Վերադարձի ակնկալիքներ՝ առանց յստակութեան. արցախցի պաշտօնեաները նշեցին շարժման 36-րդ տարեդարձը

Վերադարձի ակնկալիքներ՝ առանց յստակութեան. արցախցի պաշտօնեաները նշեցին շարժման 36-րդ տարեդարձը

azatutyun.am

Այսօր առաւօտեան Արցախի նախագահ Սամուել Շահրամանեանը Ազգային ժողովի նախագահի պաշտօնակատարի եւ արցախցի պատգամաւորների հետ նախ այցելեց Եռաբլուր՝ ծաղիկներ դնելով զոհուածների յիշատակին։

Ապա Երեւանում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչութիւնում, փակ դռների ետեւում, խորհրդարանի հանդիսաւոր նիստ տեղի ունեցաւ, որտեղ ելոյթ ունեցաւ նաեւ Սամուել Շահրամանեանը։ Քանի որ լրագրողների մուտքն արգելուած էր, նիստին մասնակցած ներկայիս եւ նախկին պատգամաւորները փոխանցեցին, որ հիմնականում շնորհաւորանքներ են հնչել, խօսել են սխալների եւ բացթողումների, արցախահայ համայնքի պահպանման, ինչպէս նաեւ Արցախ վերադառնալու ուղիների մասին:

Ինչպե՞ս են պատկերացնում արցախցի պաշտօնեաները Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վերադարձը հայրենիք։ Արցախի խորհրդարանի նախագահի պաշտօնակատար Գագիկ Բաղունցն այսօր «Ազատութեան» հետ զրոյցում վստահեցրեց՝ կոնկրէտ քայլեր են ձեռնարկում, բայց այդպէս էլ փակագծեր չբացեց:

«Ազատութիւն»․ — 36 տարի անց Արցախը հայաթափուած է, ամբողջութեամբ գտնւում է Ադրբեջանի վերահսկողութեան ներքոյ։ Դուք ինչպե՞ս եք պատկերացնում ընդհանրապէս արցախցիների, Արցախի ճակատագիրը եւ արցախցիների հաւաքական վերադարձը։

Բաղունց. — Բոլոր փակագծերն այսօր չեմ կարող բացել, բայց հաւաստիացնում եմ, որ մենք անում ենք հնարաւորը՝ հաշուի առնելով եւ՛ տարածաշրջանում ստեղծուած իրավիճակը, եւ՛ Հայաստանի Հանրապետութեան ներսում իշխող տրամադրութիւնները, հաշուի առնելով այն մեղադրանքը, որ մէզ, Արցախի պետական կառոյցները որոշ ուժեր անուանում են սպառնալիք Հայաստանի Հանրապետութեան անվտանգութեան համար, մենք ամէն ինչը հաշուի առնելով՝ շատ մտածուած, հաշուարկուած քայլեր ենք կատարում, որպէսզի լրացուցիչ խնդիրներ չստեղծելով Հայաստանի Հանրապետութեան իշխանութիւնների համար, այնուամենայնիւ եւ՛ աշխարհին, եւ՛ մեր երկու հանրապետութիւնների քաղաքացիներին հաւաստիացնենք, որ մեր պայքարը շարունակուելու է, արցախահայութիւնը չի ընդունի այն գաղափարը, որ մենք փակել ենք Արցախի էջը, եւ վերադարձի տրամադրութիւնները միշտ մեր մօտ մնալու են։ Հուսով եմ, որ թեկուզ ոչ հեռու ապագայում, մենք էական յաջողութիւններ կ’ունենանք այդ ուղղութեամբ։

«Ազատութիւն». — Դուք ելքը ինչպե՞ս եք տեսնում։

Բաղունց. — Թոյլ տուէք փակագծերը չբացել։ Մենք կոնկրէտ քայլեր ենք ձեռնարկում, մենք շարունակելու ենք անել ամէն ինչ, ինչ հնարաւոր է, որպէսզի արցախահայութիւնը վերադառնայ հայրենիք՝ մեր պատմական հայրենիք, եւ յոյս եմ պահում, որ, չնայած արդէն իմ բաւականին մեծ հասակիս, յոյս եմ պահում, որ կուերադառնամ՝ ես կուերադառնամ, ոչ թէ իմ թոռները:

«Ազատութիւն». — Ոչ Ադրբեջանի կազմում։

Բաղունց . — Դրա մասին մենք լրացուցիչ կը խօսենք՝ ինչ պայմաններով, ինչ պահանջներով, ինչ կարգավիճակով: Դա երկար գործընթաց է, եւ չխուսափելով ոչ մէկի հետ յարաբերութիւններից՝ սկսած մեր Հայաստանի Հանրապետութեան իշխանութիւններից, եւ վերջացրած գերտէրութիւնների հետ համագործակցելով եւ շփումներ պահելով թեկուզ եւ Ադրբեջանի իշխանութիւնների հետ, այնուամենայնիւ աչքի առաջ պահելով մեր ընդհանուր ռազմավարական խնդիրը։

«Ազատութիւն». — Շփումներ կա՞ն այս պահին ադրբեջանցիների հետ՝ որեւէ մակարդակում:

Բաղունց. — Թողեք էդ հարցին չպատասխանեմ:


Արցախի խորհրդարանի նախկին նախագահ Աշոտ Ղուլեանը մեծ յոյսէր է կապում Ղարաբաղի հարցով վերջերս ստեղծուած յանձնախմբի հետ։ Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանեանի ղեկավարած այս կառոյցի նպատակն է աջակցել արցախահայերի հաւաքական հայրենադարձութեանն ու հիմնարար այլ իրաւունքների պաշտպանութեանը։ Ղուլեանը կարծում է ՝ միջազգային դերակատարների հետ ճիշտ աշխատանքի եւ բարէնպաստ իրավիճակ դէպքում հնարաւոր կը լինի յաջողութեան հասնել։

Արցախի Ազգային ժողովի նախկին նախագահ Աշոտ Ղուլեան, արխիւ
Արցախի Ազգային ժողովի նախկին նախագահ Աշոտ Ղուլեան, արխիւ

«Ազատութիւն». — Առանց Հայաստանի իշխանութեան աջակցութեան հնարաւո՞ր է հասնել:

Ղուլեան. — Շատ ճիշտ կը լինի, որ Հայաստանի իշխանութիւններն էլ հէնց դրան լծուէն, որովհետեւ այսօր կարծես թէ ամբողջ աշխարհը խօսում է դրա մասին, բացի Հայաստանի իշխանութիւններից:

«Ազատութիւն». — Իսկ ո՞րն է պատճառը:

Ղուլեան. — Ես չեմ կարող ասել:

«Ազատութիւն». — Արցախի հարցը Փաշինեանը փակուած է համարում:

Ղուլեան. — Դուք եք դա ասում, բայց ես վստահ եմ, որ ոչ մէկը իրաւունք չունի Արցախի հարցը փակուած համարել:

Արցախցի պատգամաւոր Մետաքսէ Յակոբեանի համոզմամբ՝ հայրենադարձութեան յանձնախումբը թոյլ չի տալու, որ փակուի Արցախի հարցը։ Պատգամաւորի փոխանցմամբ՝ այդ կառոյցն առաջիկայում համալրուելու է եւ մի քանի շաբաթից սկսելու է գործունէութիւնը, ընդ որում՝ ոչ թէ Հայաստանում, այլ՝ արտէրկրում։


Արցախի Ազգային ժողովի պատգամաւոր Մետաքսէ Յակոբեան, արխիւ
Արցախի Ազգային ժողովի պատգամաւոր Մետաքսէ Յակոբեան, արխիւ

«Շատ, շատ դժուար է ու ծանր է, երբ դու առանց իշխանութիւնների պիտի ինչ-որ բան անես, եւ հակառակը՝ իշխանութիւնները հակառակն են անում, աեօ, Հայաստանի իշխանութեանը ի նկատի ունեմ: Հակառակը՝ իրենք թոյլ էլ չէն տալիս, որ դու անես, եւ ընդհանրապէս ուզում են, որ դու չլինես: Ամենաքիչը, որ յանձնախումբը անելու է՝ լիազօրուած Արցախի Ազգային ժողովի անունից եւ հետեւաբար նաեւ ժողովրդի, այն է, որ ինքը թոյլ չի տալու փակուի Արցախի հարցը՝ դա ամենակարեւորն է այս պարագայում», — «Ազատութեան» հետ զրոյցում յայտարարեց Յակոբեանը:

Ասկերանի նախկին քաղաքապետ, Արցախի խորհրդարանի երեք գումարումների պատգամաւոր Ալեօշայ Գաբրիելեանը, մինչդեռ, վստահ է՝ դէպի Արցախ ճանապարհը կը բացուի, երբ ժողովուրդը հեռացնի այսօրուայ իշխանութիւններին։

«Այս իշխանութիւնները ամէն ինչ անում են, որպէսզի Արցախ բառը չհնչի», — ասաց Գաբրիելեանը:

Հայաստանի իշխանութիւնները՝ ոչ նախագահի, ոչ վարչապետի եւ ոչ էլ Ազգային ժողովի նախագահի մակարդակով, այսօր որեւէ բառ չէն ասել Արցախեան շարժման 36-րդ տարեդարձի կապակցութեամբ։ Մինչ այդ նրանք մի քանի անգամ զգուշացրել են՝ Ղարաբաղի լուծարումից յետոյ Արցախի պետական կառոյցների գործունէութիւնը ուղիղ սպառնալիք է Հայաստանի անվտանգութեան համար։ Արդյօք Հայաստանի իշխանութիւնը խնդրահարոյց է համարում նաեւ Երեւանում այսօր տեղի ունեցած Արցախի խորհրդարանի հանդիսաւորի նիստը՝ առայժմ որեւէ գնահատական չի հնչեցրել:

Share