«Դիմադրութիւն» շարժման երթը` ի պաշտպանութիւն ՀՀ Սահմանադրութեան

«Դիմադրութիւն» շարժման երթը` ի պաշտպանութիւն ՀՀ Սահմանադրութեան

Յուլիսի 5-ին՝ ՀՀ Սահմանադրութեան օրը, «Դիմադրութիւն» շարժման մասնակիցները հաւաքուել են Արամ Խաչատրեանի արձանի հարակից տաածքում, ապա երթ իրականացրել դէպի Սահմանադրական դատարան, նախագահի նստավայր եւ Ազգային ժողով: Երթը կրում էր «Ի պաշտպանութիւն ՀՀ Սահմանադրութեան» խորագիրը:

Երթի մասնակիցներն առջեւից տանում էին «շղթայուած» Սահմանադրութիւնը: Նրանց ձեռքին կային քաղբանտարկեալների լուսանկարներ, ինչպէս նաեւ «Ձերբակալութիւններով չեք վախեցնի», «Քաղբանտարկեալների երկիր Հայաստան»՝ գրութիւններով պաստառներ։

«Ցաւալիօրէն, Հայաստանում առկայ իրավիճակում մենք հեռու ենք այն բաղձալի իրավիճակից, որ կարող ենք ամբողջապէս տօնել մեր Սահմանադրութեան օրը։ Հեռու ենք, որովհետեւ ներկայ իշխանութիւնն իր կառավարման առաջին իսկ օրից սկսած հիմքը դրեց ընտրովի արդարադատութեան, միանձնեայ իշխանութեան, մէկ անձի հրամանները կատարելու միջոցով պետութիւնը ուղղակիօրէն օրինականութեան սահմաններից դուրս բերելու գործընթացին: Սահմանադրութիւնը դարձաւ ոչ թէ ուղենիշ այս իշխանութեան գործունէութեան, այլ դարձաւ այն ինստիտուտը, որը ոտնահարելով ու խեղաթիւրելով այս իշխանութիւնը փորձում է ամրապնդել իր աթոռը»,- երթի մեկնարկին յայտարարեց ՀՅԴ անդամ Սեւակ Նազարեանը։

Յուլիսի 5-ին ըստ աւանդոյթի մենք իրար շնորհաւորել ենք Սահմանադրութեան օրուայ կապակցութեամբ, իրաւաբաններն առհասարակ միշտ այս օրը նշում են, որովհետեւ իրաւաբանութեան մէջ կայ մէկ հիմնական առանցքային փաստաթուղթ՝ Սահմանադրութիւնը, բայց ցաւօք, մենք այսօր Սահմանադրութեան գերակայութիւն չունենք. Սահմանադրական դատարանի մօտ յայտարարեց «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արամ Վարդեւանեանը:

«Մենք ունենք մի իրականութիւն, որտեղ օրուայ իշխանութիւնները, որ այսօր իբր ժողովրդից՝ մէզնից պաշտպանում են Սահմանադրական դատարանը ոստիկանական ուժերով, եկել շրջափակել էին այս տարանը: Պատկերացնում եք՝ օրուայ իշխանութիւնը գայ ու շրջափակի սահմանադրական դատարանը, որ դատաւորները մուտք չգործեն ու հէնց այդ օրուանից արդէն ջրբաժան է եղել Սահմանադրութեան ու իշխանութեան միջեւ: Այս իշխանութիւնը մէկ բան գիտի՝ անտեսել, ոտնահարել, ձերբակալել Սահմանադրութիւնը»,- ասաց նա:

Երթի մասնակիցներն ՍԴ-ի մօտ թողեցին «շղթայուած» Սահմանադրութիւնը, ապա շարունակեցին քայլերթը դէպի նախագահի նստավայր:

Նախագահականի մօտ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Աննայ Գրիգորեանը յայտարէց. Սիրելի հայրենակիցներ, Սահմանադրութեան համաձայն՝ ՀՀ նախագահը հետեւում է Սահմանադրութեան պահպանմանը, բայց այստեղ մի լուրջ խնդիր կայ, որովհետեւ այստեղ նստող անձը ոչ թէ ՀՀ նախագահն է, այլ ՔՊ խմբակի կողմից ընտրուած, կամ աւելի ճիշտ կը լինի ասել՝ Նիկոլի կողմից նշանակուած խամաճիկը:

«Նա այստեղ է գործուղուել ոչ թէ Սահմանադրութիւնը պահելու, այլ ՔՊ շահերը պահպանելու համար, նա այստեղ է եկել, որպէսզի լռի, իր հիմնական առաքելութիւնն ամէն բան տեսնելն ու լռելն է», -ասաց նա:

Այստեղ նստող մարդը պէտք է Սահմանադրութեան ոգին ու տառը պահպաներ, բայց կրկին լռում է, երբ քաղաքական ճգնաժամ կայ, յետապնւում է ժողովուրդը, ցանկացած մէկը, որն այլախոհ է»,-ասաց պատգամաւորը եւ ցոյց տուեց քաղբանտարկեալների նկարները:

Երթի յաջորդ կանգառը ԱԺ-ն էր:

Սահմանադրութիւնը մեր երկրի խորհրդանիշն է, բայց այսօր Մայր օրէնքը եւ դրանից բխող բոլոր օրէնքները, ցաւօք, վերածուել են մէկ մարդու, մէկ խմբակի կամակատարութեան. ԱԺ դիմաց յայտարարեց «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Թադեւոս Աւէտիսեանը։

«Մեր երկրում այլեւս հաստատուած է փնթի բռնապետութիւն, գործում է ոստիկանապետութիւն, որը ծառայում է մէկ մարդու աթոռը պաշտպանելուն։

Գործող իշխանութիւնների լեգիտիմութիւնը զրոյ է, քանի որ նրանք գողացել են հայ մարդու քուէն, նրանք խաբել են սրիկայաբար, վերցրել ժողովրդի քուէն, ու մեր երկիրը տանում են կործանման։

Նրանք իշխանութեան գալիս խոստանում էին երջանկութիւն, բայց մեր տուն բերեցին դժբախտութիւն ու հայրենազրկում, խոստանում էին բարեկեցութիւն, բայց հայ մարդն ամէն յաջորդ օրն աւելի վատ է ապրում, քան նախորդ օրը, խոստացել էին Արցախի ինքնորոշում, յայտարարում էին, որ Արցախը Հայաստան է, եւ վերջ, բայց այսօր նոյնիսկ չէն կարողանում արտաբերել, որ Արցախը չէն յանձնելու Ադրբեջանին», – ասաց պատգամաւորը։

Ակցիայի մասնակիցները անազատութեան մէջ գտնուողների լուսանկարները թողեցին ԱԺ դարպասների մօտ:

Այնուհետեւ երթը վերադարձաւ Ֆրանսիայի հրապարակ, որտեղ ակցիան աւարտուեց:

Share