Ստորև ներկայացնում ենք սահմանադրական յօդուածը և կապուող յօդուածները
Յօդուած 115. Վարչապետին անվստահութիւն յայտնելը
Վարչապետին անվստահութիւն յայտնելու մասին Ազգային Ժողովի որոշման նախագիծ կարող է ներկայացնել պատգամաւորների ընդհանուր թուի առնուազն մէկ երրորդը միայն այն դէպքում, եթէ որոշման նախագծով միաժամանակ առաջարկւում է նոր վարչապետի թեկնածու:
Վարչապետին անվստահութիւն յայտնելու մասին Ազգային Ժողովի որոշման նախագիծը քուէարկութեան է դրւում այն ներկայացուելուց ոչ շուտ, քան քառասունութ, և ոչ ուշ, քան եօթանասուներկու ժամ յետոյ: Որոշումն ընդունւում է պատգամաւորների ընդհանուր թուի ձայների մեծամասնութեամբ՝ անուանական քուէարկութեամբ: Որոշման ընդունման դէպքում համարւում է, որ վարչապետը հրաժարական է ներկայացրել: Այս դէպքում Սահմանադրութեան 149-րդ յօդուածի 2-4-րդ մասերի դրոյթները կիրառելի չեն:
Վարչապետին անվստահութիւն կարելի է յայտնել նրա նշանակումից ոչ շուտ, քան մէկ տարի յետոյ: Եթէ վարչապետին անվստահութիւն յայտնելու մասին Ազգային Ժողովի որոշման նախագիծը չի ընդունւում, ապա նման նախագիծ կարող է ներկայացուել ոչ շուտ, քան վեց ամիս յետոյ:
Արտակարգ կամ ռազմական դրութեան ժամանակ վարչապետին անվստահութիւն յայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ չի կարող ներկայացուել կամ քննարկուել:
Յոդուած 149. | Վարչապետի ընտրութիւնը եւ նշանակումը |
1. Հանրապետութեան նախագահը նորընտիր Ազգային ժողովի լիազօրութիւնների ժամկէտն սկսուելուց յետոյ անյապաղ վարչապետ է նշանակում Սահմանադրութեան 89-րդ յօդուածով սահմանուած կարգով ձեւաւորուած խորհրդարանական մեծամասնութեան ներկայացրած թեկնածուին:
2. Վարչապետի հրաժարական ներկայացնելու կամ վարչապետի պաշտօնը թափուր մնալու այլ դէպքերում Կառաւարութեան հրաժարականն ընդունուելուց յետոյ` եօթնօրեայ ժամկէտում, Ազգային ժողովի խմբակցութիւններն իրաւունք ունեն առաջադրելու վարչապետի թեկնածուներ: Ազգային ժողովը վարչապետին ընտրում է պատգամաւորների ընդհանուր թուի ձայների մեծամասնութեամբ:
3. Վարչապետ չընտրուելու դէպքում քուէարկութիւնից եօթ օր յետոյ անցկացւում է վարչապետի նոր ընտրութիւն, որին մասնակցելու իրաւունք ունեն պատգամաւորների ընդհանուր թուի առնուազն մէկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները: Եթէ պատգամաւորների ընդհանուր թուի ձայների մեծամասնութեամբ վարչապետ չի ընտրւում, ապա Ազգային ժողովն արձակւում է իրաւունքի ուժով:
4. Վարչապետի ընտրութիւնն անցկացւում է անուանական քուէարկութեամբ:
5. Հանրապետութեան նախագահն անյապաղ վարչապետ է նշանակում Ազգային ժողովի կողմից ընտրուած թեկնածուին:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹԻՒՆ