Միջազգային առաջնորդները երկակի ստանդարտներ են կիրառում ՝ արհամարհելով 30 հազար երեխայի ճակատագիրը. Ռուբէն Վարդանեան

Միջազգային առաջնորդները երկակի ստանդարտներ են կիրառում ՝ արհամարհելով 30 հազար երեխայի ճակատագիրը. Ռուբէն Վարդանեան

Ռուբէն Վարդանեանը հարցազրոյց է տուել ֆրանսիական France24-ին՝ ներկայացնելով Արցախում կատարուողը

Հասարակական-քաղաքական գործիչ Ռուբէն Վարդանեանը Ստեփանակերտից հարցազրոյց է տուել ֆրանսիական France24 հեռուստաալիքին՝ ներկայացնելով Արցախում կատարուողը:

Հարցազրոյցը հասնել է այս յղումով: Այն թարգմանաբար ներկայացւում է ստորեւ.

France24– Պարոն Վարդանեան, ի՞նչ իրավիճակ է այնտեղ, որտեղ գտնւում եք: Երեկ մենք տեսանք այն մարդկանց լուսանկարները, որոնք դուրս էին գալիս այդ բեռնատարներից, որտեղ գերիշխում էր անհանգստութիւնն ու շփոթուածութիւնը: Ի՞նչ իրավիճակ է այդտեղ այսօր:

Ռուբէն Վարդանեան- Իրավիճակը շատ ծանր է։ Կանայք, երեխաները, ողջ բնակչութիւնը վտանգի տակ է։ Վերջին չորս օրերին էլ էլեկտրաէներգիայ չկայ։ Տասնեակ հազարաւոր մարդիկ մնացել են փողոցներում, օդանաւակայանում, որովհետեւ նրանք հարկադրուած են եղել լքել իրենց տները։ Երեխաները նորմալ սնունդ չէն ստանում։ Ջեռուցում չկայ, վառելիք չկայ։ Այս ամէնին գումարած՝ մարդիկ դէպրեսիայի մէջ են․ 30 տարի իրենց երկրում անկախ ապրելուց յետոյ հիմա ամէն բան աւերուել է, եւ մարդիկ չափազանց մտահոգ են իրենց ապագայի համար։

France24- Ադրբեջանը ասում է, որ սնունդ, վառելիք ու օգնութեան աւտօշարասիւն է ուղարկում Լեռնային Ղարաբաղ։ Դուք կարո՞ղ եք դա հաստատել։

Ռուբէն Վարդանեան- Ոչ, չեմ կարող հաստատել եւ, ի դէպ, պէտք է գիտակցել հետեւեալը․ արդէն տասը ամիս է, ինչ մենք շրջափակման մէջ ենք, ուստի մի երկու բեռնատար մեքենան չի էլ կարող որեւէ ձեւով օգնել, որովհետեւ նախկինում՝ մինչեւ շրջափակումը, ամէն օր էր 400 բեռնատար մեքենայ մտնում Արցախ ու դուրս գալիս։ Իսկ հիմա ընդամենն այդ մի երկու բեռնատար մեքենան կարող է շատ չնչին օգնութիւն լինել, որովհետեւ այստեղ կայ 120 հազար մարդ, այդ թւում՝ 30 հազար երեխայ: Շատ վիրաւորներ կան, շատ մարդիկ անհետ կորել են եւ նրանց չէն կարողանում գտնել, իսկ մի երկու բեռնատար մեքենան պարզապէս չնչին մի բան է։  

France24- Ի՞նչ կարող եք ասել այդտեղի բնակչութեան եւ հէնց Ձեր մասին: Ձեզ լքուած զգո՞ւմ եք Երեւանի պաշտօնեաների կողմից։

Ռուբէն Վարդանեան- Լքուած եմ զգում Երեւանի եւ աշխարհի պաշտօնեաների կողմից, եւ ես շատ շիտակ կը լինեմ: Միջազգային բոլոր առաջնորդները երկակի ստանդարտներ են կիրառում եւ ընդունում են մի երկիր, որտեղ չկայ ժողովրդավարութիւն, որտեղ բռնապետական ռեժիմ է, որն արդէն 44 տարի շարունակ կառավարւում է մէկ ընտանիքի կողմից, որտեղ ոտնահարւում են սեփական ժողովրդի մարդու իրաւունքները, իսկ հիմա արդէն պէտք է որոշակի իրաւունքներ եւ որոշակի անվտանգութիւն ապահովէն այլ ազգութեան մարդկանց համար, որոնց հետ 30 տարի շարունակ պատերազմ ենք ունեցել, որի ընթացքում շատ մարդիկ են զոհուել:

Հիմա ո՞վ է ապահովելու այն մարդկանց իրաւունքները, այն մարդկանց, որոնք երբեք չէն եղել Ադրբեջանի կազմում, չէն խօսում ադրբեջաներէն, նորից եմ ասում՝ ինչպե՞ս է լինելու այդ գործընթացը։ Յիշեցնեմ, որ մի քանի տարի առաջ այն մարդը, որը Բուդապեշտում քնած հայ սպային էր կացնով սպանել, վերադարձաւ Ադրբեջան ու հերոս դարձաւ։ Նորից շեշտեմ՝ մարդիկ չէն գիտակցում ու, կարծես, ոմանք խաղ են խաղում, եւ սա մի կեղտոտ խաղ է՝ 120 հազար մարդու կեանքի գնով: Իսկ Հայաստանի իշխանութիւնը, միջազգային միւս խոշոր խաղացողները պարզապէս յայտարարում են. «Դէ մի անհանգստացեք, ամէն ինչ նորմալ է լինելու։ Դուք կարող եք ապրել: Ամէն ինչ կարգին է»։

France24- Վերջին պատերազմի ժամանակ՝ 2020 թուականին, ռուս խաղաղապահները եկան Մոսկուայի միջնորդութեամբ ձեռք բերուած հրադադարից յետոյ։ Մեր ունեցած տեղեկութիւններից կարելի է եզրակացնել, որ ռուս խաղաղապահները արել են քիչ թէ ոչինչ էլ չէն արել, երբ Ադրբեջանը սկսել է այս ռազմական յարձակումը։ Կարո՞ղ եք դա հաստատել։ Եւ եթէ նրանք ոչինչ չէն արել, ապա ի՞նչն է պատճառը, որ նրանք պարզապէս մի կողմ քաշուած են մնացել:

Ռուբէն Վարդանեան- Խաղաղապահները փորձել են մարդասիրական օգնութիւն ցուցաբերել, բայց նրանք չէն փորձել կանգնեցրել պատերազմը։ Ի դէպ, խաղաղապահներից մի քանիսը սպանուել է ադրբեջանական բանակի կողմից։ Հասկանալի է, որ խաղաղապահների 2000 հոգանոց կոնտինգենտը չէր կարող կանգնեցնել 60 հազարանոց ադրբեջանական բանակը, որը յարձակուել էր Արցախի վրայ։

France24 — Այս ռազմական գործողութիւնը, որն Ադրբեջանը սկսեց այս շաբաթ, նրանք որպէս յաջողութիւն են համարում։ Հիմա կարո՞ղ ենք ենթադրել, որ Ադրբեջանը վերահսկում է ամբողջ Լեռնային Ղարաբաղը։

Ռուբէն Վարդանեան- Աեօ, նրանք լիովին վերահսկում են, բայց նրանք նոյնպէս մեծաթիւ ուժեր են կորցրել: Դա ծանր մարտ էր, եւ ես մեծագոյն յարգանքով եմ ասում, որ տեսել եմ, թէ ինչպէս է իմ ժողովուրդն իր կեանքը տուել Արցախի համար։ Տասնապատիկ անգամ մեծ ադրբեջանական բանակը դուրս էր եկել Արցախի փոքր պաշտպանութեան բանակի դէմ, բայց նրանք հերոսաբար կռուեցին։ Մենք շատ կորուստներ ունեցանք, բայց միւս կողմն աւելի մեծ մարդկային կորուստներ ունեցաւ, եւ ես ուղղակի ուզում եմ, որ աշխարհում բոլորն իմանան, որ դա իսկապէս հերոսական կռիւ էր․ կռիւ հանուն սեփական հայրենիքի, հանուն Արցախի ժողովրդի, եւ ես իսկապէս յարգում եւ հիանում եմ նրանցով։

France24 — Չորեքշաբթի օրը ձեռք բերուած հրադադարի համաձայնագրով՝ հայ անջատողականները համաձայնել են վայր դնել զէնքերը եւ յանձնել Ադրբեջանին։ Հաշուի առնելով, թէ ով է պատրաստւում ապահովել էթնիկ հայ բնակչութեան անվտանգութիւնը, հաշուի առնելով նաեւ, որ ռուս խաղաղապահները բաւարար չափով չէն պահում անվտանգութիւնը, ի՞նչ է ստացւում՝ ժողովրդին այլ ե՞լք չի մնում, քան փախչել Հայաստան։

Ռուբէն Վարդանեան- Մարդիկ իսկապէս մտահոգուած են իրենց անվտանգութեան համար, որովհետեւ բոլորը տեսնում են, թէ ինչպէս է Ադրբեջանը բազմաթիւ անգամներ դրժում իր իսկ խոստումները, ոտնահարում մարդու իրաւունքները, Միջազգային քրէական դատարանի բոլոր որոշումները, ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի բոլոր որոշումները, այդ իսկ պատճառով արցախեան կողմից ոչ ոք վստահութիւն չունի, որ որեւէ խոստում կ’իրականանայ։ Իսկ առանց միջազգային կամ ռուս խաղաղապահների քաղաքական երաշխիքների՝ յատկապէս անվտանգութեան միջավայր ստեղծելու հարցում, որը ներկայում մեծ հարցականի տակ է, դա անհաւանական է: Քանի որ բոլորը տեսան, թէ որքան արագ կարող է այն փոխուել, մարդիկ իսկապէս ցանկանում են հեռանալ եւ չէն ցանկանում մնալ այստեղ:

France24- Ի՞նչ կցանկանայիք տեսնել միջազգային հանրութեան կողմից։ Դէ ինչպէս տեղեակ եք, ինչպէս պէտք է, որ տեղեակ լինեք, Հայաստանի վարչապետի ձեռքերը, կարծես թէ, կապուած են, թէեւ նրա վրայ աւելի ու աւելի մեծ ճնշում է գործադրւում՝ հեռանալու համար:

Ռուբէն Վարդանեան- Թոյլ կտամ ինձ կոպիտ լինել: Լաւ, Հայաստանի վարչապետը սխալ որոշում է կայացրել, սխալ յայտարարութիւն է արել, սխալ պահուածք է դրսեւորել՝ Ադրբեջանի ղեկավարին պատժամիջոցի տակ չդնելու համար։ Իսկ ինչո՞ւ նրանք {միջազգային հանրութիւնը} չէն ասում, որ այն, ինչ Ադրբեջանն անում է, անընդունելի է։ Ինչո՞ւ են թոյլ տալիս, որ նա շարունակի ագրեսիան։ Ինչո՞ւ են թոյլ տալիս շրջափակումը։ Նրանք՝ բոլոր խոշոր խաղացողները, հասկանում են իրական մեծ քաղաքական խաղը: Եւ ես կարծում եմ, որ դա շատ ցինիկ է: Նման արհամարհական վերաբերմունք 30 հազար երեխաների, հազարաւոր յղի կանանց նկատմամբ, իսկ հիմա էլ ասում են. «Սարսափելի է: Ինչպե՞ս կարող ենք հիմա ապրել»: Սա այնպիսի բան է, որ ժողովուրդը երբեք, երբեք չի ներելու:

Share