք Հայաստանում են նոյն կերպ վերաբերւում ինձ եւ ընտանիքիս:

Ես լաւատես եմ եւ հաւատում եմ, որ չնայած այս ամէնին, յաղթահարելու ենք բոլոր մարտահրաւէրներն ու դժուարութիւնները, եւ նորից ապրելու ենք մեր հայրենիքում՝ հարեւանների հետ խաղաղութեամբ, յարգելով միմեանց: Հաւատում եմ, որ  կը յաղթահարէնք փոխադարձ թշնամանքն ու կուտակուած ատելութիւնը, ինչպէս դա ստացուել է որոշ ժողովուրդների մօտ:

Բայց եթէ մենք ուզում ենք դա իսկապէս անել, մէզ պէտք է իրական երկարաժամկէտ խաղաղութիւն՝ ոչ թէ թղթի վրայ ստորագրուած, այլ կեանքի կոչուած: Մենք պէտք է յիշէնք, որ մէզ ոչ ոք ոչնչով պարտական չէ, որ միայն ուժեղ մարդկանց հետ, էլիտայ, արժանապատուութիւն, պատիւ ունեցող երկրի հետ կարող են իրական պայմանաւորուածութիւններ ձեռք բերուել:

Դա մեծ պատասխանատուութիւն է այն էլիտայի համար, որը էլիտայ է համարւում ոչ թէ նրա համար, որ շատ փող, կապեր, ուժ կամ անգամ՝ ինտելեկտ ունի, այլ այն էլիտայի, որը հասկանում է, որ ում շատ է տրուած, նրանից  էլ աւելին է պահանջւում: Եւ այդ իրական էլիտայի մօտ անձնականը միշտ հանրութեան նկատմամբ պարտքից յետոյ է, ազգի  ու երկրի ապագայի նկատմամբ պատասխանատուութիւնը միշտ գերակայ է անձնական  բոլոր շահերի ու ցանկութիւնների նկատմամբ:

Եւ վերջինը՝ ի յիշատակ այս սարսափելի հակամարտութեան բոլոր զոհերի: Ես խորապէս համոզուած եմ, որ կան աւելի կարեւոր բաներ, քան մէկ մարդու կեանքը. դա քո մէջ բարու, լոյսի, արժէքների, սրբութիւնների, հոգեւոր հիմքերի նկատմամբ հաւատի պահպանման անհրաժեշտութիւնն է, որը մարդուն տարբերում է ռոբոտից: Քանի որ առանց դրա աշխարհը կխարխափի  քաոսում կամ կկործանուի ջրհեղեղներից  կամ ուրիշ աղէտներից: Չի կարելի դառնալ ոսկէ հորթի ստրուկը: Այդ ամենն արդէն եղել է մարդկութեան պատմութեան մէջ:  Եկէ՛ք թոյլ չտանք դրա կրկնութիւնը եւ  դրա համար գործադրենք բոլոր ջանքերը, քանի որ արժէքների նկատմամբ հաւատը մեր ապագայի հիմքն է:

Ուստի հանուն այս հիմնարար արժէքների, հիմնասիւների եւ  պատգամների պահպանման, որոնք ինձ համար կարեւորագոյն նշանակութիւն ունեն,  ես պատրաստ եմ ինքս ինձ հետ հաշտ գնալ մինչեւ վերջ ու միանգամայն երջանիկ լինել։ Քանի որ երջանկութիւնն սկսւում եւ աւարտւում է քո մէջ, երբ դու ինքդ քեզ հետ ներդաշնակ ես: 

Ես ուրախ եմ, որ կարող եմ ծառայել իմ ժողովրդին եւ այն սկզբունքներին, որոնք ես համարում եմ կարեւոր ողջ մարդկութեան, ոչ թէ միայն մեր ժողովրդի համար:

Եւ վերջինը. Ես այստեղ հասկացայ, որ երբեք չի կարելի տրուել յուսալքութեանը, անտարբերութեանը, եւ հասկացայ, թէ ինչու է դա եօթը մեղքերից ամենասարսափելին:  Մի ժամանակ կարծում էի աւելի վատ է նախանձը կամ գոռոզութիւնը: Մինչդեռ յուսալքութիւնը, վհատութիւնը նշանակում է,  որ քո մէջ մարել է Աստծոյ կայծը, որ դու դադարել ես հաւատալ, որ դու պարզապէս ձեռքերդ բարձրացրել ու յանձնուել ես:

Կոչ եմ անում՝ երբեք դա չանեք: Կուզէնայի, որ մենք երբեք չհիասթափուեինք եւ չտրուեինք յուսալքութեանը: Խնդրում եմ: Դա մեր ապագայի հիմքն է, այդ իսկ պատճառով ես գնահատում եմ այն շանսը, որ ինձ տրուել է: Ես կ’անեմ ամէն ինչ, ինչ կարող եմ եւ կը շարունակեմ անել, ինչ կարող եմ: 

Ես բոլորիդ սիրում եմ: Համոզուած եմ, որ ամէն ինչ լաւ է լինելու: Ես միշտ եղել եմ, կամ ու լինելու եմ ձեզ հետ: Ես մարդ եմ, որն ուզում է ապրել, սիրել եւ շարունակել իր գործունէութիւնը: Բայց ես կարծում  եմ, որ այն, ինչ անում եմ, ճիշտ է, քանի որ դա միակ ճանապարհն է դուրս բերելու ձեզ այն անտարբերութիւնից, որում գտնւում եք:

{Շարունակում է հայերէն} Լեօխ լաւայ լինելու:

Վստահ եմ, որ չնայած բոլոր դժուարութիւններին, որոնք կանգնած են մեր առջեւ, մենք կը յաղթահարէնք դրանք: Ես ձեզ հետ եմ որպէս Ռուբէն Վարդանեան, Կառլենի տղան, Համոյ Վարդանեանի թոռը եւ իմ ողջ ժառանգութեամբ՝ ծնողների, նաեւ արցախցի տատիկի ժառանգութեամբ:  Շնորհակալ եմ ձեզ , որ ինձ տուել եք  հայ լինելու եւ իմ հայրենիքը սիրելու այս երջանկութիւնը»:

Ձայնագրութիւնը լսելի է այստեղ՝ https://www.facebook.com/watch/?v=1283367730457112

Share