Ռուբէն Վարդանեանի փաստաբանը ներկայացրել է, թէ ինչ կարող էր անել Փաշինեանը

Ռուբէն Վարդանեանի փաստաբանը ներկայացրել է, թէ ինչ կարող էր անել Փաշինեանը

Ռուբէն Վարդանեանի ընտանիքի միջազգային խորհրդատու Ջարեդ Գենսէրը գրառում է կատարել, որտեղ թուարկել է այն քայլերը, որոնք կարող են կատարել Հայաստանի իշխանութիւնները՝ Բաքւում պահուող հայերին աջակցելու համար:

Ջարեդ Գենսէրը գրել է.

«Շատէրը հարցնում են, թէ ինչպէս կարող է Հայաստանն օգնել Ադրբեջանում կալանաւորուած հայ քրիստոնեաների ազատ արձակմանը՝ հաշուի առնելով այն, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ չկան դիւանագիտական յարաբերութիւններ:

Իրականում, վարչապետ Նիկոլ Փաշինեանը եւ ԱԳ նախարար Արարատ Միրզոյեանը կարող են շատ աւելին անել.

Հանրային յայտարարութիւններ եւ հանրային դիւանագիտութիւն

Վարչապետ Փաշինեանը կարող է արտգործնախարարի եւ ԱԳՆ յայտարարութիւնների վրայ հիմնուելով՝  հրապարակային յայտարարութիւն տարածել, որում կասուի, որ Ադրբեջանի կողմից քաղբանտարկեալների եւ գերիների ազատ արձակումը առաջնահերթ նշանակութեան  խնդիր է, որ նրանց կալանաւորումը քաղաքական դրդապատճառներ ունի, եւ նրանք պէտք է անյապաղ եւ անուէրապահօրէն ազատ արձակուեն։ Վարչապետը կարող է մամուլի ասուլիս հրաւիրել՝ քննարկելու այս բոլոր հարցերը, խոշորագոյն լրատուամիջոցներից մէկում յօդուած հրապարակել, հանդէս գալ բոլոր այն դէպքերում, երբ կարեւոր զարգացումներ են լինում։

Աջակցութիւն ընտանիքներին

Ե՛վ վարչապետը, եւ՛ արտգործնախարարը կարող են հանդիպել քաղբանտարկեալների եւ գերիների ընտանիքների հետ՝ իրենց համերաշխութիւնը յայտնելու նրանց։ Նրանք կարող են նաեւ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին եւ Եւրոպայում անվտանգութեան եւ համագործակցութեան կազմակերպութեանը (ԵԱՀԿ) խնդրել՝ դիտորդներ ուղարկել Ռուբէն Վարդանեանի եւ միւսների դատավարութիւններին: Նրանք կարող են նաեւ խնդրել իրենց բոլոր դաշնակիցներին, որոնք Բաքւում դեսպանութիւններ ունեն, դիտորդներ ուղարկել դատաւարութեանը: Նրանք կարող էին նոյնիսկ խնդրել Ադրբեջանին, չնայած դիւանագիտական յարաբերութիւնների բացակայութեանը, դատավարութիւններին Հայաստանի կառավարութիւնից դիտորդներ ուղարկել համար։

Փոխազդեցութիւն Ադրբեջանի հետ

Վարչապետ Փաշինեանը կարող է Բաքու ուղարկել անձնական բանագնաց, որը կը փորձի որպէս մարդասիրական խողովակ  հանդէս գալ՝ քաղբանտարկեալների եւ գերիների ազատ արձակման շուրջ բանակցութիւններ վարելու համար։ Բացի այդ, նա կարող է գործակցել համախոհ կառավարութեան, օրինակ՝ Շուեյցարիայի հետ՝ Հայաստանի շահերն Ադրբեջանում ներկայացնելու համար։ Դա կարող է արուել Բաքւում այդ երկրի դեսպանատանը «Հայկական շահերի բաժին» ստեղծելու միջոցով: Եթէ անգամ քաղբանտարկեալների եւ ռազմագերիների հարցը ներառուած չլինի խաղաղութեան համաձայնագրի մէջ, ապա վարչապետը կարող է մասնաւոր կերպով հասկացնել, որ նրանց ազատ արձակումը պէտք է տեղի ունենայ գործարքի աւարտից առաջ կամ աւարտին զուգահեռ:

Աջակցութեան խնդրանք՝ Միացեալ Նահանգներից, Ֆրանսիայից եւ Եւրոպական միութիւնից

Վարչապետ Փաշինեանը կարող է օգնութիւն խնդրել նախագահ Թրամփից եւ պէտքարտուղար Ռուբիոյից, նախագահ Մակրօնից, ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգութեան քաղաքականութեան հարցերով բարձր ներկայացուցիչ Կայայ Կալլասից՝ քաղբանտարկեալներին եւ ռազմագերիներին ազատ արձակելու հարցում։

Իրաւական գործերի շարունակում եւ ընդլայնում

Կառավարութիւնը կարող է շարունակել Արդարադատութեան միջազգային դատարանում եւ Մարդու իրաւունքների եւրոպական դատարանում իր դատական գործերին հետամուտ լինելը: Այն կարող է նաեւ դիմել Միջազգային քրէական դատարանի դատախազին՝ նախնական քննութիւն սկսել Լեռնային Ղարաբաղի 120 հազար քրիստոնեայ հայերի բռնի տեղահանման փաստով:

Համաշխարհային կրօնական համայնքի ներգրաւում

Կառավարութիւնը կարող է օգնութեան խնդրանքով դիմել՝ ներկայացնելով հայ քրիստոնեայ համայնքի նկատմամբ բացայայտ հալածանքները՝ նախագահ Թրամփի գործողութիւնների կոչին համահունչ, ինչպէս Լեռնային Ղարաբաղից բռնի կերպով տեղահանուած 120 հազար մարդու, այնպէս էլ Բաքւում ներկայումս պահուող հայ քաղբանտարկեալների համար, որոնք այնտեղ են իրենց էթնիկ եւ կրօնական պատկանելութեան պատճառով:

Բազմակողմ  ներգրաււում

-Վարչապետ Փաշինեանը կարող է յատուկ բանագնաց նշանակել՝ ամբողջ աշխարհում հալածուող քրիստոնեաներին ազատ արձակելու նպատակով՝ շեշտը դնելով քաղբանտարկեալների եւ գերիների ազատ արձակման ուղղութեան վրայ։ Նա կարող է միանալ աշխարհի 80 երկրներին եւ ստորագրել Կանադայի գլխաւորած «Միջպետական յարաբերութիւններում կամայական կալանքի կիրառման դէմ» հռչակագիրը:

— Վարչապետ Փաշինեանը կարող է օգնութիւն խնդրել ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղար Անտօնիոյ Գուտէրեշից եւ ՄԱԿ-ի Մարդու իրաւունքների հարցերով գերագոյն յանձնակատար Ֆոլկեր Թիւրքից՝ բանտարկեալներին եւ գերիներին մարդասիրական նկատառումներով ազատ արձակելու համար»։

Share