Ինչպէս արդէն տեղեկացրել ենք՝ Հոլանդիայի երիտասարդականի անդամ Սիւնէ Աբրահամեանի մուտքի արգելքից ժամէր անց, դարձեալ Երեւանի օդակայանից դէպի Հայրենիք այս անգամ արգելուել է Հոլանդիայի Հայ Դատի ատենապետ, կուսակցական աշխուժ գործիչ ընկեր Մասիս Աբրահամեանի մուտքը:
Իրաւապաշտպան Ռուբէն Մելիքեանը ֆեյսբուքեան իր էջում գրում է, որ Մասիս Աբրահամեանը դիմել է իրեն՝ ստանձնելու իր շահերի պաշտպանութիւնը, ինչը նա ընդունել է․
««Պերսոնայ նոն գրատայ» է յայտարարուել Նիդերլանդների Հայ Դատի գրասենեակի ղեկավար Մասիս Աբրահամեանը եւս։ Նրա մուտքը Հայրենիք արգելուած է, եւ այժմ պարոն Աբրահամեանը գտնւում է «Զուարթնոց» օդանաւակայանի տրանզիտային հատուածում։
Պարոն Աբրահամեանին անձամբ եմ ճանաչում. նա մեծապէս օգնել է Արցախի Մարդու իրաւունքների պաշտպանի հաստատութեանը 2016-2018 թուականներին, երբ այդ կառոյցը ղեկավարում էի ես։
Պարոն Աբրահամեանն ինձ առաջարկել է ստանձնել իր շահերի պաշտպանութիւնը՝ նրա նկատմամբ դրսեւորուած այդ կամայականութիւնը վիճարկելու հարցում, եւ ես, իհարկէ, ընդունել եմ այդ առաջարկը»։