Մարտակերտում վարչակազմի ներկայացուցիչների եւ բնակչութեան հետ հանդիպումն իսկապէս տպաւորիչ էր։ Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է «Ապագայ Հայկականը» շարժման նախաձեռնող, «Աւրորա» մարդասիրական նախաձեռնութեան համահիմնադիր Ռուբէն Վարդանեանը: Գրում է Tert.am-ը:
«Մարտակերտը բաւականին հեռու է Ստեփանակերտից, ու այդ պատճառով, ցաւոք, բարձրաստիճան անձինք այստեղ յաճախակի հիւր չեն։ Երեւում էր, որ բնակիչները բաց ու անկեղծ շփման կարիք ունեն:
Մարդիկ այստեղ ապրում են դժւարին պայմաններում, բայց ինձ զարմացրեց, որ նրանց հետաքրքրում են ոչ այնքան առօրեայ խնդիրներն ու հոգսերը, որքան կրթութեանը, ապագայի հեռանկարներին վերաբերող հարցերը:
Այստեղի բնակիչներն արժանի են մեծ յարգանքի: Հայրենիքի պաշտպանութիւնը, քաղաքացիական պարտքը նրանց համար պարզապէս խօսքեր չեն, այլ՝ կենսակերպ: Դա իր օրինակով ցոյց էր տալիս նաեւ Մարտակերտի շրջանի վարչակազմի ղեկավար Արսէն Աւանէսեանը: Նա մեր հանդիպման նախօրեակին էր գործընկերների հետ վերադարձել դիրքերում հերթապահութիւնից:
Այստեղ մարդիկ շատ լաւ գիտեն, որ իրենցից բացի ոչ ոք չի կարող իրենց տունը պաշտպանել»,- գրել է Վարդանեանը: