Ֆրանսիայի հրապարակից այսօր, յունիսի 7-ին մեկնարկեց Նիկոլ Փաշինեանի հրաժարականի պահանջով «Դիմադրութիւն» շարժման երթը։
Երթի կանգառը Եւրամիութեան գրասենեակն էր, որտեղ փաստէրով ներկայացուելու էին այն բոլոր բռնութիւնները, որոնք այս օրերին տեղի են ունեցել։
Շարժման մասնակիցները ԵՄ դեսպանից պահանջում են պատշաճ գնահատական տալ ոստիկանութեան ապօրինութիւններին եւ բռնութիւններին:
Նրանց ձեռքին կային անգլերեն գրութիւններով պաստառներ՝ «Բացէ՛ք ձեր աչքերը», «Դատապարտեք բռնութիւնը»։
«Դիմադրութիւն» շարժման երթը մօտեցաւ Եւրամիութեան գրասենեակին։
Նիկոլ դաւաճան», «Առանց Նիկոլ Հայաստան», «Դաւաճան, հեռացի՛ր» վանկարկեցին քաղաքացիները։
ԵՄ գրասենեակի շէնքի դիմաց կենտրոնացած էին ոստիկանական ուժեր։
ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արամ Վարդեւանեանը ընթերցեց գրութիւնը, որը պէտք է փոխանցուեր ԵՄ դեսպանին․
«Ընդդիմադիր խորհրդարանական երկու խմբակցութիւններն արձանագրում են․ յուլիսի 3-ին Պռոշեան-Դեմիրճեան փողոցների հատման հատուածում խաղաղ հաւաքի մասնակիցների նկատմամբ ոստիկանական ուժերի կողմից կիրառուել է ապօրինի եւ անհամաչափ ուժ եւ յատուկ միջոցներ, այն է՝ «Սուիրել» լուսաձայնային նռնակներ, չնայած որ հաւաքը կրում էր բացառապէս խաղաղ բնոյթ եւ ոստիկանական ուժերը պէտք է ոչ թէ խոչընդոտեին, այլ պարտաւոր էին օժանդակել խաղաղ հաւաքի անցկացմանը։
Լուսաձայնային նռնակների կիրառումը իրականացուել է առանց նախնական զգուշացման, որի հետեւանքով խաղաղ հաւաքի մասնակից հարիւրաւոր քաղաքացիների շրջանակներում, այդ թւում՝ կանանց ու տարէցների մօտ, առկայ են տարբեր աստիճանի ծանրութեան վնասուածքներ։ Մարմնական վնասուածքներ են ստացել նաեւ ընդդիմադիր պատգամաւորներից մի քանիսը, ինչպէս նաեւ «Դիմադրութիւն» շարժման մասնակից կուսակցութիւնների ներկայացուցիչներ»։
Գրութեան մէջ նաեւ նշւում էր, որ ոստիկանութեան ներկայացուցիչների մեծ մասը տուժել է յատուկ միջոցների սխալ կիրառման հետեւանքով, իսկ որոշ տեղեկութիւններով՝ կիրառուած լուսաձայնային նռնակները եղել են ժամկէտանց։
Ոստիկանութեան մի շարք ծառայողներ օրէնքի կոպիտ խախտմամբ տարբերանշաններ չէն կրել։
Բիրտ եւ անհամաչափ ուժ է կիրառուել նաեւ ԶԼՄ ներկայացուցիչների նկատմամբ։
«Նոյն այս դեսպանատունը 2018-ին մարդու մազ ծռուելու դէպքում օրուայ մէջ մի քանի յայտարարութիւն էր տարածքում, իսկ հիմա լուռ է եւ այդ լռութեամբ խրախուսում է ոստիկանական վայրագութիւնները»,-ասաց նա:
Արամ Վարդեւանեանն ասաց՝ գրութիւնը կփոխանցուի ակնկալիքով, որ ԵՄ դեսպանի կողմից կը լինի պատշաճ արձագանք։
«Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Աննայ Գրիգորեանը իր խօսքում ընդգծեց, որ այս շէնքում նստած դեսպանն առիթը բաց չէր թողնում, երբ հնարաւորութիւն էր ունենում քաղաքական յայտարարութիւններ էր անում, կոնկրէտ կողմ էր բռնում, իսկ ընդամէնը մի քանի օր առաջ այստեղ տեղի ունեցած վայրագութիւնների հետ կապուած մի ծպտուն անգամ չի հանում, կոյր եւ լուռ է ձեւանում։
«Բայց իրականում մենք այստեղ ենք, որ ասենք դեսպանին՝ դուք Հայաստանում պէտք է կողմնորոշուէք՝ ի վերջոյ սատարում եք եւրոպական արժէքնե՞րը. Ժողովորդաւարութեօ՞ւնը, օրէնքի գերակայութեօ՞ւնը, թե՞ Նիկոլին ու եւ իր աթոռը, ժամանակն է, որ դուք կողմնորոշուէք, որպէսզի հայ հասարակութիւնն էլ հասկանայ, թէ դուք այստեղ ինչ ֆունկցիայ եք կատարում»,- ասաց նա։
ՀՅԴ անդամ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր, Քրիստինէ Վարդանեանը անդրադառնալով ոստիկանութեան գործողութիւններին ասաց․ «Ոստիկանութեան արձագանքից մենք տեսնում ենք ՔՊ ժողովների ներքին քննարկումները։ Այստեղ Ոստիկանութեան հարցը չէ, այս պայքարը հակաոստիկանական չէ, նպատակը Ոստիկանութեան բարեփոխումները չէն՝ Ոստիկանութիւնն էլ չի իրականացնում իր ֆունկցիան եւ չի ենթարկւում ոստիկանապետի որոշումներին՝ ուղիղ հրահարնգ է իջնում իշխանական խմբակից։ Մարդիկ իշխանութիւնը պահելու համար տուել են հայրենիքը անգամ ու հիմա այդ մարդիկ, ովքեր սեփական կօշիկը կը պաշտպանէն, բայց հայրենիքը կը տան, կանգնած են այդ իշխանութիւնը կորցնելու վտանգի առջեւ, ուրեմն ինչպէս կը գործեն այդ մարդիկ․ իհարկէ, հնարաւոր ու անհնար բոլոր եղանակներով փորձելու են կառչած մնալ աթոռին, որ աշխարհում իրենց ունեցած ամենաթանկ բանն է»։
Շարժման մասնակիցները ի նշան ոստիկանների ապօրինութիւնների՝ յունիսի 3-ին իրենց կորցրած կօշիկները թողեցին ԵՄ դեսպանատան դիմաց: