Յուլիսի 31-ին պարզ դարձաւ, որ Թեհրանում նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի երդմնակալութեան արարողութիւնից յետոյ սպանուել է պաղեստինեան «ՀԱՄԱՍ» արմատական շարժման քաղաքական բիւրոյի ղեկավար Իսմայիլ Հանիէն։ Ըստ Իսլամական յեղափոխութեան պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) յայտարարութեան՝ հարուածը հասցուել է Հանիէի կեցութեան վայրին, նրա հետ միասին սպանուել էր նաեւ թիկնապահներից մէկը։
Ի՞նչ արձագանք գտաւ Հանիէի սպանութեան լուրը Թուրքիայում։ Կատարուածի առնչութեամբ ու՞մ են մեղադրում Թուրքիայի քաղաքական եւ փորձագիտական շրջանակները։
Թուրքիայում Հանիէի սպանութեանն առաջինն արձագանքեց արտգործնախարարութիւնը՝ կատարուածի առնչութեամբ մեղադրելով իսրայէլական իշխանութիւններին։ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրութեան մէջ նշւում է․
«Մենք դատապարտում ենք Թեհրանում նենգաբար իրականացուած մահափորձի հետեւանքով ՀԱՄԱՍ-ի քաղաքական թեւի առաջնորդ Իսմայիլ Հանիէի սպանութիւնը: Այս յարձակումը նպատակ ունի Գազայում պատերազմը տարածել տարածաշրջանային հարթութիւնում։
Մենք մեր ցաւակցութիւնն ենք յայտնում Պաղեստինի ժողովրդին, ով հազարաւոր նահատակների զոհաբերեց Հանիէի նման, որպէսզի կարողանան խաղաղ ապրել սեփական հայրենիքում, սեփական պետութեան հարկի տակ։ Եւս մէկ անգամ ակնյայտ դարձաւ, որ Նեթանեահուի կառավարութիւնը խաղաղութեան հասնելու մտադրութիւն չունի»:
Յայտարարութիւնում նշուել է նաեւ, որ եթէ միջազգային հանրութիւնը քայլեր չձեռնարկի Իսրայելին կանգնեցնելու համար, մեր տարածաշրջանը կբախուի շատ աւելի մեծ հակամարտութիւնների, ապա ընդգծուել, որ Թուրքիան կը շարունակի աջակցել Պաղեստինի ժողովրդի «արդար դատին»։
Իսկ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը սոցցանցի գրառմամբ յայտնել է, որ Հանիէն իր կեանքը նուիրել է պաղեստինեան գործին եւ Պաղեստինին խաղաղութիւն ու բարօրութիւն բերելու համար՝ յաւելելով, որ իրենք ականատես են եղել հրադադարի հասնելու նրա վերջին ջանքերին։
Մահափորձը խստօրէն դատապարտել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Այս մահափորձը զազրելի արարք է, որի նպատակն է խարխլել Պաղեստինի հարցը, Գազայի փառահեղ դիմադրութիւնը եւ մեր պաղեստինցի եղբայրների արդար պայքարը, ինչպէս նաեւ բարոյալքել ու վախեցնել պաղեստինցիներին»:
Էրդողանի պնդմամբ՝ սիոնիստական բարբարոսութիւնը չի կարողանայ հասնել իր նպատակներին, ինչպէս դա արել է մինչ այժմ: Նա նաեւ յայտնել է, որ Թուրքիան կը շարունակի ցուցաբերել անհրաժեշտ ողջ աջակցութիւնը «պաղեստինեան եղբայրական ժողովրդի արդար պայքարին» եւ յաւելել, որ կը շարունակէն ակտիւ ջանքեր գործադրել ազատ, ինքնիշխան եւ անկախ պաղեստինեան պետութեան ստեղծման համար՝ Արեւելեան Երուսաղեմ մայրաքաղաքով եւ 1967 թուականի սահմաններով։
Միջադէպի առնչութեամբ ցաւակցական գրառում է արել նաեւ Էրդողանի փեսան՝ Սելչուկ Բայրաքթարը։ «Պաղեստինեան դիմադրութիւնը, որն աճում է աշխարհի բոլոր մարդկանց սրտէրում, կը շարունակի իր պայքարը բարբարոս սիոնիստների դէմ։ Վաղ թէ ուշ յաղթողը բարին է լինելու»,- գրել է նա։
Նոյնաբովանդական ցաւակցական յայտարարութիւններով են հանդէս եկել նաեւ Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Յերլիքայան, շրջակայ միջավայրի, քաղաքաշինութեան եւ կլիմայի փոփոխութեան նախարար Մուրաթ Քուրումը, աշխատանքի եւ սոցիալական ապահւութեան նախարար Վեդաթ Իշըքհանը, մշակոյթի եւ զբօսաշրջութեան նախարար Նուրի Էրսոյը, արդարադատութեան նախարար Յըլմազ Թունչը, Թուրքիայի նախագահի գլխաւոր խորհրդական Աքիֆ Չաղաթայ Քըլըչը՝ մեղադրելով Իսրայելին եւ նշելով, որ վաղ թէ ուշ պատասխան է տալու։
Թուրքիայում իշխող «Արդարութիւն եւ զարգացում» կուսակցութեան (ԱԶԿ-AKP) մամուլի խօսնակ Օմեր Չելիքը նոյնպէս դատապարտել է սպանութեան միջադէպը։ Նա մասնաւորապէս յայտնել է․ «Իսմայիլ Հանիէի նման կարեւոր գործչի թիրախաւորմամբ, Իսրայելի եւ Նեթանեահուի կառավարութեան միակ նպատակը տարածաշրջանային պատերազմ սկսելն է: Դրա հետեւանքով անկայունութիւնը եւ դրանից բխող իրավիճակը կստեղծէն այնպիսի մի իրավիճակ, որ ոչ ոք աշխարհի ցանկացած կէտում չի կարողանայ իրեն հանգիստ զգալ»: Չելիքն ակնարկով դիմել է արեւմտեան երկրների կառավարութիւնների ներկայացուցիչներին․ «Թող չմտածէն, որ իրենցից հեռու տարածաշրջանային պատերազմ է սկսուելու, եւ բոլորը շարունակելու են նստել իրենց ապահով այգում»։
«Գորշ գայլեր»-ի քաղաքական թեւը համարուող Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցութեան (ԱՇԿ-MHP) ղեկավար Դեւլեթ Բահչելիի խօսքով՝ Հանիէի սպանութիւնն աւելի է խորացնելու Մերձաւոր Արեւելքի շուրջ ստեղծուած քաոսը: Նրա դիտարկմամբ՝ սպանութիւնը տեղի է ունեցել Գազայի եւ Լիբանանի վրայ Իսրայելի յարձակումներին զուգահեռ, եւ իր կարծիքով, այն անկասկած, կ’ունենայ սարսափելի հետեւանքներ։
«Պատահական չէ, որ վերոյիշեալ սպանութիւնը տեղի է ունեցել Թեհրանում, Իսրայելի վարչապետի՝ ԱՄՆ կատարած այցից յետոյ։ Վտանգը շատ լուրջ է։ Սպառնալիքը շատ մեծ է։ Առաւել ցաւալին այն է, որ Իսրայելի եւ Պաղեստինի միջեւ խաղաղութեան յոյսէրն աւելի ու աւելի են խանգարւում եւ բթանում: Այս մութ պատկերը օգուտ չի բերի ոչ մի երկրի, յատկապէս Իսրայելին»,- պնդել է նա։
Թուրքիայի գլխաւոր ընդդիմադիր ուժը համարուող «Ժողովրդահանրապետական կուսակցութեան» (ԺՀԿ-CHP) նախագահ Օզգիւր Օզելը միջադէպը որակել է «բռնութեան ակտ»։ Օզելը յայտարարել է նաեւ, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանեահուին Ամերիկայում ծափահարողները մեղսակից են այս կոտորածին։
Թուրքիայի խորհրդարանի ղեկավար Նուման Քուրթուլմուշն իր հերթին յայտարարեց, որ եթէ առաջիկայ օրերին ինչ-որ դէպք տեղի չունենայ, իրենք Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասին կը հրաւիրեն Թուրքիայի խորհրդարան, որտեղ վերջինս պատգամաւորների ներկայութեամբ կբացատրի պաղեստինեան խնդիրը։ Աւելի ուշ Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչութեան ղեկավար Ֆահրեթթին Ալթունը յայտնեց, որ Աբբասը Թուրքիայ կայցելի օգոստոսի 14-ից 15-ը։
Սա եւս մէկ անգամ ցոյց է տալիս, որ պաղեստինեան հարցում Թուրքիան ունի անխախտ դիրքորոշում եւ անուէրապահ աջակցութիւն պաղեստինեան իշխանութիւններին ու պաղեստինցիներին, իսկ ինչ վերաբերում է թուրքական իշխանութիւնների՝ Իսրայելին ուղղուած քննադատութիւններին ու մեղադրանքներին, ապա զարգացող իրադարձութիւնները թոյլ են տալիս կարծելու, որ դրանք էլ աւելի են սաստկանալու։
Թուրքիայի փորձագիտական շրջանակներում «ՀԱՄԱՍ» շարժման առաջնորդի սպանութեան հետ կապուած կարծիքները գրեթէ նոյնն են։ Ինչպէս իշխանութիւնները, այնպել էլ փորձագէտները համոզուած են, որ սպանութեան թիկունքում կանգնած է Իսրայելը։ Իսկ թէ ինչու կազմակերպուեց Հանիէի դէմ մահափորձը հէնց Իրանում, տեսակէտները գրեթէ նոյնն են․ ցոյց տալ Իրանի թուլութիւնը բարձրաստիճան պաշտօնեանների ու զինուորական ղեկավարութեան անվտանգութիւնը պաշտպանելու հարցում։ Եւ երկրորդ՝ Իրանին ներքաշել պատերազմի մէջ։
Թուրք միջազգայնագէտ Մեթէ Սոհթաղլուն իշխանամերձ «Ahaber»-ին տուած հարցազրոյցում ուշադրութիւն է հրաւիրել մի հանգամանքի վրայ, ըստ որի, Հանիէի սպանութիւնը տեղի է ունեցել Իրանի նորընտիր նախագահի տանից 150մ հեռաւորութեան վրայ, իսկ Հանիէի տան կողքին գտւում էր Սիրիայի պատուիրակութեան շէնքը։ Նրա դիտարկմամբ՝ նմանատիպ մահափորձերի դէպքում Իրանն աւանդաբար փոքր-ինչ սպասում է եւ սկսում է հակասական լուրեր հրապարակել.
«Երբ գիշերը լսեցի այդ մասին, դա զինուած յարձակում էր։ Երբ ժամը 5-ը հասաւ, յայտարարուեց, որ տեղի է ունեցել ինքնաշէն պայթուցիկով յարձակում։ Առաւոտեան այն վերածուել է հրթիռակոծութեան, իսկ աւելի ուշ յայտարարուել է հրթիռային յարձակման մասին։ Փորձագէտի համոզմամբ՝ Իսրայելի վրայ հրթիռային յարձակումներ կը լինէն Իրաքի, Սիրիայի, Լիբանանի եւ Եմենի տարածքներից։
«Կարծում եմ՝ Իրանը նորից կը յարձակուի Իսրայելի վրայ։ Յետագայում Իսրայելը սահմանափակ եւ մասշտաբային հարուած կը հասցնի Իրանի տարածքին։ Դա Իրանին պատերազմի մէջ ներքաշելու Իսրայելի քայլն է: Թէ՛ Գազայի եւ թէ՛ Լիբանանի հարցերում Իրանը կառավարում էր հետին պլանից։ Սա կատարուել է Իրանին ուղղակիօրէն պատերազմին մէջ ներքաշելու նպատակով»։
Որոշ թուրք փորձագէտներ հակուած են կարծելու, որ այս ամէնը Իրսայելը միայնակ չէր կարող իրականացնել։ Վերջինս ստացել է ԱՄՆ-ի աջակցութիւնը։ Ինչ վերաբերում է Իրանի պաշտպանութիւնը ճեղքելով, իսրայելական «Մոսադի» արտաքին հետախուզական ծառայութեան այդ երկիր ներթափանցմանն ու Հանիէի կեցավայրը բացայայտելուն, ապա թուրք փորձագէտներից ոմանք առաջ են քաշում այն վարկածը, որ «Մոսադին» յաջողուել է Իրանի ներսից տեղեկութիւններ ստանալ, այլ կերպ ասած, կարողացել է գումարով գնել Իրանի բնակիչներին։
Թուրքական մամուլում լայնօրէն լուսաբանուեց նաեւ այն, որ Հանիէի վերջին հարցազրոյցը եղել է թուրք լրագրող Քեմալ Օզթիւրքի հետ՝ յուլիսի 16-ին։ Լրագրողի խօսքով՝ Հանիէն իր վրդովմունքն էր արտայայտել աշխարհի ու մուսուլման երկրների հանդէպ։ Թուրքական տարբեր հեռուստաալիքների եթերում Քեմալ Օզթիւրքն արտաբերում էր Հանիէի վերջին խօսքերը, որ Ալլահի կամօք, յաղթելու են այդ պատերազմը, որի համար պատրաստ են զոհաբերել իրենց կեանքը եւ այդ հարցում միայն վստահում են իրենց Ալլահին։
Հեղինակ` ԷԼԵՆ ՔՈՔՉՅԱՆ
Ermenihaber.am