Ռուբէն Վարդանեանը խօսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը

Ռուբէն Վարդանեանը խօսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը


Ռուբէն Վարդանեանի գրասենեակից յայտնում են․

«Միջազգային լայն աջակցութեան եւ ճնշման շնորհիւ Ռուբէն Վարդանեանը հեռախօսազրոյց է ունեցել ընտանիքի հետ 21-օրեայ լիակատար մեկուսացումից յետոյ

Ապօրինաբար կալանաւորուած բարերար Ռուբէն Վարդանեանի ընտանիքը յայտնել է, որ միջազգային աճող արձագանքի շնորհիւ՝ այսօր  նրան թոյլ է տրուել խօսել կնոջ՝ Վերոնիկայ Զոնաբենդի հետ: Սա գրեթէ երեքշաբաթեայ լիակատար մեկուսացման պայմաններում պահուող, ապրիլի 5-ից հացադուլ սկսած Ռուբէն Վարդանեանի երկրորդ հեռախօսազրոյցն է եղել ընտանիքի հետ:

Հացադուլը նա սկսել է 2024 թ. ապրիլի 5-ին, որը յաջորդել է միջազգային իրաւական չափանիշներին համապատասխան՝ ժամանակին, արդար ու թափանցիկ դատավարութիւն ապահովելու վերաբերեալ Վարդանեանի դիմումներին, որոնք անընդհատ մերժուել են: Դատական նիստն ի սկզբանէ սպասւում էր յունուարին, սակայն առանց որեւէ  հիմնաւորման յետաձգուել էր մինչեւ մայիս:

Ընտանիքը վերջապէս հնարաւորութիւն է ունեցել խնդրել Ռուբէն Վարդանեանին դադարեցնել հացադուլը՝ հաշուի առնելով նրա առողջական վատթարացող վիճակը: Կարճ զրոյցում ընտանիքը նրան տեղեկացրել է Ադրբեջանի վրայ ամբողջ աշխարհից տարբեր պաշտօնեաների աճող ճնշումների մասին: Տեղեկանալով հայ բանտարկեալներին ազատելու գլոբալ շարժման մասին եւ անսալով ընտանիքի խնդրանքներին՝ Ռուբէն Վարդանեանը դժկամութեամբ համաձայնել է ընդհատել հացադուլը։

Ռուբէն Վարդանեանը շարունակում է Բաքւում գերութեան մէջ մնալ եւ նրա պահպման պայմանները շարունակում են վատթարանալ:

Հացադուլ սկսելուց յետոյ նրան զրկել են ընտանիքի հետ կանոնաւոր հեռախօսազանգ ունենալու հնարաւորութիւնից: Այսպիսով Ադրբեջանը եւս մէկ խախտում է աւելացրել  միջազգային նորմերի խախտումների իր ցանկին։ Վարդանեանն այդ ընթացքում պահուել է լիակատար մեկուսացման մէջ՝ առանց առողջութեան համապատասխան խնամքի, բացառութեամբ նրա, որ ժամանակ առ ժամանակ չափել է արեան ճնշումը։ Նրա առողջութեան իրական վիճակի վերաբերեալ մտահոգութիւնները շարունակում են պահպանուել:

«Մենք լրջօրէն մտահոգուած ենք հօրս առողջութեան վատթարացող վիճակով, թէպէտ ամենեւին էլ զարմացած չենք նրա խիզախութեամբ: Ցաւօք, նրա պահման պայմանները միմիայն վատթարանում են,-ասել է Դաւիթ Վարդանեանը՝ Ռուբէն Վարդանեանի աւագ որդին։ — Աշխարհն Ադրբեջանին ցոյց տուեց, որ հետեւում է հայ բանտարկեալների, այդ թւում՝ հօրս ճակատագրին, եւ ես մեր ընտանիքի անունից ցանկանում եմ շնորհակալութիւն յայտնել բոլորին՝ այս դժուար ժամանակահատուածում մէզ աջակցելու համար: Հուսով եմ, որ այս աճող միջազգային ուշադրութիւնը կեանգեցնի նրա եւ միւս հայ գերիների ազատ արձակմանը մօտ ապագայում: Մենք յորդորում ենք  միջազգային հանրութեանը շարունակել աւելացնել ճնշումը Ադրբեջանի նկատմամբ՝  ապահովելու համար առնուազն այն, որ մայիսին ի վերջոյ տեղի ունենայ դատական նիստը՝ միջազգային դիտորդների մասնակցութեամբ»:

Ռուբէն Վարդանեանին առաջադրուել են շինծու մեղադրանքներ քաղաքական դրդապատճառներով եւ նրան պահում են ոչ պատշաճ պայմաններում: Ամէն ինչ տանում է նրան, որ Վարդանեանի դատաքննութիւնը հեռու է լինելու միջազգային ընդունուած չափանիշներից եւ հասանելի չի լինելու միջազգային դիտորդներին: Ի լրումն դրա, Ռուբէն Վարդանեանի գործն առանձնացուել է միւս եօթ քաղբանտարկեալների գործերից՝ հարց առաջացնելով յատկապէս նրա՝ քաղաքականապէս թիրախաւորուած լինելու վերաբերեալ։ Ռուբէն Վարդանեանն ապօրինաբար կալանաւորուած է արդէն 200 օրից աւելի »:

Share