Ռուբէն Վարդանեանը Բաքուի բանտից արձագանքել է Փաշինեանի յայտարարութեանը

Ռուբէն Վարդանեանը Բաքուի բանտից արձագանքել է Փաշինեանի յայտարարութեանը

Բաքուի բանտում հարցաքննութեան ժամանակ Ռուբէն Վարդանեանին հարցեր են ուղղել Հայաստանի վարչապետի վերջին ասուլիսի ժամանակ Վարդանեանի հասցէին հնչեցուած յայտարարութեան կապակցութեամբ:

«Այստեղ էլ շատ կարեւոր հարցեր կան, իսկ ի՞նչ տեղի ունեցաւ, ինչպե՞ս ստացուեց, որ ՌԴ քաղաքացիութիւն ունեցող Ռուբէն Վարդանեանը հրաժարուեց, ո՞վ նրան խորհուրդ տուեց, կամ յանձնարարեց անել այդ քայլը, ո՞վ նրան ուղարկեց, այդ իմաստով, գործուղեց ՀՀ, ո՞վ նրան գործուղեց ԼՂ, ի՞նչ նպատակով, ի՞նչ երաշխիքներով, ի՞նչ հաւաստիացումներով, ի՞նչ խոստումներով»,- ասուլիսին յայտարարեց Նիկոլ Փաշինեանը՝ անդրադառնալով Արցախի նախկին պետնախարար Ռուբէն Վարդանեանին Բաւքի բանտից վերադարձնելու հարցին:

Նա նշեց նաեւ. «Եւ ո՞վ վերջում ասաց՝ գիտե՞ք ինչ, մենք այդքան էլ լաւ չենք ճանաչում՝ ինքը ով է, որովհետեւ ինքն այլ երկրի քաղաքացի է: Այս հարցերին մենք ուզո՞ւմ ենք պատասխան ունենալ, թե՞ չենք ուզում»:

Փաշինեանի խօսքով, դա իրօք լուրջ խնդիր է, որով պէտք է զբաղուեն եւ զբաղւում են։

«Ես հիմա չեմ ուզում այլ լրացուցիչ բարդութիւնների մասին խօսել եւ մանրամասներ յայտնել, բայց ուզում եմ ասել, որ խաղաղութեան օրակարգի յաջող իրականացումը նաեւ այդ հարցի համար է կարեւոր: Ընդ որում, պարտադիր չէ յաջող վերջնակէտը, կարեւոր է յաջող ընթացքը, նորմալ աշխատանքային մթնոլորտը, փոխվստահութեան քայլ-քայլ ձեւաւորումը: Նկատի ունեմ՝ որեւէ հարց այս բարդ մեխանզիմի մէջ պէտք չէ դուրս բերել եւ դիտարկել առանձին, որովհետեւ բոլոր հարցերը փոխկապակցուած են»,- ասաց Նիկոլ Փաշինեանը։  

Ռուբէն Վարդանեանի գրասենեակից փոխանցում են՝ ընտանիքի հետ հեռախօսազանգի ժամանակ ստանալով հաստատում, որ նման յայտարարութիւն իսկապէս հնչել է, Ռուբէն Վարդանեանը խնդրել է հանրութեան համար բաց  ձեւաչափով փոխանցել իր հետեւեալ խօսքը.

«Առաջին հերթին՝ իւրաքանչիւր մարդ ուրիշի գործողութիւնների մասին դատում է՝ ելնելով իր կեանքի մոդելներից եւ սկզբունքներից:

Երկրորդը՝ եթէ վարչապետն ինձ ինչ-ինչ հարցեր ունէր, նա հնարաւորութիւն ունէր դրանք ինձ ուղղելու 2022 թուականի նոյեմբերին մեր վերջին հանդիպման ժամանակ, երբ ես նաեւ պետնախարարի պաշտօնն էի զբաղեցնում: Ամէն դէպքում, ես անգամ հիմա եմ պատրաստ, իմ ներկայիս հնարաւորութիւնների իրավիճակում, պատասխանել նրա ցանկացած հարցի:

Երրորդը՝ ցանկանում եմ վարչապետին յիշեցնել, որ 2018թ. գարնանը, երբ մենք առաջին անգամ գործընկերներով, չորս հոգով հանդիպեցինք նրա հետ,  ես անկեղծօրէն նրան երեք կէտ ներկայացրեցի, որոնք պահպանել եմ ու շարունակելու եմ պահպանել.

1. Մենք գործընկերներով չենք ցանկանում եւ չենք միջամտի Հայաստանի քաղաքականութեանը:

2. Մենք զբաղւում ենք բարեգործութեամբ՝ անկախ Հայաստանի իշխանութիւնների նկատմամբ վերաբերմունքից, քանի որ մենք դա անում ենք ժողովրդի համար: Ինձ համար մարդկանց օգնելը մնում է կարեւոր հարց եւ կարեւոր մարդասիրական առաքելութիւն:

3. Միակ բանը, որ կարող է փոխել իմ այդ մօտեցումը, Արցախի ճակատագիրն է:

2020 թուականի պատերազմն ու Արցախի նկատմամբ շարունակուող սպառնալիքը  ինձ համար շրջադարձային եղան, ինչի մասին ես բազմիցս բաց ու հետեւողականօրէն յայտարարել եմ: Այդ ժամանակից ի վեր իմ բոլոր գործողութիւնները թելադրուած էին Արցախի եւ նրա ժողովրդի ճակատագրի նկատմամբ մտահոգութեամբ:

Հիմա մեր ժողովուրդն ապրում է իր պատմութեան ամնենաբարդ ու ծանր շրջափուլերից մէկը, բայց ես շարունակում եմ հաւատալ, որ չնայած դժուարութիւններին ու տարաձայնութիւններին, մենք կը կարողանանք յաղթահարել այս փուլը եւս ու կառուցել խաղաղ ու լուսաւոր ապագայ»:

Աղբիւր` Panorama.am

Share